ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Մեզ համար թիվ մեկ խնդիրը պետականության կայունությունն ու ժողովրդի անվտանգությունն է»

10.04.2014 14:25
4551

Անկախությունից հետո վերաբացված Արցախի թեմի 25-ամյա գործունեության, պետություն-Հայ առաքելական եկեղեցի փոխհարաբերությունների, ինչպես նաեւ հայ ընտանիքում եկեղեցու դերակատարության բարձրացման մասին է զրույցն Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:


 

– Պարգեւ սրբազան, մեր նախորդ զրույցից անցել է գրեթե տասը տարի, այդ ընթացքում ինչպիսի՞ առաջընթաց է գրանցել Արցախի թեմը:

– Այս տարի լրանում է Արցախի թեմի վերաբացման 25-ամյակը: Նախ նշեմ, որ այսօրվա դրությամբ ունենք նորակառույց, վերակառուցված 73 եկեղեցի, որից 6-7-ի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: 1991 թվականից առ այսօր հրատարակել ենք 80 անուն գիրք, իր գործունեությունն է շարունակում «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի հիմքի վրա ստեղծված «Վեմ» FM ռադիոկայանը` 24-ժամյա հոգեւոր հաղորդումներ հեռարձակելով: Հայկական Հ2 հեռուստաընկերությամբ 2000 թվականից առ այսօր վարում եմ «Հոգեւոր անվտանգություն» հաղորդաշարը, որի ընթացքում փորձում եմ հնարավորինս մատչելի ու հակիրճ պատասխանել հեռուստադիտողի հարցերին, իսկ 2003 թվականից ԼՂՀ հեռուստաալիքով` «Հոգեւոր զրույց» հաղորդաշարը: Ժամանակին մենք Գանձասարի վանքին կից կառուցեցինք շենք, որ կամենում էինք ճեմարան դարձնել` նպատակ ունենալով եկեղեցու համար համապատասխան կադրեր պատրաստել:

Սակայն որոշ խնդիրների պատճառով այն չբացվեց, եւ այժմ որոշել ենք շենքը դարձնել Արցախի ազգային մատենադարան, որ կդառնա նաեւ գիտահետազոտական կենտրոն: Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանը մեզ տրամադրելու է արցախյան ձեռագրեր, ինչպես ցուցադրության, այնպես էլ հետազոտման համար: Արցախյան պատերազմի տարիներին ստիպված եղանք զորամասերում նշանակել հոգեւորականներ, ովքեր պետք է աշխատեին բանակի ոգին ամուր պահելու ուղղությամբ: Այսօր թեմի բոլոր հոգեւորականները Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ առավել ակտիվ քարոզչություն են ծավալում բանակում, քանի որ այն համարում ենք ամենակարեւոր կազմավորումը պետության համար: Թեմն ունի մանկամշակութային քրիստոնեական կենտրոն Մարտակերտ շրջկենտրոնում, որտեղ երեխաները ծանոթանում են քրիստոնեական մշակույթին ու ստանում հոգեւոր դաստիարակություն: Հիմնել ենք նաեւ Եկեղեցասիրական մանկանց միություն, որի ղեկավարն է Մեսրոպ քահանան` Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայրը, ով երեխաներին պարապում է արեւելյան մարտաձեւեր` միաժամանակ կոփելով հոգին եւ մարմինը:

Արցախում կան երիտասարդական տարբեր կազմակերպություններ, այդ թվում եւ Արցախի թեմի երիտասարդաց միություն, որի ղեկավարն է Սամվել սարկավագը, վերջինս նաեւ բանակի պատասխանատուն է: Միությունն այլ կազմակերպությունների հետ մեկտեղ ծրագրեր է իրականացնում` դրանով աշխուժացնելով երիտասարդների կյանքը` նրանց միջեւ ավելի սերտ կապեր հաստատելով: Ստեղծել ենք նաեւ Եկեղեցասիրաց եղբայրակցություն, որը գործում է թեմի օրհնության ներքո եւ ունի իր թերթն ու հավատացյալները:

– 25 տարի անց եկեղեցին առաջնային ինչպիսի՞ խնդիրներ ունի:

