Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը: Հոդվածագիր Յուրի Սիմոնյանը գրում է, որ Մոսկվան Երևանից հավատարմության՝ վստահություն ներշնչող ապացույցներ է ակնկալում:
Հեղինակը նշում է, որ թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության առկայությունը, այնուհանդերձ՝ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն:
«ՆԳ»-ի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում ՀՀ նոր իշխանություններին:
«Որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմա-առևտրային հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ, իհարկե, աննկատ չեն մնացել Մոսկվայում: Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել նաև ՌԴ-ին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Պետք չէ նաև մոռանալ ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Դրանցից ամենակարևորը ՀՀ 2-րդ նախագահ, բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է»,-գրում է հեղինակը:
Նա նկատում է, որ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ նմանատիպ բողոքներ ունի նաև Երևանը: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանին զենքի մատակարարման շարունակական գործընթացի մասին է: Երևանին անհանգստացնում է նաև գազի գնի թանկացումը, Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը:
tert.am