Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար. Լուկաշևիչ

21.07.2023 15:39
806

Ալյուրի, շաքարավազի պարկեր, մակարոնեղեն, ձեթ... հիմնականում չոր սնունդ են արդեն երրորդ օրը մարդիկ բերում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով այդ ամենը հասցնել պաշարված ու սովի վտանգի առաջ կանգնած Արցախի բնակիչներին։

Միջազգային կառույցի ներկայացուցչության մոտ հավաքվածներից Հասմիկ Իսրայելյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր արդեն պետք է մտածեն, թե ինչպես պահեստավորեն ապրանքը, որ արևի տակ չմնա, չփչանա. - «Ովքեր մտնում են սուպերմարկետ տան առևտուր անելու, հիշեք, որ Արցախում մեր հայրենակիցների մի ստվար հատված կամ գուցե նաև բոլորը սոված են հիմա»։

Մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել։ Սնունդ հավաքելուց բացի, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մի քանի հոգի հացադուլ են հայտարարել։

Այսօր նրանց միացավ նաև մեր զրուցակից Հասմիկը։ Ասում է՝ սա նվազագույնն է, որ կարող է անել միջազգային ուշադրությունից դուրս մնացած արցախցիների համար։ Պահանջ ունեն նաև Հայաստանի կառավարությանը. - «Որպեսզի կառավարությունը դիմի ՄԱԿ-ի պարենային անվտանգությանը։ Ճնշելու ենք, որովհետև իրենք էդ լիազորությունը ունեն, գործիքակազմը ունեն, հայտնվել են շատ ավելի վատ և շատ ավելի փակ դրության մեջ գտնվող երկրներում ու իրավիճակներում»։

ՄԱԿ-ից արձագանք երեք օր է չկա։ Ակցիայի մասնակիցներն ասացին, որ առանձին աշխատողներն պարզապես մոտեցել են, ապրումակցել։

«Ազատության» զանգերը ՄԱԿ-ի Մշտական համակարգողի գրասենյակն առայժմ անպատասխան է թողնում։ Կառավարությունից ևս չեն արձագանքել մեր հարցին, թե սննդի խիստ պակասի պայմաններում Հայաստանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար, դիմե՞լ է արդյոք ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալությանը կամ ռուս խաղաղապահներին։

Հումանիտար խնդիրը քաղաքական ճգնաժամի հետևանքն է, ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամյանը, ով այսօր միացել էր բողոքի ակցիային։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց նաև, որ առաջին հերթին քաղաքական լուծումներ են պետք, մինչդեռ Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով չի նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը. - «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախը համարում են Ադրբեջանի կազմում հայկական համայնք և այլն։ Բնականաբար, սրանք մի կողմից նեղացնում են Հայաստանի Հանրապետության բանակցային հնարավորությունները՝ մոտեցնելով զրոյի, մյուս կողմից մեծացնում են Ադրբեջանի ագրեսիվության հնարավորությունները։ Եվ Ադրբեջանը փորձում է ցանկացած գործընթաց բերել իր օրենսդրության դաշտ»։

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը Լաչինի միջանցքը բացելուն զուգահեռ կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Արցախից մերժում են Բաքվի այդ առաջարկը։

«Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կարող է դիմել ՄԱԿ, ունի՞ այդ լծակը, Աբրահամյանն արձագանքեց. - «Բնականաբար, հնարավորությունը կա։ Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր։ Հայաստանյան իշխանությունները նույնիսկ այնտեղ, որտեղ ինչ-որ քայլ առաջին հայացքից իրականացնում են, բայց այդտեղ էլ հետևողական չեն, չեն կարողանում պաշտպանել։ Եվ շատ դեպքերում որտեղ որ նրանք դիմում են, դիմում են միայն այնպիսի հարցերում, որոնք իրավիճակում որևէ ռեալ փոփոխություն չեն բերում»։

www.azatutyun.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12