– Բնական է, որ ամեն ժամանակ թելադրում է իր խնդիրները: Այժմ ներխուժել են աղանդները, որոնց հետեւորդները՝ ճիշտ է՝ չեն գերակշռում, բայց պիտի փորձենք ամբողջովին վերադարձնել ճշմարիտ հավատքի: Երկրորդ` ներկայումս մենք ապրում ու գործում ենք խաղաղ պայմաններում, ուստի պետք է ավելի լայն թափով գործունեություն ծավալենք, որ ոչ մի օր, ոչ մի ժամ չկորցնենք: Դժվարությունն այն է, որ ԼՂՀ-ն ունի 270 համայնք, որոնց սպասարկում է ընդամենը 12 հոգեւորական, եւ երբեմն հնարավոր չի լինում բոլորին հասցնել Աստծո ճշմարիտ խոսքը: Շաբաթվա տարբեր օրերին հոգեւորականները պատարագներ են մատուցում, քարոզչություն անում իրենց ենթակայության տակ գտնվող համայնքներում: Իհարկե, մասնակցում ենք նաեւ պետականաշինությանը, աջակցում «Հայաստան» հիմնադրամին` հրավիրելով ներդնողներին` երկիրը շենացնելու համար:

– Աղանդներից հատկապես որո՞նց գործունեությունն է առավել ագրեսիվ եւ վտանգավոր:

– Ներկայումս, կարող եմ ասել, նոր աղանդների մուտք այլեւս չկա, բայց հիմնականում գերակշռում են «Եհովայի վկաներ» եւ «Կյանքի խոսք» աղանդների հետեւորդները:

– Պարգեւ սրբազան, կարծեք թե Արցախի թեմն ավելի ակտիվ գործունեություն է ծավալում, քան…

– Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել. 1990-91թթ., երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, սկսվեց Արցախյան պատերազմը, երկրաշարժ եղավ, խզվեցին տնտեսական կապերը, նորանկախ Հայաստանի Հանրապետության համար սկսվեց ճգնաժամային շրջան: Բայց նույնիսկ այդպիսի ծայրահեղ ծանր պայմաններում ստեղծվեցին Արագածոտնի, Գուգարաց, Սյունյաց, Կոտայքի, Արմավիրի եւ մի շարք այլ թեմեր, որոնց առաջնորդները վանքեր, եկեղեցիներ կառուցեցին ու վերակառուցեցին` դառնալով կազմավորված թեմեր` իրենց լիարժեք գործունեությամբ:

– Ինչպե՞ս եք կարգավորում կադրային հարցերը:

– Նախ` պետք է նշեմ, որ ամեն թեմ քահանայի կարիք ունի: Հոգեւորական դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 9-10 տարի: Այդ է պատճառը, որ մենք չենք կարող միանգամից հարյուրավոր հոգեւորականներ պատրաստել, իսկ մեծ իմաստով ամբողջ աշխարհում, որտեղ հայկական համայնք կա, սպասում են նրանց: Կադրերի պատրաստման հիմնական դարբնոցը եղել եւ մնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը:

– Պատմականորեն Հայ առաքելական եկեղեցին երբեմն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ ունեցել է խնդիրներ, այսօր ինչպե՞ս կբնութագրեք հարաբերությունները:

– Ի սկզբանե էլ Կիլիկիո տան հետ մենք չենք ունեցել ծիսական, դավանաբանական խնդիրներ, դրանք միայն քաղաքական խնդիրներ էին` պայմանավորված սառը պատերազմով: Գերտերությունները փորձել են մեր միջեւ սեպ խրել, որ պատմականորեն, ազգովի, եկեղեցյավ ժառանգել ենք, բայց այսօր այդ խնդիրներն աստիճանաբար լուծում են ստանում: Ավելին ասեմ` վերջերս եղավ միացյալ եպիսկոպոսական ժողով մեր վեհափառների գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: Մեր եւ Կիլիկիո տան եկեղեցին Հայ առաքելական եկեղեցին է` իր չորս նվիրապետական աթոռով, Մայր աթոռի գերակայությամբ:

– Հնարավո՞ր է` ժամանակի ընթացքում վերականգնվի Սյունիքի մետրոպոլիտությունը:

– Կարծում եմ` մետրոպոլիտություն ձեւավորելու համար նախ` անհրաժեշտ է հզոր թեմ` իր ակտիվ գործունեությամբ, եւ երկրորդ` կարեւորը տիտղոս ստանալը չէ, այլ էությունը: Եթե կարիք լինի, Վեհափառը նման որոշում կկայացնի, ներկայումս նման հարց օրակարգում չկա:

– Անկախության առաջին տարիներին լայնորեն թափ առավ եկեղեցաշինությունը, եւ մարդիկ երբեմն հարցնում էին` միգուցե ավելի ճիշտ է վերականգնել եղածը, նոր կյանք տալ դրանց, քան նորը կառուցել: Ինչպիսի՞ քաղաքականություն է վարում Մայր աթոռն այս հարցը կարգավորելու համար:

– Իրականում թե՛ Մայր աթոռի, թե՛ մեր վարած քաղաքականությունն այս հարցում նույնն է: Այստեղ միանշանակ հաշվի է առնվում բարերարների ցանկությունը, որոնցից ոմանք նախընտրում են կառուցել նոր եկեղեցի, ոմանք էլ` վերականգնել հները: Շուտով Վենեսուելայից Կոմիտաս սրբազանի աջակցությամբ պիտի վերականգնենք Երից Մանկանց եկեղեցին, բարերար Հայկ Մաղաքելյանի ֆինանսավորմամբ` պատմական Սուրբ Հակոբա վանքը: Ժամանակին բարերարների «նախասիրությամբ» վերանորոգվել ու դեռ շարունակում են վերականգնվել Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Գտչավանքի, Ծիծեռնավանքի վանական համալիրները:

– Ե՞րբ եք նախատեսում Ստեփանակերտում կառուցվող մայր տաճարի շինարարությունն ավարտին հասցնել:

– Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցին արդեն օծվել է, եւ ընթացքի մեջ են մայր տաճարի կառուցման աշխատանքները, որոնց ավարտը, անշուշտ, օրակարգային հարց է: Բավարար ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում 1-2 տարում հնարավոր է ամբողջովին ավարտին հասցնել շինարարությունը:

– Գրիգոր Տաթեւացին, թերեւս, միակն էր, ով ժամանակին առաջարկում էր Մայր աթոռը տեղափոխել Գանձասար: Ըստ ՁԵզ, ինչո՞ւ էր նա ընտրել հատկապես այդ վայրը, եւ կարո՞ղ ենք ենթադրել, որ Ստեփանակերտում մայր տաճարի կառուցումից հետո Գանձասարի նշանակությունը կնվազի:

– Գանձասարի վանքը եղել եւ մնալու է Արցախի թեմի գլխավոր հոգեւոր աթոռը: Գրիգոր Տաթեւացին հավանաբար հաշվի է առել մի քանի կարեւորագույն հանգամանք. առաջին, որ Գանձասարը կաթողիկոսանիստ վայր է եղել` բազմաթիվ մասունքներով օժտված, երկրորդ` Արցախն այն ժամանակ ավելի ապահով տեղում էր, եւ երրորդ` Մայր աթոռի` Գանձասար տեղափոխվելու դեպքում Արցախ, Ուտիք, Սյունիք երկրամասերն ավելի կհզորանային:

– Մայր աթոռի գործունեությունն աղավաղող հրապարակումներ են երբեմն լինում. կարելի՞ է ենթադրել, որ դրանք հրահրվում են աղանդավորականների կողմից, թե՞ այդ երեւույթն օրինաչափ է բազմակարծության պայմաններում:

– Այստեղ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. մարդիկ այլ կերպ են ընկալում խոսքի ազատությունը` կարծելով, որ եթե խոսքի ազատություն կա, ուրեմն կարելի է սուտը ճշմարտության հետ խառնել: Բազմաթիվ հրապարակումներ են լույս տեսնում, որոնց մեծ մասը, սակայն, սուտ է ու անհիմն: Մեզանում ազատություն հասկացությունը խառնում են ամենաթողության հետ: Իհարկե, եկեղեցու հանդեպ անտեսանելի թե տեսանելի, կամա թե ակամա պատերազմ է սկսվել, որը, թերեւս, հայ քրիստոնյային վայել չէ: Սկսել են ոտնակոխ անել բոլորին անխտիր` նախագահ, կաթողիկոս, նախարար, քաղաքապետ, մտավորական… Երբեմն ես այս ամենի մեջ դիտավորություն եմ տեսնում, կարծես փորձում են խանգարել ազգային առաջնորդներին լիարժեք գործունեություն ծավալել, որպեսզի (եթե ճգնաժամային պահ լինի), ոչ մի իմաստուն խոսք չլսեն, սա, թերեւս, կարելի է համարել ազգային դեմքերի գլխատում: Եկեղեցու եւ եկեղեցականի գործունեությունն արատավորող հրապարակումները երբեմն նաեւ անձնական դրդապատճառներ են ունենում:

– Պետություն-Հայ առաքելական եկեղեցի հարաբերություններն ինչպե՞ս են կարգավորվում: Նույնիսկ եթե տարաձայնություններ էլ են լինում, ի՞նչն է առաջնային համարվում:

– Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, որ պատկանում է մեր ժողովրդին, մեր հայրենիքը Հայաստանն է, Արցախը, մենք մեկ դաշտում ենք գործում եւ ունենք մեկ նպատակ, այն է` կայուն պահել մեր հայրենիքը, ապահովել առաջին հերթին նրա անվտանգությունը, շարունակել թե՛ հոգեւոր, թե՛ սոցիալական բարեկեցության հասնելու քաղաքականությունը: Թեւ թեւի տված պիտի աշխատենք, եւ պիտի նշեմ, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում պետություն-եկեղեցի հարաբերությունները բարիդրացիական են, քանի որ միտված են միեւնույն նպատակին:

– Ինչո՞ւ Մայր աթոռը մի շարք հարցերում հաշվի է առնում պետական պաշտոնյաների, այլ ոչ ժողովրդի կարծիքը:

– Իհարկե, այդպիսի տպավորություն կա, բայց ո՞վ է կատարել նմանատիպ հաշվարկ, որը կապացուցի ժողովրդի մի մասի կարծիքի ճշմարտացի լինելը: Մեզ համար առաջնայինը երկրի կայունությունն է, անիմաստ է զբաղվել երկպառակությամբ, քանզի եթե չլինի կայունություն, չի լինի մեր այս կարգավիճակը: Նախ եւ առաջ պետք է մեր կայունությունն ապահովենք, որ եկեղեցին էլ լինի, հավատքն էլ, իսկ թե տարբեր քաղաքական գործիչներ ինչպիսի նկրտումներ ունեն, դա ինձ չի հետաքրքրում: Մեզ համար թիվ մեկ խնդիրը պետականության կայունությունը եւ ժողովրդի անվտանգությունն է:

– Որքանո՞վ է եկեղեցին մտել մեր կենցաղ, եւ մի՞թե խոչընդոտ չէ այն, որ եկեղեցական արարողությունները կատարվում են գրաբարով, որը շատ դեպքերում մեծամասնությանը հասկանալի չէ:

– Բարեբախտաբար, պետք է նշեմ, որ տարեցտարի մեր կենցաղը սկսում է փոխվել եկեղեցու գործունեության շնորհիվ: Այդ առումով ասեմ, որ մեծ տեղաշարժ կա` բազում ուխտավորներ, տոներին` լեփ-լեցուն եկեղեցիներ, թաղում, պսակադրություն, կնունք, տնօրհնեք… մի խոսքով` հոգեւորականը, ինչպես հարկն է, թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին իր զավակների հետ է:

Մենք ստեղծել ենք հայորդաց տներ, որտեղ բազում երիտասարդներ ստանում են քրիստոնեական կրթություն: Կյանքն օրեցօր, տարեցտարի փոխվում է, եւ եկեղեցու գործունեության շրջանակներն էլ ընդլայնվում են: Որպես օրինակ կարող եմ նշել, որ վերջին տասը տարում Հայաստանի ռեստորաններից շատերում Պահոց շրջանում պարտադիր պահքի կերակուր են պատրաստում, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են հետեւել եկեղեցական կարգ ու կանոնին: Ինչ վերաբերում է եկեղեցական արարողակարգերի գրաբարով անցկացմանը, ապա գրաբարը պետք է շարունակի տիրապետող լինել, որովհետեւ մեր շարականները` որպես չափածո խոսք, գրաբարով են հորինված: Դրանք աշխարհաբարի փոխադրելով` մենք ամբողջ ծիսակարգը կխախտենք, թեպետ պետք է նշեմ, որ քարոզները, երբեմն նաեւ կնունքի, թաղման ժամանակ մեծ աղոթքը հնչում են աշխարհաբարով: Երբեմն Ավետարաններն էլ ենք աշխարհաբար ընթերցում, որպեսզի հասկանալի լինի: Ինչ վերաբերում է պատարագին, ապա այն աշխարհաբար թարգմանված կա, եւ ովքեր մշտապես մասնակցում են պատարագներին, լիովին հասկանում են դրանք:

– Սահմանադրության խղճի ազատության դրույթը դիմանո՞ւմ է ժամանակի քննությանը, թե՞ այն, որպես եվրոպական արժեք, կանաչ ճանապարհ բացեց աղանդների համար:

– Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այն ժամանակ այլընտրանք չուներ, քանի որ հատկապես քաղաքական առումով բազմաթիվ դժվարությունների առաջ կկանգներ: Օրենքն ընդունեցինք, բայց ի՞նչն է մեզ խանգարում ազգային քրիստոնեական արժեքները պահպանել: Եթե խնդիր համարենք աղանդների գոյությունը, ապա դրանք ժամանակի հետ կվերանան, եթե մենք մեր պապերից ստացած ժառանգությունը պահպանենք, մեր ազգային դեմքը պահենք: Ինչպես ասում են, ոտքի տեղ մի՛ թողեք, ուրիշն էլ ներս չի մտնի: Օրենքները, որոնք ընդունվել են Սահմանադրության փոփոխության հետ, համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ամենակարեւորն այն է, որ եկեղեցի-իշխանություն-մտավորականություն կապը սերտ լինի եւ միտվի պետության կայունացմանը, որի համար բոլոր պայմաններն ու հնարավորությունները կան:

– Վերջին օրերին Ղրիմում ծավալված իրադարձությունները թո՞ւյլ են տալիս ասելու, որ ԼՂՀ-ի բռնած ճանապարհը սրբագրման կարիք չունի:

– Մենք ընտրել ենք օրինական, ժողովրդավարական ճանապարհ, բայց պիտի համբերենք, մինչեւ հասնենք միջազգային ճանաչման: ԼՂՀ-ն ոգեւորությամբ ընդունեց Ղրիմի` Ռուսաստանին միանալու իրողությունը, քանի որ եւս մեկ պատմական անարդարություն սրբագրվեց: Կարծում եմ` 1954թ. Խրուշչովի կողմից թույլ տրված պատմական սխալը սրբագրվեց, սպասում ենք 1921թ. պատմական սխալի սրբագրմանը (….1921թ. հուլիսի 5-ին Ստալինի եւ Կավբյուրոյի կողմից որոշում է կայացվել, որում մասնավորապես նշվել է. «Ելնելով մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղության անհրաժեշտությունից եւ Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ մշտական կապերից` Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում` շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն եւ վարչական կենտրոն Շուշայում….», խմբ.):

– Ձեր օրհնությունը մեր ընթեցողներին:

– Սիրելի սյունեցիներին ամենաբարին եմ կամենում, աղոթում եմ, որ Աստված հզոր պահի Սյունիքը, քանզի այն մեր ամբողջ պատմության ընթացքում եղել է պատմական Հայաստանի մեջքը` իր այրուձիով, մշակութային արժեքներով: Ցանկանում եմ, որ այն էլ ավելի հզորանա, ամուր դառնա, որ սոցիալական հարցերից ժողովուրդը չընկճվի: Կարեւորը ոգին է, մենք, բազում դժվարություններ հաղթահարելով, մշտապես առաջ ենք շարժվել ու պիտի շարունակենք մեր առաջընթացը. Աստված օրհնելով օրհնի:

– Ամեն:

Հարցազրույցը`ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25