Օրբելյանները

06.05.2014 13:23
3303

 

Հատված Էդուարդ Զոհրաբյանի համանուն վեպից

 

...1954թ. Երեւանի ռադիոկոմիտեում ստեղծվեց գործիքային կվինտետ: Հանրապետությունում անվանի երգահաններ շատ կային, որոնց կարելի էր հրավիրել նորաստեղծ կվինտետը կազմակերպելու եւ ղեկավարելու համար: Բայց կոմիտեի ղեկավարները կանգ առան Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանող Կոնստանտին Օրբելյանի վրա եւ չսխալվեցին իրենց ընտրության մեջ: Շուտով նորաստեղծ կվինտետը երիտասարդ ղեկավարի ջանքերով հայտնի դարձավ ամբողջ հանրապետությունում եւ իր հարուստ, բազմաբովանդակ ծրագրով վայելեց երաժշտասեր հասարակության սերն ու համակրանքը: Ավարտելով կոնսերվատորիան` քսանհինգամյա Կոնստանտինը նորից վերադարձավ Հայաստանի պետական էստրադային նվագախումբ: Բայց այս անգամ արդեն որպես նվագախմբի գլխավոր ղեկավար: Դժվար էր աշխատելը: Երաժիշտներից մեկը թողնում էր նվագախումբը, մյուսը` գալիս, լրացնում նրա տեղը: Եվ այդ նորեկի հետ ստիպված էր լինում աշխատել, աշխատել երկար ու համառ, մինչեւ նա ընտելանում էր կոլեկտիվին կամ յուրացնում այս կամ այն նոր երաժշտությունը: Հատկապես հաճախակի փոխվում էին երգիչները. Ռաշիդ Բեյբութովի, Արթուր Այդինյանի, ժակ Դուվալյանի հեռանալուց հետո Կոնստանտինը մեծ դժվարությունների առաջ կանգնեց, մինչեւ փնտրեց ու գտավ նոր երգիչ¬կատարողներ, նոր շունչ ու ալիք մտցրեց նվագախմբում, գտավ գործիքավորման նոր ձեւեր ու մեթոդներ, զարգացրեց եւ ավելի բարձր մակարդակի հասցրեց հայ էստրադային արվեստը։ Նվագախմբի կատարողական արվեստը բարձր մակարդակի վրա պահելու հետ մեկտեղ նա գրում էր նոր երգեր, երաժշտություն սիրո, հայրենասիրական եւ իր նախընտրած այլ թեմաներով։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո նա գիտակցում էր, որ իսկական երգահան լինելու համար պիտի շատ ստեղծագործել եւ այդ ստեղծագործությունների գնահատականը պիտի տային մարդիկ, հասարակությունը։ Եվ այդ գնահատականը տրվեց։

 

Այնպիսի երգեր, ինչպիսիք են «Երեւան», «Գարունն իմ սրտում», «Երեւանյան մեղեդի», «Շնորհակալություն կյանքին», «Անուշի երգը», «Գ՛ալիս ես, գալիս ես» եւ շատ ուրիշներ լայն ճանաչում են գտել Խորհրդային Միությունում, իսկ «Սիրում եմ քեզ, Մոսկվա» երգը Հունգարիայում կայացած միջազգային մրցույթում արժանացավ մրցանակի։ Համամիութենական առաջին կարգի մրցանակին էր արժանացել նաեւ ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակին գրված «Կեչիների աղմուկը» երգը։

 

Օրբելյանի գրչին են պատկանում նաեւ «Հուշարձան», «Հայրենական պատերազմի հերոսներին», «Մենք խաղաղության կողմնակից ենք» եւ այլ նվագախմբային խորեոգրաֆիկ պատկերների շարքը, երգեր՝ գրված մարզական թեմաներով, այլ ստեղծագործություններ։

 

Երգահանի մի քանի տասնյակ երգերը, հայերեն ու ռուսերեն տեքստերով, նոտայագրված, ամփոփված են հինգ ժողովածուի մեջ, որոնք լույս են ընծայել համամիութենական «Սովետսկայա մուզիկա» եւ «Հայաստան» հրատարակչությունները։

 

