Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ-ի հռչակագիրը

24.11.2022 15:32
523

Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։

Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենեւին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, եւ ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ նաեւ մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաեւի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության եւ կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաեւին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները եւ հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության:

Նշեմ նաեւ, որ Ստանիսլավ Վասիլիի Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։

Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մեզ ներկայացնի նրան։

Գործընկերներ,

Առաջարկում եմ անմիջապես անցնել օրակարգային բովանդակային հարցերին եւ քննարկել մեր նիստի ձեւաչափը»:

Այնուհետեւ ՀԱՊԿ երկրների առաջնորդները հանդես են եկել ելույթներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք կամփոփենք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները եւ կլսենք Բելառուսի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։

Մեր նախագահությունը տեւեց գրեթե 14 ամիս։ Այս շրջանը համընկավ լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով:

Ցավոք, ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում ոչ միայն հակամարտությունների ռիսկի նվազում չկա, այլեւ արձանագրվում է լարվածության շարունակական աճ՝ էլ ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրների կուտակման ակնհայտ միտումներով։

Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված եւ չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլեւ զինվորականների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։

Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձեւակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարեւոր է։

Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջեւ Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ։

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր եւ օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին եւ 2022 թ. սեպտեմբերի 13-ին:

Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձեւի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։

Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել։

Այս նրբությունները կարեւոր են նաեւ այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։ Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։

Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսեւորում։ Սա, իհարկե, կարեւոր է նաեւ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։

Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Նման դիրքորոշումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլեւ Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, եւ այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Վերջին շրջանում բավականին շատ մեկնաբանություններ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության վերաբերյալ։ Սակայն ես չեմ ցանկանում անդրադառնալ պատմական էքսկուրսի ժանրին, ոչ թե այն պատճառով, որ այս մասին ասելիք չունեմ, այլ այն պատճառով, որ այսօր ավելի կարեւոր է ներկա իրավիճակի վերլուծությունը։

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։

Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով եւ որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։

Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձեւով խոսելու առիթ երբեք չի եղել։

Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա»։

Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձեւավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, եւ կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի եւ Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ եւ 6-րդ կետերի:

Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։

Խախտելով հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաեւ կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաեւ դրանց հարակից տարածքները։

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաեւ 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը եւ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։

Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել եւ Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։

Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, եւ միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, եւ այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։

Սա ակնհայտ է նաեւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է։

Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որեւէ այլ հայտարարության մեջ որեւէ կոնկրետ երթուղի նշված չէ։

Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, եւ այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, եւ այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։

Սա նշանակում է, որ Հայաստանը լիովին կատարում է իր պարտավորությունը, իսկ Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Միեւնույն ժամանակ, այդօրինակ մերժումը լիովին անհասկանալի է։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում եւ նպատակ ունի հասնել խաղաղության, ինչպես ինքն է պնդում, ապա եկեք բացենք այդ անցակետերը, այդ ճանապարհները, եկեք հնարավորություններ ստեղծենք մարդկանց համար։ Հասկանալի է, որ սկզբում կտարակուսեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, այն ժամանակ եւ՛ Հայաստանի քաղաքացիները, եւ՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակ կսկսեն օգտվել փոխադրման այս նոր հնարավորությունից, վստահ եմ, որ Ռուսաստանի եւ մեր մյուս երկրների քաղաքացիները նույնպես։

Ինչ վերաբերվում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որեւէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի մասին հռետորաբանություն է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կամ մոլորության, կամ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձեւակերպում է կիրառվում։

Եվս մեկ նրբություն՝ 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս կետը լրացուցիչ պարզաբանված է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագրում, որի 3-րդ պարբերությունում ասվում է՝ մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման նպատակով»։

Այսինքն՝ խոսք չկա եւ չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության եւ մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին, խոսքը գնում է պայմանավորվածությունների կատարման վերահսկողության մասին, իմիջիայլոց, պայմանավորվածություն ասելով՝ պետք է հասկանալ Հայտարարությունը, քանի որ, բնականաբար, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, եւ միայն այս գործառույթը կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը: Եվ ինչպես ես հասկացա, ճանապարհին խոսել ենք այդ մասին, մենք ընդհանուր մոտեցում ունենք այս հարցում:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաեւ այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն եւ միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։

Միեւնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Սա կուտակված թեմաների մի փոքր մասն է, որ ուզում էի կիսվել ձեզ հետ։ Բայց ես չեմ ցանկանում չարաշահել ժամանակը եւ այս պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար»։

Այնուհետեւ ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն իսկ ասել է իր ելույթում, փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի եւ նոր միայն ներկայացնել ստորագրման:

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

21.11.2024 22:15

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

21.11.2024 21:48

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

21.11.2024 20:27