Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու տեսլականը և այդ ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները

26.03.2019 14:17
710

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գիտությունը զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում  ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության  գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ուղիները:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Խորհրդային Միությունում գիտությունն այդքան ուժեղ և հզոր էր, այն պատճառով, որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից: «Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ, և Երրորդ հանրապետության ստեղծման օրվանից տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, ի՞նչ կարող են նրանք տալ իրար: Եվ կարծում եմ, որ հենց այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը »,-  ասաց նա:

ՀՀ վարչապետը հստակեցրեց, թե ինչ է պետությունն ուզում գիտությունից. «Մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական ներուժը, այդ թվում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը: Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չի ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ուզում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, երբ մենք որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի:  Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը, արդյոք կարող ենք լուծել այդ խնդիրը, իսկ եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ ընդհանրապես այս տրամաբանությունից դուրս գալ, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե փող չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում, որովհետև, երբ հստակ ձևակերպենք մեր անելիքներն ու ցանկությունները, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի:  Նպատակները, ի վերջո, շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ հարկավոր է գիտության ոլորտում մի քանի կարևորագույն հարցերի պատասխանել: «Մասնավորապես՝ ինչքանո՞վ է գիտությունը ինտեգրված կրթության հետ և,,մասնավորապես, բարձրագույն կրթության հետ: Վերջին շրջանի իմ բոլոր այցերի ընթացքում այնպես ենք դասավորում, որպեսզի հնարավորություն ունենանք այցելել եվրոպական կամ աշխարհի առաջատար կրթական հաստատություններ: Այդ այցերի և շփումների արդյունքում իմ եզրակացությունն այն է, որ ժամանակակից աշխարհում միտումները գնում են նշանակորեն այն ուղղությամբ, որ կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական, այսինքն՝ գիտական բաղադրիչի: Ցավոք սրտի, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք:  Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին, մենք փորձելու ենք հնարավորինս շատ ու հնարավորինս արդյունավետ ինտեգրել հետազոտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ: Մեր պատկերացումը հետևյալն է, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք գիտակրթական այն համակարգին, որը հնարավորություն կտա գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ: Նույն հնարավորությունը կստեղծվի նաև ուսանողների համար, որովհետև նրանք հնարավորություն կունենան ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ այդ տեսական գիտելիքները փորձել կիրառել նաև գործնականում»,- մանրամասնեց Նիկոլ:  Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ կարևոր հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է Հայաստանի գիտակրթական համակարգն ինտեգրված Հայաստանում ռազմավարական հեռանկարի ձևակերպման և ձևավորման պրոցեսում: «Սա հաջորդ կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգը և ներուժը՝ առանձին: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացին, ինչը իր հերթին ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքեր կուղղվեն գիտակրթական համակարգ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում հարցը՝ որքանո՞վ է գիտակրթական համակարգը ինտեգրված տնտեսության հետ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ գիտական գործունեությունը ընկալենք հենց այս տեսակետից: «Մեր գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանը ինտեգրվելը: Երբ ասում ենք տնտեսությանը ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր»,- մանրամասնեց վարչապետը՝ կարևորելով նաև գիտակրթական համակարգի ինտեգրումը զինված ուժերի հետ:

Փաշինյանը կարևորեց նաև գիտակրթական համակարգի աշխատանքը ինքնաճանաչման կարևոր հրամայականի վրա: «Մեր ռազմավարական ապագան կառուցելու համար շատ կարևոր է, որ մենք առավել ճիշտ և ընդգրկուն ճանաչենք ինքներս մեզ որպես ինքնություն, որպես ազգություն, որպես հանրություն, որպես ժողովուրդ, որպես քաղաքացի, որովհետև ինքնաճանաչողությունը, կարծում եմ, ռազմավարական ապագան կառուցելու կարևոր նախապայման է: Սրանք լինելու են մեր առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները և մենք այս շրջանակներում ենք պատկերացնում մեր համագործակցությունը գիտությունների ազգային ակադեմիայի և ընդհանրապես գիտակրթական համակարգի հետ»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գիտության ֆինանսավորման թեմային՝ շեշտելով, որ ֆինանսավորման փիլիսոփայության մեջ շատ կարևոր և սկզբունքային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև ֆինանսավորման հարցն այն չէ, թե ինչքան փող կա,  ինչպես այդ եղած կամ չեղած փողը բաշխել արդարացի, հարցն այն է, թե ինչ խնդիր է դրված՝ անկախ նրանից, թե ինչքան փող կա: «Այսօր արդեն կառավարությունը գիտության ոլորտում ունի ծրագրային առաջարկներ:  Երբ այդ առաջարկները քննարկվում էին այդ ծրագրերի ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր: Բայց, քանի որ  ծրագրի հեղինակները համոզիչ են ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, փողը ինքը իրեն հայտնվում է: Ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որը ինքն իրենով կապացուցի, որ և ծրագրի հաջողության, և նույնիսկի անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանը շահելու է,  կառավարչությունը գումար չգտնի նման ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ Նոր Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա, փողը ստեղծվում է նաև  մարդկանց գործունեության արդյունքում, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում և ուրեմն այն հարցին՝ փող կա, թե չկա, ի պատասխան մենք  պետք է ասենք՝  ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը և ինչքանով ենք մենք համոզված, որ այն, ինչ մենք անում ենք, արժե շատ ավելին, քան փողը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում կա անհրաժեշտ գիտական և մարդկային, մտավոր ու բարոյական ներուժ, որպեսզի ամեն օր ստեղծվեն այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Վարչապետի համոզմամբ՝ այդ արդյունքները իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին առաջնային չէ, առաջնային է գաղափարը, իսկ գաղափարը հաղթել է,  հաղթում է և պիտի հաղթի:

armenpress.am

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19