Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակի առթիվ

01.04.2023 10:10
686

Կյանքի և գործունեության արտասավոր դրամատիկ և հարուստ ուղի է անցել հայ նշանավոր գրականագետ, հասարակական-քաղաքական և պետական եռանդուն գործիչ Նիկոլ Աղբալյանը։ Նրա հասարակական-քաղաքական գործունեության սկիզբը համընկավ հայ իրականության հուզախռով ու փոթորկոտ այն դարաշրջանին, որպիսին 20-րդ դարի առաջին տասնամյակներն են։ Ճակատագրական իրողություններ էին հասունանում և ձևավորվում այն տարածաշրջանում, ուր ապրում էին հայ ժողովրդի արևելյան ու արևմտյան հատվածները։ Ն. Աղբալյանը եղավ այն եզակի հայ անհատներից մեկը, ով անմիջական և կարևոր դերակատարություն ունեցավ այդ իրադարձությունների հորձանուտում։

Ծնվել է 1873 թ. ապրիլի 1-ին, Թիֆլիսի Հավլաբար թաղամասում (թեև ծննդյան թվականի շուրջ կան նաև այլ կարծիքներ)։ Այնտեղ էլ ստացել է իր նախնական կրթությունը։ Հայրն արհեստավոր էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ 1892 թ. ավարտում է Ներսիսյան դպրոցի «լիակատար ընթացս ուսման վեցերորդ դասարանի»։ Հենց Ներսիսյան կրթօջախում ուսումնառելու ընթացքում կատարում է գրական-ստեղծագործական առաջին փորձերը։ Սակայն այդ փորձերը շուտով ընդհատվում են, քանզի իրեն բնավ չի պատկերացնում բանաստեղծի դերում կամ կարգավիճակում։

1892 թ. ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Սակայն այնտեղ ուսումնառում է լոկ երկու տարի։ Ստուգապես հայտնի չէ, թե հատկապես ինչ է ուսման ընդհատման պատճառը՝ նյութական դժվարություննե՞րը, թե՞ հոգևոր կոչման հեռանկարն է հիասթափեցրել նրան։ Շրջանառվում է նաև այն կարծիքը, թե ճեմարանից հեռացել է ուսանողական ընդվզումներին մասնակցելու նպատակով։

Ինչևէ, 1894 թվականի ապրիլին ստանալով իր վկայագիրը, պատանին թողնում է ճեմարանական հաստատությունը և նվիրվում հասարակության լայն խավերի շրջանում լուսավորություն ու բարեկեցություն տարածելու գործին։ Ճանապարհորդում է Արևելյան Հայաստանի շուրջ երկու տասնյակից ավել բնակավայրերում, ուսումնասիրում է հայ շինականների առօրյա կյանքն ու կենցաղը։ Մի պահ նորից վերադառնում է Թիֆլիս, ապա անցնում մանկավարժական գործունեության։

1895-96 թթ. ուսուցչությամբ է զբաղվում Ագուլիսի և Կաղզվանի դպրոցներում։ Զուգահեռաբար զբաղվում է գրական գործունեությամբ՝ ընտրելով գրաքննադատության ոլորտը։ 1896-1899 թվականներին արդյունավետ կերպով աշխատակցում է «Մուրճ» ամսագրին։ Այդ տարիներին «Մուրճի» գրեթե յուրաքանչյուր համարում տպագրվում էին Աղբալյանի գրաքննադատական հոդվածները։ Առաջին գրախոսականը տպագրվել է այդ հանդեսի 1896 թ. 9-րդ համարում և նվիրված էր արդեն ճանաչված գրող Շիրվանզադեի «Կրակը» պատմվածքին։

Որպես գրականագետ ու գրականության տեսաբան՝ նա հասունություն ու ճանաչում է ձեռք բերում հենց այդ շրջանից։ Նաև այդ տարիներից սկսվում են նրա մտերմությունն ու համագործակցությունը հայ իրականության մեջ  գործող լավագույն գրողների և հրապարակախոսների հետ, որոնց առաջին շարքում էին Հովհ. Թումանյանը, Դ. Դեմիրճյանը, Լ. Շանթը, Լ. Մանվելյանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։

