Փայտաշեն տնակից մինչև ժամանակակից կրթօջախ. Քաջարանի արվեստի դպրոցը 60 տարեկան է

03.06.2026 16:21
513

Հունիսի 2-ին Քաջարանի արվեստի դպրոցը նշեց հիմնադրման 60-ամյակը։

Հոբելյանական միջոցառումը համախմբել էր դպրոցի տարբեր սերունդների ներկայացուցիչներին՝ նախկին և ներկա տնօրենների, ուսուցիչների, շրջանավարտների, աշակերտների, ծնողների, ինչպես նաև համայնքի ղեկավարությանն ու մշակութային ոլորտի ներկայացուցիչների։

Միջոցառման մեկնարկին հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ Այնուհետև դահլիճում անցկացվեց հոբելյանական հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված դպրոցի 60-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին։

Հանդիսույթի ընթացքում ներկայացվեցին դպրոցի հիմնադրումը և անցած ուղին։ Նշվեց, որ 60 տարի առաջ Քաջարանի երաժշտական կրթօջախը գործունեությունը սկսել է համեստ պայմաններում՝ փայտաշեն տնակում, մեկ դաշնամուրով և մի քանի աշակերտով։ Տասնամյակների ընթացքում դպրոցը շարունակաբար զարգացել է՝ ընդլայնելով բաժինների շրջանակը, ավելացնելով աշակերտների թիվն ու  դառնալով համայնքի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը։

Տոնական միջոցառման ընթացքում ցուցադրվեց դպրոցի պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, որում արտացոլվեց կրթօջախի անցած ճանապարհը՝ սկսած 1960 թվականից, երբ այն գործում էր որպես Կապանի 1-ին երաժշտական դպրոցի մասնաճյուղ։

Դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանի խոսքով՝ կրթօջախը 1966 թվականին դարձավ ինքնուրույն դպրոց։ Սկզբում գործում էր միայն դաշնամուրային բաժինը, սակայն տարիների ընթացքում բացվեցին նոր  բաժիններ, ինչի արդյունքում դպրոցը վերածվեց բազմապրոֆիլ արվեստի կենտրոնի։

Այսօր Քաջարանի արվեստի դպրոցում սովորում է շուրջ 340 աշակերտ, աշխատում՝ 42 ուսուցիչ։ Գործում են երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի, թատերարվեստի բաժիններ, ինչպես նաև ազգային և դասական բազմաթիվ նվագարանների բաժիններ՝ դաշնամուր, ջութակ, քանոն, սանթուր, քյամանչա, շվի, դհոլ,  վոկալ և այլ մասնագիտություններ։

Տնօրենի խոսքով՝ վերջին տարիներին դպրոցն արձանագրել է զգալի հաջողություններ։

«Մեր երեխաները մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոների, պատվով ներկայացնում Քաջարանը և վերադառնում մրցանակներով»,- նշեց Արմինե Թումանյանը։

Նա ընդգծեց նաև, որ դպրոցն առանձնահատուկ դեր ունի համայնքի մշակութային կյանքում.

«Սա մեր քաղաքի միակ արվեստի դպրոցն է, որն էական դեր է խաղում մշակութային ակտիվ կյանքի ապահովման և զարգացման գործում»։

Իր ելույթում դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել կրթօջախի կայացման ու զարգացման գործում։

«60-ամյա երկար ճանապարհ է անցել դպրոցը։ Եղել են դժվարություններ, փորձություններ, սակայն մենք կարողացել ենք հաղթահարել դրանք և այսօր ունենք դպրոց, որը մեր քաղաքի հպարտություններից մեկն է»,- ասաց նա։

Հոբելյանական միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով հանդես եկավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ նշելով, որ տասնամյակների ընթացքում դպրոցը դարձել է մշակույթի ու կրթության կարևոր օջախ։

«Քաջարանի արվեստի դպրոցը մի դարբնոց է, որի դռները չեն փակվել անգամ 1990-ականների դժվար տարիներին։ Այսօր արդեն ունենք հիմնովին վերանորոգված, ժամանակակից պայմաններով և տեխնիկայով համալրված կրթօջախ, որի հաջողությունները ոգևորում են բոլորիս», - ասաց համայնքի ղեկավարը։

Քաջարան համայնքի ղեկավարը  շնորհակալագրերով պարգևատրեց դպրոցի նախկին և ներկա ղեկավարներին, երկարամյա մանկավարժներին և կրթօջախի կայացման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց։

Հոբելյանի առթիվ Մանվել Փարամազյանը դպրոցին նվիրեց նաև նոր երաժշտական գործիքներ՝ երկու դաշնամուր, որից մեկը՝ էլեկտրոնային՝ համալրելով կրթօջախի նյութատեխնիկական բազան։

Հոբելյանի մասնակիցներին տեսաուղերձով շնորհավորեց նաև դպրոցի հիմնադիր տնօրեն Սվետլանա Նամչևաձեն, ով (հարգելի  պատճառով չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը) հիշեց դպրոցի ստեղծման առաջին տարիներն ու իր բարեմաղթանքները հղեց ներկայիս սերնդին։

«Երբ եկա Քաջարան, դպրոցում ընդամենը մի քանի աշակերտ կար և միայն դաշնամուրի դասարան։ Հետագայում բացվեցին նոր բաժիններ, դպրոցը զարգացավ ու դարձավ այն, ինչ այսօր է։ Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նոր հաջողություններ»,- նշեց նա։

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև դպրոցի նախկին տնօրեններ Լիաննա Հակոբյանը և Ալբերտ Առաքելյանը, իսկ  Սուրեն Խաչատրյանը կատարեց երաժշտական համար և կրթօջախին նվիրեց ջութակ։

Միջոցառման ավարտին ներկայացվեց դպրոցի պատմությանը նվիրված փոքրիկ ցուցահանդես, որտեղ տեղ էին գտել տարբեր տարիների լուսանկարներ՝ արտացոլելով կրթօջախի անցած ուղին և հիշարժան դրվագները։

60 տարվա ընթացքում Քաջարանի արվեստի դպրոցը կարևոր դեր է ունեցել համայնքի մշակութային կյանքում՝ կրթելով արվեստի տարբեր ոլորտներում իրենց առաջին քայլերն արած բազմաթիվ սաներ։ Այսօր դպրոցը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով ձևավորված ավանդույթները և արձանագրելով նոր ձեռքբերումներ:

Արվեստի դպրոցի կայացման գործում մեծ դեր է խաղացել ու խաղում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ընկերությունը: Պատահական չէ, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը արժանացան «Քաջարանի արվեստի դպրոց-60» անվանական հուշամեդալների:

 

Իզա Ասծատրյան

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24