Օրը շնչում էր Սահյանով

22.04.2014 14:21
3604

 

Մայրաքաղաքում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հանդիսությունները նրա ծննդյան օրը` ապրիլի 14-ին, սկսվեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Բանաստեղծի շիրմի մոտ հավաքվել էին գրողներ, գրականագետներ, սահյանական պոեզիայի երկրպագուներ, Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, բանաստեղծի հարազատները, նրա որդին` Նաիրի Սահյանը: Երեւանի Սահյանի անունը կրող դպրոցի աշակերտներն ասմունքում էին պոետի բանաստեղծություններից, ձայնասփյուռից տարածվում էին նրա բանաստեղծությունների տեքստերով երգեր, բանաստեղծի կենդանի խոսքը: Հիշատակի խոսք ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ մասնավորապես նշելով, որ ճշմարիտ բանաստեղծները միայն ծննդյան օր են ունենում, մահվան օր չեն ունենում, քանզի ժողովուրդն իր հիշողության մեջ մշտաբորբոք է պահում նրանց հիշատակը, կենսագրությունը, բանաստեղծական ժառանգությունը: Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի կողքին այդպիսի մեծություն է Համո Սահյանը` մեր ժամանակների մեծ բանաստեղծներից մեկը: «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը ներկաներին հայտնեց, որ ընթերցողի սեղանին շատ շուտով կդրվի Սահյանի գրական ժառանգության քառահատորյակի երկրորդ հատորը (պետպատվերով), հինգերորդ անգամ վերահրատարակվել է «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն (գրքի հովանավոր` Սուրեն Խաչատրյան):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մտավորականության անունից ողջույնի խոսք ասաց ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

Միջոցառումների շարքը շարունակվեց Ազգային գրադարանի դահլիճում: Հուշ-ցերեկույթը վարում էր Ազգային գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը մինչեւ հոբելյանի առթիվ բարեմաղթանքի խոսք ասելն արժանին մատուցեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը` բանաստեղծի 100-ամյակի առիթով ստվարածավալ թերթային մի համար թողարկելու առիթով: Գրականագետն իր խոսքում կրկնեց թերթին տված հարցազրույցում իր ձեւակերպած միտքը` «Համո Սահյանի տեղը Հովհաննես Թումանյանի կողքին է»: Իր հակիրճ խոսքում Դավիթ Գասպարյանն արժեւորեց Սահյանի քնարերգության տեղն ու դերը հայ արդի պոեզիայի համակարգում:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձ կատարեց սահյանագիտության անցած ուղուն, նշելով, որ դրա արմատները շատ ավելի խորն են, քան մինչեւ այժմ ներկայացված է: Մասնավորապես, 1944 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւանում հրավիրվում է գրական երեկո, որտեղ զեկուցումով հանդես է եկել Ստեփան Զորյանը` ազդարարելով, որ Որոտանի եզերքին ծնունդ է առել մի նոր բանաստեղծ, իսկ դրանից առաջ Սահյանի բանաստեղծությունների մասին դրվատանքով է արտահայտվել Նաիրի Զարյանը: Այս հեղինակների եւ Սահյանի գրական ժառանգության մասին մյուս հոդվածները, վերլուծական խոսքերը մեկտեղված են թերթի հոբելյանական համարում: Բանախոսը նաեւ ներկաների ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա. բանաստեղծի մահվանից հետո հրատարակված ժողովածուներում բավականին շատ են սպրդել վրիպակներ, անճշտություններ, որոնք այսուհետ պիտի բացառվեն:

Բանաստեղծի հոբելյանը նշելու, նրա հիշատակը հարգելու համար երախտագիտության խոսք ասաց պոետի քույրը` Պայծառ Սահյանը:

Երգահան Սասուն Պասկեւիչյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը խոսեցին բանաստեղծի հետ իրենց անձնական շփումների մասին, հուշեր պատմեցին:

Հուշ-ցերեկույթի ընթացքում ելույթները, հիշատակի խոսքերն ընդմիջվում էին ասմունքով, երաժշտական կատարումներով, ցուցադրվում էին հատվածներ նրա մասին նկարահանված ֆիլմերից:

Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի ունեցավ ապրիլի 15-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հնչեցին Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, հնչեց նաեւ բանաստեղծի կենդանի արտասանությունը (տեսաֆիլմով), ներկայացվեցին նրա կյանքն ու բանաստեղծական ուղին: Հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գրական եւ գիտական հասարակության ներկայացուցիչներ, պատվիրակություն Համո Սահյանի ծննդավայրից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11