Պարոն Դավոյան, Զանգեզուրի «գուբերնյա» չի եղել, եղել է գավառ, որը երբեք թուրք գավառապետ չի ունեցել

01.12.2020 17:24
27436

Նոյեմբերի 28-ին մայրաքաղաքային 5-րդ հեռուստաալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էր:
Անդրադառնալով Սյունիքի շուրջ ներկայումս տեղի ունեցող դրամատիկ զարգացումներին` հարգելի բանաստեղծն անդրադարձ կատարեց նաեւ 1920 թվականի որոշ իրադարձությունների՝ նշելով, թե այդ ժամանակ Զանգեզուրի «գուբերնատորը» թուրք էր եւ նրան Բաքվից այսպիսի-այսպիսի խորհուրդներ էին տալիս…
Անշուշտ, կարելի էր եւ չանդրադառնալ բանաստեղծի հարցազրույցի այդ դրվագին՝ մտածելով, որ գուցե թյուրիմացություն է, վրիպակ է կամ Սյունիքի պատմության ոչ պատշաճ իմացության դրսեւորում է:
Սակայն Ռազմիկ Դավոյանի այդ հայտարարությամբ, փաստորեն, ինքներս թուրք կեղծարարներին հերթական կռվանն ենք տալիս՝ ամրապնդելու Սյունիքի հանդեպ ունեցած հավակնությունը, այն էլ՝ մեր երկրամասի համար ճակատագրական այս օրերին:
Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, նաեւ բանաստեղծի հայտարարության շուրջ Սյունիքում սկիզբ առած ու թեւածող քննարկումները նկատի ունենալով` հարկ համարեցինք շատ համառոտ լույս սփռել Սյունիքի պատմության այդ դրվագի վրա:

***

Եվ այսպես… Զանգեզուրի «գուբերնյա» չի եղել երբեք, եղել է Զանգեզուրի գավառ, որը կազմավորվել է 1868 թ. փետրվարի 25-ին եւ մտնում էր Կովկասի փոխարքայության Ելիզավետպոլի նահանգի մեջ:
Զանգեզուրի գավառն ընդգրկում էր Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի շրջանները, Դարալագյազի արեւելյան որոշ մասեր եւ, իհարկե, Սյունյաց աշխարհի երբեմնի Աղահեճ գավառը (հետագայում՝ Զանգելանի, Կուբաթլուի եւ Լաչինի շրջաններ):
Գավառի կենտրոնը Գորիսն էր, որին էլ ցարական հրամանագրով 1870-ին շնորհվեց քաղաքի կարգավիճակ:
Զանգեզուրի գավառն իր գոյությունը պահպանեց նաեւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920-1930 թթ.:
Այդ ժամանակ արդեն գավառն իր մեջ ընդգրկում էր միայն Կապանի, Մեղրու, Սիսիանի եւ Գորիսի շրջանները:
1930 թ. սեպտեմբերի 9-ի վարչական նոր վերափոխմամբ վերացվեց Զանգեզուրի գավառը. վարչական այդ միավորի մեջ մտնող Գորիսի, Կապանի, Մեղրու եւ Սիսիանի շրջաններն ուղղակիորեն ենթարկվեցին հանրապետության կենտրոնական մարմիններին:
Վարչական այդ դրությունը շարունակվեց մինչեւ 1995 թ. դեկտեմբեր, երբ Հայաստանի Հանրապետությունում շրջանները փոխարինվեցին մարզերով. վերոնշյալ չորս շրջանի միավորմամբ ստեղծվեց Սյունիքի մարզ` Կապան կենտրոնով:


***

Զանգեզուրի գավառի 62-ամյա պամության մեջ, սակայն, յուրահատուկ շրջան էր 1917-21 թթ.՝ հատկապես կառավարման տեսակետից:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Անդրկովկասում պահպանվեց վարչատարածքային՝ նախկինից եկող վիճակը, սակայն փոխվեց կառավարման ձեւը:
1917 թ. աշնանը Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ՝ ստանձնելով ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարումը:
Հայոց ազգային խորհուրդն իր մասնաճյուղն է ստեղծում նաեւ Զանգեզուրում ու Ղարաբաղում, որը միասին կոչվում է Զանգեզուր-Ղարաբաղի շրջանային խորհուրդ, որն էլ իր հերթին բաժանվում է Զանգեզուրի եւ Ղարաբաղի ազգային խորհուրդների:
Զանգեզուրի  կենտրոնական ազգային խորհրդի նախագահ է ընտրում բժիշկ Միքայել Պարոնյանը:
Զանգեզուրի ազգային խորհուրդը պատմության դժվարին այդ շրջանում արժանապատվորեն կատարեց իր առաքելությունը:
Զանգեզուրի ազգային խորհուրդը, թեեւ գավառում ժամանակ առ ժամանակ ստեղծվում էին քաղաքացիական ու զինվորական իշխանության այլ մարմիններ եւս, մինչեւ 1920 թ. երկրորդ կեսը կատարեց իր առաքելությունը:

***

1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդն ընդունեց որոշում Հայաստանի անկախ պետություն ստեղծելու մասին:
Հայաստանը բաժանվեց չորս նահանգապետության, որոնցից մեկը Սյունիքն էր, որը, սակայն, շատ հաճախ ձեւականորեն էր համարվում առաջին հանրապետության վարչատարածքային միավոր: Այդուհանդերձ, կենտրոնական կառավարությունը ջանում էր Զանգեզուրում դառնալ իրավիճակի տեր: Եվ 1919 թ. հունվարի 19-ին Ղարաբաղի ու Զանգեզուրի պետական կոմիսար է նշանակվում գնդապետ Արսեն Շահմազյանը, ով Գորիս եկավ մարտի 10-ին, որից մի քանի օր անց՝ մարտի 25-ին, Անդրանիկ զորավարը հեռացավ Զանգեզուրից:
Արսեն Շահմազյանը գլխավորեց երկրամասը եւ հատկապես երկրամասի հայության ինքնապաշտպանական մարտերը, նաեւ Զանգեզուրի հերոսամարտը, որ մեր պատմության հերոսական էջերից է։
1919 թ. նոյեմբերին Զանգեզուրում Արսեն Շահմազյանին փոխարինեցին երկու գործիչ՝ Սերգեյ Մելիք-Յոլչյանը՝ որպես քաղաքացիական մասի ղեկավար, գեներալ-մայոր Նիկոլայ Ղազարյանը՝ որպես զինվորական մասի ղեկավար:
1920 հունիսի 9-ին Մելիք-Յոլչյանը հրաժարական տվեց, որից հետո Զանգեզուրի կոմիսար դարձավ Զախար Յոլյանը. նրա իշխանությունը տեւեց ընդամենը մեկ ամիս, քանի որ հուլիսի 5-ին Զանգեզուրի գավառում հաստատվեց խորհրդային իշխանություն, որն էլ տեւեց մինչեւ 1920 թ. նոյեմբեր ամիս:
1920 թ. նոյեմբերին նոր իշխանություն ձեւավորվեց Զանգեզուրում՝ Տիգրան Մելիք-Հյուսեինյանի գլխավորությամբ:
1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում հրավիրվեց Զանգեզուրի աշխատավորության առաջին համագումարը, որտեղ էլ Զանգեզուրը հայտարարվեց ժամանակավորապես ինքնավար: Ինքնավար Սյունիքի սպարապետ հռչակվեց Գարեգին Նժդեհը, կառավարության նախագահ ընտրվեց Գ. Տեր-Մինասյանը:
1921 թ. ապրիլի 26-ին Տաթեւում հրավիրվեց Զանգեզուրի աշխատավորության երկրորդ (արտակարգ) համագումարը, որտեղ Սյունիքը (Վայոց ձորի հետ միասին) հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն՝ Գորիս մայրաքաղաքով:
Լեռնահայաստանի կառավարության վարչապետ եւ արտաքին գործերի ու ռազմական նախարար ընտրվեց Գարեգին Նժդեհը:
Լեռնահայաստանի Հանրապետությունն իրավական առումով դադարեց գոյություն ունենալ 1921 թ. հուլիսի 1-ին:
1921 թ. հուլիսի 2-ին Զանգեզուրի գավառում վերահաստատվեց խորհրդային իշխանություն:


***

Հանուն գիտական ճշմարտության փաստենք՝ որեւէ գավառապետի ազգային պատկանելությունը բազմազգ ցարական Ռուսաստանում կարեւոր հարց չի եղել, մանավանդ որ ցարական Ռուսաստանում վարչական միավորները չէին ձեւավորվում էթնիկ սկզբունքով: Եվ այնքան էլ կարեւոր չէ, թե մինչեւ 1917 թ. ովքեր էին զբաղեցնում Զանգեզուրի գավառապետի պաշտոնը: Այդուհանդերձ (խնդրո առարկան բազմակողմանիորեն ներկայացնելու համար) ներկայացնենք Զանգեզուրի գավառապետների անունները, ովքեր պաշտոնավարել են ցարական իշխանության  տարիներին` Անտոն Կարաեւ (Կարայան), Ստարացկի, Ռուստամ բեկով, Պֆելլեր, Ավալիանի, Անտոնով, Պիվարովիչ, Տատեւ…
1917 թվականից հետո էլ (Ազգային խորհրդին եւ զինվորական կառույցներին զուգահեռ) Զանգեզուրում՝ մինչեւ 1920 թ. 2-րդ կեսը, գործում էր գավառապետի ինստիտուտը:
1917 թ. օգոստոսի 15-ին՝ համազանգեզուրյան գործադիր կոմիտեի նիստում, Զանգեզուրի գավառապետ նշանակվեց Մեսրոպ բեկ Սարատիկյանը:
1918 թ. մայիսից հետո գավառապետի պաշտոնը զբաղեցրել է Միքայել Պարոնյանը, ով միեւնույն ժամանակ, ինչպես նշեցինք, Զանգեզուրի ազգային խորհրդի նախագահն էր:
Նրան էլ փոխարինել է Նիկոլայ Հովսեփյան-Օսիպովը:


***

Ահա եւ ամբողջ պատմությունը…
Ինչպես տեսնում եք, Զանգեզուրի գավառը ոչ միայն 1920 թվականին (ինչպես նշում է Ռազմիկ Դավոյանը), այնպես էլ դրանից առաջ՝ ե՛ւ 1917-20 թթ., ե՛ւ 1868-1917 թվականներին, ազգությամբ թուրք գավառապետ չի ունեցել:
Հատկապես 1920 թվականին, երբ Սյունիքում թեւածում էր նժդեհյան առասպելական ոգին, անլուրջ է խոսել ինչ-որ թուրք գավառապետի մասին:
Եվ որպեսզի խոսքն ամբողջական լինի, վերհիշենք՝ Զանգեզուրի գավառի մեջ ընդգրկված էր նաեւ, ինչպես նշեցինք, պատմական Սյունիքի Աղահեճ գավառը: Ցարական Ռուսաստանի փլուզումից հետո (1917-18 թթ.) Աղահեճ գավառի տարածքը (հետագայում՝ Զանգելանի, Կուբաթլուի եւ Լաչինի շրջաններ) դուրս մնացին Զանգեզուրի գավառից:
Ու դուրս մնացած այդ տարածքների համար Գյանջայից (որ Ելիզավետպոլի նահանգի կենտրոնն էր) եւ Բաքվից պաշտոնյաներ էին նշանակում՝ անունը դնելով Զանգեզուրի գավառապետ: Մեկի անունը Խոսրով բեկ էր, մյուսինը՝ Իզզաբեյ, երրորդինը… Նրանց անունները եղել ու մնացել են թղթի վրա, նրանք երբեք ոտք չեն դրել Զանգեզուրում, նրանք իրական Զանգեզուր գավառի հետ որեւէ կապ չեն ունեցել: Որքանով տեղյակ ենք, լավագույն դեպքում նրանցից մեկը հասել է մինչեւ ներկայիս Զանգելանի շրջանի Դանդարլու գյուղ, որտեղից էլ պարտված, արհամարհված, ծիծաղելի դարձած վերադարձել է Գյանջա կամ Բաքու:
Այնպես որ` ամենեւին էլ պատիվ չի բերում մեզ, որ ակամայից աջակցում ենք Սյունիքի իրական պատմության աղավաղմանը, որ նպաստում ենք թուրք կեղծարարներին, այն էլ (կրկնում ենք)՝ Սյունիքի համար ճակատագրական եւ վճռորոշ այս օրերին…

Սամվել Ալեքսանյան 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06