Պատանի հասակից նա աչքի է ընկնում մի զարմանալի եռանդուն աշխատասիրությամբ, ուսումնասիրում ոչ միայն հայ հեղինակներին, այլև ռուս և համաշխարհային գրականություն։ Ուսումնասիրում է նաև ժողովուրդների տնտեսական կյանքի պատմությունը, որը նրա անհագ հետաքրքրությունների առաջնահերթություններից էր։ Կյանքի տնտեսական կողմը կամ տնտեսական գիտությունն ուսումնասիրելուն նրան մղում էր այն համոզմունքը, որ որևէ հասարակություն զարգացնելու, առաջ մղելու համար հարկավոր էր ստեղծել բավարար նյութական պայմաններ և այն էլ՝ կարելվույն չափ բազմակողմանի ու բազմապիսի։ Իր իսկ համոզմունքով, հայ իրականության մեջ բավարարվել են ժողովրդի մտավոր մակերևույթը բարձրացնելու խնդրով՝ մոռանալով նրա տնտեսական կյանքի բարենորոգման հիմնահարցերը։

Արդեն պատանեկան տարիքից տնտեսագիտության վերաբերյալ իր խոհերն ու գիտելիքները փորձել է արմատավորել բուն կյանքում:

Բայց, իհարկե, նա առաջին հերթին իրեն տեսնում և նախապատրաստվում էր ժողովրդի քաղաքական ազատագրության գործի համար պայքարողների շարքում։ Հոգեկան այդ շարժառիթներով գործող երիտասարդ հայորդին ակտիվ արձագանքում էր ժամանակի բոլոր կարևոր իրադարձություններին և ցուցաբերում սեփական վերաբերմունքը։

Քաղաքական կյանքին ու անցուդարձին մասնակցություն բերելու նրա լուրջ հայտը եղավ անդամակցությունը հայ իրականության ամենազորեղ քաղաքական կազմակերպությանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որի անդամը դարձավ 1904 թվականին։ Հենց այդ կուսակցության շարքերում պիտի անցկացներ իր հետագա գիտակցական ողջ կյանքը՝ դառնալով նրա գաղափարական սյուներից մեկը։ Սակայն ՀՅԴ-ին անդամակցությունը և շարքերում ակտիվ գործունեությունը նրա կյանքում ստեղծեցին նաև լուրջ անհարմարություններ ու վտանգներ։ Ցարական հատուկ ծառայություններն իրենց տեսադաշտում առան Աղբալյանի գործունեությունը և հետապնդումներ սկսեցին։ Այդ հետապնդումներից խուսանավելու նպատակով ստիպված էր հաճախ փոխել բնակության վայրերը և որոշ չափով անլեգալ գործել։

Այսպես՝ 1909 թվականին ոստիկանական հետապնդումներից խույս տալու նպատակով թողնում է Կովկասը և անցնում Թեհրան, որտեղ մնում է երեք տարի և վարում ազգային կրթական կյանքը ղեկավարող և ուղղորդող պաշտոններ։

Այդ տարիներին իր կուսակցության թելադրանքով կատարում է տարբեր հանձնարարականներ։ Սակայն կուսակցական կյանքը երբեք նրան չի կտրում գրական-մշակութային միջավայրից։ Բոլոր ժամանակներում էլ գրականությունը, գրական արժեքներն ու անցուդարձը մնում են նրա հոգևոր տեսադաշտում, թեկուզև որքանով ծանրաբեռնված լիներ կուսակցական ու քաղաքական խնդիրներով ու առաջադրանքներով։ Այնուամենայնիվ, 1910-ական թվականներին, երբ հայոց ազգային կյանքը մտավ սրընթաց իրադարձությունների հորձանուտ և Աղբալյանի նման գործիչները հայտնվեցին վերոնշյալ հորձանուտում։

