Պատգամավոր Դավիթ Դանիելյանը պատասխանում է «Սյունյաց երկրի» հարցերին

28.12.2022 12:24
4167

Եվս մի քանի օր, և պատմության գիրկը կանցնի 2022 թվականը:

Թե ինչով նշանավորվեց ավարտվող տարին՝ քննարկումների թեմա է այս օրերին:

Այդ թեմայի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք հանրապետության իշխող քաղաքական ուժից Ազգային ժողովի պատգամավոր, մեր հայրենակից Դավիթ Դանիելյանին:

- Պարոն Դանիելյան, դժվարին օրեր ենք ապրում ազգովի՝ պայմանավորված հատկապես Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններով:

Ընդ որում՝ եթե անգամ միջանցքն այսօր բացվի,  միևնույն է՝ այն մնալու է մեր ազգային ցավերից մեկը:

Սակայն լրջագույն այդ խնդրի վերաբերյալ Երևանից ոչ միանշանակ ու հակասական արձագանքներ ենք լսում և լսում ենք միայն խոսքեր...

Հետաքրքիր է՝ սյունեցի պատգամավորներդ, որ աննախադեպ մեծ խումբ եք Ազգային ժողովում, հավաքվե՞լ եք ճգնաժամային այդ առիթով և ունե՞ք  սեփական կարծիք կամ դիրքորոշում Լաչինի միջանցքում ստեղծված վիճակն ու ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ:

- Ինչ խոսք, դժվարին և ծանրագույն շրջան է բոլորիս համար: Միանշանակ է, որ այս հարցը ևս Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանին զիջումներ պարտադրելու, մեր երկրում ներքաղաքական ճգնաժամ և լարվածություն առաջացնելու նպատակով: Այս իրավիճակում դժվար է պահպանել սառնասրտություն, հետևաբար հնչում են ոչ միանշանակ ու իրարամերժ հայտարարություններ:  Ցավալիորեն, մենք չենք կարողանում միասնական դիրքորոշում ձևավորել հարցի լուծման ուղիների վերաբերյալ:

Սյունիքի պատգամավորների հետ չենք ձևավորել  միասնական դիրքորոշում, սակայն կնշեմ, որ բոլոր պատգամավորներն իրականացնում են աշխատանք միջազգային գործընկերների և իրավապաշտպան կառույցների հետ, օգտագործում խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները հարցը կարգավորելու համար:

- Ըստ Ձեր ունեցած տեղեկությունների՝ Արցախի բնակիչներից քանի՞ հոգի է մնացել Գորիսում, ի՞նչ պայմաններում են նրանք գտնվում, և ովքե՞ր են զբաղվում մեր հայրենակիցների ընթացիկ խնդիրներով:

- Գորիսում են  մեր 300 հայրենակից: Իմ տեղեկություններով նրանք գտնվում են նորմալ պայմաններում, հատկապես արցախցի երեխաներն ուշադրության կենտրոնում են, մասնավոր կազմակերպությունները և բազմաթիվ անհատներ նույնպես պարբերաբար հրավիրում են նրանց տարբեր միջոցառումների, ուղարկում  նվերներ, փորձում ինչ-որ կերպ ուրախացնել տնից հեռու գտնվող մեր երեխաներին: Պարբերաբար ծանոթանում եմ իրավիճակին, ինձ հավաստիացրել են՝ ամեն ինչով ապահովված են մեր հայրենակիցները, և այս պահին ոչնչի կարիք չունեն:

- Գիտե՞ք, երբեմն տարակույսների տեղիք տվող հայտարարություններ ենք լսում մայրաքաղաքից, նաև Ազգային ժողովից:

Ի՞նչ ասել է՝ հո չե՞նք գնալու կռվենք Լաչինի միջանցքի համար:

Այնքան նման է Սև լճի արևելյան հատվածը թուրքերի կողմից բռնազավթելու օրերին արված հայտարարությանը՝ հո չե՞նք  գնալու այդ սարերի համար կռվենք:

Գոնե սյունեցի պատգամավորներն ու իշխանավորները զերծ մնան մեր վերքին աղ ցանող նման հայտարարություններից:

- Ես կարող եմ ասել իմ դիրքորոշումը, որ ներկայացրել եմ թե՛ գործընկերներիս, թե՛ մեր հայրենակիցներին՝ Սյունիք կատարած այցերիս ընթացքում: Համաձայն ՀՀ Սահմանադրության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են: Հետևաբար՝ մեր պետությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է պաշտպանի մեր հայրենակիցներին: Այս պահին պետությունն օգտագործում է դիվանագիտական գործիքակազմը, գրանցել է տեսանելի հաջողություն այն առումով, որ միջազգային գործընկերները և իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են Ադրբեջանի ոչ իրավաչափ գործելաոճը, դատապարտել են այն և կոչ արել անհապաղ բացել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Ես ընգծում եմ՝ մեր պետությունն ամեն կերպ պետք է պաշտպանի իր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

- 2022ը ծանր տարի էր Սյունիքի համար. դեռևս մարտ ամսին թուրքերը զավթեցին Ներքին Հանդի մերձակա իշխող բարձունքները:

Սեպտեմբերյան եռօրյա պատերազմում թշնամին այդ ուղղությամբ ավելի առաջ եկավ, որի հետևանքով գյուղում բնակվելն առայսօր մեծ ռիսկեր է պարունակում:

Սեպտեմբերյան եռօրյա պատերազմում կորցրինք նաև Մեծ Իշխանասարի մերձակայքի իշխող բարձունքները՝ ստույգ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքն ու Արցախը մայրաքաղաքին կապող Մ2 մայրուղու համար:

Եվ այդ ամենից հետո՝ մինչև այսօր, հանրապետության համապատասխան պաշտոնյաները չեն ասում, թե Ներքին Հանդում կամ Մեծ Իշխանասարում որտեղո՞վ է անցնում հայ-ադրբեջանական շփման գիծը՝ ավելորդ միջադեպերից խուսափելու համար:

Միգուցե Ձեր օգնությա՞մբ ցրենք անորոշության այդ մշուշը:

- Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և սահմաններ: Իսկ Ձեր կողմից նշված իրադարձություններն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարում են: Ռազմական ագրեսիայի միջոցով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները և արժանացել միջազգային հանրության կոշտ արձագանքին: Ադրբեջանը պետք է վերադառնա ելման դիրքեր, սա միանշանակ է: Այո, հակառակորդն իրականացնում է ամրակայման աշխատանքներ, փորձում է պահպանել օկուպացված դիրքերը, սակայն վաղ թե ուշ վերադառնալու է ելման դիրքեր:

- Հատկապես տարվա երկրորդ կեսին Սյունիք այցելեցին «միսիոներական» տարբեր խմբեր՝ հակառուսական քարոզչության նպատակով:

Սյունիքում, մինչդեռ, քչերն են համաձայն այդ քարոզիչների տեսակետներին՝ նկատի ունենալով ՌԴ զինվորականության՝ այլընտրանք չունեցող ներկայությունը մեր մարզի սահմաններում:

Չե՞ք կարծում, որ մայրաքաղաքում թևածող հակառուսական քարոզչությունն իր ընդերքում վտանգներ ու ռիսկեր է պարունակում Արցախի, ինչպես և Սյունիքի համար:

- Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ունենք ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության հարուստ պատմություն, և մեր հանրությունն ունի պատմականորեն ձևավորված սպասելիքներ ռազմավարական դաշնակցից: Սակայն Ռուսաստանի չեզոքությունը, որոշ առումով պասիվ գործելաոճը, ստանձնած պարտավորությունների ոչ լիարժեք կատարումն օբյեկտիվորեն հարցեր են առաջացնում բոլորիս մեջ: Ցավոք, այդ հարցերից շատերը, գուցե՝ ամենակարևորները, մնում են անպատասխան կամ ստանում են լղոզված պատասխան ռուս գործընկերների կողմից: Չենք կարող ձևացնել, թե ամեն բան կարգին է: Հենց Արցախի և Սյունիքի անվտանգության համար էլ բարձրացվում են այդ հարցերը:

- Սյունիքում իրականացվող տարածքային քաղաքականության մեջ տարօրինակություններ ենք նկատում...

Մայրաքաղաքից խոստանում են Ներքին Հանդում նոր դպրոց կառուցել, և դա այն դեպքում, որ դպրոցական նորմալ շենք կա այնտեղ, բայց երեխաներ չկան, եղածն էլ ամիսներ շարունակ կրթություն է ստանում մոտակա Ծավում:

Տաթև-Լծեն շրջանցող ճանապարհ ենք կառուցում՝ բազմաթիվ հարցերի տեղիք տվող: Եվ դա այն դեպքում, երբ համեմատաբար աննշան ծախսերով կարող էինք վերագործարկել Գորիս-Կապան մայրուղին (Մ2-ը)՝ շրջանցելով այսպես կոչված Էյվազլարի տարածքը, երբ կարող էինք Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհի մի քանի ոլորան (դարձյալ աննշան ծախսերով) բարեհարմար դարձնել: Ու երբեմնի խաչմերուկ Գորիսը չէր դառնա փակուղի բնակավայր:

2021-ին սկսել ենք Բարձրավանի և Շուռնուխի այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք իբր ավարտին պետք է հասցվեին նույն տարում: Բայց ոչ միայն նույն տարում չենք ավարտել, այլև 2022-ին:

Մարդիկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող վարելահողերի ապօրինի օգտագործման մասին դիմումներ են հղում և՛ ԱԺ-ին, և՛ կառավարությանը, բայց իրավիճակը չի շտկվում, իսկ պետֆոնդի այդ հողերը շարունակում են մնալ իբրև ընտրական ռեսուրս մի քանի տղեկի ձեռքին...

Եվ ուրեմն՝ ո՞վ կամ ո՞ր ատյանն է Սյունիքի իրական շահերը և սյունեցիների իրական մտահոգությունները ներկայացնում Երևանին: Արդյո՞ք նման գործառույթներ ունեցող մարդիկ ճանաչում են իրական Սյունիքը, թե՞ իրազեկ լինելու պատրանք են ստեղծում:

- Հարցը բազմաբովանդակ է, փորձեմ անդրադառնալ բոլոր թեմաներին: Նախ նշեմ, որ Սյունիքի շահերը սպասարկում են տեղական և պետական բոլոր կառույցները, գուցե կան հակասություններ և խնդիրներ, բայց դրանք հարթվում, շտկվում են ժամանակի ընթացքում: Ես իմ մասով կարող եմ ասել, որ սպասարկում եմ բացառապես Սյունիքի և սյունեցու շահը:

Ճանապարհի մասին կասեմ հետևյալը. տեղյակ եմ, որ ճանապարհի տեղանքի և  երթուղու ընտրությունը կապված է ռելիեֆի առանձնահատկությունների և անվտանգության գործոնի հետ: Իսկ շինարարական աշխատանքները ձգձգվել են եղանակային պայմանների պատճառով, շինարարական ընկերությունների հետ այս հարցերը կարող եք մանրամասնել:

Դպրոցի մասին. բնականաբար մենք ուզում ենք տեսնել ուժեղ և անվտանգ գյուղեր, այդ պատճառով որոշում էր կայացվել Ներքին Հանդում կառուցել դպրոց, սակայն անվտանգային իրավիճակի փոփոխությունը նոր իրողություններ ստեղծեց, հնարավոր է քննարկումների շնորհիվ տեղի ունենան փոփոխություններ:

Հողային խնդրին ծանոթ եմ, արդեն մամուլով անդրադարձել եմ այդ խնդրին և դրա լուծման համար իմ կողմից իրականացված աշխատանքներին: Ոլորտի պատասխանատու նախարարը զբաղվում է դրանով, ես ուշադրության կենտրոնում եմ պահում այդ հարցը և անպայման առաջիկայում մեր քաղաքացիներին կտեղեկացնեմ զարգացումների մասին:

- Հազար անգամ փորձեցինք ճշտել՝ 2021ին Սյունիքին հատկացված մոտ 1.5 մլրդ դրամ սուբսիդիան կոնկրետ (հասցեական) ի՞նչ նպատակով է օգտագործել «լուսահոգի» աշխատանքային խումբը՝ այսպես կոչված Սյունիքի խնդիրներով զբաղվող: Եվ ոչ մի հոդաբաշխ պատասխան... Հետո՞:

- Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել հենց աշխատանքային խմբի ղեկավարին, քանի որ  մասնակցել եմ մի քանի նիստի և մի քանի հստակ ծրագրերի մասին եմ տեղեկացված:

- Մայրաքաղաքային մամուլը շարունակում է գրել Սյունիքի գործող մարզպետի և Ձեր հակասությունների մասին: Որքանո՞վ է իրական այդ խոսակցությունը:

- Ես ԱԺ-ի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի անդամ եմ և աշխատում եմ բոլոր մարզպետների հետ, եթե կա անհրաժեշտություն, որևէ մարզպետ ինձ հետ խնդիրներ չի կարող ունենալ: Գրեթե բոլոր հարցերը՝ այդ թվում Սյունիքի հետ կապված, ուղղում եմ ոլորտի նախարարին, ով հաճախ է աշխատանքային քննարկման գալիս ԱԺ և մասնակցում մեր հանձնաժողովի նիստերին: Ես առնչվում եմ հիմնականում նախարարի հետ, մարզպետների հետ առնչվելու առիթներ գրեթե չեն էլ լինում:

- Եվ, այդքանով հանդերձ, դրական ի՞նչ գործեր են արվել Սյունիքում ավարտվող տարվա ընթացքում:

- Բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվել, որոնք դրական եմ գնահատում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր բնակիչ նկատել է փոփոխություններ իր բնակավայրում: Սակայն ես սիրում եմ խոսել ոչ թե արված գործերի մասին, որոնք պետությունը պարտավոր է անել, այլ դեռ չլուծված խնդիրների և առաջիկա նախագծերի մասին: Այս պահին բազմաթիվ բնակավայրերում կան անվտանգային, կրթական, հողային և սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրում եմ իմ բոլոր այցերի ընթացքում ու դեռևս զբաղվում եմ դրանցով: Երբ այդ խնդիրները լուծում ստանան, ես վստահորեն կխոսեմ դրականի մասին:

- Մի քիչ էլ Ձեր պատգամավորական գործունեության մասին. 2022-ին Ձեր արած-դրածը և՛ օրենսդրության ոլորտում, և՛ գործադիրին առնչվող հարցերում:

Ի դեպ, մարզի բնակավայրերից ու կոլեկտիվներից դրական արձագանքներ ենք լսում հանրության հետ ունեցած Ձեր ակտիվ առնչությունների, հանրակրթության առջև ծառացած խնդիրների լուծման գործում Ձեր հետևողական գործունեության վերաբերյալ:

- Իմ գործունեությունը բավական թափանցիկ է, իրականացված աշխատանքներիս որոշ մասը պարբերաբար ներկայացնում եմ իմ ֆեյսբուքյան էջում: Կխոսեմ այն նախագծերի մասին, որոնք դեռ չեմ ներկայացրել հանրությանը: Այս տարի ընտրվել եմ Սահմանամերձ համայնքների զբաղվածության ապահովման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և ակտիվ աշխատել եմ հիմնադրամի նախագծերի շրջանակներում: Իրականացրել ենք մշակութային, կրթական և սոցիալական բազմաթիվ նախագծեր: Կառանձնացնեմ Գեղանուշ գյուղի կարի արտադրամասի հիմնադրումը, որն իրականացվեց բավականին կարճ ժամկետում: Եկող տարի կվերապատրաստենք աշխատակիցներին, և արտադրամասի աշխատանքը կմեկնարկի: Մասշտաբային և լայնածավալ շինարարություն ենք սկսել Կապանի տարածաշրջանի գյուղերից մեկում, կառուցվում է Հայաստանում առաջին Էթնո-գյուղը, որը եզակի վայր է դառնալու թե՛ մշակութային, թե՛ զբոսաշրջային գրավչությամբ: 2023 թվականին ծրագիրը կներկայացնենք հանրությանը:

Առանձնացրեցի այս երկու ծրագիրը, սակայն նմանատիպ ծրագրերը շատ են, և առաջիկայում դրանց մեկնարկը կտրվի:

Օգտվելով առիթից,  շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, բարեկամներիս, նաև գործընկեր կազմակերպությունների պատասխանատուներին՝ նման նախաձեռնությունների իրականացման գործում ինձ աջակցելու համար։

- Եվ, իհարկե, Ձեր խոսքը սյունեցիներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առիթներով:

- Սյունեցիներին կասեմ հետևյալը.  գիտակցում եմ  բոլոր դժվարությունները, որոնց հետ բախվում է մեր տունը, մեր հայրենիքը: Ցավոք, տարածաշրջանը չի խաղաղվում, իսկ Ադրբեջանի ագրեսիվ, հայատյաց քաղաքականությունը չի փոխվում: Այս իրավիճակում մենք պետք է լինենք ուժեղ և տոկուն: Այս Ամանորին շատերի ընտանիքներում աթոռներ են դատարկ լինելու, մենք այս տարի ևս ունեցանք հայրենիքի համար նահատակված եղբայրներ ու քույրեր, որոնց ընտանիքների կողքին պետք է ամուր կանգնենք, աջակից լինենք ու թույլ չտանք, որ նրանց օջախների լույսը մարի: Չեմ կարող դատարկ, ականջահաճո խոսքեր հնչեցնել, անկեղծ կասեմ՝ աշխատել է պետք,  ընդգրկուն աշխատանք պիտի տանենք, որպեսզի ապահովենք մեր երկրի կայուն զարգացումը և անվտանգությունը: Մենք պետք է ամուր լինենք, պայքարենք ու անպայման կրկին հաղթենք:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31