Հարժիս գյուղը Մեծ հայրենականում. երեք զինվորականի դիմանկար

08.05.2020 18:01
798

Սյունյաց աշխարհի ամեն մի գյուղ իր լավագույն զավակներին ուղարկեց Մեծ հայրենականի ճակատներ: Ընդհանուր առմամբ 19 064 սյունեցի մեկնեցին ճակատ: Նրանցից 8 732-ը մահացան մարտական գործողությունների ընթացքում կամ անհայտ կորան: 11 հոգու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում, մեկին՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:

Խորհրդային Միության սյունեցի հերոսներն են՝

  •          Սամսոն Մովսեսի Մկրտումյան (գ. Բռնակոթ),
  •          Գուրգեն Միրզայի Արզումանյան (գ. Խնձորեսկ),
  •          Լիպարիտ Միրզոյի Իսրայելյան (գ. Բռնակոթ),
  •         Հունան Մկրտչի Ավետիսյան (գ. Ծավ),
  •          Սուրեն Սմբատի Առաքելյան (գ. Տաթեւ),
  •         Միքայել-Մուշեղ Աղաթելի Հարությունով (Հարությունյան) (գ.Գեղանուշ),
  •          Արամայիս Ասատուրի Սարկիսով (գ. Տեղ),
  •         Գոգա Գրիգորի Աղամիրով (Աղամիրյան) (գ. Նորաշենիկ),
  •          Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյան (գ. Բնունիս),
  •          Գեորգի Արկադիի Առուստամյան (գ. Շաղատ),
  •          Գրիգորի Շահամի Կալուստով (գ. Քարահունջ):

 

Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացավ Համո Սերգեյի Յոլյանը` Գորիս քաղաքից, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր, ԽՍՀՄ պետական մրցանակի քառակի դափնեկիր:

Երկրամասի բոլոր բնակավայրերին հանգույն Հարժիսը եւս հայտնվեց ժամանակի ջրապտույտի մեջ: Գյուղի տղամարդկանց հիմնական մասը՝ մոտ 200 հոգի, մեկնեց ռազմաճակատ: Նրանցից 99 հոգի (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 106) այլեւս չվերադարձան, որոնց հիշատակը հավերժացնելու համար գյուղի մուտքում 1966 թվականին կանգնեցվեց հուշարձան:

***

Գյուղն իր զավակներին պատերազմ էր ճանապարհում բնակավայրից Գորիս ձգվող ճանապարհի եզրին կանգնեցված հուշարձանի մոտակայքից: Ուշագրավ պատմություն ունի այդ հուշարձանը:

Գյուղում ճանաչված հյուսն եւ սայլագործ վարպետի՝ Հակոբ Մարդյանի որդին՝ Խաչատուրը (Ներսեսը), 1939-ին զոհվել էր Ֆիննական պատերազմում: Հայրն էլ որդու հիշատակը հավերժացնելու համար հուշարձան էր կանգնեցրել այն վայրում, որտեղից որդուն ճակատ էր ճանապարհել: Այդ հուշարձանը մինչեւ հիմա էլ կանգուն է: Ամբողջ Հայաստանում բացառիկ այդ հուշարձանի վրա հետեւյալ գրառումն է. «Արձան Խաչատուր (Ներսես) Հակոբի Ներսիսյանի (ծնված 1916 թ.), զոհված 1939 թ. (հոր եւ որդու վերջին հրաժեշտի վայրում սույն արձանը կանգնեցված է հոր եւ եղբոր կողմից): Զոհվեց դեկտեմբերի 7-ի սպիտակ փինների դեմ մղված հերոսական մարտերում»:

Հետագայում, սակայն, Հակոբ Մարդյանի մյուս որդին եւս՝ Լազր անունով, մահացավ մարտական գործողությունների ընթացքում՝ Մեծ հայրենականում՝ մնալով անշիրիմ:

