Պետական միջոցների հափշտակություն Գորիսի նորաստեղծ քոլեջում․ ֆեյք տնօրենի արկածներից մի քանիսը

26.06.2026 15:57
416

Մեր ընթերցողը տեղյակ է Գորիսի պետական քոլեջի և Գորիսի գյուղատնտեսական քոլեջի շուրջ վերջին մեկուկես տարում տեղի ունեցած իրադարձություններին։

Տեղյակ է, որ երկու քոլեջի միաձուլմամբ հիմնադրվեց «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ։

Տեղյակ է նաև, որ ոմն Արմինե Կոլյանի համար անխոչընդոտ ճանապարհ հարթելու նպատակով նրա հնարավոր մրցակիցներին հեռացրին ասպարեզից, և Գորիսի ոստիկանական ջոկատի ուժով նրան 2025 թ դեկտեմբերի 4-ին բերեցին ու մտցրին «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի աշխատասենյակ՝ իբրև տնօրենի պաշտոնակատար կրթօջախն իր հարյուրամյա գործունեության վերջին օրերն էր ապրում։

Արմինե Կոլյանը լուծարվող ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակում մնաց 14 օր՝ 2025 թ դեկտեմբերի 4-ից 18-ը, որից հետո (իբր անձնական դիմումով) հեռացավ այդ պաշտոնից։

Պաշտոնավարման առաջին իսկ օրը՝ 2025 թ դեկտեմբերի 4-ին, երբ արդեն բազմած էր տնօրենի աթոռին, երբ նրա անդորրը հսկում էր Գորիսի ոստիկանապետը, ֆեյքը հետաքրքրվեց իր աշխատավարձով։ Իմանալով, որ քոլեջի տնօրենի աշխատավարձը 280 հազար դրամ է՝ անմիջապես հանձնարարեց, որ իր աշխատավարձը կրկնապատկեն։ Բայց երբ դրա համար պահանջեցին Կառավարման խորհրդի որոշում կամ որևէ գրավոր փաստաթուղթ՝ այդ ամենն ավելորդ համարեց ու պնդեց շատ փող ստանալու իր ցանկությունը։

Եվ պաշտոնավարման առաջին իսկ օրն Արմինե Կոլյանն իր համար սահմանեց 570 հազար դրամ աշխատավարձ։

2025 թ դեկտեմբերի 18-ին Գորիսի լուծարվող պետական քոլեջից հեռանալուց հետո տվյալ աշխատասենյակ վերադարձավ 2026 թ հունվարի 5-ին արդեն ստեղծվել էր «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ը։

Որպես տնօրենի պաշտոնակատար՝ այս անգամ էլ առաջին գործը եղավ իր աշխատավարձի չափի սահմանումը։ Եվ նորից կամեցավ 570 հազար դրամ, որքան ստացել էր 2025 թ դեկտեմբերի 4-ից 18-ն ընկած ժամանակահատվածի համար (աշխատած օրերի թվով)։

Նման կամայականության և ինքնիրավչության համար նորից հրաժարվեց հիմքեր ներկայացնել։

Ու այդպես՝ մինչև հիմա ստանում է 570 հազար դրամ ամսական «աշխատավարձ»։

Երկրորդ քայլը, որ նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնակատարը ձեռնարկեց՝ իր ամուսնուն՝ Արտակ Դադալյանին իր ծառայողական մեքենայի վարորդ նշանակելն էր, թեև նման հաստիք գոյություն չուներ։ Օրեր անց նաև ամուսնուն պարգևավճար նվիրեց պետբյուջեի հաշվին՝ հետևողականորեն աշխատավայր չներկայանալու համար։ Ընդ որում՝ տևական ժամանակ քոլեջում չգիտեին, որ տիկինն իր ամուսնուն վերցրել է սպասարկող մեքենայի վարորդ, քանզի այդ տղան առհասարակ աշխատավայր չի ներկայանում։

Երրորդ քայլը, որ ձեռնարկեց Արմինե Կոլյանը՝ իրեն սպասարկող մեքենայի անվամբ վառելիքի խնդրի լուծումն էր։ Բայց ոչ թե քոլեջի «Նիվա» մակնիշի մեքենայի, այլ իրենց սեփական մեքենայի համար։

Այսինքն՝ վառելիքը դուրս է գրել կանգնած «Նիվայի» անվամբ, բայց տրամադրել իրենց սեփական մեքենային։

Եվ վեց ամսում ձեռք բերվեց 663 հազար դրամի բենզին (մի մասի համար դեռևս պարտք է լցակայաններին)։ Դրանից 200 հազար դրամի վառելիքը հատկացվեց քոլեջի ավտոբուսին, որը բնական է, իսկ մնացածը՝ տնօրենի ընտանեկան մեքենային։

