Նռնաձորի դպրոցը, որ կրթադաստիարակչական արդյունավետ աշխատանքի օրինակ կարող է ծառայել

21.02.2023 11:03
4259

Գյուղը դպրոցով է կանգուն. այս ճշմարտությունը Նռնաձոր գյուղի պարագայում նոր հնչեղություն է ստանում, քանզի սահմանամերձ բնակավայրն ուղիղ գծով երեք-չորս կիլոմետր է հեռու թշնամուց: Ահա ինչու, այցելելով Նռնաձոր, առաջինը դպրոց ենք մտնում:

Կրթօջախի շենքը համայնքի բարետես կառույցն է. շահագործման է հանձնվել 2007 թվականին՝ Մեղրիի «ՃՇՇՁ» ընկերության շինարարների ձեռամբ: Դպրոցի նախկին մասնաշենքը փայտաշեն էր և որի կարգավիճակն անորոշ է, քանզի ցայսօր դպրոցի հաշվեկշռում է:

Կրթօջախի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը, ով պաշտոնավորում է 2009 թվականից, նախ ներկայացնում է ուսուցչական կազմը՝ նախապես հաղորդելով, որ ընթացիկ ուստարում համալրված են մանկավարժներով, միայն անգլերենի դասավանդումն իրականացվում է հեռավար՝ Գյումրիի թիվ 1 դպրոցից: Այժմ ուսուցիչներից վեցը դրսից են հաճախում, հինգը՝ տեղացի է… Վեց երեխա ունեցող մանկավարժը Նռնաձոր է հասնում Վարդանիձոր գյուղից, որտեղ բնակվում է:

«Մեր ուսուցիչները հերոսական աշխատանք են կատարում…», - ասում է տնօրենը: Եվ դրանում դժվար չէ համոզվել. մի առանձին տառապանք է, օրինակ, Մեղրիից Նռնաձոր հասնելը: Նախ՝ երկու տեղ մեքենան կանգնեցնում ու ստուգում են փաստաթղթերը. ժամանակներն ու իրավիճակն են այդպես պահանջում: Ճանապարհը սկզբից (մինչև Ալվանքի և Շվանիձորի խաչմերուկներ) ասֆալտապատ է, իսկ հետո սկսվում է հողածածկ հատվածը, և մեքենան է փորձությունների ենթարկվում, և վարորդն ու ուղևորը, մինչև գյուղ են հասնում: Ասենք, որ Նռնաձորը ճանապարհի խնդիր է ունեցել ի հնուց անտի՝ տակավին խորհրդային տարիներից: Այն ժամանակ, որքան էլ զարմանալի լինի, ճանապարհը միակողմանի երթևեկություն ուներ: Այծի ճանապարհ, - այսպիսի բնորոշում էին տվել անցնող – գնացողները: Հիմա, թեև այլ տեղանքներով է ձգվում ճանապարհը ու թեև 2022-ին մասնակիորեն բարեկարգվել է, բայց հիմնովին նորոգման կարիք ունի:

«Ճանապարհը մեծ նշանակություն ունի, մանկավարժներ են եղել, որ ճանապարհի պատճառով չեն եկել աշխատելու մեր դպրոցում, մեկը, օրինակ, ասաց. «Ողնաշարի խնդիր ունեմ, այս ճանապարհին չեմ դիմանա»: Կամ ուսուցչի օգնականի կես դրույքը՝ 40 հազար դրամ է, այդքան վարձատրության համար նա շաբաթական չորս անգամ պիտի Նռնաձոր հասնի․սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է», - եզրակացնում է մեր զրուցակիցը և հավելում՝ անհրաժեշտ է արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերին, որ  ուսուցիչների մեջ աշխատելու շահագրգռվածություն առաջանա: Կամ՝ «Միևնույն դասը երկու-երեք աշակերտի համար պարապում եմ ջանադրաբար, որը մեծ դպրոցում կպարապեինք 20 աշակերտի համար, բայց վարձատրությունը տարբեր է․ 2023 թվականի սեպտեմբերից հարցը, որքան տեղյակ եմ, դրական լուծում կստանա. սպասում ենք»:

Տնօրենը հիշեց այն ժամանակները, երբ Մեղրու տարածաշրջանի գյուղերի մանկավարժների աշխատավարձը մյուս բնակավայրերի համեմատ 20 տոկոսով բարձր էր: Հետագայում դա վերացրին…

Ինչևէ, իրոք փառք ու պատիվ այն մանկավարժներին, ովքեր հեռավոր այս գյուղ են հասնում և կատարում իրենց մասնագիտական պարտքը… Այս համատեքստում ուրախացնողն այն է, որ նախկին երկու անգամի փոխարեն՝ այժմ շաբաթական չորս ուղերթ է կատարվում Մեղրիից դեպի Նռնաձոր:

Դպրոցում հաճելի մաքրություն տեսանք, կահավորանքը պարզապես աչք է շոյում: Նաև համակարգչային սենյակն է կահավորված, միայն էլեկտրոնային գրատախտակն է պակասում… Կրթօջախում 19 աշակերտ է սովորում:

Այնպես ստացվեց, որ Նռնաձորի մասին առաջին նյութս գրել եմ 2003-ին, երկրորդը՝ 2013-ին և հիմա: Տասը տարվա պարբերականությամբ: Դրանցից տվյալներ քաղեցի աշակերտների թվաքանակի շարժի մասին, այսպես ուրեմն՝ 2003-ին դպրոցում 38 աշակերտ էր սովորում, որից տասը՝ նախադպրոցական խմբում, 2013-ին՝ 32, այժմ՝ ինչպես արդեն նշվեց, 19: Հետընթացն ակներև է՝ մանավանդ տխուր խոհեր հարուցող: Ոչ միայն թվաքանակն է նվազել, նաև տարեցտարի լավ սովորողների թիվն է պակասել: Նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, այս տարի կրթօջախին հրաժեշտ կտա մեկ աշակերտ:

Մտանք նաև դասարաններից մեկը. հասարակագիտության դասին երեք աշակերտ էր՝ մեկը 10-րդ, երկուսը 11-րդ դասարանցի: Նման բան միայն Սյունիքի դպրոցներում կհանդիպես:

Այս տարի առաջին դասարանցի չունեն: Տնօրենը հավելում է, որ նոր ուսումնական տարում երեք առաջին դասարանցի կունենան:

Կրթօջախում դպրոցականների սակավությունը մեր զրուցակիցը շատ պատկերավոր ներկայացրեց. «Այնքան աշակերտ չունենք, որ շախմատային օլիմպիադային թիմով հանդես գանք»:

Դպրոցն ունի կահավորված ճաշարան, իսկ տաք սնունդը ստացվում է Ագարակից. պայմանագիր ունեն «Մարիշոկ» կազմակերպության հետ:

Տեղեկացանք նաև, որ արևային մարտկոցներ են տեղադրված, որոնք կրթօջախին հատկացվել են WW Հայաստանի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Մեղրիի համայնքի աջակցությամբ: Դրա շնորհիվ հիմնովին լուծվել է ջեռուցման հարցը։

Նռնաձոր համայնքի դպրոցի կահավորումը հովանավորել է իրանահայ բարերար Էլբիս Արզումանյանը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Խաժակ Արզումանյանի:

Մեղրիի սահմանապահ Նռնաձոր գյուղի կրթօջախը բացօթյա մարզադաշտ ունի, որի բացման արարողությունը տեղի է  ունեցել անցյալ տարի՝ մայիսի 11-ին, ծրագիրը կյանքի է կոչվել «Յունիբանկի» ֆինանսավորմամբ, Մեղրիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ (հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Սաքապետոյան): Դրանով լուծվել է գյուղում մասսայական սպորտի զարգացման և մանուկների ժամանցի կազմակերպման հույժ կարևոր խնդիրը: Բայց և այնպես, անորոշ է մնում  փակ մարզադահլիճ ունենալու խնդիրը: Ձմռանը մարմնակրթության դասերն անցկացվում են դպրոցի նիստերի դահլիճի մի մասում:

Մեր զրույցին մասնակցում էր Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը. ով նույնպես մտահոգություն հայտնեց՝ կրթական գործին առնչվող․ «Սահմանապահ գյուղերին պիտի ուշադրություն դարձվի, մարդկանց գյուղին կապում է դպրոցը, եթե դպրոցը չեղավ, բոլորը դուրս են գալու այստեղից, ինչքան էլ ապրելու նպաստավոր պայմաններ լինեն, ընդհանուր առմամբ՝ պետական մակարդակով հոգածություն պետք է լինի գյուղերի հանդեպ, որովհետև գյուղերը դատարկվում են»:

Դեռ խոսք կա, որ սեպտեմբերի 1-ից իրար մոտիկ գտնվող գյուղերի դպրոցները միավորվելու են: Փառք Աստծո, որ այդ հանգամանքը գոնե Նռնաձորի դպրոցին չի վերաբերելու…

Ամեն դեպքում հաճելի էր տեսնել, որ հեռավոր Նռնաձորում նման կրթօջախ ունենք, և այդ օջախի ղեկավարումը կրթական գործի նվիրյալի ձեռքերում է…

Վահրամ Օրբելյան

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24