Թեհրանից վերադառնալով հայրենիք, Նիկոլ Աղբալյանն անմիջապես մտնում է ազգային-քաղաքական մեծ ու լրջագույն խնդիրների հոլովույթի մեջ։ Ընտրվում է Ազգային ժամանակավոր բյուրոյի կազմում, որի անդամներն էին Ա. Խատիսյանը, Հ. Առաքելյանը, Ա. Քալանթարյանը, Ա. Պողոսյանը, Հովհ. Թումանյանը, Ս. Հարությունյանը։ Որպես Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ՝ Ն. Աղբալյանը մասնակցում է այդ տարիներին հրավիրված համազգային նշանակությամբ բոլոր կարևորագույն խորհրդակցություններին և ժողովներին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին էլ ավելի է մեծանում նրա հասարակական հետաքրքրությունների և պարտավորությունների շրջանակը։ Ն. Աղբալյանը դառնում է «Հորիզոնի» խմբագիրներից մեկը և աչքի ընկնող դեր կատարում այդ պարբերականի գործառույթներում։ Գրում է ոչ միայն գրականագիտական հոդվածներ, այլև տեսական-քաղաքական բնույթի բազմաթիվ ակնարկներ։ Այդ շրջանի «Հորիզոնի» բազմաթիվ առաջնորդողների հեղինակը նույնպես ինքն է (անստորագիր)։ Վերոնշյալ առաջնորդողներում և քաղաքական բնույթի հրապարակումներում քննության է առնում հայ ժողովրդի լայն զանգվածներին հուզող մի շարք խնդիրներ, որպիսիք էին առաջին համաշխարհային պատերազմի ծագման պատճառները, մեծ պետությունների հակասություններն ու հակամարտությունները, հայ մտավորականության և հասարակական շրջանակների դիրքորոշումն ու վերաբերմունքը սկսված պատերազմի հանդեպ, ցարական Ռուսաստանի դիրքորոշումն ու նպատակները և նման կարգի այլ բազմաթիվ հարցեր ու հարցականներ։

Պատերազմի ժամանակ նրա խմբագրությամբ լույս է տեսնում մի նոր պարբերական՝ «Նոր հոսանքը», որը դառնում է հայ մամուլի լավագույն ավանդույթների ժառանգորդը։

Առաջին աշխարհամարտը ճակատագրական փորձությունների առջև կանգնեցրեց հայ ժողովրդին։ Ահեղ երկընտրանքի պահին Ն. Աղբալյանը արևելահայ գործիչների մեծամասնության հետ պաշտպանում է կամավորական շարժման նախաձեռնությունը և դառնում այն ուղղորդող ու ղեկավարող գործիչներից մեկը։ «1914 թվից վարել եմ կամավորական գործը իբր կարգադրիչ հանձնաժողովի անդամ»,- գրել է ինքնակենսագրականում։ Կամավորական շարժումը խանդավառեց համայն հայությանը և նոր հույսեր ու հեռանկարներ ծնեց։ Բայց կամավորական շարժումը նաև նոր թշնամանք ու թշնամություն բերեց հայության գլխին։ Այնտեղ՝ Արևմտյան Հայաստանում թուրքերն ավելի կատաղի կերպով սկսեցին բնաջնջել արևմտահայերին, այստեղ՝ Կովկասում ցարական ինշխանությունները սաստիկ վախեցան կամավորական շարժման ծավալումից և հայ ազգային ոգու բոցավառումից։

Հարևանները՝ վրացիներն ու կովկասյան թաթարները ևս սաստիկ անհանգստացել էին հայոց զինական ուժի փաստացի ձևավորումից։ Հատկապես անհանդուրժողական էր վրացական գործիչների վերաբերմունքը։ «Կամավորական խնդրի ժամանակ նրանք չխնայեցին ոչ մի ջանք, որպեսզի արգելեն հայ կամավորական շարժումը»,- դառնորեն նշել է նա։