***

Մեծ հայրենականի արհավիրքները Հարժիսը տեսավ նաեւ այլ կերպ: Գյուղը բախվեց մի իրողության, որ մինչեւ հիմա էլ առեղծված է: 1941 թ. օգոստոսին Թուրքիայից Հայաստանի տարածք ներխուժած մի ինքնաթիռ (թուրքական կամ գերմանական) ռմբակոծեց գյուղը: Յոթ ռումբ ընկավ գյուղի վրա՝ Իրիցած թափայի հարավային լանջից մինչեւ ներկայիս ֆուտբոլի դաշտ ընկած տարածք. ռմբակոծության հետքերը 1970-ականներին դեռ պահպանվում էին: Զոհեր չեղան, վիրավորվեց մեկ երեխա:

Իսկ գյուղացիները, չհասկանալով, թե ինչ է կատարվում, շատ արագ պատսպարվեցին Խաչին տակի քարատակներում. հնձվորը հանդը թողեց, կալվորը՝ կալը, անասնապահները՝ ոչխարի հոտերն ու կովերի նախիրները: Միայն օրվա վերջին գյուղը դուրս եկավ խուճապային վիճակից:

***

Ինչպես արդեն նշեցինք, Հարժիսից մոտ 200 հոգի մեկնեց Մեծ հայրենականի ռազմաճակատներ: Նրանցից գրեթե ոչ մեկի մարտական ուղուն, ցավոք, անդրադարձ չի կատարվել: Անշուշտ, յուրաքանչյուրի մասին խոսք ասելու պարտք ունենք: Բայց քանի որ հնարավոր չէ բոլորի մասին միանգամից (մեկ հրապարակման մեջ) խոսք ասել, նպատակահարմար գտանք այսօր՝ Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձի առիթով համառոտ անդրադառնալ հարժիսցի զինվորներից երեքի մարտական ուղուն՝ Մանուց Բեգլարի Գրիգորյան, Գարեգին Ծերունի Դավթյան եւ Լազր Ավանեսի Ալեքսանյան:

***

Ավագ լեյտենանտ Մանուց Բեգլարի Գրիգորյանի մարտական ուղուն ծանոթացանք իր իսկ հուշատետրից քաղվածքներ կատարելով, որ «Սյունյաց երկրի» խմբագրությանը տրամադրեց նրա որդին՝ Մանվել Գրիգորյանը: Հուշատետրը գրված է հեղինակի ձեռամբ՝ ընթեռնելի ձեռագրով:

Ստորեւ՝ հատվածներ Մանուց Գրիգորյանի հուշերից:

… Ծնվել եմ Գորիսի շրջանի Յայջի գյուղում 1922 թ. մայիսի 5-ին: 1930 թ. ընդունվել եմ գյուղի յոթնամյա դպրոցը, ավարտել 1939-ին՝ գերազանց գնահատականներով, եւ առանց քննությունների ընդունվել Գորիսի մանկավարժական ուսումնարան: Երկրորդ կուրսն ավարտել էի, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Եվ հնարավոր չէր այլեւս շարունակել կրթությունն ուսումնարանի ավարտական՝ 3-րդ կուրսում:

1941 թ. օգոստոսի 17-ին զորակոչվել եմ սովետական բանակ: 1942 թ. մարտի 10-ին ավարտել եմ Թելավի ռազմական հետեւակային ուսումնարանը՝ ստանալով լեյտենանտի կոչում: Երկու օր անց ինձ ուղարկել են Ստալինգրադի ռազմական օկրուգի տրամադրության տակ՝ ծառայելու դասակի հրամանատար: Նույն տարվա ապրիլի 1-ին ինձ կրկին գործուղել են սովորելու. այդ դասընթացներում պատրաստում էին վաշտի, գումարտակի հրամանատարներ:

Չորս ամիս սովորելուց հետո, երբ ռազմաճակատի գիծը մոտենում է Ստալինգրադին, մեր կուրսն օգտագործվեց Ստալինգրադի պաշտպանության համար: Մարտերն ընթանում էին Ստալինգրադի փողոցներում: Մեր կուրսը պաշտպանական մարտեր էր մղում Օկտյաբրսկի շրջանում՝ 62-րդ բանակի կազմում: Ռազմաճակատը լրացուցիչ զորամասերով համալրվելուց հետո մեր կուրսը տեղափոխեցին Աստրախան՝ ըստ զորամասերի նոր նշանակումներ կատարելու համար: Իմ նոր նշանակման հասցեն դարձյալ Ստալինգրադի ռազմաճակատն էր՝ 64-րդ բանակ, 385-րդ գունդ, վաշտի հրամանատար:

1942 թ. նոյեմբերին մեր գունդը պետք է համալրեր 21-րդ բանակը՝ հարձակողական մարտերի նախապատրաստվելու համար:

1942 թ. նոյեմբերի 18-ին մեր բանակը, Ռոկոսովսկու հրամանատարությամբ, Դոն գետ ձախ ափով, մյուս բանակների հետ սկսում է մարտական գործողությունները: Նոյեմբերի 29-ին ես վիրավորվում եմ եւ տեղափոխվում Չապայեւսկ քաղաքի ռազմական հոսպիտալ: Ապաքինվելուց հետո ինձ ուղարկում են Կալինինի ռազմաճակատ՝ 8-րդ մոտոմեքենայացված կորպուսի 48-րդ բրիգադ՝ վաշտի հրամանատարի պաշտոնով:

1943 թ. մարտ ամսին կորպուսը մարտեր էր մղում Վելիկի Լուկի եւ Ռժեւ քաղաքների ազատագրման համար: Ապրիլին կորպուսը տեղափոխվում է Տուլա՝ կոմպլեկտավորվելու նպատակով, որից հետո 48-րդ բրիգադը վերանվանվում է 68-րդ մոտոմեքենայացված բրիգադի եւ տեղափոխվում 2-րդ Ուկրաինական ռազմաճակատ (հրամանատար՝ Կոնեւ):

Այդ ժամանակ արդեն ավագ լեյտենանտ էի, վաշտի հրամանատար, որի կազմում երեք հրաձգային եւ մեկ գնդացրային դասակներ էին: Այդ զորամասում ծառայեցի մինչեւ 1945 թ. ապրիլի 17-ը: 1943 թ. նոյեմբերի 7-ին մեր զորամասերն անցում էին կատարում Դնեպր գետի վրայով՝ Ալեքսանդրա քաղաքի ուղղությամբ հարձակումը շարունակելու համար: Եվ ստացանք ուրախալի լուր՝ ազատագրված է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը, ինչը դրականորեն անդրադարձավ զինվորների տրամադրության վրա: Երկու օրվա ծանր մարտերից հետո ազատագրեցինք Ալեքսանդրա քաղաքը եւ ուղղություն վերցրինք դեպի երկաթուղային մեծ հանգույց Զնամենկա քաղաքը:

Մի քանի դրվագ Ալեքսանդրա քաղաքի համար մղված մարտերից: Նոյեմբերի 10-ին իմ վաշտին առաջադրանք տրվեց՝ խոր ձորի միջով անցել ձորի մյուս կողմը՝ ելման դիրքեր գրավել՝ հյուսիս-արեւմտյան կողմից Ալեքսանդրա քաղաքի վրա հարձակվելու համար: Առաջին օրը վաշտի ուժերով գրավեցինք թշնամու պաշտպանական գիծը եւ քաղաքի հյուսիսային կողմից գրավելով մեկ թաղամաս` ամրացրինք գրաված դիրքերը՝ սպասելով հետագա կարգադրության:

Հիտլերականների հակագրոհները հետ էինք մղում: Կրտսեր լեյտենանտ Յուրկինի գնդացիրների կրակի տակ թշնամին խուճապահար նահանջում է: Վաշտն իմ հրամանով նորից է գրոհի նետվում` գրավելով երկու թաղամաս: Մենք ընդունում ենք շրջանային պաշտպանության մարտավարություն՝ մինչեւ օգնության են հասնում գումարտակի մյուս վաշտերը՝ գումարտակի հրամանատար Կազուբենկոյի հրամանատարությամբ:

Մյուս օրը լուսաբացին, հրետանային՝ կես ժամ տեւած կրակից հետո, մեր գումարտակը՝ մյուս զորամասերի հետ լիովին ազատագրում է Ալեքսանդրա քաղաքը, որի համար 8-րդ կորպուսը կոչվեց Ալեքսանդրյան: Քաղաքի ազատագրման մարտերին ակտիվ մասնակցելու եւ խիզախության համար պարգեւատրվեցի Կարմիր աստղի շքանշանով։

Այնուհետեւ կորպուսի զորամասերն ուղղություն վերցրին դեպի Զնամենկա հանգուցային կայան: Մարտերը սկսեցին 1943 թ. նոյեմբերի 23-ին: Վաղ առավոտյան կազմակերպվեց հրետանային նախապատարաստություն, որից հետո մեր գումարտակը ելման դիրքերից անցավ հարձակման: Ճեղքելով գերմանացիների պաշտպանական գիծը, ուռա՜ գոչելով մխրճվեցինք թշնամու խրամատները: Կարճ սվինամարտից հետո գերմանացիները փախուստի դիմեցին՝ մարտադաշտում թողնելով տասնյակ դիակներ ու վիրավորներ: Կեսօրին Զնամենկա քաղաքն արդեն ազատագրված էր:

Մեր զորքերը հարձակման անցան Կիրովոգրադ քաղաքի ուղղությամբ: Այդ մարտերի ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, վիրավորվում եմ աջ թեւից, վաշտը հանձնում 1-ին դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Իվանովին: Բուժման համար ինձ տանում են նույն կորպուսի 66-րդ մեքենայացված բրիգադի բուժական գումարտակ, որից հետո՝ կորպուսի դաշտային հիվանդանոց:

20 օր հոսպիտալում բուժվելուց հետո վերադառնում եմ իմ զորամաս, սակայն այն չեմ գտնում: Ներկայանում եմ կորպուսի շտաբ՝ 68-րդ բրիգադի գտնվելու վայրն իմանալու համար: Հայտնում են, որ 68-րդ բրիգադը գտնվում է շրջափակման մեջ՝ Կիրովոգրադ քաղաքից արեւմուտք: Այդ պահին կազմակերպվում էր մեկ զորասյուն՝ շրջափակման մեջ ընկած մեր զորամասին օգնելու համար: Ինձ նշանակում են օգնության գնացող զորասյան հրամանատարի տեղակալ: Մեր խնդիրն էր՝ մեկ գումարտակի ուժերով ճեղքել թշնամու առաջավոր գիծը եւ միանալ շրջափակման մեջ ընկած բրիգադի զորքերին: 7 տանկի պաշտպանությամբ 24 ավտոմեքենայից բաղկացած շարասյունը՝ բարձած վառելիքով ու զինամթերքով, երեկոյան ժամը 10-ին առաջ է շարժվում:

Առանց մարտերի 12 կմ առաջ ենք անցնում՝ լուսաբացին գրավելով ուկրաինական Կախովկա գյուղը: Սակայն առավոտյան ժամը 7-ին գյուղում իրարանցում սկսվեց: Մեր հետեւից գյուղ է մտնում մարշալ Կոնեւը, ով անթույլատելի է համարում գյուղում մնալը: Նորից առաջ ենք շարժվում՝ հանդիպելով թշնամու ոչ մեծ խմբերի դիմադրության: Գիշերը հասնում ենք շրջափակման մեջ ընկած մեր զորամասին:

