Ներքաղաքային ու ներմարզային երթուղիներում ուղեվարձի բարձրացում չի սպասվում առայժմ

30.07.2013 15:35
3534

Երեւանում սկիզբ առած ու հաղթանակով պսակված քաղաքացիական շարժումը` միտված ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման դեմ, որոշակի արթնություն է հաղորդել Սյունիքի հանրությանը եւս ու տեղիք տվել ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի: Դրանք պարզաբանելու համար զրույցի հրավիրեցինք Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանին:

– Պարո՛ն Աղաբեկյան, ինչպիսի՞ն է ուղեւորափոխադրումների ընդհանուր պատկերը մարզում:

– Երթուղու երեք տեսակ կա՝ ներքաղաքային, ներմարզային, միջմարզային: Ունենք քսանմեկ ներմարզային, տասը՝ ներքաղաքային, հինգ՝ միջմարզային երթուղի:

– Ո՞ւմ են վերապահված այդ երթուղիների սպասարկման իրականացումը եւ վերահսկումը, ինչպե՞ս է դա կատարվում:

– Ուղեւորափոխադրում կազմակերպելու իրավասությունը տրված է մարզի քաղաքապետարաններին եւ մարզպետարանին, տրանսպորտի եւ կապի նախարարությանը, իսկ վերահսկողությունը` տրանսպորտային տեսչությանը: Գործող կարգը սահմանվել է 2001թ., ըստ որի մարզպետարանում եւ քաղաքապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք որոշում են երթուղինները, սահմանում ուղեվարձերը, մրցույթով ընտրում շահագործող կազմակերպությունները: Որպես կանոն ամեն մի երթուղու համար մրցույթ է անցկացվում երեք տարին մեկ:

– Խոսքը վերաբերում է ներքաղաքային եւ ներմարզային երթուղու սպասարկմա՞նը:

– Այո՛, ներքաղաքային երթուղին սպասարկում եւ վերահսկում է քաղաքապետարանը, ներմարզայինը՝ մարզպետարանը, որն իրավասու է վերահսկելու նաեւ ներքաղաքայինը: Իսկ միջմարզային երթուղիները վերահսկում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Վերջերս ստեղծվել է նաեւ մի կառույց՝ միջմարզային տրանսպորտային տեսչությունը, որը կարող է ստուգել եւ վերահսկել երթուղու բոլոր տեսակների գործունեության օրինականությունը:
Բնակչությանը սպասարկում են նաեւ տաքսի ծառայությունները, դրանով զբաղվելու իրավունք ունեն  անհատ ձեռներեցները կամ տնտեսվարող սուբյեկտները՝ տրանսպորտի եւ կապի նախարարության թույլտվությամբ:

– Պարո՛ն Աղաբեկյան, Դուք տիրապետո՞ւմ եք մինչեւ հուլիսի 10-ը եւ հուլիսի 10-ից հետո մարզի երթուղային երեք տեսակի հանրային տրանսպորտի ուղեվարձի մասին տեղեկատվությանը:

– Տեղյակ եմ. ներմարզայինը եւ ներքաղաքայինը մնացել են անփոփոխ. այս պահի դրությամբ ուղեվարձը չի փոխվել եւ, կարծում եմ, չի փոխվի: Համենայն դեպս մինչեւ այժմ տնտեսվարող սուբյեկտները ծանրակշիռ, հիմնավորված պատճառներ եւ առաջարկներ չեն ներկայացրել փոփոխության համար:

– Իսկ գազի թանկացումը չի՞ կարող պատճառ հանդիսանալ:

– Դա լուրջ հիմնավորում չէ, մանավանդ եթե չեն նորացվել տրանսպորտային միջոցները:

– Տրանսպորտային միջոցների նորացման դեպքում կարո՞ղ են բարձրացնել ուղեվարձը:

– Ինքնուրույն չեն կարող. պետք է առաջարկություն  ներկայացնել համապատասխան հանձնաժողովին, որը կքննարկի առաջարկը եւ կներկայացնի մարզպետին: Նման գործընթացներ կարող են տեղի ունենալ ներքաղաքային տրանսպորտում եւս, բայց, որքանով տեղյակ եմ, մարզի քաղաքապետարաններում  ներկայումս նման հարց չի քննարկվում:

– Պարո՛ն Աղաբեկյան,  բայց կամայականություններ, ամեն դեպքում, կան. ինչո՞ւ:

– Երթուղիների մեծ մասում չկա մրցակցություն, որովհետեւ հանրային տրանսպորտի շահագործումը մարզում այնքան էլ շահութաբեր չէ. նկատի ունեմ ներքաղաքային եւ ներմարզային  տրանսպորտը: Որոշ երթուղիներ նույնիսկ վնասաբեր են, ինչի համար էլ տնտեսվարող որեւէ սուբյեկտ չի ուզում սպասարկել այդ երթուղիները: Օրերով ուղեւորներ չեն լինում, երբեմն էլ 1-2 ուղեւոր: Նման երթուղիների թիվը հասնում է հինգի:

– Իսկ մարզային եւ քաղաքային վերահսկող մարմինները շահագործող կազմակերպությունների՞ շահերն են պաշտպանում, թե՞ ուղեւորների:

– Նախ` ուղեւորների:

– Միջմարզային երթուղու ուղեվարձը (կոնկրետ՝ Կապան-Երեւան երթուղու համար՝ 6000 դրամ) խելամի՞տ եք համարում:

– Ինչ խոսք, թանկ է: Ես համաձայն եմ, որ չկա լուրջ վերահսկողություն միջմարզային երթուղիների նկատմամբ:

Հարցազրույցը՝ Նինել Սարգսյանի

Խմբագրության կողմից

Ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման դեմ մայրաքաղաքում տեղի ունեցած հանրային ընդվզումից հետո մարզի շրջաններում ամենաքննարկվող հարցը, այնուամենայնիվ, վերաբերում է միջմարզային երթուղիների սակագներին, որոնք առանց նոր բարձրացման  էլ մատչելի չեն: Օրինակ, Կապանից Երեւան կարելի է հասնել 6 հազար դրամով, Մեղրուց Երեւան` 7 հազար դրամով, Գորիսից Երեւան` 4 (որոշ դեպքերում` 4.5) հազար դրամով, Սիսիանից Երեւան` 3.5 հազար դրամով: Այդ սակագները, իհարկե, չեն վերաբերվում միկրոավտոբուսներին, որոնք համեմատաբար մատչելի սակագներ են առաջարկում:

Առհասարակ այս ոլորտում գնագոյացման սկզբունքները (ինչպես մեր կյանքի շատ ոլորտներում) պարզ  չեն:

Խնդիր ունենք նաեւ ներմարզային ուղեւորափոխադրումների ոլորտում: Փաստորեն  հինգ երթուղի չի սպասարկվում` 1. Գորիս-Վաղատուր-Խոզնավար, 2. Գորիս-Տեղ-Կորնիձոր, 3. Գորիս-Որոտան, 4. Սիսիան-Աշոտավան-Հացավան-Թասիկ-Արեւիս, 5. Սիսիան-Դաստակերտ: Եվ նշված համայնքների բնակիչները դժվարություններ են ունենում շրջկենտրոնների հետ հաղորդակցվելիս:

Հիշեցնենք, միաժամանակ, թե ինչ սակագներ են ներկայումս կիրառվում մարզի համեմատաբար խոշոր քաղաքներում, քանզի ուղեւորափոխադրումների հարցը շարունակում է մնալ օրակարգում, եւ չեն բացառվում նոր զարգացումներ: Այսպես` Գորիս քաղաքում գործում է երթուղային չորս գիծ, ուղեվարձը` 50 դրամ: Սիսիան քաղաքում գործում է երթուղային մեկ գիծ, ուղեվարձը` 50 դրամ: Կապան քաղաքում գործում է երթուղային ինը գիծ, այդ թվում` վեցը միկրոավտոբուսային, երեքը` ավտոբուսային: Միկրոավտոբուսների ուղեվարձը 100 դրամ է (բացառությամբ Կապան-Վաչագան երթուղու, որի ուղեվարձը 150 դրամ է): Ավտոբուսների ուղեվարձը 50 դրամ է (բացառությամբ Կապան-Կավարտ երթուղու, որի ուղեվարձը 100 դրամ է):

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00