Պատերազմից 22 օր առաջ էր. այցելություն Ուխտասար՝ ժայռապատկերների թանգարան, որ հիմա սահմանակողմ է

06.04.2022 10:28
3519

Առաջին անգամ Ուխտասար այցելեցինք 2013 թ օգոստոսի 25-ին:

Այդ ժամանակ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբի մեջ էին Սամվել Ալեքսանյանը, Կարինե Ալեքսանյանը, Մանե Դավթյանը:

Մեզ ուղեկցում էր Իշխանասարի գյուղապետ Արարատ Պետրոսյանը:

Մեզ հետ էր լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանը:

Առաջին այցի ժամանակ ժայռապատկերների թանգարանում պատահաբար հանդիպեցինք գերմանական մի արշավախմբի անդամների, ովքեր երկրորդ տարին էր, ինչ աշխատում էին ժայռապատկերների բաց թանգարանում և փորձում էին բացահայտել հազարամյակների պատմություն ունեցող ժայռապատկերների գաղտնիքները:

Ըստ նրանց՝ դրանք մեզանից մինչ վեց հազար տարի առաջ ապրած մարդու պատկերավոր մտածողության դրսևորում են:

Սյունիքի ժայռապատկերների յուրահատկությունն այն է, որ դրանք փորված են 2500-3500 մ բարձրություններում և ձգվում են կիլոմետրեր:

Գերմանական արշավախումբը երկու տարվա ընթացքում հասցրել էր Սեպասարում փաստագրել 1000 քարաբեկոր՝ 6500 պատկերով:

Փաստագրվեց նաև Սեպասարի մոտակայքում գտնվող Նազելի հրաբխային խառնարանի մերձակա՝ փորագրություններ պարունակող ևս 600 քարաբեկոր:

 

Մի նոր այցելություն Ուխտասար

Այցը տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 5-ին (հետագա զարգացումների պատճառով սույն հոդվածն այդ ժամանակ չհրապարակեցինք):

Ինձ և թոռնուհուս՝ Մարիամ Լազարյանին առաջնորդում էր ճանաչված գեղանկարիչ, հայրենի եզերքի նվիրյալ Աշոտ Ավագյանը:

Այս անգամ Ուխտասար գնացինք ոչ թե Իշխանասար գյուղով, այլ Սառնակունքով՝ Գորիս-Երևան մայրուղուց թեքվելով աջ (դեպի հյուսիս):

Վերադարձանք Սպանդարյան գյուղի արոտավայրերով. բարեհարմար ճանապարհ է:

Ամենաարտասովորը, որ նկատեցինք ճանապարհին, մի քանի հարյուր հեկտար  ընդգրկող ժայռաբեկորների կուտակումներն էին՝ քարերի ցրոնները և քարացցունքները, որոնց տեղացիներն անվանում են Քարքար կամ քարերի ծով:

Մեկ այլ արտասովոր տեսարանի էլ ականատես եղանք: Քարքարի ամբողջ տարածքում արծիվների իսկական թագավորություն էր: Ժամանակ առ ժամանակ մեր առջևից կամ քարակույտերի միջից արծիվներ էին ելնում: Մի քանի դեպքում հաջողեցինք լուսանկարել:

Ասում են՝ քարերի անծայրածիր այդ ծովը տեսնելուց հետո է Համո Սահյանի մեջ հղացել «քարային» երկու բանաստեղծությունը, որոնք, մեծ իմաստով, Սյունյաց աշխարհի այդ հատվածի բնանկարն են:

 

 

«Քարը» բանաստեղծությունից՝ երկու քառատող.