Ու այդ ամենն այն պարագայում, երբ ՊՈԱԿ–ի նախահաշվում նման ծախս նախատեսված չէր։

Հաջորդ քայլը, որ ձեռնարկեց նորանշանակը՝ իր զառամ մորը (որոշ տեղեկություններով՝ երկու ծննդյան տարեթիվ ունեցող), ով նախկին գյուղքոլեջի դասատուներից էր, նշանակեց նորաբաց ՊՈԱԿ–ի նորաստեղծ բաժիններից մեկի վարիչ՝ տրամադրելով նրան ամենաբարեհարմար սենյակներից մեկը, որտեղ, ըստ քոլեջականների, բացառապես լինում են այդ տիկինը, սենյակի պատերն ու երբեմն–երբեմն՝ իր հացընկերներն ու սրճընկերները։

Եվ երբ տնօրենի գործընկեր–մտերիմները կոչ էին անում նրան՝ չափ դնել սեփական ախորժակի վրա, զերծ մնալ թալանից՝ պատասխանում էր՝ մարդուց պետք է փողի հոտ գա։ Այնուհետև այսպիսի լրացում էր շաղ տալիս (մոտավորապես)՝ իր անպատժելիությունն ընդգծելու համար՝ «քամակս պինդ է», ինձ վերևից տվել են ազատություն՝ ինչ ուզում ես՝ արա, միայն թե Կարեն Լազարյանին վարկաբեկող նյութեր հայթայթիր, կապ չունի՝ սխա՞լ է, ճի՞շտ է, միայն հավաքիր։

Եվ ինքը, իր «պինդ քամակով» սկսեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ․․․ Նույնիսկ տեղյակ էր, թե, օրինակ, Կարեն Լազարյանի ենթադրյալ մտերիմ քոլեջականները երբ և ում են զանգահարել։ Անգամ տեղյակ էր՝ օրը և ժամը նշելով, թե ով է հեռախոսով զանգահարել Կարեն Լազարյանի հորը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Իհարկե, չափազանց կարևոր այդ հարցը փորձում ենք պարզել և կպարզենք, թե պետական ո՞ր ատյանի կամ կապի ո՞ր օպերատորի օգնությամբ են հետևել քոլեջի դասախոսների հեռախոսազանգերին։

Ինչևէ, տեսնելով, որ իր  հավաքած նյութերը հիմնավոր չեն, փաստարկված չեն կամ, ընդամենը, ասեկոսեներ են, Արմինե Կոլյանը դիմում է այլևս գոյություն չունեցող «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի նախկին հաշվապահին՝ Կարեն Լազարյանին վարկաբեկող նյութեր տրամադրելու կամ նրա խոցելի տեղերը հուշելու պահանջով, ինչի դիմաց խոստանալով ամեն ինչ։ Իսկ հակառակ դեպքում՝ սպառնալիք և շանտաժ․․․

Հաշվապահը չի ընկրկում և անտեսում է շանտաժն ու սպառնալիքը՝ հայտարարելով, թե Կարեն Լազարյանի մասին վարկաբեկող նյութեր չի կարող տրամադրել, քանզի նման նյութեր առհասարակ չկան։

Եվ դրանից հետո՝ սթ հունիսի 22-ին, Արմինե Կոլյանին ինչ–որ մարդիկ Գորիսում հրավիրում են հանդիպման (ներկայումս ճշտվում է այդ մարդկանց, ինչպես և ներկա գտնվող ոստիկանի ով լինելը)։

Սեղանին են դրվում կուրսղեկներ Աննա Ամարյանի, Սյուզի Մարգարյանի, Արմինե Բեգլարյանի, ուսմասվար Շուշանիկ Հովհաննիսյանի հավաքած–բերած ասեկոսեները, որոնք էլ տեղ են գտնում շուլալվող հաղորդման մեջ։

Ու Արմինե Կոլյանին թելադրում են տեքստ՝ «հաղորդում հանցագործության մասին», այն էլ՝ իբր իրավաբանական ձևակերպումներով, ինչից Արմինե Կոլյանը հեռու է լուսնային տարիներով։