Խորհրդային Միության եւ արտասահմանյան երկրների տարբեր անկյուններում բարձր հնչեց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի եւ նրա երիտասարդ ղեկավարի՝ երգահան Կոնստանտին Օրբելյանի անունը։ Այդ անունը Միության եւ աշխարհի ՛երաժշտասեր հասարակայնության սիրտը մտավ Մոսկվայում եւ տարբեր երկրներում կայացած համաշխարհային փառատոների ժամանակ եւ դրանից հետո։

 

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը մասնակցեց մի շարք փառատոների, արժանացավ բարձր մրցանակների։ 1957 թվականին Լենինգրադում կայացած էստրադային նվագախմբերի ազգային փառատոնում Օրբելյանի նվագախումբը ներկայացրեց Խորհրդային Միությունը։ Այս փառատոնին մասնակցում էին նաեւ ռումինական «Մալագամբա» եւ Միշել Լեգրանի ղեկավարած ֆրանսիական այն ժամանակվա նշանավոր խմբերը։

 

Հայաստանի պետական էստրադան Խորհրդային Միության անունից մասնակցեց նաեւ 1964 թվականին արտասահմանում կայացած «Բարեկամություն» փառատոնին, որին ներկայացել էին նաեւ Անգլիայի, Հարավսլավիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ մի շարք այլ երկրների նշանավոր նվագախմբեր։

 

Օժտված լինելով մեծ երաժշտին հատուկ շնորհքով եւ հնարավորություններով` Կոնստանտին Օրբելյանն իր աշխատանքային տարիների ընթացքում նոր աստիճանի բարձրացրեց նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակը, ոճական դեմքը, նա կարողացավ ժամանակակից էստրադային երաժշտության լավագույն գծերին միացնել ազգային առանձնահատկությունները, կարողացավ նոր ճանապարհով տանել հայ էստրադային երգը եւ համապատասխանեցնել ժամանակի ոգուն։ Այդ էր պատճառը, որ նվագախումբը մեծ ճանաչում գտավ նաեւ արտասահմանյան երկրներում, նոր փառքով պսակեց իրեն, ավելի ընդլայնեց իր ունկնդիրների թիվը։

 

Լեհաստանում կայացած համերգներից հետո այդ երկրի «Նարոդեն ֆրոնտ» թերթը նվագախմբի մասին լույս ընծայած իր հոդվածը վերնագրել Էր «Լիակատար հաղթանակ»։

 

Չեխոսլովակյան «Ռուդե պրավո»¬ն գրել Է. «Խորհրդային Հայաստանի պետական Էստրադային նվագախումբը լավագույնն է Եվրոպայում»։

 

Բուլղարական «Ռաբոտնիչեսկոե դելո» թերթը նվագախմբի մասին իր թղթակցությունը եզրափակել է. «Հայաստանի պետական էստրադային նվագախմբին պետք է նկատի ունենալ միջազգային համերգների ծրագիր կազմելու ժամանակ»։

 

Իրավամբ միջազգային ճանաչման արժանացած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ խորհրդային էստրադային արվեստն առաջին անգամ ներկայացրեց նաեւ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան նշանավոր թերթերը մասնավորապես նշել էին, որ՝ դժվար թե էստրադային որեւէ նվագախումբ կամ ջազ զարմացներ ջազի երկրին, ջազի հիմնադիրներ Արմստրոնգի, Օլիվերի, էլինգտոնի, Դեյվիսի, Թեյլորի եւ ուրիշ հանրահայտների հայրենիքին։ Բայց մենք՝ ամերիկացիներս, զարմացանք եւ մեծ հաճույք ապրեցինք՝ ունկնդրելով Հայաստանի էստրադայի արտիստներին։

 

Իսկ մի՞թե սա Օրբելյանին տրված ամենաբարձր գնահատականներից մեկը չէ։

 