Ն. Աղբալյանը որպես գաղափարական ու քաղաքական գործիչ ուներ ռուսամետ կողմնորոշում՝ քաջ գիտակցելով, որ այդ պահին (Առաջին համաշխարհայինի ժամանակ) որևէ այլ մոտեցում չէր կարող իրատեսական համարվել։

Ինչպես և Հովհ. Թումանյանը, Աղբալյանը նույնպես անմիջականորեն նկատել ու արձանագրել է, որ ցարական պաշտոնական իշխանությունների և բանակի հրամանատարության վերաբերմունքն արևմտահայ ազգաբնակչության, հայ կամավորների նկատմամբ ամենևին բարյացակամ չէ։

Աղբալյանը տեսավ ազատագրված Վանը և խանդավառվեց, որ ինը դար հետո այնտեղ հայկական իշխանություն է կազմավորվում։ Մեծ էր հայության ոգևորությունն ազատագրված Վանի կապակցությամբ։ Ամենայն հայոց բանաստեղծը 1915 թ. Հունիսին «Հորիզոնում» հրապարակած «Վան ու Երևան» հոդվածում նախանշում և ազդարարում էր, որ մոտալուտ ապագայում Վան-Երևան առանցքով կերտվելու է հայկական նորոգ պետականությունը։ Աղբալյան հայորդին ու ազգային գործիչը նույնպես այդ չափ ոգևորված էր։ Համընդհանուր այդ ոգևորությունը զգացել էր տալիս Աղբալյանի խմբագրած ևս մեկ պարբերականի՝ «Ռազմիկի» էջերում, որը հիմնադրվել էր 1917 թվականին, Թիֆլիսում։

1917 թվականը նոր սրբագրումներ մտցրեց հայ ազգային ճակատագրի կեռմաններում։ Ռուսական զույգ հեղափոխության հետևանքով Կովկասն անջատվեց Ռուսաստանից, իսկ կռվող ռուսական բանակը, որը հասել էր արդեն Արևմտյան Հայաստանի խորքերը, տարերային ու համատարած կերպով լքեց ռազմաճակատը և հետ քաշվեց իր հայրենի երկիրը։

1918 թ. սկզբին ռուս-թուրքական պատերազմը վերածվեց հայ-թուրքականի։ Ամեն ինչ էլ ավելի բարդացավ և տագնապալի դարձավ։

Իրադարձությունների հենց այդպիսի հորձանուտում էր ազգային կյանքը, երբ 1917 թ. սեպտեմբերի վերջին հրավիրվեց հայկական ազգային համախորհրդակցությունը (համագումարը), որի աշխատանքներին մասնակցում էին 228 պատգամավոր, որոնք ներկայացնում էին ՀՅԴ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայ ժողովրդական, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունները, ինչպես նաև տարբեր հասարակական, կրթական և մշակութային կազմակերպություններ ու հոսանքներ։ Համագումարում մեծամասնություն էին կազմում ՀՅԴ անդամներն ու համակիրները։

Աղբալյանն իր կուսակցության կողմից էր ընտրվել պատգամավոր ու համագումարում մի քանի անգամ սուր և կրքոտ ելույթներ ունեցավ։ 1917 թ. հոկտեմբերի 2-ին՝ չորրորդ նիստի ժամանակ «Անդրկովկասի հատուկ կոմիտե» հարցի շուրջ որպես զեկուցող հանդես է գալիս Ն. Աղբալյանը։ Քննադատության սլաքն է ուղղված Հատուկ կոմիտեի (Օզակոմ) հայագգի ներկայացուցիչ Մ. Պապաջանյանի հասցեին։ Միաժամանակ հռետորը նշում է հայ քաղաքական իրականության մեջ թերությունները՝ կուսակցությունների հակադիր ու երկփեղկված քաղաքականությունը, հայ տարրի ինքնագիտակցության պակասը, դարեդար պետականություն չունենալու և դրանով իսկ պետական գործեր վարելու փորձի և փորձառության իսպառ բացակայությունը։