Ես ներկայանում եմ 68-րդ բրիգադի շտաբ՝ հիմնական զորամասում ծառայությունս շարունակելու համար: Սակայն շարքային կապավորն ինձ հայտնում է՝ քո «իզվեշչեննին» ուղարկվել է ծնողներիդ, որպես անհայտ կորածի. հեռագրում եմ Գորիսի զինկոմ՝ տեղեկացնելով, որ ես ողջ եւ առողջ եմ: Կիրովոգրադ քաղաքը գրավելուց հետո մեզ ուղարկում են 2-րդ էշելոն՝ հանգստանալու, որտեղից 8-րդ կորպուսն ուղարկվում է Մինսկ՝ համալրվելու համար՝ մտնելով Բելառուսական 2-րդ ռազմաճակատի մեջ:

1944 թ. հոկտեմբերին 8-րդ կորպուսը մտցվում է Բելառուսական 2-րդ ռազմաճակատի կազմի մեջ (ռազմաճակատի հրամանատար՝ մարշալ Ռոկոսովսկի):

Շարժվում ենք դեպի Լեհաստանի սահմանը: Նշանակված վայրում սկսում ենք զինվորներին վարժեցնել հարձակողական գործողությունների՝ անծանոթ անտառային, ճահճոտ միջավայրում: Այսպիսի մի վարժությունից հետո կանգ ենք առնում լեհական մի գյուղում: Մեր գումարտակի հրամանատարը (1-ին գումարտակ) մայոր Վոյտովն էր, իսկ ես` նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարը: Գումարտակը տեղավորվեց գյուղի առանձնատներում: Տեղավորվելուց հետո ինձ կանչեցին գումարտակի հրամանատարի մոտ: Ներկայանում եմ մայոր Վոյտովին, ում մոտ կանգնած էր մի կապիտան. երեկոյան ժամը 11-ն է:

Մայորն ինձ տեղեկացնում է, որ կապիտանը եկել է մեզ մոտ՝ վաշտի հրամանատար նշանակվելու նպատակով, սակայն հիմա գումարտակում այդպիսի թափուր տեղ չկա, թող քեզ մոտ պրակտիկա ձեռք բերի, մինչեւ թափուր տեղ կլինի: Գումարտակի հրամանատարն ինձ չծանոթացրեց կապիտանի հետ, անգամ անուն-ազգանունը չիմացա, ոչ էլ ինքն իմացավ իմ անուն-ազգանունը: Կապիտանի հետ գնում ենք իմ վաշտի՝ գյուղի ծայրամասում հատկացված տները: Իմ սենյակում կրտսեր լեյտենանտ Յուրկինը նորեկ կապիտանին հարցնում է, թե ո՞նց է Ձեր ազգանունը:

-Ապետնակ Մարտիրոսյան, պատասխանում է կապիտանը:

Ես շվարում եմ՝ ինչու մինչեւ հիմա կապիտանի ազգանունը ես չեմ հարցրել:

-Դուք հա՞յ եք,-հարցնում եմ ես:

-Այո, հայ եմ՝ Հայաստանի Գորիսի շրջանի Յայջի գյուղից, -պատասխանում է կապիտանը:

Արդեն հայերեն եմ հարցնում. «Դուք Սեդրակի եղբա՞յրն եք»:

-Այո՛, -պատասխանեց կապիտանը:

-Ես էլ հայ եմ, նույն գյուղից, Ձեր խնամի Բեգլարի տղա Մանուցն եմ:

Մենք իրար դժվար էինք ճանաչում, ինքը գյուղից Ղափան էր տեղափոխվել: Իրար ճանաչելուց հետո գրկախառնվեցինք…

