Որքան ավելի հաջողակ լինի Հայաստանը, այնքան ավելի հաջողակ կլինի ամբողջ Եվրոպան. Լատվիայի ԱԳ նախարարի հարցազրույցը

07.05.2026 10:38
121

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի բնորոշմամբ՝ Հայաստանն աշխարհագրական առումով գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում, և որքան ավելի հաջողակ լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան ավելի հաջողակ կլինի ամբողջ Եվրոպան:

Այս մասին Լատվիայի ԱԳ նախարարը նշել է «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջաններում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերություններին, դրանք առավել խորացնելու հեռանկարներին, այնպես էլ Հարավային Կովկասում տիրող քաղաքական իրադրությանն ու այս համատեքստում Երևանի ու Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։

Բայբա Բրաժեն նաև ողջունել է Հայաստանի եվրոպական ձգտումներն՝ ընդգծելով, որ Լատվիան պատրաստ է այդ հարցում օժանդակել Երևանին։

-Տիկին նախարար, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ու Լատվիայի միջև հարաբերությունների և քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու ի՞նչ առանցքային բաղկացուցիչներ կառանձնացնեք այս առումով։ 

-Կարծում եմ՝ մեր հարաբերությունները գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդները ճանաչում են միմյանց, այսինքն՝ դարեր շարունակ։ Սակայն, կարծում եմ, որ ավելի նշանակալի քայլերից մեկը տեղի է ունեցել 1920-ական թվականներին, երբ այդ ժամանակ ամենահայտնի բանաստեղծ Յանիս Ռեյնիսը, որը այժմ նաև լատվիական գրականության և պոեզիայի բրենդն է համարվում, այնքան էր հիացած հայկական մշակույթով, քաղաքակրթությամբ, պատմությամբ, լեզվով և ամեն ինչով, որ ժամանակ անցկացրեց այստեղ և գրեց Լատվիայի առաջին ազգային հանրագիտարանը, որի հենց առաջին հատվածում խոսվում է Հայաստանի մասին։ Եվ դա, իհարկե, գործնականում շատ լատվիական ընտանիքների համար պարզ դարձրեց Հայաստանի նկարագրությունը։ Գիտեք, մենք ունենք նաև մտերիմ մարդկային հարաբերություններ։ Մենք Լատվիայում ունենք մեծ հայկական համայնք, որը բարձր է գնահատվում և հաջողակ է։ Եվ մենք ունենք հիանալի քաղաքական հարաբերություններ։ Ես՝ որպես արտաքին գործերի նախարար, այստեղ եմ առաջին անգամ, բայց մի քանի անգամ այստեղ եղել եմ նաև ուսանողական և հետագա տարիներին՝ մասնավոր այցերով։    

Հայաստանն օրեր առաջ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հսկայական միջոցառում էր և շատ հաջողված էր։ Շնորհավորում ենք միջոցառումը հաջողությամբ հյուրընկալելու համար։ Այս օրերին դուք ունեցաք նաև բավականին շատ երկկողմ միջոցառումներ՝ Ֆրանսիայի նախագահի պետական այցը, Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և ստորագրված համատեղ հռչակագիրը, որը շատ էական է։ Սա նոր շրջանակ է թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի համար, ինչպես նաև ժողովրդավարության և դիմադրողականության ամրապնդման առումով։ Եվ այս ամենը հիմնված է ԵՄ կողմից ֆինանսական և տնտեսական բավականին նշանակալի հանձնառության վրա:

Դժվար է կանխատեսել, թե ԵՄ-ին Հայաստանի միանալը երբ տեղի կունենա, բայց կարևորը ճանապարհն է, բարեփոխումները, և դա ճիշտ նույն մոտեցումն էր, որը մենք ունեինք Լատվիայում, երբ միանում էինք ԵՄ-ին: Մենք գործընթացը սկսեցինք 1999 թվականին: Եվ մենք Եվրամիությանը միացանք միայն 2004 թվականին։ Այսպիսով, դա երկար ճանապարհ էր և բազմաթիվ բարեփոխումներ էին անհրաժեշտ, բայց արդյունքում մենք հիմա ավելի անվտանգ ենք, ավելի բարգավաճ, ավելի երջանիկ, մարդիկ ավելի երկար են ապրում, ավելի առողջ են, շրջակա միջավայրն ավելի մաքուր է։ Մենք լիովին ինտեգրված ենք այլ եվրոպական երկրների հետ։ Բիզնեսները ծաղկում են, դա մեծ փոփոխություն է երկրների համար։ Ահա թե ինչու այդքան շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Եվ այդ պատճառով մենք նաև աջակցում ենք Հայաստանի նվիրվածությանը։ Իսկ թե երբ և ինչպես դուք դա կանեք, դա կախված է ձեզնից։ Բայց մենք այնտեղ ենք՝ անհրաժեշտության դեպքում օգնելու, աջակցելու և խորհուրդներ տալու համար։  