«Քարը՝ երամ, քարը՝ նախիր,

Քարը՝ հոտ:

Քարը՝ հոտաղ, քարը՝ հովիվ,

Քարը՝ հող:

 

Քարը՝ օջախ, քարը՝ կրակ,

Քարը՝ բոց:

Քարը՝ խորհուրդ, քարը՝ խրատ,

Քարը՝ փորձ»:

 

***

Աշոտ Ավագյանը, ի դեպ, իծագրերի և ժայռապատկերների թանգարանի տեղանքի Ուղտասար անվանը համաձայն չէ: Նրա կարծիքով՝ վայրը ոչ թե Ուղտասար է կոչվում, այլ Ուխտասար, քանզի դարեր շարունակ դա եղել է սրբավայր, ուխտ գնալու վայր, ուխտ գնալու տեղ: Իսկ ուխտավայրն Ուղտասար կոչելը սովորական վրիպակ չի եղել, այլ ժամանակի գաղափարական ազդեցությամբ ու սահմանափակումներով կատարված ոչ գիտական սրբագրում՝ հիմքում դնելով մոտակա լեռնագագաթի սապատավոր (սապատուն) դիրքը, իբր տարածքն ուղտի սապատ հիշեցնող լեռան անունով է:

Աշոտ Ավագյանը, այդուհանդերձ, երախտիքի խոսքեր հնչեցրեց Գ. Կարախանյանի և Պավել Սաֆյանի հասցեին, որոնց ջանքերով առաջին անգամ գիտական ուսումնասիրության ենթարկվեցին Ուխտասարի իծագրերը և ովքեր հեղինակեցին «Սյունիքի ժայռապատկերները» հրաշալի գիրքը՝ լավագույնս ներկայացնելով Ուխտասարի ժայռապատկերների թանգարանը:

Ուխտասար բարձրանալով Սառնակունք գյուղի արոտավայրերով՝ մեր առաջին կանգառը եղավ Նազելի լեռան ստորոտը: Այնտեղ նույնպես ժայռապատկերներով քարեր էին…

Աշոտ Ավագյանի զորավոր ամենագնացը մեզ բարձրացրեց Նազելի լեռան գագաթ:

Այնտեղից դեպի հյուսիս-արևելք մեր առջև բացվեց մի հեքիաթային տեսարան՝ Ալ լիճը, որը մատենագիտության մեջ նաև այլ անուններով է հիշվում՝ Ալագյոլ, Ալագյոլլար: Գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագլխին՝ Ղարաբաղի բարձրավանդակի կենտրոնական մասում: Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մ հարաբերական բարձրություն: Ձգված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ, մոտ մեկ կմ երկարությամբ և 830 մ լայնությամբ: Բարձրությունը 2974 մ է, մակերեսը 0,5 քառակուսի կմ, միջին խորությունը՝ 1,88 մ: Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով: Ձմռանը մինչև հատակը սառչում է: Ջուրը մաքուր է, պարզ: Ամռանը միջին ջերմաստիճանը 12 °C է:

Դա, ինչպես նշեցինք, Փոքր Ալ լիճն է: Կա նաև Մեծ Ալ լիճ, որը Վարդենիսի տարածքում է՝ Փոքր Ալից 36,5 կմ հեռու:

…Այդտեղ որերորդ անգամ համոզվեցինք՝ աշխարհի ամենագեղեցիկ անկյունը Սյունիքն է, ուրիշ նման երկրամաս-լեռնաշխարհ դժվար թե գտնվի:

Եվ հիշեցինք Մեծն գուսանի խոսքերը՝ «Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել, բայց միշտ քո կարոտն եմ քաշել՝ Սյունյաց սարեր»:

 

Ուխտասար (Սատանաքար)

Մատենագիտության մեջ նաև՝ Դավաբոյնի, Դավաբոյնու, Դավագյոզ, Դավագյոզի, Դևեգյոզ, Ուղտասար և այլն:

Լեռնագագաթ Սյունյաց (Զանգեզուրի) լեռնաշղթայում, բարձրությունը՝ 3169 մ, ունի հրաբխային ծագում:

1968 թ. Երևանի պետական համալսարանի հնագետները Սատանաքարի թիկունքի բարձրադիր լճակի հարավային ափի մոտ՝ ձորի պռնկի վիթխարի ժայռի վրա, հայտնաբերեցին 2 հազարից ավելի ժայռապատկեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներին: Ժայռապատկերների վրա փորագրված կենդանիների հստակ գծագրումներն ու կոմպոզիցիան, տեսարանների բազմազանությունը մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Սատանաքարի հյուսիսային կողին հայտնաբերվել են նախնադարյան մարդու բնակարան- քարայրեր:

Հնագետներն այս լեռն անվանել են ՈՒղտասար:

 

Ուղտասար (ՀՍՀ, հատոր 12, էջ 247)