Եվ այդ «հաղորդումը» նույն օրը պաշտոնապես հանձնվում է ոստիկանության Գորիսի բաժին։

Արմինե Կոլյանին, ըստ տնօրենի մերձավորների տեղեկատվության, հաղորդման տեքստ թելադրողները նաև սպառնացել են, թե ինքն այլևս նախկին վստահությունը չի վայելում իշխանական թիմում, քանզի քոլեջի ոչ բոլոր դասախոսներն են հունիսի 7-ին ձայն տվել ՔՊ–ին։ Իսկ բազմաթիվ դասատուներ հրապարակավ հրաժարվել են մասնակցել մարզպետի հետ հունիսի 4-ին Գորիսում կազմակերպված հանդիպմանը, ինչի վերաբերյալ, ի դեպ, տնօրենին հեռախոսով հիշեցրել է նաև մարզպետարանի հայտնի տիկինը՝ «Հարճ» մականունով։

Եվ այդ ամենը մոռացության տալու ու նախկին վստահությունը վերականգնելու համար խորհուրդ են տվել անպայման ստորագրել հորինված հաղորդումը․․․

Ավելի ուշ տիկին ֆեյքը վերադառնում է քոլեջ և «հուզումնալից» տեսարան բեմադրում՝ արցունքախառն․․․

Մտերիմներին պատմում է, թե իրեն ստիպել են գրել նման հաղորդում՝ հիշեցնելով նաև, որ իր հավաստագիրը կեղծված է, որ իր ընտրությունը կեղծված է, որ քոլեջի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ կեղծված արձանագրություն է ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, որ անցած վեց ամսում պետական միջոցներ է գողացել․․․ Այսինքն՝ եթե ինքը չգրեր նրանց թելադրած հաղորդումը, ապա իր հետ կապված այդ կեղծիքներն ու ֆինանսական խարդախությունները մեկ այլ «հաղորդման» նյութ կդառնային․․․ Եվ ինքը ստիպված է եղել ստորագրել այդ հաղորդումը։

Պատմել է նաև, որ ամուսինը, երբ իմացել է տեղի ունեցածի մասին, հայհոյել է իրեն և անվանել «գործ տվող»։

Մտերիմները հիշեցրել են Արմինե Կոլյանին՝ հաղորդման մեջ տեղ գտած ամեն մի բառը չհիմնավորելու դեպքում իրեն մեղադրելու են սուտ մատնության համար, ինչին ինքը պետք է պատրաստ լինի․․․

Այդ ամենին զուգահեռ տեղի է ունեցել ուշագրավ ևս երկու իրադարձություն, որին պետք է տեղյակ լինի ընթերցողը։

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ը, գործող օրենքների և կանոնադրության համաձայն, տարիներ շարունակ ուսման վարձի զեղչեր է կիրառել ուսանողների առանձին խմբերի համար։

2025 թվականին նույնպես նման հարց է քննարկվել, բայց, պարզվում է, հիմքերն անհետացել են։

Իսկ ս․թ․ հունիսի 25-ին․․․

«Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ի նախկին հաշվապահը, ով մինչև այսօր նորաստեղծ քոլեջի հաշվապահներից է, ցանկացել է որոշակի չափով գումար մուծել պետական գանձարան՝ նախկինում կատարված զեղչերի հետ կապված խնդրին գոնե ժամանակավոր լուծում տալու համար, որի հիմքերը, ինչպես նշեցինք, անհասկանալի հագամանքներում անհետացել են։

Որքան էլ տարօրինակ է՝ Գորիսի բանկերից երկուսում հրաժարվել են այդ գումարն ընդունել՝ պատճառաբանելով, թե իրենց արգելել են ընդունել քոլեջին առնչվող այդ և նման գումարները։

Ի վերջո, մեկ այլ բանկում հաջողվել է վճարել գումարը, որից հետո կանխվել է Արմինե Կոլյանի կողմից հրահրվող ուսանողական բունտը։ Դրան պիտի մասնակցեին պետական քննություն հանձնող այն ուսանողները, ովքեր ուսման վճարները մուծել են զեղչված չափով, բայց զեղչման հիմքերը չեն «պահպանվել», ուստի և չպիտի կարողանային մասնակցել պետական քննությանը։

Եվ երբ ձախողված բունտից հետո փորձել են Արմինե Կոլյանից պարզաբանում ստանալ՝ ինչո՞ւ Գորիսի բանկերից երկուսում հրաժարվել են ընդունել այդ գումարը, պատասխանել է, թե ինքն է հորդորել դատախազությանը՝ արգելելու խնդրո առարկային առնչվող գումարների ընդունումը․․․

Անշուշտ, իրավական գնահատական պետք է տրվի հարցին, թե ո՞ւմ հանձնարարությամբ և ինչո՞ւ Գորիսի բանկերից երկուսում, հակառակ հանրապետությունում գործող օրենսդրության, հրաժարվել են ընդունել ուսանողների զեղչին առնչվող գումարը։ Մի՞թե դատախազությունը կարող էր ինչ–որ Արմինեի հորդորով բանկայի գործարքի արգելանք սահմանել։