-Նշեցիք Եվրամիության հետ հարաբերությունների մասին․ այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեիք Եվրոպական միության հետ հարաբերություններն ավելի խորացնելու Երևանի ձգտումներն ու այդ կապերը հնարավորինս սերտացնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը։

-Կարծում եմ՝ սա շատ դրական է։ Սա դրական է նաև ԵՄ-ի համար, որովհետև մենք՝ որպես Եվրոպական միություն, հիմնված ենք ժողովրդավարական սկզբունքների վրա։ Մենք հիմնված ենք ինստիտուցիոնալ կայունության, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա։ Եվ Հայաստանը նույնպես այդպիսի երկիր է։ Այսպիսով, սրանք իսկապես բնական հարաբերություններ են։ Եվ նաև մենք ուրախ ենք, որովհետև կարող ենք աջակցել Հայաստանին։ Անվտանգության առումով նշենք, որ Հայաստանում կա ԵՄ առաքելություն, որն աշխատում է սահմանամերձ շրջաններում։ Այդ առաքելության ստեղծումից ի վեր՝ մենք դրա կազմում ունենք նաև Լատվիայի ներկայացուցիչներ։ Առաքելությունն իրականում իսկապես օգնել է կայունացնել սահմանամերձ շրջանները: Իսկ հիմա մենք նաև ստեղծել ենք նոր առաքելություն՝ այսպես կոչված արագ արձագանքման առաքելություն, որը կոչված է կանխելու թե՛ կիբեռհարձակումները, թե՛ տեղեկատվական հարձակումները, թե՛ այլ հարձակումները:

Կարծում եմ, սրանք փոխադարձաբար շահավետ հարաբերություններ են: Հայաստանը գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում: Երբ մենք նայում ենք Հարավային Կովկասին, հասկանում ենք, որ այն չափազանց կարևոր է: Հայաստանը սահմանակից է Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին: Դուք գտնվում եք հսկայական աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող վայրում: Այսպիսով, որքան ավելի հաջողակ լինի Հայաստանը, այնքան ավելի հաջողակ կլինի ամբողջ Եվրոպան:

-Ինչպես արդեն հայտնի է Լատվիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող է դա տալ և ի՞նչ խթան կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների համար:

-Կարծում եմ, որ դա միշտ շատ անմիջական հնարավորություն է առաջնորդների համար՝ մտքեր փոխանակելու և արդյունքները  դիտարկելու համար: Նրանք կընդունեն համատեղ հռչակագիր, որը կներառի որոշ ոլորտներ։ Բիզնեսների մոտ ևս կա հետաքրքրություն հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մեր ավիաընկերությունը՝ Air Baltic-ը, կվերսկսի ուղիղ չվերթները, դա կրկին նոր իմաստ է հաղորդում ինչպես զբոսաշրջությանն, այնպես էլ մարդկանց և գործարարների միջև հարաբերություններին։ Գիտեք, սա գագաթնակետ է երկրների հարաբերություններում։ Եվ, իհարկե, կարևոր է նաև լսել և հասկանալ հայկական տեսակետները և այն, թե ինչպիսի իրավիճակ է տարածաշրջանում, կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք գտնել համագործակցության և համատեղ աշխատանքի ուղիներ։

-Նախորդ տարի Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը և ընդունեցին նաև հռչակագիր՝ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ Ինչպիսին է Լատվիայի տեսակետն այս գործընթացի շուրջ և ինչպե՞ս կգնահատեիք այս իրադարձությունը Հարավային Կովկասի համար։