Հայ արտիստներն իրենց էստրադային արվեստը հասցրել են նաեւ Մերձավոր արեւելք, Հարավսլավիա, աշխարհի քառասուն երկրներ։ Օրբելյանի նվագախումբը, մասնագետների կարծիքով, խորհրդային էստրադայի չափանիշն էր։ Օրբելյանը խորհրդային, մասնավորապես հայկական էստրադայի եւ ջազի նշանավոր դեմքերից է։ Նրա դպրոցն են անցել եւ իրենց տաղանդը բացահայտել երգիչներ Զարուհի Տոնիկյանը, էռնա Յուզբաշյանը, Լարիսա Դոլինան։ Իսկ ջազային այնպիսի երգչուհի, ինչպիսին Տաթեւիկ Հովհաննիսյանն է, ամբողջ ԽՍՀՄ-ում չկար։ Նա, Օրբելյանի արտահայտությամբ, խորհրդային ջազի առաջին լեդին էր։ Նրա նվագախմբում են աշխատել նաեւ էլվիրա Մակարյանը, Նադեժդա Սարգսյանը, Սյուզան Մարգարյանը, Նադեժդա Սինելնիկովան, Սիմոն Տերյանը, էդգար Կարապետյանը, Գեորգի Մինասյանը։ Նվագախումբը, ինչպես գտնում է մաէստրոն, միշտ ուժեղ է եղել իր երգչուհիներով։ Արտակարգ երեւույթ էր երիտասարդ Բելա Դարբինյանի մուտքը նվագախումբ։ Այստեղ աշխատել են նաեւ այժմ հանրահայտ երգչուհիներ Իրինա Ալեգրովան, Իրինա Պոնարովսկայան։ Երբեմն նվագախումբ է հրավիրվել Ալլա Պուգաչովան։ Օրբելյանը նրան մշտական աշխատանքի չէր վերցնում` հասկանալով, որ խորհրդային լսարանի պայմաններում նվագախմբի երգացանկն ու գործունեությունն ամբողջությամբ կախման մեջ կլինեին Պուգաչովայից։ Իսկ նա մի երգչուհի է, ինչպես գտնում է մաէստրոն, որը ստեղծված է խորհրդային լսարանի համար եւ ոչ ավելին։

 

Սակայն պետք է նշել, որ Պուգաչովայի ճակատագրում Օրբելյանը մեծ դեր է ունեցել։ Այդ բանը չի ժխտում նաեւ Ալլան եւ բազմիցս նշել է հայ երգահանի դերն իր կյանքում։ 1974 թվականին, երբ Օրբելյանը համամիութենական էստրադային մրցույթի ժյուրիի անդամ էր, առաջին անգամ՝ տեսավ այդ մրցույթի մասնակից Պուգաչովային եւ միանգամից նրա մեջ նկատեց երգչուհու տաղանդն ու շնորհքը։ ժյուրիի մյուս անդամ Իոսիֆ Կոբզոնի հետ մի կերպ կարողացան Ալլային երրորդ մրցանակակիր դարձնել։ Մի կերպ, որովհետեւ ժյուրիի մնացած անդամները Պուգաչովային չէին ընդունում:

 

Իսկ մեկ տարի անց Օրբելյանը երգիչ Գեորգի Սինասյանի հետ հրավիրված էր Բուլղարիայում կայացած «Օսկե Օրփեոս» երգի փառատոնին։ Սակայն այնպես ստացվեց, որ Օրբելյանը չկարողացավ մեկնել փառատոն, իսկ Մինասյանն առանց մաէստրոյի չուզեց գնալ։ Օրբելյանն առաջարկեց եւ մեծ դժվարություններով հասավ նրան, որ Պուգաչովային ուղարկեն փառատոնին մասնակցելու։ Այստեղ էլ երգչուհին հայտնի դարձավ իր «Առլեկինո» երգով։

 

Իսկ Գեորգի Մինասյանը, Օրբելյանի կարծիքով, ԽՍՀՄ վերջին տասնամյակի լավագույն երգիչն էր։ Նրա կատարած Օրբելյանի «Արեւիկ», «Գալիս ես, գալիս ես», «Սերը չի ծերանում» երգերը դարձան համամիութենական շլյագերներ։

 

Տասնչորս տարի անընդմեջ Կոնստանտին Օրբելյանը «Օսկե Օրփեոս» միջազգային ավանդական փառատոնի ժյուրիի անդամն էր ԽՍՀՄ-ից, այդ երկրի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ։

 