 Ժայռապատկերները ցրված են հրաբխային խառնարաններից գոյացած լճակների շուրջը, ձորակներում ու դարավանդներում, ավելի քան 2 հազար պղնձագույն կամ սև ժայռաբեկորների հորիզոնական և ուղղահայաց մակերեսներին:

Բնօրինակներից 4-10 անգամ փոքր պատկերները փորված են 2-6 մմ խորությամբ և 2-20 մմ լայնությամբ խորագծերով:

Քարերի մի մասը, որոնք մոտ են եղել անասնապահների վրաններին, ծածկված են հողաշերտով:

Հնագույն ժայռապատկերները վերաբերում են նեոլիթ-էնեոլիթյան դարաշրջաններին (մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ):

Առավել մեծ քանակություն են կազմում բրոնզեդարյան (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ) պատկերախմբերը, որոնք ներկայացնում են Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի արտադրական, կենցաղային, որսորդությանը, պաշտամունքին և այլ բնագավառների վերաբերող տեսարաններ:

Գերակշռում են հատկապես նետ ու աղեղով, պարզ՝ որսորդական այլ պարագաներով (օղապարաններ, թակարդներ և այլն) որսի տեսարաններին (անհատական, շուրջկալ), փոխադրամիջոցներին (սայլերի տարատեսակներ և այլն), տիեզերական և կրոնական պատկերացումներին (Արեգակի, Լուսնի և այլ լուսատուների պաշտամունք), ծիսական արարողություններին առնչվող թեմաները:

Կենդանիների (բեզոարյան այծ, մուֆլոն, վիթ, եղջերու, ցուլ, ձի, վարազ, շուն , գայլ, հովազ, առյուծ և այլն) պատկերներում կուռ ոճավորմամբ արտահայտված են դրանց բնորոշ առանձնահատկությունները, շարժման պահերը: Իբրև ոճական յուրահատկություններ են դիտվում ցուլերի՝ վերևից դիտարկված պատկերները, ծավալային (եռանկյունի) մանրամասներով կառուցված կենդանապատկերները (այծեր և այլն):

Սակավաթիվ խումբ են կազմում թռչնապատկերները:

Ուղտասարի ժայռապատկերները՝ իբրև նախնադարյան արվեստի կարևոր հուշարձաններ, արժեքավոր սկզբնաղբյուր են Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի հոգևոր և նյութական մշակույթի պատմության ուսումնասիրման համար:

Հենզել Առաքելյանն Ուղտասարի ժայռապատկերների մասին.

Սիսիանի պատմական արժեքների թվում իրենցից առանձնապես կարևորություն և մեծ հետաքրքրություն են ներկայացնում ժայռապատկերները:

Դրանք գտնվում են Սառնակունք գյուղի հեռավոր ամառային արոտավայրերում, Ալա գյոլի հարևանությամբ, երկու լեռան՝ Ուղտասարի և Տաք ջրի վրա: Այդ լեռների բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 3000-3300 մետրի: Ամբողջ լեռնազանգվածները պատված են հազարումի տեսակ քանդակ- նկարներով:

Ըստ պատմաբաններ Գ.Կարախանյանի և Պ. Սաֆյանի՝ ժայռապատկերները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբ ժայռապատկերներն արվել են ավելի վաղ՝ մեր թվարկությունից առաջ 5-4, իսկ երկրորդ խումբը՝ 3-2-րդ հազարամյակներում:

Եթե հիմք ընդունենք այդ տեսակետը, որ դեռևս միակն է, ուրեմն առաջին ժայռապատկերներն այդտեղ արվել են մեզանից շուրջ 7 հազար, իսկ ավելի նորերը՝ 4 հազար տարի առաջ:

Այդ փաստը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու հանգամանքը, որ դեռևս նախնադարում, մինչև հայոց պետականության ձևավորումը, Սյունիքը եղել է ոչ միայն Հայկական լեռնաշխարհի ամենավաղ բնակեցված տարածաշրջաններից, այլև՝ քաղաքակրթության օրրաններից մեկը:

Ժայռապատկերներից յուրաքանչյուրն արվեստի ուրույն մի գործ է: Դրանք ունեն տարբեր փորվածք: Փորագրության խորությունը տատանվում է մեկից մինչև վեց միլիմետրի սահմաններում:

 Ըստ դիտարկումների՝ ժայռերի վրա եղած պատկերները ևս կարելի է բաժանել մի քանի խմբի:

Յուրաքանչյուր այցելու (առանց կողմնակի բացատրության) այդտեղ կարող է տեսնել լեռնաշխարհի ֆաունայի այն ժամանակվա ողջ հարստությունը:

Հատկանշական է, որ այդտեղ կան նաև տիեզերական պատկերացումների հետ առնչվող նկարներ: Իսկ դա նշանակում է, որ նախնադարյան մարդն առնչվել է նաև տիեզերական հետազոտությունների հետ: Այդ հանգամանքը զուրկ չէ հիմքերից, եթե նկատի ունենանք, որ մեզնից դեռևս հազարամյակներ առաջ գործել է Սիսիանի հայտնի աստղադիտարանը՝ Զորաքարերը, որ գտնվում է հենց նույն լեռնազանգվածների ստորոտում:

Քանի որ ժայռապատկերներ տանող ճանապարհները ոչ բոլորին են մատչելի, ուստի դրանցից մի քանիսը դեռևս 1980 թ. բերվել և ցուցադրվում են Սիսիանի Քարի թանգարանում: Դրան անդրադարձել է նաև «Պրավդա» թերթը՝ «Թանգարանն իջավ լեռներից» վերտառությամբ հոդվածով: Սակայն հատկանշական է հանգամանքը, որ Սիսիան բերված ցուցանմուշներն ընդամենը տասը տարում արդեն խունացել են, շատ պատկերներ հազիվ են նշմարվում: Ըստ էության պատահական չէ, որ մեր նախնիներն իրենց արվեստի գործերը մշտապես լուրթ երկնքի մեջ մխրճված լեռներ են հանել:

«Սիսիանի համառոտ հանրագիտարան», Երևան 2004, էջ 65-66:

Գյուղ Իշխանասար, որտեղով անցնում է Ուխտասար գնալու  (թեև դժվարին) ճանապարհը

Նախկին անվանումը՝ Ղզըլջուղ, Կզլջուղ: Գտնվում է Իշխանասար լեռան ստորոտային մասում, Սիսիան քաղաքից 7 կմ հյուսիս (Գորիս- Երևան ավտոմայրուղուց 1.5 կմ աջ):

Ըստ Շչորս Դավթյանի՝ «Որևէ հնագիտական արժեք ներկայացնող շինություն կամ վայր այդ տարածքում չի պահպանվել»:

Եվ, այդուհանդերձ, գյուղի շրջակայքում գտնվող հին ամրոցների և բնակատեղիների ավերակները վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներում:

Մինչև 1988 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ ավելի ստույգ՝ սուննի թուրքերով:

1989 թվականին, նրանց տեղափոխումից հետո, այդտեղ են հաստատվել Ադրբեջանից գաղթած մոտ հարյուր հայ փախստական, ինչպես նաև շրջակա գյուղերից հայ ընտանիքներ:

Խորհրդային իշխանության վերջին տարիներին գյուղը միավորված էր Սիսիանի անասնապահական պետական տնտեսությանը:

 1984-ից մինչև 1991 թ. վարչական տեսակետից ենթարկվում էր Ուզի գյուղսովետին:

1990-ից գյուղը ստացել է նոր անվանում՝ Իշխանասար:

 

Հ.Գ.

Ուխտասարի մատույցներում մեզ միացավ ուղևորների մի խումբ՝ երկու մեքենայով: Երիտասարդները եկել էին մայրաքաղաքից՝ հատուկ նպատակով՝ ծանոթանալու ժայռապատկերներին:

Ուխտասարի լճի մոտ փոքր-ինչ հանգստանալուց հետո բաժանվեցինք: Մենք բռնեցինք հետդարձի ճանապարհը, իսկ նրանք  (մեքենաները թողնելով լճի մոտ) ճանապարհվեցին դեպի Ծղուկ լեռան գագաթ, որ Ուխտասարից արևելք է:

 

 Պատրաստեց Սամվել Ալեքսանյանը

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

5 սեպտեմբեր 2020թ.

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34