Համագումարն ընտրում է տասնհինգ անդամից բաղկացած գործադիր մարմին՝ Արևելահայ Ազգային խորհուրդը, որի նախագահ է ընտրվում ՀՅԴ անվանի գործիչ Ավետիս Ահարոնյանը։ Այս մարմինը փաստորեն դարձավ Անդրկովկասի հայության լիազոր ներկայացուցչությունը՝ օժտված կառավարության իրավունքներով։ Աղբալյանը ևս ընտրվեց խորհրդի կազմում։

Եկավ 1918 թվականի գարունը։ Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովուրդը դիմակայեց ու ջախջախեց թուրքական կանոնավոր ու անկանոն ուժերին և հրոսակախմբերին։ Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Հայ քաղաքական ուժերի առաջատարը՝ ՀՅ Դաշնակցությունը ստանձնեց հայոց հինավուրց պետականության վերա-կանգնման պատասխանատվությունը։

Նիկոլ Աղբալյանը հայ պետականության վերականգման այս ժամանակաշրջանում (1918-20 թթ.) հարազատ կուսակցության թելադրականով ու հանձնարարականներով կատարեց բոլոր այն գործառույթները, որոնք միայն իրեն էին վերապահված։ Դրանք մեծ ու փոքր մասշտաբի հանձնարարականներ էին, որոնք կարևոր էին համարել կուսակցական ընկերներն ու կուսակցության վերադաս մարմինները։

Անկախության հռչակումից հետո Թիֆլիսի և Երևանի Հայոց ազգային խորհուրդների բազմաթիվ խորհրդակցությունների և միջկուսակցական բանակցությունների շնորհիվ ձևավորվեց երկրի ժամանակավոր բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Հայաստանի խորհուրդը, որը բաղկացած էր 46 անդամից։ Աղբալյանը խորհրդի կազմում էր և ընդգրկված էր ինքնավարության, ֆինանսական և խմբագրական հանձնաժողովներում՝ կատարելով մեծ ծավալի օրինաստեղծ բնույթի աշխատանք։ Իր խառնվածքի թելադրանքով նա ակտիվորեն մասնակցում էր հանրապետության առջև ծառացած բազում և բազմապիսի հիմնահարցերի քննարկմանը։ Բայց հատկապես այդ բարդ ու խառնակ օրերին զբաղվում էր Հայաստանին հարևան երկրների հանդեպ խելացի ու համբերատար քաղաքական ուղեգծի մշակումով։ Հայորդի ազնվագույն գործիչը վաղուց էր նկատել, որ հարևան վրացիներն ու ազերիները ձգտում են ամբողջովին յուրացնել հայապատկան և հայաբնակ տարածքները, ու նրանց ագրեսիվությունը որևէ չափ ու սահման չէր ճանաչում։ Ազգերի և ազգությունների ինքնորոշման սկզբունքը և խաղաղ համակեցության որևէ կանոն չէին մտնում նրանց օրակարգ։ Եթե հայ-թուրքական (թաթարական) բախումները սովորական երևույթներ էին այդ ժամանակ, ապա հայ-վրացական  բախումը նորություն էր։ Ի վերջո, վրացիների ագրեսիվությունը հանգեցրեց հայ-վրացական պատերազմին։ 1918 թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց այդ պատերազմը և ավարտվեց դեկտեմբերի 31-ին։

Հետաքրքիր են Ն. Աղբալյանի՝ ազգային-պետական գործչի դիտարկումները սույն խնդրի կապակցությամբ։ Ըստ նրա՝ «Վրաց կառավարությունը, չեմ ուզում ասած լինել ժողովուրդը, ստեղծում է մեզ համար անախորժություններ հանիրավի»։ Այո, վրացիները ձգտում էին զավթել ոչ միայն Ախալցխան ու Ախալքալակը, այլև Լոռին ու հարակից շրջանները։ Նշենք, որ այդ ժամանակ Լոռու գավառում բնակվում էր շուրջ 60 հազար հայ։ Առաջնորդվելով ազգերի ինքնորոշման սկզբունքով, Ն. Աղբալյանը հետևյալն է հարցադրում. «Այդ հողամասում (Լոռիում-Ա.Կ.) ապրում է մի ժողովուրդ, որին պիտի հարցնել, թե նա ո՞ւմ է ուզում, ո՞ւմ հետ է ուզում լինել։ Նա արտահայտել է իր կամքը պարզ ու որոշ՝ իրեն համարում է մերը և միանալ է ուզում մեզ հետ» (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 198, ց. 1, գ. 15, թ. 39)։