Առայժմ՝ այսքանը։ Իսկ թե ինչո՞ւ է պետական մեքենան ամբողջ գործիքակազմով փորձում վարկաբեկել ու պատժել Գորիսի քոլեջի 16 տարվա տնօրեն Կարեն Լազարյանին՝ կներկայացնենք մեկ այլ հրապարակմամբ։

Ընթերցողին կտեղեկացնենք նաև մեկնարկած հետապնդումների հետագա ընթացքի մասին։

ՀԳ-1

Կարեն Լազարյանի դեմ նյութեր հավաքելու, դրանք համակարգելու գործը ոստիկանության Գորիսի բաժնում դրվել է ավագ համայնքային ոստիկանի վրա, որի անուն–ազգանունը ճշտվում է։

Հայտնի է դարձել նաև, որ տվյալ ոստիկանին՝ «Կարեն Լազարյան»  օպերացիային առնչվող և ուրիշների կողմից հորինվող թղթերի տակ ստորագրելու համար խոստացել են պարգևավճար և պաշտոնեական առաջխաղացում։

Այդ ոստիկանն էլ ներկայացրել է հաղորդումը․․․

Ենթադրում ենք, որ այդ հաղորդման իսկությունը կուսումնասիրվի քրեական օրենսդրության տիրույթում։

Բացի դրանից՝ առանձին քաղաքացիական հայցով, որը նախապատրաստվում է, նա պատասխան պիտի տա զրպարտության համար։

Պարզվել է նաև, որ զրպարտիչ ու կեղծարար ոստիկանը հանձնարարականը ստացել է Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանից։ Դա այն ոստիկանապետն է, ով 2025-ի դեկտեմբերի 4-ին՝ ոստիկանական ջոկատով, զավթել է Գորիսի պետական քոլեջի շենքը, սպառնացել դասախոսներին և խուլիգանական արարք թույլ տվել՝ պատրաստակամություն հայտնելով ջարդել քոլեջի տնօրենի աշխատասենյակի դուռը։

Ընդ որում՝ մինչև հիմա նույնիսկ ծառայողական քննություն չի նշանակվել այդ ոստիկանապետ կոչվածի թույլ տրված ինքնիրավչության և ծառայողական պարտականությունները գերազանցելու համար։ Թեև նրա հովանավորներն այդպես էլ չեն գիտակցում, որ ոստիկանապետի կատարածի համար պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չի կարող ունենալ։

ՀԳ-2

Ներկայումս պարզվում են այն մարդկանց անուն–ազգանունները, բնակության վայրի հասցեները (այդ թվում՝ Աննա Ամարյան, Սյուզի Մարգարյան, Արմինե Բեգլարյան, ուսմասվար՝ Շուշանիկ Հովհաննիսյան), ովքեր իբր ուսումնասիրություններ են կատարել ու ներկայացրել քոլեջի տնօրենին և համայնքային ոստիկանին՝ քաղհայցով (զրպարտության համար) դատարան դիմելու համար։

Միևնույն ժամանակ ենթադրում ենք և հույս ունենք, որ քրեական օրենսդրության տիրույթում կպարզաբանվի, թե ուսմասվարը և կուրսղեկներն ինչ շանտաժի արդյունքում կամ տնօրենի կողմից ինչ խոստումների հիման վրա են տեղեկատվություն հորինել։

Քաղհայց է պատրաստվում նաև Արմինե Կոլյանի դեմ՝ զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու հայցապահանջով։

ՀԳ-3

Սույն խմբագրականն այսօր ուղարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին։

17 000 քվեարկություն իրականացվել է գաղտնի․ կրկնաքվեարկության բացառման մեխանիզմներ կա՞ն․ Վարդևանյան

26.06.2026 16:44

Պետական միջոցների հափշտակություն Գորիսի նորաստեղծ քոլեջում․ ֆեյք տնօրենի արկածներից մի քանիսը

26.06.2026 15:57

Արցախցիների՝ Արցախ վերադարձը որեւէ համեմատական չունի ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան

26.06.2026 14:42

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

26.06.2026 12:58

«Գործի քննությունն իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից»․ Արամ Օրբելյան

26.06.2026 12:56

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

26.06.2026 12:41

Իսրայելի կառավարությունում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

26.06.2026 12:22

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

26.06.2026 11:47

ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները

26.06.2026 11:27

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող

26.06.2026 10:38

«Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը». «Ուժեղ Հայաստան»-ը հրավիրում է հանդիպման

25.06.2026 21:30

«Հող ու ջրին ամուր կառչած, հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ բանտում են». Աբրահամյան

25.06.2026 20:17