Պահանջում ենք չստորագրել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ. հայտարարություն

01.03.2023 12:20
798

ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք հստակորեն հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց: Այս մասին հայտարարություն են տարածել «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչները:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ 2023 թ․ փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում և գործնական ելույթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնավորումները, արձանագրում ենք․

  • Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թվականներին, երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբայորեն ճանաչվել է որպես հայերով բնակեցված տարածք, և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, ներքին վարչատարածքային բաժանմամբ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ նույնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ։ Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրենքները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունք։ Արցախի անկախացման փաստական հիմքերը եղել են ոչ միայն Արցախի էթնիկ, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրույնությունը, այլ առաջին հերթին նրա ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանության չենթարկվելու գոյաբանական անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը երբեք չի արտահայտել իրավաքաղաքական դիրքորոշում առ այն, որ Արցախը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում, իսկ 2007 թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է, և 2009թ․ Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես բանակցային հիմք են ընդունվել Մադրիդյան սկզբունքները, որոնցով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին որպես բանակցային հիմք հաստատվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետության կայացման միջազգային իրավական հիմքերն անառարկելի են, և նրանցից որևէ նահանջ անթույլատրելի է։
  • Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը, քանզի Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և իր բազմաթիվ ատելապաշտ գործողություններով ու հռետորաբանությամբ մերժում է հայ ժողովրդի գոյության բուն իրավունքը սեփական պատմական հայրենիքում։
  • Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորություններն ամենևին սպառված չեն։ Իրավաքաղաքական տեսանկյունից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռվող այն պնդումները, թե իբր անկախացումից ի վեր, դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում։ Նույն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որին հաջորդելու են Ադրբեջանի նոր ագրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի ծավալի ռեպարացիաները, որոնց գինը պետք է վճարի ողջ հայ ժողովուրդը, և որոնց արդյունքը դառնալու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը և փաստացի կործանումը։ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, թեև ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ, այնուամենայնիվ ԼՂ խնդրի կարգավորման հարցում մինչ օրս էլ պահպանում են ընդհանուր, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում, և համանախագահ բոլոր երեք պետություններն էլ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ։ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ բազմաթիվ պետությունների և միջազգային կառույցների հայտարարությունները ևս ապացուցում են, որ միջազգային հանրության համար ընկալելի է, որ Արցախի ինքնորոշումն ամենևին էլ անջատողականության հարց չէ։ Այն տարբերվում է տարբեր քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ ծագող ազգային ինքնորոշման իրավունքի իրացման նախաձեռնություններից․ սա ֆիզիկական գոյատևման, ցեղասպանությունը կանխելու միակ իրատեսական փրկության ուղին է։ Միջազգային դերակատարների համար ընդունելի ու հասկանալի կլինեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող բոլոր այն բանակցային նախապայմանները (Շուշիի, Հադրութի, Արցախի Հանրապետության այլ տարածքների դեօկուպացիա, փախստականների վերադարձ, միջնորդային առկա ձևաչափի վերականգնում կամ նոր ձևաչափի ստեղծում, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարում և այլն), որոնք կչեզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլյացիոն ակտով դադարեցնելու Ադրբեջանի նկրտումները։ Հայաստանի Հանրապետությունը նաև հնարավորություն ունի միջազգային դատական ատյաններում բազմաթիվ գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ կատարած ռազմական, ցեղասպան ու այլ մարդատյաց հանցագործությունների համար, դրանով է՛լ ավելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը։ Հայկական սփյուռքն այսօր էլ ունի չիրացված լոբբինգային մեծ հնարավորություններ, սակայն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ուղեգիծը հակասում է նաև սփյուռքահայ կառույցների գործունեության շարունակական տրամաբանությանը և զրկում նրանց անհրաժեշտ արդյունավետությունից, ինչպես նաև խզում առաջացնում օտարերկրյա դիվանագիտական որոշումների ընդունման կենտրոններում՝ միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում։
  • Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետության իշխանությունների սահմանադրական պարտականությունն է։ Այն բխում է ՀՀ Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։ Սահմանադրական այս պարտականությունից փաստացի հրաժարվելը ոչ միայն անօրինական է, այլ նաև դավաճանություն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ և անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական և քաղաքական պատասխանատվության։
  • Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է։ Այդ պայքարը պետք է նոր շունչ ստանա, դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական նախընտրությունների տրամաբանությունից։ Այսօր երիտասարդ սերնդի զգալի մասի մոտ դրսևորվող անտարբերությունը Արցախի ճակատագրի նկատմամբ պետք է ևս հաղթահարվի, այն պետք է անմիջաբար կապվի քաղաքացիական պատասխանատվության և կենսունակ հայրենիք ունենալու հրամայականի հետ։ Թե՛ համակազմակերպիչները, և թե՛ նրանց գաղափարները կիսող բոլոր կառույցները ուղիղ պարտականություն ունեն՝ վերականգնելու մեր երիտասարդության վճռականությունը ազգային-ազատագրական պայքարը տրամաբանական ավարտի հասցնելու նկատմամբ և պարտավոր են հնարավոր առավելագույնն անել՝ ներգրավելու մեր երիտասարդությանն այդ պայքարում։
  • Ելնելով վերոնշյալից՝

  • վճռական ենք՝ հասու բոլոր միջոցներով Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին հետ պահելու Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից,
  • ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք հստակորեն հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց,
  • այս առումով ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների և կազմակերպությունների աջակցությունը, և Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձևավորել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ։
  • «Համախմբում» շարժում «5165 շարժում»

    «Արար» հիմնադրամ

    «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ

    «Այլընտրանքային նախագծեր» խումբ

    Քաղաքագետների հայկական ասոցիացիա

    «Կոնցեպտուալ հարթակ» նախագիծ

    Գյումրու «Ազգային արժեք ակումբ»

news.am

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47