Անշուշտ, դա այդպես էր և հենց այդ կերպ էլ եղավ։  Բարեբախտություն էր, որ այդ եղբայրասպան պատերազմը կարճ ընթացք ունեցավ՝ ընդամենը երկու շաբաթ։ Նորաստեղծ հանրապետությունը հետզհետե կարողացավ կազմակերպված, կենսակայուն ու ճանաչված պետության վերածվել։

Հայաստանի խորհրդի 1919 թ. մայիսի 28-ի հանդիսավոր նիստում ազդարարվեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագիրը, որը հայ ժողովրդի դարավոր իղձերի արտահայտությունն էր։ Նույն թվականի հունիսին տեղի ունեցան Հայաստանի խորհրդարանի ընտրությունները։ Նորընտիր խորհրդարանի բացումը կայացավ 1919 թ. օգոստոսի 1-ին։ Այն հաստատեց ՀՀ կառավարության նոր կազմը՝ Ալ.Խատիսյանի գլխավորությամբ։ Քաղաքական ու պետական մտածողությամբ ընդգրկուն ազգային գործիչը՝ Նիկոլ Աղբալյանը  նշանակվեց հանրային կրթության և արվեստի նախարար։

Սկսվում է նրա կյանքի և գործունեության մի նոր՝ առավել պատասխանատու և հագեցած փուլը։

Հարկավոր էր զրոյից ստեղծել, ձևավորել, գործնական ընթացքի մեջ դնել այնքան շատ բան այս ոլորտում։ Անհրաժեշտ էր ազգային շունչ, դեմք ու դիմագիծ հաղորդել կրթական ողջ համակարգին, մշակութային կյանքին։

Աղբալյանը զինակիցների ու համախոհների հետ հոգեկան ու մտավոր ողջ եռանդով լծվեց նվիրական գործին։ Երկար ու ձիգ հարյուրամյակներից հետո հայրենական հողի վրա պետք է բացվեին կամ նոր վերածնունդ ապրեին տարրական ու միջնակարգ կրթօջախներ, երաժշտական ու թատերական խմբեր, մատենադարան, ազգային ու ազգագրական թանգարաններ, հանրային գրադարաններ և այլ հաստատություններ։ Նախևառաջ, հարկավոր էր ազգայնացնել և հայացնել երկիրը։ Հայերենը ոչ միայն հռչակվեց պետական լեզու, այլև հայերենի կատարյալ տիրապետումը դարձավ պետականորեն պարտադրվող անհրաժեշտություն։ Նախարարն ինքը մշակեց հանրապետության պաշտոնեության համար «հայոց լեզվի դասընթացների» ծրագիրը։ Դասընթացները գործում էին Երևանում և Ալեքսանդրապոլում։

Ամենամեծ ուշադրությունը և ամենամեծ հոգսն ընկած էր դպրոցների վրա, որոնք գտնվում էին քայքայված ու խաթարված վիճակում։ Նախարար Աղբալյանն օրնիբուն զբաղված էր դպրոցների վերանորոգման և նոր կրթօջախների հիմնադրման հարցերով։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։

Պետք էր ապահովել նաև Վրաստանում ու Ադրբեջանում գտնվող հայկական դպրոցների գոյատևման խնդիրը, քանզի անկախանալուց հետո այդ հանրապետություններում հայկական դպրոցները զրկված էին պետական որևէ աջակցությունից։ Աղբալյան նախարարին մեծապես զբաղեցնում էին նաև գրականության և գրական գործի կազմակերպման հարցերը։