Կարգադրում եմ վաշտի ավագին՝ Իգնատովին, որ մեզ համար խմելու եւ ուտելու բան բերի, միեւնույն ժամանակ կանչում եմ գումարտակի զինբժշկին՝ Սերգեյ Մանուչարյանին, ով Ղարաբաղի հայ էր: Ամբողջ գիշերը երեքով զրուցեցինք, երգեցինք, ուրախացանք: Գումարտակի հրամանատարը լսել էր իմ եւ կապիտանի՝ համագյուղացի լինելու մասին: Նրան հաջորդ օրը հրավիրում եմ վաշտ եւ նորից նշում ենք համագյուղացուս հետ հանդիպումը:

Հունվարի 12-ին մեր՝ 8-րդ կորպուսը առաջադրանք է ստանում շարժվել դեպի Լեհաստանի խորքերը: Մարենվերդեն (Մարենբուրգ) քաղաքի համար մղվող մարտերում իմ հրամանատարությամբ վաշտն առաջինն է մտնում քաղաք, գրավում երկաթուղային կայարանը, որտեղ՝ երեք էշելոն՝ շուրջ 300 վագոն ռազմական տեխնիկայով ու ռազմամթերքով: Կայարանում հայտնաբերում ենք նաեւ պարենային պահեստ, այդ մարտերում զոհվում է նաեւ մեր գումարտակի առաջին վաշտի հրամանատարը, ում փոխարեն նշանակվում է համագյուղացիս՝ կապիտան Ապետնակ Մարտիրոսյանը:

Հետագա գործողությունների ժամանակ կապիտան Մարտիրոսյանը թեթեւ վիրավորվում է դեմքից: Նրան ուղարկում են բուժմաս, իսկ ես երկու վաշտի միացյալ ուժերով կատարում եմ քաղաքի մերձակա կամուրջները գրավելու առաջադրանքը: Հինգ օր հետո պոնտոնային կամրջով  անցնում ենք Վիսլա գետը: Հարձակողական գործողություններ ենք սկսում Բալթիկ ծովի ուղղությամբ: Գրավում ենք Բյուտով եւ Պիլա քաղաքները, շարժվում դեպի Խոյնից քաղաք: Այդտեղ էլ իմ վաշտն առաջինն է  մտնում քաղաք, որի կենտրոնում ձեռնամարտ է սկսվում մեր եւ գերմանացիների միջեւ: Իմ եւ մի գերմանացու միջեւ իսկական մենամարտ է տեղի ունենում, նրան կարողանում եմ տապալել գետնին: Մեծ թվով գերիներ ենք վերցնում, նրանցից իմանում ենք թշնամու ուժերի տեղաբաշխվածության մասին տեղեկություններ: Մինչեւ օրվա ավարտը քաղաքը մաքրում ենք գերմանացիներից:

Այդ մարտերից հետո իմանում եմ, որ փաստաթղթեր են պատրաստվում ինձ Սովետական Միության հերոսի կոչման ներկայացնելու համար, բայց հետո այդ նախաձեռնությունը, չգիտեմ ինչու, մնաց կես ճանապարհին:

Ապրիլի 17-ին ծանր վիրավորվեցի…

***

 

Թամանյան դիվիզիայի զինվոր Գարեգին Ծերունի Դավթյանի մարտական ուղին նույնպես ներկայացնում ենք ըստ նրա հուշերի, որ մեզ է տրամադրել զինվորի որդի Մելսիկ Դավթյանը:

… Ծնվել եմ 1909 թ. Գորիս շրջանի Յայջի գյուղում: 1931 թ. զորակոչվել եմ սովետական բանակ, ծառայել Հայկական հրաձգային դիվիզիայի 2-րդ գնդի գնդացրային վաշտում: Զինվորական պարտադիր ծառայությունն  ավարտելուց հետո վերադարձել եմ հայրենի գյուղ եւ մասնակցել նոր կազմակերպված կոլտնտեսության աշխատանքներին: Այնուհետեւ՝ մինչեւ 1941 թ., աշխատել եմ Գորիսի միլիցիայի հեծյալ դասակում:

Երբ սկսվեց Մեծ հայրենականը, շատերի թվում ես էլ զորակոչվեցի բանակ: 1941 թ. դեկտեմբերին, երբ ծնունդ առավ Հայկական փառապանծ Թամանյան դիվիզիան, ինձ նշանակեցին ջոկի հրամանատար 400-րդ գնդի դպրոցի գնդացրային դասակում, որոշ ժամանակ անց՝ դասակի հրամանատարի տեղակալ:

Դիվիզիայի կազմում՝ Հյուսիսային Կովկասից (Գրոզնի քաղաքի մատույցներից) մինչեւ Բեռլին մասնակցել եմ մարտական գործողություններին: Մասնակցել եմ հատկապես Մալգոբեկ, Մոզդոկ, Ստավրոպոլ, Նովոռոսիյսկ, Թաման քաղաքների, Կրասնոդարի երկրամասի համար մղված ճակատամարտերին ու դրանց ազատագրմանը: Մասնակցել եմ Ուկրաինայի մի շարք քաղաքների ու գյուղերի ազատագրմանը:

1944 թ. աշնանը 89-րդ Թամանյան դիվիզիան մտել է Լեհաստան: Կռվել ենք Վարշավայի ազատագրման համար, մասնակցել եմ Վիսլա գետի մոտակայքում տեղի ունեցած մարտերին: 1945 թ. փետրվարի առաջին օրերին հաղթականորեն մտանք Գերմանիայի հողը, դիրքեր գրավեցինք Օդեր գետի ափին: Իսկ փետրվարի 6-ին հրաման ստացանք անցնել Օդեր գետը: Սակայն դյուրին չէր գետն անցնելը. նախ՝ գետը սառած էր, իսկ մյուս ափին թշնամին ուժեղ պաշտպանություն էր կազմակերպել:

Մեր դիվիզիայի հրետանավորներն ուժեղ կրակի տակ վերցրին գետի մյուս ափը, իսկ դիվիզիայի սակրավորները գետի սառույցի վրա տախտակներ ավելացրին, եւ դիվիզիայի 390-րդ գնդի զորամասերն այդ գիշեր սառույցի վրայով անցան գետը: Գրոհեցինք հիտլերականների դիրքերի վրա եւ մի փոքր տարածության վրա պլացդարմ ստեղծեցինք:

Փետրվարի 7-ին, երբ լույսը բացվեց, գերմանացիներն օդ բարձրացրին ռմբակոծիչներ ու գնդակոծեցին մեր դիրքերը, նաեւ գետանցի մեր ճանապարհը: Ռմբակոծիչներին միացավ թշնամու ծանր հրետանին: Ջարդուփշուր եղան ե՛ւ սառույցը, ե՛ւ գետանցի հարմարությունները: Գետի վրայով մարդկային անցուդարձն անհնարին դարձավ: 390-րդ գունդը մնաց գետի մյուս ափի փոքրիկ տարածքում՝ շրջափակված թշնամական զորամասերով: Գերմանացիները գրոհի անցան դեպի այդ տարածք, որտեղ մեր գունդն էր դիրքավորված:

Սկսվեց ուժեղ  մի ճակատամարտ… Իմ դասակի հաստոցավոր գնդացիրները նշանակվեցին ամենավտանգավոր տեղամասերում… Թշնամուն հաջողվեց մոտենալ մեր դիրքերին. 15-20 մ հեռավորությամբ էր թշնամին դիրքեր բռնել:

Երբեք չեմ մոռանա մայոր Բադալյանի, մայոր Ռուբեն Հակոբյանի, կապիտան Հովհաննիսյանի, կապիտան Հրանտ Մատոյանի եւ շատ ուրիշների պահվածքը ծանրագույն այդ պահին: Հայ ժողովրդի զավակները կռվեցին քաջաբար… Հիտլերականները չդիմացան մեր հակագրոհին եւ նահանջեցին՝ մարտի դաշտում թողնելով բազմաթիվ դիակներ:

Այդ մարտում քաջի մահով ընկավ 89-րդ դիվիզիայի գումարտակի կոմիսար, մայոր Ռուբեն Թովմասի Հակոբյանը: Ռուբենն իսկական հերոս էր, նրա անունը գալիք սերունդները երբեք չպետք է մոռանան: Նա Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղից էր: Ես, որպես այդ դիվիզիայի մի զինվոր, խնդրում եմ Բռնակոթ գյուղի հասարակությանը, որ Ռուբեն Թովմասի Հակոբյան քաջի կիսանդրին կանգնեցնեն ծննդավայր Բռնակոթում:

… 1945 թ. հունիս ամսից մինեւ 1945 թ. հոկտեմբերի 15-ը ծառայել եմ Գերմանիայում՝ սովետական օկուպացիոն գոտու պարետատանը: 1945 թ. նոյեմբերին վերադարձել եմ հայրենիք: Մարտական գործողությունների ընթացքում երեք անգամ վիրավորվել եմ՝ Նովոռոսիյսկում՝ 1943-ին, Կերչում` 1943-ին, Գերմանիայում՝ 1945-ին:

Պարգեւատրվել եմ Կարմիր աստղի՝ երկու, Կարմիր դրոշի՝ երկու եւ մի շարք այլ մեդալներով ու շքանշաններով: Ինձ համար հատկապես թանկ է Սովետական Միության մարշալ Ժուկովի ստորագրությամբ եւ նրա կողմից տրված պատվոգիրը (25 հոկտեմբերի 1945 թ):

 

***

 

Լազր Ավանեսի Ալեքսանյան. ծնվել է 1922 թ. հունվարի 5-ին Հարժիս (Յայջի) գյուղում:

Գյուղի յոթնամյան 1937 թ. ավարտելուց հետո սովորել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում, որն ավարտել է 1941-ի հունիսի 22-ին:

Աշխատանքի է նշանակվել Գորիսի շրջանի Խոտի կոլտնտեսությունում՝ անասնաբույծ-ինժեներ (1941 թ. հուլիսից մինչեւ նույն տարվա օգոստոսի 17-ը):

1941 թ. օգոստոսի 17-ին, որպես կամավորական, մեկնել է բանակ: Սկզբնական շրջանում ծառայում էր Վրաստանի Գորի քաղաքում: Նույն տարվա նոյեմբերին գործուղվել է Բաքվի սպայական դպրոց:

1942 թ. Հյուսիսային Կովկասում իրավիճակը լարվելու պատճառով սպայական դպրոցի սաները, առանց դասընթացն ավարտելու, ուղարկվել են Նովի Աֆոն, Գագրա, Թբիլիսի, այնտեղից էլ՝ ռազմաճակատ:

1942 թ. վերջին, մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել եւ ուղարկվել է Թբիլիսիի ռազմական հոսպիտալ: 45 օր բուժում ստանալուց հետո կրկին ուղարկվել է մարտադաշտ:

1943-ի սկզբին մասնակցել է Հյուսիսային Կովկասում մղվող մարտական գործողություններին: Այնուհետեւ տեղափոխվել է Մերձբալթյան ռազմաճակատ՝ գրոհային բրիգադ, որտեղ եւ ծառայել է մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Մասնակցել է Լատվիան գերմանացիներից ազատագրելուն:

Հրամանատարության կողմից քանիցս արժանացել է բարձր գնահատականի՝ մարտական գործողություններին ակտիվ մասնակցելու համար:

1945-ին տեղափոխվել է Պետրոզավոդսկ, որտեղից էլ 1946-ի դեկտեմբերին զորացրվել է:

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25