Պատերազմի տարիներին գրվեց Սիսիանի պատմության հերոսական եւ երբեք չխամրող էջերից մեկը

08.05.2020 15:46
1161

(Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ)   

Ժամանակին առիթներ  շատ եմ ունեցել  հանդիպելու   եւ զրուցելու  Հայրենական մեծ պատերազմի սիսիանցի  վետերանների հետ։  Հենց պատերազմի սկզբից հաղթանակի նկատմամբ  հավատն այնքան մեծ է եղել, որ  նրանց թվացել է, թե այն  մի կարճ ժամանակաշրջանի խնդիր է, եւ որ շատ արագ ագրեսորը կջախջախվի  ու  կշպրտվի երկրի սահմաններից դուրս։ Ոչ ոք անգամ չի էլ մտածել, թե այն կվերածվի մի անողոք սպանդի եւ կշարունակվի չորս երկար ու ձիգ տարիներ։ Պատերազմի հենց հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, Սիսիանի բոլոր բնակավայրերում տեղի ունեցան բազմամարդ միտինգներ։ Ըստ  շրջանային թերթի` այդ միտինգներում թեւածում էին երկու հիմնական լոզունգներ՝ «Մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր սրբազան հողը» եւ «Գազազած Հիտլերը եւ նրա կլիկը այս պատերազմում կջախջախվեն` զարնվելով մեր կարմիր բանակի պողպատե զրահներին»։

 Հենց պատերազմի առաջին օրերից սկսվեց զորակոչը, ծնունդ առավ նաեւ կամավորական շարժումը։ 1941 թվականին Սիսիանն ուներ 29 հազար 626 բնակիչ։ Պատերազմի տարիներին ճակատ մեկնեցին 5493 սիսիանցիներ, ըստ որում`  28-ը՝  կանայք։ Այս թվերի մեջ մտնում են նաեւ այն սիսիանցիները, ովքեր ճակատ են մեկնել Խորհրդային Միության այլ բնակավայրերից։ Շատ ընտանիքներ ռազմաճակատ ճամփեցին տան բոլոր տղամարդկանց։ Սիսիանից ճակատ մեկնեցին Ամիրջան Գասպարյանի 5, Շաղատից՝ Մկրտիչ Ստեփանյանի 4, Բնունիսից՝ Համբարձում Ներսիսյանի 4 որդիները ։ 

Սիսիանցիները կռվել են տարբեր ճակատներում։ Դեռ պատերազմի առաջին օրերին իրենց փառքով պսակեցին դիվիզիայի հրամանատարներ, գնդապետեր աշոտավանցի Անդրանիկ եւ  Աշոտ Սարգսյան եղբայրները։ Անդրանիկը դեռ 1941 թվականի հուլիսի 25-ին պարգեւատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Աշոտ Սարգսյանն ավարտել էր Լազարյան ճեմարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ։

Նրա ռազմական տաղանդը ժամանակին բարձր է գնահատվել Ալեքսանդր Մյասնիկյանի եւ  նրա ընկեր ու զինակից  Հովհաննես Բաղրամյանի կողմից։  Պատերազմի  առաջին օրերին նրա դիվիզիան մարտնչել է Լվովի մատույցներում եւ ապահովել շրջապատման մեջ ընկած  խորհրդային զորախմբերի կանոնավոր նահանջը։ Հուլիսին նա զոհվել է Վիննիցայի տակ մղված մարտերում։ Նրա դին Հովհաննես Բաղրամյանի նախաձեռնությամբ փոխադրվել է Կիեւ եւ թաղվել զինվորական հոսպիտալի բակում։ Պարգեւատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ նրա ծննդավայր Աղքենդ գյուղը վերանվանվել է նրա անվամբ՝ Աշոտավան։ 

Ստալինգրադի հայ պաշտպանները լավ էին հասկանում, որ Ստալինգրադի անկումից հետո Անդրկովկաս կմտնեին Թուրքական զորքերը եւ կրկին հրի ու սրի  կմատնեին մայր հայրենիքը։ Այստեղ նույնպես աչքի ընկնող սխրանքներ են գործել նաեւ սիսիանցիները։ Նրանք շատ լավ էին գիտակցում, որ կռվելով Ստալինգրադի համար՝ կռվում են նաեւ իրենց հայրենիքի համար։ Հատկանշական է, որ նշանավոր «Պավլովի տան» քաղղեկը եղել է բռնակոթցի Վաչե Հովակիմյանը։ Նա հարազատներին Ստալինգրադից ուղարկած նամակներից մեկում գրել է․ «․․․Մենք անխնա ոչնչացնում ենք թշնամիներին։ Մոտենում է նոր տարին։ Խմեցեք մեր հայրենիքի պաշտպանների, հաղթանակի կենացը։ Հաղթանակը մերն է»։ Պահեստի սպա Անտոն Դրագունովը նրա մասին գրել է․ «Մարտական հրամանատար Ավակիմովը պահանջկոտ էր, համարձակ ու անվեհեր։  Եղել է պահ, երբ հենակետը պաշտպանել է մեկ մարդ՝ Վաչեն։ Զանգահարում են, հարցնում․

