Հերթական անգամ նշվեց Կապան քաղաքի օրը

19.08.2024 12:37
870

Օգոստոսի երրորդ շաբաթ օրն ավանդաբար անցկացվում է Կապան քաղաքի տոնը, որ միավորում է քաղաքում և դրսում ապրող կապանցիներին, հնարավորություն ընձեռում ջերմ ու անկեղծ հանդիպումների։ Տոնակատարությանը մասնակցում էին մարզի համայնքի ղեկավարներ, դիվանագետներ, հյուրեր մայրաքաղաքից, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի պատվիրակությունը։ Այս անգամ այն տեղի ունեցավ «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագրով։ Տոնակատարությունը սկսվեց ֆլեշմոբ–հյուրասիրությամբ, քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդներն անցորդներին տորթ էին մատուցում, այնուհետև տեղի ունեցավ հեծանվավազք, որին մասնակցում էր 70–ից ավելի պատանի հեծանվորդ։

Տոնակատարության մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին 1918-20 թթ․ հերոսամարտերի ակտիվ մասնակից, Սիսիանի ճակատի հրամանատար Պողոս Տեր–Դավթյանի հիշատակին։

Հաջորդ կանգառը Բաղաբուրջի հուշահամալիրն էր, որտեղ ևս ծաղիկներ դրվեցին Արցախյան պատերազմներում և հայրենի սահմանների համար զոհված կապանցիների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի պատվանդանին։

Տոնակատարության գլխավոր միջոցառումը հանդիսավոր նիստն էր Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում։ Կապանի օրվա առթիվ ներկաներին բարեմաղթանքեր հղեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Տոնական օրը նշանավորվեց նաև պարգևատրումներով։ Երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կայացմանը նպաստելու համար «Կապան» մեդալով պարգևատրվեց Սեյրան Բալասանյանը։

Համայնքապետի կողմից պատվոգրով պարգևատրվեցին Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը, «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյանը և  «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը։ Համայնքապետարանի շնորհակալագրին արժանացան Լյուդվիգ Գրիգորյանը և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։

Հանդիսավոր նիստից հետո հանդես եկավ Կապանի «Զանգեզուր» ժողովրդական անսամբլը (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան)։ Հիմնադրման 5-րդ տարին բոլորած կոլեկտիվը պարային բարձրարվեստ կատարումներով հաճույք պատճառեց հանդիսատեսին։

Քաղաքի տարբեր հատվածներում միջոցառումներ էին կազմակերպվել։ Վազգեն Սարգսյանի անվան մանկական զգոսայգում  «Տավերս» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ցուցադրանք՝ «Կապանցիներ. թաքուն աշխարհից լույսի աղբյուրներ» խորագրով, որ պատմում էր Եվրոպայում կրթություն ստացած կապանցիների, ինչպես նաև տարածաշրջանում մնայուն հետք թողած հասարակական–քաղաքական գործիչների մասին։

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի՝ «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» հատուկ համարի շնորհանդեսը։

Ժամը 16։00–ին տեղի ունեցավ «Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց» ՀՈԱԿ–ի բացման արարողությունը, որին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերութան գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը։

18։00–ին սկսվեց Կապան համայնքի թաղամասերի և գյուղական բնակավայրերի ֆուտբոլային առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Եզրափակչում հանդիպեցին «Հունան-1» և «Շինարար» թիմերը, հաջողությունն առաջինի կողմն էր։ Հաղթող թիմն արժանացավ գավաթի և դրամական պարգևի։ Դրամական պարգևով խրախուսվեցին նաև երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը։

Երեկոյան կողմը տոնակատարությունը հագեցած էր համերգային ծրագրերով։ Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում բեմահարթակը տրամադրվել էր «Նարեկացի» նվագախմբին (գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր և թառահար Արտեմ Խաչատուր)։ Հնչեցին Խաչատուր Ներսիսյանի, աշուղ Շերամի, Գուսան Աշոտի, Սայաթ–Նովայի, աշուղ Հավասու և այլ երգահանների ստեղծագործությունները։ Համերգը եզրափակվեց Արտեմ Խաչատուրի «Սյունիքի լեռնապար» ստեղծագործության պրեմիերայով, որ նվագախումբը սիրով նվիրեց Կապան քաղաքի օրվան։

Գարեգին Նժդեհի հրապարակում շքահամերգ էր. բեմահարթակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), նաև ելույթ ունեցան Արամեն, Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը։

Մինչև կեսգիշեր հրապարակում թևածում էին կենսուրախ երաժշտությունն ու տոնական տրամադրությունը։ Իսկ ամենավերջում խաղարկվեց Թունիս շրջագայել մեկնելու վիճակախաղ։

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24