Ինքը ժամանակին մասնակցել էր Հովհ. Թումանյանի գլխավորած «Վերնատան» աշխատանքներին։ Այժմ Երևանում կազմակերպում է Հայաստանի գրական ընկերությունը, որի աշխատանքներին ևս ակտիվ դերակատարություն է ունենում։ Հենց այս ընկերության հանդիսավոր նիստի ժամանակ գրականագետ ու գրաքննադատ նախարարն ի լուր համայն հայ աշխարհի հայտնում է մի նոր մեծ բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի հայտնության մասին. «Այդ օրն ամբողջ Երևանը իմացավ, որ մեծ բանաստեղծ է ծնվել»։

Նախարարի կյանքում ամենահիշարժան իրադարձությունը եղավ 1920 թ. հունվարի 31-ին, երբ հանդիսավոր պայմաններում բացվեց Հայաստանի համալսարանը։  Միջնադարում բարձր կրթօջախներ հիմնած հայ ժողովուրդը 20-րդ դարում պիտի ունենար իր համալսարանը և ունեցավ։

Բազմաթիվ մտահղացումներ ու արդեն մշակված ծրագրեր կային, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, չիրագործված։

Պատճառը երկրում ներքաղաքական վիճակի սրումն էր, որն արհեստականորեն լարվում էր քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից։ 1920 թ. գարնանը բռնկվեց մայիսյան ապստամբությունը։ Նախարարության բնականոն գործունեության ընթացքը խափանվեց, իսկ Աղբալյանը մեկնեց Կարս։ Ըստ ականատեսների և ուսումնասիրողների՝ Աղբալյանի բացառիկ հռետորական տաղանդի ու կազմակերպչական ձիրքի շնորհիվ Կարսում արյունահեղություն չեղավ մայիսյան այդ օրերին։ Մի քանի ամիս անց Հայաստանն արդեն պիտի դառնար խորհրդային, և երկրում սկսվեին քաղաքական հետապնդումները։

1921 թ. գարնանը, երբ պարզ էր փետրվարյան ապստամբության վախճանը, Աղբալյանը, Շանթը և այլ զինակից ընկերներ ստիպված էին թողնելու հայրենի երկրի սահմանները։ Բոլշևիկյան բռնապետությունը երկար էր լինելու և մանավանդ անողոք՝ հակառակորդների նկատմամբ։

Երբեմնի նախարարը դարձավ քաղաքական վտարանդի, սկզբում անցավ Թեհրան, ապա Եգիպտոս (Ալեքսանդրիա), ապա վերջնականորեն հանգրվանեց Բեյրութում։

Մեծ ու անգնահատելի է նրա գործունեության կարևորությունը Սփյուռքում նոր սերունդների հայեցի կրթության և դաստիարակության տեսանկյունից։ Այնտեղ ևս շարունակեց մանկավարժական ու հայագիտական գործունեությունը, գրեց նորանոր արժեքավոր հոդվածներ և ուսումնասիրություններ, հրատարակեց գրքեր։

Եվ միշտ հայացքը հառած պահեց երկրի՝ Հայաստանի վրա։ Միշտ երազեց տուն դառնալու մասին և այդ ոգով խանդավառեց դրսում ապրող հայերին։ Եվ միշտ դառնալի ապրումներ ունեցավ Արևմտյան Հայաստանի կորստի համար։

Պատմություն կերտած և պատմության էջերում իր մնայուն տեղը վաստակած հայորդին վախճանվեց 1947 թվականին Բեյրութում։

Նրա ոգին այժմ ազատորեն սավառնում է հայրենի երկրի լեռների կատարներին, որի անկախ ու ազատ գալիքը կերտելուն նվիրեց կյանքն ամբողջությամբ և անմնացորդ։

 

Արմեն Կարապետյան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի

ավագ գիտաշխատող, պատմական

գիտությունների թեկնածու

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25