- Քանի՞ հոգի եք։ 

- Երեք։ Ես, հեռախոսը, գնդացիրը,-պատասխանել է նա»։

Դնեպրի անցման ժամանակ կտրվեց Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշանների ասպետ 25 ամյա Վաչե Հովակիմյանի կյանքի թելը։

Ստալինգրադի ճակատում  հռչակվել էր դիվիզիայի սերժանտ, Ույծ գյուղացի Արգամ Հակոբյանի անունը։ Նրա ականանետային փոքրիկ միավորումը հերոս  քաղաքի մատուցներում ոչնչացրել է 400 ֆրից, թշնամու 4 տանկ, նույնքան ավտոմեքենա, բազմաթիվ գնդացիրներ, թնդանոթներ, ականանետի մի քանի մարտկոցներ։ Պատերազմից հետո նա երկար տարիներ Ույծի դպրոցի տնօրենն էր։ Նույն գյուղացի Նիկոլայ Հարությունյանը 1300 օր եղել է ռազմաճակատի առաջին  գծում եւ արժանացել բազմաթիվ շքանշանների եւ մեդալների։

Սիսիանցիներն աչքի են ընկել նաեւ  շատ այլ ճակատներում։  Բռնակոթցի մայոր Անդրանիկ Գրիգորյանի   մարտական ընկեր կապիտան Վանինը նրա մասին ճակատային թերթերից ﬔկում գրել է.  «Կերչի  տակ  նա նստած  էր  գնդացիրի  մոտ, 18 «Մաքսիմ» կանգնած էին համարյա շարքով:  Հրամայված էր ﬔռնել, բայց կանգնեցնել գերմանական դիվիզիան: Գրիգորյանն ասաց իր մարտական ընկերներին` կանգնեցնելը քիչ է, պետք է ոչնչացնել...

- Կրակ բաց չանել,- հրամայեց Գրիգորյանը , - ﬕնչեւ  չերեւան կոճակները մունդիրների վրա: Սպասել իմ հրամանին...  Վաղ առավոտյան գումարտակի դիրքերը եկավ գեներալը, որին գումարտակի հրամանատար Գրիգորյանը զեկուցեց. «Ձեր հրամանը կատարված է, գերմանացիները դուրս են շպրտված պլացդարﬕց»: Գեներալը սեղﬔց սպայի ձեռքը: Իսկ այդ գիշերվա մարտերը, որի մասին զեկուցեց համեստ կերպով, անցան ոչ այնքան հասարակ ու թեթեւ: Հարազատները սպասում են Անդրանիկին: Բեռլինը տես ու ետ եկ, - գրում են նրանք»(«Կոմունիզﬕ ուղեգիր» շրջթերթ, 23-ը փետրվարի, 1945 թ.):

Դժբախտաբար նա չեկավ: Նկարում՝ նրան 1944 թվականին այսպիսի ջերմությամբ են ընդունել Կարպատներում։

Սիսիանցիները մարտնչել են նաեւ պարտիզանական ջոկատներում։ Հայտնի պարտիզաններից է ծագումով գորայք գյուղացի Պռոշա Ադամյանը։ Երեւանցի Հարություն Սեւոյանն իր ընկերոջ՝ Պռոշայի մասին գրել է․ «1943 թվականի նոյեմբերին ֆաշիստները Կիրովգրադի մարզի Ֆեդվեր  գյուղ էին հավաքել  48 կոմունիստի՝ տոնին գնդակահարելու նպատակով։ Պռոշան իր ջոկատով մշակեց օպերացիան եւ գործի անցավ։ Մի գիշեր միայն եւ փրկվեց 48-ի կյանքը․․․  Նույն թվականի նոյեմբեր  ամսին  միայն Պռոշայի ջոկատը շարքից հանեց թշնամու 108 հեռախոսագիծ, 2 տանկ, 4 ավտոմեքենա,  2 մոտոցիկլ, 28 զինվոր եւ սպա։ Նրա կյանքը, սակայն կարճ տեւեց։ Ընկավ անհավասար մարտերից մեկի ժամանակ»։

Մեծ Հայրենականում աչքի են ընկել նաեւ սիսիանցիներ Աիդա Հակոբյանը, Վահան Սուլեյմանյանը, Լիպարիտ Ղուկասյանը, Դանիել Դանիելյանը, Զավեն Օհանյանը, Բագրատ Դավթյանը, Մամիկոն Հայրապետյանը, Միսակ Առաքելյանը, Համբարձում Բաբաջանյանը,  Արամ Մկրտչյանը, Վազգեն  Աբրահամյանը, Ժորա Հարությունյանը, Հովհաննես Ավետիսյանը եւ շատ ու շատ ուրիշներ։  Գնդապետ Ամիրջան  Դանիելյանը նշանակվել  է Քյոնիքսբերգի, իսկ  կապիտան Գեւորգ Կարապետյանը՝ Կրակովի պարետ։

Մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար  սիսիանցիներից 4 հոգի՝ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը /Բռնակոթ/, Անդրանիկ Մանուկյանը  /Բնունիս/  եւ  Գեորգի  Առուտամյանը  /Շաղատ/  արժանացել  են Խորհրդային  Միության հերոսի կոչման:

 

Խորհրդային Միության հերոսներ /ձախից՝ աջ/ Սամսոն Մկրտումյանը, Անդրանիկ Մանուկյան, Գեորգի Առուստամյանը եւ Լիպարիտ Իսրայելյանը

 

1500 սիսիանցի արժանացել են շքանշանների: Լենինի շքանշանի է արժանացել 7, Մարտական կարﬕր դրոշի շքանշանի՝ 14 հոգի: Աշոտավանցի Սամվել Զոհրաբյանը դարձել է Փառքի շքանշանի 3 աստիճանների ասպետ: 

Սիսիանը պատերազմում տվել է 2807 զոհ։ Սիսիանցիները երբեք չեն մոռանում իրենց նահատակ զինվորներին։ Նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով  կառուցվել են 27 հուշարձաններ եւ 7 աղբյուր-հուշարձաններ։

Նկարում՝ Մեծ Հայրենականի զոհերի  հիշատակի առաջին աղբյուր-հուշարձանը, որը կառուցվել է 1946 թվականին Սիսիան քաղաքում  հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։

 

Մեծ Հայրենականի հաղթանակի գործում անասելի մեծ է թիկունքի ներդրումը։ Ռազմաճակատ մեկնածներին փոխարինում էին կանայք, մեծահասակները, անգամ՝ դպրոցականները։ Դատարկվող գյուղերում չէր դադարում աշխատանքը։ Արձագանքելով երկրում պաշտպանության ֆոնդ ստեղծելու նախաձեռնությանը, Սիսիանի աշխատավորները մինչեւ պատերազմի վերջ իրենց յուրաքանչյուր ամսվա մեկ օրվա վաստակը փոխանցել են այդ ֆոնդին։ Շատերը  չեն խնայել անգամ  իրենց անձնական միջոցները։ 1941 թվականի օգոստոսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր կթվորուհի Նանագյուլ Հարությունյանը պաշտպանության ֆոնդին է  նվիրել իր արծաթյա գոտին, իսկ միայն 1942 թվականի ապրիլին  14 կոլտնտեսություններից 978 կիլոգրամ քաշով 97 կտոր նվեր-ծանրոցներ են ուղարկվել  գործող բանակի մարտիկներին, հրամանատարներին եւ քաղաշխատողներին։ Ընդհանուր առմամբ պատերազﬕ տարիներին շրջանը ճակատ է ուղարկել 20 907 կտոր տաք հագուստ, 29 528 կգ նվեր-ծանրոցներ, պաշտպանության ֆոնդին է հատկացրել 248 000, տանկային շարասյան ստեղծմանը՝ 678 000, Լենինգրադի վերականգնմանը՝ 1 մլն 23 000 ռուբլի, որի համար շրջանի աշխատավորությանը անձամբ շնորհակալություն է հայտնել Ստալինը։  «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար գումարի հանգանակման գործում  արտասահմանում մեծ ներդրում է ունեցել  բռնակոթցի, Ատրպատականի թեմական առաջնորդ  Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը։ Երկրորդ աշխարհամարտից  հետո նա հայկական  հարցի  լուծման  նկատմամբ  մեծ  հույսեր էր կապում:  «Գեթ  այս  անգամ պետք է ուշադրության առնեն  այս  նահատակ  ժողովրդի  իրաւունքներն  ու պահանջները  այս  դաժան  օրերին», -գտնում  էր նա:  Թեեւ  1945-ի  կաթողիկոսական  ընտրություններին  չկարողացավ  Էջմիածին  գալ, սակայն  պատվիրեց  իր  տեղակալ տեր  Կարապետ ավագ  քահանա Մանուկյանին  մասնակցել  ժողովին եւ ստորագրել Ստալինին ուղղված այն դիմումի տակ, որով  պահանջվում էր Թուրքիայից  հետ վերցնել հայկական հողերը:

Շրջանի կոլտնտեսությունները պատերազﬕ տարիներին պետությանը հանձնել են 57 հազար 36 ցենտներ հացահատիկ, 9 800 ց կարտոֆիլ, 47 000 ց կաթնամ թերք, 22 930 ց կտավատ, 31116 ց ﬕս, 2500 ց բուրդ: Բացի այդ, ազատ գնմամբ հանձն վել է 65 000 փութ հացահատիկ, ազատագրված շրջաններին  է նվիրվել 1200 գլուխ մանր, 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:

Սիսիանն  ամուր մնաց պատերազﬕ երկար ու ձիգ տարիներին, պատվով կատարեց իր պարտքը թե՛ ճակատում եւ թե՛ թիկունքում:

Պատերազմի տարիներին գրվեց Սիսիանի  պատմության հերոսական եւ երբեք չխամրող էջերից մեկը։

 

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սիսիան

 

 

 

 

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10