Նոր մասնաշենքի գործարկման սպասումով

22.12.2014 19:00
3618

Մեղրու տարածաշրջանի բժշկական հաստատությունների կառուցվածքային փոփոխությանը մեր թերթն անդրադարձել է, մանավանդ` Մեղրու հիվանդանոցի դատարկված շենքի ճակատագրին: Այնուամենայնիվ, որպես հրապարակման նախաբան, ցանկանում ենք ներկայացնել խնդրո առարկայի նախապատմությունը: Դեռեւս 2009-ի սեպտեմբերի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է միաձուլել Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները` միավորելով թերբեռնված բժշկական ծառայությունները եւ ստեղծելով նոր` «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը: Ընդ որում` հաշվի առնելով Ագարակի հիվանդանոցի վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն ծառայությունների օգտագործման համեմատաբար բարձր ցուցանիշները` որոշվել է այդ ծառայությունները կենտրոնացնել Ագարակում, իսկ թերապեւտիկ ծառայությունները թողնել Մեղրիում, որոնք տեղակայված են վերջինիս նախկին բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի շենքում (N 0052 որոշում):

2013թ. հուլիսի 29-ից «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ղեկավարում է Լուսինե Վարդանյանը: 1997թ. ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը եւ վերադարձել հայրենիք: Նույն տարվա օգոստոսից Ագարակի հիվանդանոցում բժիշկ-ստոմատոլոգ էր, 2010 թվականին, երբ միացվեցին Մեղրու եւ Ագարակի հիվանդանոցները, տարածաշրջանային բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժնի վարիչն էր:

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ` այժմ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ունի 20 բժիշկ, 68 միջին բուժաշխատող, 41 սպասարկման անձնակազմի աշխատակից: Ընկերությունը գործունեություն է իրականացնում Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, 11 գյուղի բուժակ-մանկաբարձական կետերում եւ սպասարկում է ինչպես տարածաշրջանի բնակչությանը (թվով երկու հազար), այնպես էլ տարածաշրջանում տեղակայված Ագարակի զորամասի եւ Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականությանն ու նրանց ընտանիքի անդամներին, անհրաժեշտության դեպքում` Մեղրու մաքսային կետով Հայաստան մուտք գործող ուղեւորներին եւ զբոսաշրջիկներին: Չի բացառվում, որ նրանցից ոմանք մեր հանրապետությունից առաջին տպավորությունը կարող են ստանալ հենց տարածաշրջանային բժշկական կնետրոնից: Բացի դրանից` յուրաքանչյուր տարի երկու ամսվա կտրվածքով բժշկական կենտրոնն իրականացնում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցների բուժզննում:

«Ամենադժվարն առողջ մարդուն հիվանդանոց` զննման բերելն է: Եթե կարողանանք այդ հարցը հիմնովին լուծել, հնարավորություն կստանանք որոշ հիվանդություններ բացահայտել: Շատերը չեն գիտակցում բուժական կանխարգելման կարեւորությունը: Հիվանդը շատ հաճախ է դիմում բժշկին այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին, որից հետո բժշկից լրացուցիչ ջանքեր են պահանջվում հիվանդի առողջությունը վերականգնելու համար: Տարրական ճշմարտություն է` հիվանդությունը կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը», – ասում է զրուցակիցս:

Այս համատեքստում էլ նրանից հետաքրքրվում ենք, թե որ հիվանդություններն են տարածված Մեղրու տարածաշրջանում: Մանավանդ որ բնապահպանները սկսել են տագնապի կոչնակ հնչեցնել, թե տարածաշրջանում նոր հանքավայրեր շահագործելուն զուգընթաց գլուխ կբարձրացնեն որոշ հիվանդություններ: Հընթացս տեղեկանում ենք, որ տարածաշրջանում առավել տարածված են սրտանոթային հիվանդությունները, երկրորդ հորիզոնականում շաքարային դիաբետն է, երրորդում` ուռուցքային հիվանդությունները: Նախորդ տարում, օրինակ, քսան առաջնակի հայտնաբերված ուռուցք է գրանցվել` տասնութ մահվան ելքով: Երբեմն սոցիալապես անապահով մարդը մահանում է, հերձելուց հետո է պարզվում, որ ուռուցք ուներ: Մեր օրերին բնորոշ օրինակ…

Մեղրիում, ըստ տարածաշրջանային բժշկական կենտրոնի տվյալների, մահացության վիճակագրությունը հետեւյալ պատկերն է ներկայացնում. նախորդ տարի 106 տնային մահ է գրանցվել, որից 38-ը` կանայք: Տարվա կտրվածքով հինգ-վեց հանկարծամահ լինելու դեպք է գրանցվում, որոնց պարագայում դատաբժշկի փորձաքննությամբ է իրականացվում դիահերձումը: Այս տարի արդեն 92 ծնունդ է գրանցվել (զրույցը կայացել է նոյեմբերի 21-ին, խմբ.): Բարձր ռիսկի հղիներին ուղեգրում են, իր ձեւակերպմամբ` երրորդ մակարդակի ծննդատներ, վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ, ասենք` «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տարվա կտրվածքով ըստ չափորոշիչների` նման մոտ քսան ուղեգրում է լինում, իսկ ընդհանրապես տարվա ընթացքում տարածաշրջանում 140-150 ծնունդ է գրանցվում:

Մայրաքաղաքից հեռու բնակավայրերի բուժհիմնարկների համար խնդրահարույց է մնում կադրերով ապահովվածությունը, մանավանդ նեղ մասնագիտությունների գծով: Լուսինե Վարդանյանի փոխանցմամբ` միայն վերջին տարում կենտրոնում աշխատանքի է ընդունվել ութ բժիշկ: Մասնավորապես, ողջունելի համարեց այն, որ այժմ կենտրոնում երիտասարդ մանկաբույժ է աշխատում` Մարիամ Դավթյանը: Ապա հավելում է. «Մանկաբուժությունը մեզ մոտ ապագա ունի»:

Մինչդեռ երիտասարդ մասնագետները ձգտում են ընտանեկան բժիշկ դառնալ, ինչի պատճառով մանկաբուժությունը կարող է էապես տուժել: Կենտրոնի նեղ օղակը լաբորատոր սարքերի պակասն է, լաբորանտ-բժշկի կարիք ունեն, նաեւ մեկ ընտանեկան բժշկի, վարակաբանի, սրտաբանի: Իսկ հոգեբույժի թափուր տեղ համարյա բոլոր մարզային հիվանդանոցներն ունեն: Տարածաշրջանում հմուտ բժիշկ-գինեկոլոգի համարում ուներ կենտրոնի նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը: Մայրաքաղաք տեղափոխվելուց հետո (այժմ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն է) լուծվե՞լ է գինեկոլոգի խնդիրը: Տեղեկացանք, որ հիմա վիրահատող-գինեկոլոգի պարտականությունը կատարում է Մարտին Խաչատրյանը` Ռուսաստանից վերադարձած, ծագումով մեղրեցի մասնագետ, ով ժամանակին նաեւ Կապանի հիվանդանոցում է աշխատել:

Վերջերս շատ է շոշափվում նաեւ տարբեր բնակավայրերում դիահերձարանների սակավ ապահովվածության հիմնախնդիրը: Դիահերձարան ե՛ւ Մեղրիում, ե՛ւ Ագարակում կա, երկուսին մի մասնագետ է սպասարկում. «Ոչ մեկը չի ուզում դառնալ պաթանատոմ: Այդ մասնագիտությունն էլ է ծերանում», – մտահոգություն է հայտնում կենտրոնի տնօրենը:

«Այսպիսի բան են ասում. բժիշկը երեք զենք ունի. խոսքը, նշտարը, դեղը, ո՞րն է կարեւոր, որի՞ն եք նախապատվությունը տալիս», – հարցով դիմում ենք Լ.Վարդանյանին:

– Քաղցր խոսքն առաջին գրավականն է: Պատահել է` հիվանդն ասել է. «Չէ, ես դժգոհ եմ այս բժշկից»: «Ինչո՞ւ», – հարցնում եմ: Պատասխանում է` ինքը բուժումն արեց, բայց չժպտաց:

Ինչի՞ն եմ նախապատվությունը տալիս: Նախ` պետք է մտնել հիվանդի հոգեվիճակի մեջ, երկրորդ` պրոֆեսիոնալ մոտեցում դրսեւորել եւ երրորդ` դեղն էլ իր կարեւոր մասնաբաժինն ունի հիվանդին բուժելու գործում: Փառք Աստծո, պետությունը հնարավորություն է ընձեռել սոցիալապես անապահով որոշ խմբերի ապահովել պահանջվող դեղերով, – մանրամասնում է լրագրողի հարցը:

Մեղրու տարածաշրջանում բուժսպասարկման որակի բարելավումը կապում են հիվանդանոցի նոր մասնաշենքի գործարկման հետ: Այդտեղ մի հարկի ներքո կմեկտեղվեն բոլոր բուժծառայությունները: Ամենայն հավանականությամբ` մասնաշենքը կհագեցվի նոր բուժսարքավորումներով: Բժշկուհին մեկ-երկու նորագույն սարքավորման անուն է տալիս: Հասկանում եմ` չի ուզում իրադարձություններից առաջ ընկնել…

Հիվանդանոցի շինարարությունը սկսվել է 2013-ին եւ նախատեսվում է ավարտին հասցնել երկու տարի անց, բայց անհարկի ձգձգվեց: Ամիսներ առաջ աշխատանքային այցով լինելով Սյունիքի մարզում` հանրապետության նախագահն այցելել է նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Հիվանդանոցային շենքի շինարարության ավարտի նոր ժամկետ է սահմանվել` 2015-ի սեպտեմբերի 30-ը: Այժմ հիվանդանոցի շինարարությունում բեկում է մտցվել, քանզի, որպես ենթակապալառու կազմակերպություն, շինարարությունն իրականացնում է «Մեղրու ճանապարհների շինարարություն եւ շահագործում ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրեն` Ազատ Գասպարյան): Ճանապարհաշինարարները կառույցի երկրորդ հարկի մոնտաժման աշխատանքներն են իրականացնում:

Ինչ վերաբերում է արդեն հիշատակված հիվանդանոցի դատարկված շենքի ճակատագրին, Լուսինե Վարդանյանը փոխանցեց, որ շենքն առայժմ գտնվում է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ նոր մասնաշենքի շահագործումից հետո երեք շենքն էլ` Մեղրու նախկին հիվանդանոցի, Մեղրու պոլիկլինիկայի, Ագարակի հիվանդանոցի, հանձնվելու են պետգույքի կառավարման վարչությանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23