Նոր ծրագրեր Սյունիքի պատմամշակութային հուշարձանների վերականգնման վերաբերյալ

10.07.2013 18:23
2733

Ճանաչված պատմաբան Գրիգոր Գրիգորյանը, հերթական անգամ գտնվելով Կապանում, բարի ավանդույթի համաձայն ացելել է «Սյունյաց երկրի» խմբագրություն, որտեղ էլ պատասխանել է թերթի լրագրող Նուբար Դավթյանի հարցերին:

- Պարո՛ն Գրիգորյան, ուրախ ենք Ձեզ կրկին տեսնել Կապանում: Ե՞րբ եք եկել եւ որքա՞ն ժամանակով ու ի՞նչ ծրագրերով:

- Մի շաբաթ առաջ եմ եկել, եկել եմ ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գործուղմամբ: Հասցրել եմ լինել Վահանավանքում: Խիստ տխրել եմ, որովհետեւ այդ սրբավայրն ըստ պատշաճի չի պահպանվում: Իսկ Երեւանի մեր արհեստավորներն այնպիսի գներ են առաջարկում պատվիրված դռների համար, որ քաջարանցիները հրաժարվեցին վճարել՝ չորս դռան համար 12 մլն դրամ:

- Դե թող վճարեն, ինչ մի մեծ գումար է այդ ձեռնարկության համար:

- Դե թող վճարեն…

- Ձեր ծրագրերի մասին չասացիք:

- Եկել եմ աշխատելու «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի Սյունիքին առնչվող լրացուցիչ պրակի վրա: Աշխատանքները շուտ եմ սկսել, հասցրել եմ հավաքել 600 արձանագրություն, որոնք նախորդ պրակում տեղ չեն գտել: Բայց կան դուրս մնացած այլ արձանագրություններ եւս:

- Ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ լույս կտեսնի մատենաշարի այդ հատորը:

- Կարծում եմ՝ առաջիկայում, երբ որ հանձնենք տպագրության: Կտպագրվի պետական պատվերով: Կրկնում եմ՝ դա կլինի լրացուցիչ պրակ: Պատկերացնո՞ւմ եք, Տաթեւի հարանց մեծ անապատից ոչ մի արձանագրություն տեղ չի գտել նախորդ պրակում:

- Ներողություն, պրոֆեսոր, ո՞ր անապատը նկատի ունեք:

- Տաթեւի հարանց մեծ անապատը:

- Բայց դա Տաթեւի անապատն է եւ ոչ թե Հարանց մեծ անապատը, որ գտնվում է Հալիձոր գյուղի դիմաց, որի արձանագրությունները տեղ են գտել մատենաշարի երկրորդ պրակում:

- Գիտեմ, հայտնի երկրաշարժից հետո անապատականները տեղափոխվեցին նոր վայր՝ մի քիչ վերեւ եւ նոր անապատ հիմնադրեցին, ես այդ անապատը նկատի ունեմ, որի արձանագրությունները դուրս են մնացել, որտեղ վերջին երկու տարում քանիցս եղել եմ:

- Մեզ մեղրեցիներն արդարացի հարց են տալիս՝ այդ ինչպե՞ս է պատահել, որ նույնիսկ Արցախի վիմագրություններն են մտել առանձին հատորի մեջ, իսկ Մեղրին դուրս է մնացել Սյունիքի շրջաններին առնչվող հատորից եւ հիմա էլ տեղ չի գտնում լրացուցիչ պրակում:

- Միանգամայն ճիշտ եք, այն ժամանակ Մեղրին փակ գոտի էր, եւ մեզ հնարավորություն չտրվեց աշխատել այնտեղ: Հազիվ մի տասը-տասներկու արձանագրություն ունենք Մեղրուց: Իմ ասպիրանտը՝ ԵՊՀ դասախոս Աշոտ Մանուչարյանը, ով ծագումով Մեղրուց է, մի քանի ուսանողի հետ հավաքելու է Մեղրու տարածքի վիմական արձանագրությունները:

- Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք Սյունիքի հետ կապված:

- Երիցո վանքի վերականգնման խնդիր է դրված, բայց դրանից առաջ պեղումներ պիտի կատարվեն: Ես առաջարկել եմ՝ պեղումներ չպիտի կատարել, մինչեւ վերականգնման ստույգ երաշխիք չլինի:

- Ո՞ւմ եք առաջարկել:

- Մեր ինստիտուտի գիտական խորհրդին:

- Եվ ի՞նչ են պատասխանել Ձեզ:

- Հարցը քննարկման փուլում է, բայց մենք տեղական հեռուստալրագրողի եւ Կապանի թանգարանի տնօրենի հետ կգնանք այնտեղ եւ կմտածենք, թե որտեղից պետք է սկսել աշխատանքը:

- Կներեք, բայց մենք հարցին շատ լուրջ ենք վերաբերում, ի՞նչ կապ կարող են ունենալ լրագրողն ու թանգարանի տնօրենը, եթե խոսքը պեղումների ու վերականգնողական աշխատանքների ծրագրավորման մասին է:

- Լրագրողը գալիս է հաղորդում պատրաստելու, իսկ ես պետք է ասեմ, թե որտեղ է Երիցակի թաղման կարծեցյալ վայրը:

- Այսինքն ճանաչողական ա՞յց եք կատարում Երիցո վանք:

- Այո: Նաեւ պետք է մեր գիտխորհրդին տեղեկացնեմ, թե ինչ վիճակ է այնտեղ տիրում:

- Պարո՛ն Գրիգորյան, հիշո՞ւմ եք 2002-03 թվականները, երբ «Սյունյաց աշխարհ» թերթում բանավեճ ծավալվեց Ձեր եւ Սերգեյ Հախվերդյանի համահեղինակությամբ հրատարակված «Սյունիքի պատմություն» գրքի շուրջ: Հիմա նորից մասնագետները պահանջում են քննարկել այդ գիրքը: Գտնում են նաեւ, որ չի կարելի այդ գիրքը դարձնել բուհական ձեռնարկ: Որպես գրքի համահեղինակ, տարիներ անց ի՞նչ կարծիք ունեք այդ գրքի մասին:

- Ես մնում եմ նույն կարծիքին՝ այդ գիրքը պետք է հրատարակվեր:

- Խոսքը տպագրվել-չտպագրվելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ բազում վրիպակներով ու սխալներով գիրքը չի կարող բուհական ձեռնարկ լինել:

- Մի վրիպակ ասեք:

- Ոչ թե մեկ, այլ հարյուր վրիպակ է մատնանշվել 2002-03թթ. բանավեճի ժամանակ: Ինչեւէ, Դուք դե՞մ կլինեք, որ այդ գրքի շուրջ նոր բանավեճ ծավալվի:

- Իհարկե նորմալ եմ համարում: Բոլոր դիտողությունները, վրիպակները պետք է նկատի ունենալ եւ վերահրատարակել այդ գիրքը: Առողջ բանավեճից գիրքը միայն կշահի:

- Հարգելի՛ պրոֆեսոր, կուզենայինք լսել Ձեր կարծիքը «Սյունյաց երկրի»՝ Վահանավանքին նվիրված համարի մասին: Կուզենայինք նաեւ Ձեր դիտողությունները լսել:

- Ես եւ ակադեմիական շրջանակի իմ բարեկամները կուզենայինք կատարված աշխատանքը տեսնել ոչ թե թերթի, այլ գրքի տեսքով:

- Դա տեխնիկական հարց է եւ չենք կարծում, որ հարյուր էջը շատ է թերթի համար, մանավանդ որ աշխարհում շատ թերթեր լույս են տեսնում մինչեւ 300 էջ ծավալով: Ուրիշ ի՞նչ դիտողություն ունեք:

- Ինչ դիտողության մասին է խոսքը, դա երեւույթ է ամբողջ հայ իրականության մեջ:

- Մենք տեղեկություններ ունենք, որ նաեւ Բաղաբերդի հետ կապված ծրագրեր ունեք:

- Այո, բայց ինչպես Երիցո վանքի, այնպես էլ Բաղաբերդի պարագայում՝ նախ պետք է ունենալ ստույգ երաշխիք, որ բերդը կվերականգնվի: Եթե հուշարձանը չի վերականգնվելու, ապա ուրեմն չպետք է ձեռք տալ: Իսկ ես ուզում եմ, որ Բաղաբերդը վերականգնվի՝ որքան էլ վիճելի է այդ ամրոցի գտնվելու իսկական վայրը: Ի դեպ, վերջերս երեք ճարտարապետ էր եկել Բաղաբերդ՝ նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու համար:

- Դուք նաեւ Վահանավանքի հետ կապված կիսատ ծրագրեր ունեք, ուզում էիք Աստծո այդ տաճարը հանձնել Մայր աթոռի տնօրինությանը:

- Մայր աթոռը հրաժարվեց:

- Ինչո՞ւ:

- Չգիտեմ, բայց պետք է, այնուամենայնիվ, հետամուտ լինել, որ Վահանավանքն անցնի Մայր աթոռի տնօրինության տակ, եւ այնտեղ հոգեւոր սպասավորներ աշխատեն, հոգեւոր արարողություններ կատարվեն, մի խոսքով՝ Վահանավանքը պետք է դարձնել գործող վանահայրություն: Իսկ դա կարող է իրականություն դառնալ միայն ու միայն Մայր աթոռի բարձր տնօրինությամբ:

- Պարո՛ն Գրիգորյան, շնորհակալություն հարցազրույցի համար, Ձեզ՝ հաջողություններ նոր ծրագրերի իրագործման ճանապարհին:

27 հունիսի 2013թ.

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46