-Մենք այն ժամանակ և հիմա էլ գնահատում ենք սա որպես շատ դրական քայլ, որը Հայաստանը դարձնում է ավելի անվտանգ, տնտեսապես կայուն։ Այդ համաձայնագիրը նաև կայունացնում է տարածաշրջանն ընդհանուր առմամբ։ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից այդ համատեղ ստորագրված հռչակագիրը, և այնուհետև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ հաջորդ քայլերը, որոնք դեռ պետք է արվեն, կարծում եմ, ճիշտ քայլեր են, որովհետև երբ այդ խաղաղությունը ինստիտուցիոնալացվի, հնարավոր է ուշադրությունը սևեռել այլ բնագավառների ու ոլորտների վրա։ Անվտանգության և պաշտպանության հարցերը՝ որպես ամենակարևոր հարցեր, իհարկե, միշտ մարտահրավեր են բոլորիս համար։  

-Իսկ ինչպե՞ս եք տեսնում Եվրամիության դերը Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու և ապահովելու գործում։

-ԵՄ-ն գերազանց հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ինչպես ասացի, Հայաստան-ԵՄ առաջին մեծ գագաթնաժողովը մեծ նվաճում է։ Մենք նաև հույս ունենք, որ Վրաստանը կրկին կվերադառնա բարեփոխումների օրակարգին։  Մենք հստակ գիտենք, որ վրացի ժողովուրդը ցանկանում է եվրոպական ապագա, բայց, ցավոք, կառավարությունը ընտրել է այլ ուղի։ ԵՄ-ի համար այս գործընկերությունները շատ կարևոր են, որովհետև որքան ավելի բարգավաճ, ավելի կայուն է տարածաշրջանը, այնքան ավելի կայուն է ամբողջ Եվրոպան, և ավելի փոխշահավետ են հարաբերությունները։ ԵՄ-ի կողմից նույնպես կա բավականին զգալի ֆինանսական հանձնառություն Հայաստանի նկատմամբ, որը գալիս է համատեղ հռչակագրով և կապված է բարեփոխումների հետ։ Խոսքը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում 270 միլիոն եվրոյի և մի քանի այլ փաթեթների մասին է, որոնք շատ գործնական ձևով օգնում են Հայաստանին։ Այս առումով, կարծում եմ, որ գործողություններն են ինքնին խոսում։

-Տիկին նախարար, շատ շնորհակալ եմ այս համապարփակ զրույցի համար։ Կցանկանայի՞ք որևէ բան հավելել։

-Մենք կցանկանայինք Լատվիայում ավելի շատ հայ զբոսաշրջիկների տեսնել, կցանկանայինք ողջունել մեր հայ ընկերներին Լատվիայում՝ վայելելու մեր լողափերը, խոհանոցը և մեր ջերմ ընդունելությունը։

 

Արմենպրես

Ո՞վ է հովանավորում խաղամոլությունը Հայաստանում. Նարեկ Կարապետյան

07.05.2026 12:16

Диалог о важном: в Русском центре Мегри школьники провели урок о здоровом образе жизни

07.05.2026 12:01

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ

07.05.2026 11:21

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և բոլոր 10 մարզում

07.05.2026 11:18

Իրանը մայիսի 7-ին կփոխանցի ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը․ CNN

07.05.2026 10:58

105 տարի առաջ հռչակվեց Լեռնահայաստանը․ Սյունիքը եղավ և մնում է հայոց պետականության հիմնական գրավականը

07.05.2026 10:56

Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները

07.05.2026 10:48

Իրանական նավթատարները շարունակում են անցնել ԱՄՆ շրջափակումը․ Հորմուզում նոր զարգացումներ

07.05.2026 10:42

Որքան ավելի հաջողակ լինի Հայաստանը, այնքան ավելի հաջողակ կլինի ամբողջ Եվրոպան. Լատվիայի ԱԳ նախարարի հարցազրույցը

07.05.2026 10:38

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդին․ հարվածից հետո նոր մանրամասներ են բացահայտվում

07.05.2026 10:24

«Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն. Թուրքիայի փոխնախագահ

07.05.2026 10:19

Իրանի գեներալը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին․ «Հնազանդություն» բառը մեր բառարանում չկա»

07.05.2026 10:11