Նախապատվությունը հիմնականում տալով էստրադային ժանրին, Օրբելյանն ունի այդ ժանրի մեծածավալ բազմաթիվ ստեղծագործություններ։ Դրանցից են հատկապես հանրահայտ «Ռե մինոր» լարային քառյակը, որը հեղինակին պարգեւեց համաշխարհային փառատոնի դափնեկրի կոչում եւ ոսկե մեդալ, «Անմահություն» բալետը, սիմֆոնիկ, բազմաթիվ այլ գործեր, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական ու գաղափարական բարձր մակարդակով, ազգային նուրբ զգացողությամբ, թարմ մեղեդիականությամբ: Այդ ստեղծագործությունները լսել են աշխարհի շատ երկրների ունկնդիրներ ու մասնագետներ, տվել բարձր գնահատական, դրանց մասին գրել են մոլորակի տարբեր թերթերը, այդ թվում Սան-Ֆրանցիսկոյի հայ մշակութային միության լրագիրը:

 

- Էստրադային երաժշտությունը սովորաբար համարում են թեթեւ ժանր, – ասում է մաէստրոն, - բայց ես համաձայն չեմ... Գուցե կա՞ թեթեւ մոտեցում էստրադային երգի նկատմամբ, սակայն բոլոր ժանրերն էլ լուրջ են եւ պահանջում են լուրջ մոտեցում...

 

Այդպես ամենալայն լրջությամբ ու պատասխանատվությամբ նա ստեղծում է իր արվեստը՝ լինի դա երգ, թե ծավալուն ստեղծագործություն։

 

Վերջին չորս-հինգ տարում Հայաստանում չէր։ Եկել էր այն օրը, երբ նա թողեց նվագախումբը ոչ իր մեղքով եւ այն ցրվեց այնպես, կարծես չէր էլ եղել։ Այդ բանը տեղի ունեցավ 1992 թվականին։

 

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, որը միշտ սուրբ տաճար է համարվել բոլոր արվեստասերների եւ այնտեղ աշխատողների համար, համատեղ, համերաշխ իրենց գործն էին տանում երգի-պարի, պարի պետական համույթների, սիմֆոնիկ նվագախմբի, Կոմիտասի անվան քառյակի եւ այլ կոլեկտիվներ։ Երբ իրադրությունն այնպիսին էր, որ արվեստի մասին մտածելու հնարավորության չկար, այդ ժամանակ կառավարական մարմինների որոշմամբ «Արամ Խաչատրյան» սրահն ի տնօրինություն հանձնվեց հրավիրյալ մի երաժշտի։ Նա սկսեց շատ համեստ, բայց ավարտեց նրանով, որ սրահում գործող բոլոր կոլեկտիվներին այդտեղից դուրս հանեց:

 

– Այդ մարդը գեղարվեստական ոչ մի կապ չուներ հայկական մշակույթի հետ, իսկ երաժշտության բնագավառում ես նրա մասին բարձր կարծիք չունեմ, – պատմում է Օրբելյանը, – բայց ասում են, որ նա վատ բիզնեսմեն չէ։

 

Այն, ինչ վերջին տարիներին տեղի էր ունենում «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մեծ մասամբ առանձնանում էր վատ ճաշակով եւ ցածր պրոֆեսիոնալիզմով։ Իմ աշխատասենյակի մուտքի դիմաց պատ շարվեց: Նվագախմբի շատ թանկարժեք գործիքներ ու սարքավորումներ բառիս բուն իմաստով ոստիկանության օգնությամբ փողոց էին ուզում հանել։ Հարցը լուծելու իմ բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Ավելին՝ նա ցանկություն ուներ տիրանալու պետական կոնսերվատորիային, օպերայի շենքին, ուզում էր քայքայել նույնիսկ Հայաստանի պետական երգչախումբը։ Նա պատրաստ էր ամեն ինչ կործանել, խորտակել՝ հանուն իր անձնականի։ Ես հայտարարեցի, որ քանի դեռ դահլիճը կգտնվի մի մարդու ձեռքին, ես այդտեղ ոտք չեմ դնի, եւ օպերայի դահլիճում հրաժեշտի համերգներ տալով՝ թողեցի նվագախումբը։

 

