Նորամուտ Կապանի արվեստի մանկական դպրոցում

27.09.2017 10:16
1675

Այս տարվա սեպտեմբերից Կապանի արվեստի մանկական դպրոցի մանկավարժական կոլեկտիվն ու սաները նոր ուստարին սկսեցին հիմնանորոգված, վերակառուցված կրթօջախի մասնաշենքում, որտեղ հիանալի պայմաններ են ստեղծված մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար: Մեկ տարի առաջ «Նորոգշին» ՍՊ ընկերության  շինարարները սկսեցին հիմնանորոգումը: Կառույցի հիմքերն ամրացվել են, շենքի ներսում կատարվել են վերակառուցման աշխատանքներ, տեղադրվել են ձայանամեկուսացման, օդափոխության, հակահրդեհային հարմարանքներ: Այժմ կրթօջախն ունի երկուական հանդերձարան, լոգարան, գործում է ջեռուցման համակարգը, դահլիճի նստատեղերի թիվն ավելացվել է՝ հասնելով 56-ի: Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների ձեւավորումը դաշնամուրի ստեղնաշար է հիշեցնում: Հիմնանորոգում-վերակառուցումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով (նախկին սոցիալական ներդրումների հիմնադրամ), պահանջվող գումարի տասը տոկոսի չափով որպես համաֆինանսավորող հանդես է եկել Կապանի քաղաքապետարանը: Ի դեպ, հիմնովին նորացվել է նաեւ կրթօջախի գույքը: Մինչեւ հիմնանորոգումն ավարտվելը, ժամանակավոր դասերն անցկացրել են Կապանի արվեստի քոլեջում, որտեղ նրանց հատկացվել էր տասը դասասենյակ:


«Սա մեծ ձեռքբերում եմ համարում, տարիներ ի վեր դպրոցի կոլեկտիվը, երազում էր այս շենքը տեսնել նորոգված. ուստի կարելի է ասել, որ իրականացավ նրա վաղեմի երազանքը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները եղան դպրոցում, ծանոթացան շենքային պայմաններին, համոզվեցին, որ այդ պայմաններում այլեւս հնարավոր չէ գեղագիտական դաստիարակություն իրականացնել, որ արվեստի դպրոցը պիտի լինի բարեկարգ եւ ամեն ինչով ապահովված», - դպրոցի հիմնանորոգման նախապատմությունը ներկայացնում է դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը:


Կապանի արվեստի մանկական դպրոցը հիմնադրվել է 1981 թվականին, հիմնադիր տնօրենը Վալենտին Պետրոսյանն էր, 1983-ից մանկական գեղագիտական դաստիարակության այդ կրթօջախը ղեկավարել է Սեյրան Գրիգորյանը, 2013-ի հոկտեմբերից՝ Մարինա Նահապետյանը: Նախապես դպրոցը ծվարել էր Գարեգին Նժդեհի փողոցի N16 բազմաբնակարան շենքի առաջին հարկում: Աննպաստ էին աշխատանքի պայմանները, անբարեխիղճ բնակիչների պատճառով ջուր էր լցվում դասասենյակները: 1985-ին տեղափոխվեցին ներկայիս շենքը, որտեղ ժամանակին քիմմաքրման ծառայություն էր գործում:


Երեք տասնամյակ գործելուց հետո շենքը հայտնվել էր անմխիթար վիճակում. խունացած, անհրապույր պատերով պարապմունքի սենյակներ, կիսափտած հատակներ:


«Սա ի՞նչ դպրոց է՝ խոնավ, անբարեկարգ, որ իմ երեխային այստեղ բերեմ», - բարձրաձայնում էին որոշ ծնողներ:


«Դասավանդելու պայմանները հեռու էին բավարար լինելուց՝ խոնավ էր, մյուս կողմից՝ վառարանի ծուխն էր խանգարում, պարապմունքներից հետո երեխաներից ծխի հոտ էր գալիս: Մի ժամանակ էլեկտրական տաքացուցիչներ հատկացրին, բայց դրանք ձմռանն էլ ի զորու չէին սենյակներում անհրաժեշտ ջերմություն ապահովել», - վերհիշում է դպրոցի պարուսույց Թամարա Ստեփանյանը, ով արվեստի մանկական դպրոցի առաջին շրջանավարտն է եղել, հետո ավարտել Երեւանի պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի դասարանը, քառորդ դար է, ինչ դասավանդում է կրթօջախում:


Այդ ամենից, բարեբախտաբար, միայն հուշ է մնացել:


Արվեստի մանկական դպրոց մեր այցելության օրն ընդունելություն էր կազմակերպվում 2017-2018 ուստարվա համար, իսկ կրթօջախում գործում են հետեւյալ բաժինները՝ պարարվեստի, կերպարվեստի, թատերարվեստի, ժողովրդական գործիքների, մանկական ձայնի պահպանման, լարային եւ դաշնամուրային:


«Այսօր է որոշվում, թե երեխաներն ինչի են ընդունակ եւ ինչ կարողություններ ունեն: Ծնողներն այդպես էլ ասում են՝ ուզում եմ երեխաս ձեր դպրոցը հաճախի, բայց չգիտեմ՝ որ բաժինն ընտրենք: Հնարավորինս ջանում ենք ճիշտ կողմնորոշել մանուկներին՝ հաշվի առնելով նրանց կարողությունները եւ նախասիրությունները: Եթե լավ լսողություն, հիշողություն, ռիթմի զգացողություն ունի, ուղղորդում ենք ջութակի կամ դաշնամուրի բաժին: Գեղագիտական դաստիարակությունից զատ նաեւ պիտի ճիշտ կողմնորոշենք մեր կրթօջախ ոտք դրած երեխային, քանի որ մեր դպրոցը Կապանի արվեստի պետական քոլեջի համար դառնում է բազային հաստատություն», - ասաց նա եւ հավելեց, որ այսօր կրթօջախում ուսանում է 128 սան, եւս 63 երեխա ընդունվել է: Տարեվերջին 27 սան հրաժեշտ է տվել կրթօջախին:


Թամարա Հայրումյանը, ով կրթօջախի հնաբնակներից է եւ ժողովրդական նվագարանների բաժնի ղեկավարը, դպրոցում աշխատում է 1985 թվականից, Քաջարանի արվեստի դպրոցից է տեղափոխվել այստեղ: Տեղեկացնում է, որ դպրոցի ժողգործիքների բաժնում՝ դհոլ, շվի եւ քանոն են սովորեցնում նվագել: «Ցավալի էր նախկին պայմաններում աշխատելը, բայց քանի որ կոլեկտիվի մեծ մասն իր գործի նվիրյալն էր, ուշադրություն չէր դարձնում դրան, քանի որ իրենց վստահվել էր երեխաների դաստիարակության գործը, իսկ հիմա հաճույքով ես մտնում դասասենյակ, ձգտում ավելին անել», - ասում է Թամարա Հայրումյանը: Նա մի ալբոմում խնամքով պահպանել է պատվոգրերն ու շնորհակալագրերը, որին արժանացել են ինքն ու իր սաները տարբեր մրցույթ-փառատոներում, նաեւ հաճույքով է տալիս այն սաների անունները, ովքեր հետագայում երաժշտական բարձրագույն կրթություն են ստացել:


Կապանի արվեստի մանկական դպրոցը համալրված է կադրերով, հիմնականում փորձառու մանկավարժներ են աշխատում, որոշները՝ կրթօջախի հիմնադրման օրվանից, այնպես որ՝ սերնդափոխությունը սարերի հետեւում չէ…


Տնօրենի փոխանցմամբ՝ արվեստի մանկական դպրոցի նպատակներից է սաներին ուղղորդել դեպի մասնագիտական կրթություն: Դպրոցի սաներից երեքն այս ամռանն ընդունվել են Կապանի արվեստի պետական քոլեջ. մեկը՝ ժողգործիքների (դհոլ), երկուսը՝ պարարվեստի բաժիններ: Անցած ուստարում արվեստի մանկական դպրոցը հաջողություններ է գրանցել: Մասնավորապես, «Էտյուդ» նկարչության, ասմունքի եւ թատերական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնում, որ կայացել է Երեւանում 2016թ. հոկտեմբերին, կրթօջախն արժանացել է երրորդ մրցանակի (դասատու՝ Արթուր Գաբրիելյան): «Արտ մյուզիք» արվեստի հանրապետական ութերորդ մրցույթ-փառատոնում Սվետլանա Առաքելյանը (դասատու՝ Թամարա Հայրումյան) «Քանոն» անվանակարգում արժանացավ դափնեկրի կոչման՝ պարգեւատրվելով առաջին կարգի մրցանակով եւ մեդալով: «Ասմունք» անվանակարգում Մոնա Փարսադանյանը (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) արժանացավ դափնեկրի կոչման եւ առաջին կարգի մրցանակի ու մեդալի: Իսկ «Մենապար» անվանակարգում Անի Գաբրիելյանը (դասատու՝ Թամարա Ստեփանյան) արժանացավ դափնեկրի կոչման եւ երրորդ կարգի մրցանակի:


Բաթումիում կայացած հայ-վրացական փառատոնին հրավիրված էր եւ երաժշտական կատարումներով հանդես եկավ Սվետլանա Առաքելյանը (դասատու՝ Թամարա Հայրումյան, նվագակցող՝ Քրիստինե Աբգարյան) Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային իններորդ մրցույթ-փառատոնում Սվետլանա Առաքելյանն արժանացավ երկրորդ կարգի մրցանակի, իսկ մանկական արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը շնորհակալագրի՝ մրցույթ-փառատոնին աջակցելու, մասնակիցների բարձր արդյունքների համար: Նախորդ տարում կրթօջախի սաների ուժերով Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ներկայացում է բեմադրվել Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմում:


Մնում է մանուկների հոգիներում բարու ու գեղեցիկի հունդեր սերմանող այս կրթօջախի մանկավարժներին եւ սաներին նոր հաջողություններ մաղթել:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25