Օրբելյանի պատմածն իրոք հրավիրյալ մի մարդու՝ Լորիս Ճգնավորյանի մասին է, որի ձեռքը նշված արարքների համար ոչ ոք չբռնեց։ Ավելին՝ ո՛չ կառավարական մարմիններում, ո՛չ մշակույթի նախարարությունում թիկունք չկանգնեցին մի մարդու, որը խոր հետք է թողել հայ երաժշտության պատմության անդաստանում, հայ էստրադային արվեստը մոտ չորս տասնամյակ պահել բարձր մակարդակի վրա, նրա փառքը տարածել համայն աշխարհում։

 

Կոնստանտին Օրբելյանը մեծ բարեկամասեր ու հայրենասեր է, ամուր արմատներով կապված իր Հայաստանին, իր Զանգեզուրին, իր հայրական գյուղ Տաթեւին։

 

Չորս-հինգ տարի լինելով արտերկրում, մասնավորապես Ամերիկայում, ելույթներ է ունեցել մեծ նվագախմբերի հետ, մասնակցել ջազային փառատոների։ Ընտրվել է Կալիֆոռնիայում գործող կրթության եւ արվեստի միջազգային ակադեմիայի իսկական անդամ։ Ստեղծագործական նվաճումների համար արժանացել է էյնշտեյնի անվան ոսկե մեծ մեդալի։

 

Այսքան նվաճումներից հետո եղել են նաեւ առաջարկներ, որպեսզի մաէստրոն հիմնական բնակություն հաստատի ԱՄՆ-ում, բայց Օրբելյանը կտրուկ հրաժարվել է, միշտ հպարտորեն հայտարարելով.

 

– Ես Հայաստանի քաղաքացի եմ եւ ընդմիշտ կմնամ այդպիսին։ Ես զանգեզուրցի եմ։ Օրբելյան տոհմը շատ հայտնի է եւ սերտորեն կապված է Զանգեզուրի, մասնավորապես Տաթեւի հետ։ Ես շատ եմ հպարտանում, որ շառավիղն եմ Ստեփանոս Օրբելյանի, նաեւ՝ Դավիթ Բեկի։

 

Նվագախմբի հետ անընդհատ ուղեւորությունների մեջ լինելով, բազմաթիվ հասարակական՛ աշխատանքներ կատարելով հանդերձ, Օրբելյանը ժամանակ էր գտնում ամեն տարի այցելել հայրենի քաղաքը, գյուղը, հանդիպել իր հայրենակիցների հետ։ Նա մի շարք ստեղծագործություններ է նվիրել հարազատ եզերքին, նրա մարդկանց։ Դրանցից են «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը, որն առաջին անգամ կատարվեց համամիութենական ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կողմից, Գորիսի մասին` «Դու սարերի շուշան ես» եւ «Ով Գորիսը չի տեսել, չի տեսել աշխարհ» երգերը:

 

Օրբելյան մարդու եւ քաղաքացու ու նրա ստեղծագործությունների մասին իրենց հիացմունքն ու կարծիքն են արտահայտել նշանավոր կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Տիխոն Խրեննիկովը, Սոլովյով-Սեդոյը, Բոգոսլավսկին, Կոլմանովսկին եւ ուրիշներ: Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը մի առիթով ասաց.

 

– Օրբելյանը մեծ տաղանդի կոմպոզիտոր է: Հիանալի մարդ է եւ մեծ հայրենասեր: Նրա մեջ բարձր է պատասխանատվության զգացումը, պահանջկոտությունը ստանձնած գործի, իր ու կոլեկտիվի անդամների նկատմամբ: Այս բոլորը, զուգակցելով իրար, դարձել են նվագախմբի հաջողության գրավականը:

 

Ալեքսանդր Աճեմյան. «Զարմանում եմ, թե որտեղից այդքան եռանդ մեր Կոտիկին. ստեղծագործում է, տառապում նվագախմբում, հասարակական գործունեություն ծավալում, ե՞րբ է հասցնում»:

 

Առնո Բաբաջանյան. «Ինձ համարում եմ բեղմնավոր երգահան, բայց մեր կոմպոզիտորական ընտանիքում ամենաբեղմնավորը Կոնստանտին Օրբելյանն է… Նրա միջոցով են մեր շատ երգեր դուրս եկել Հայաստանի սահմաններից»:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25