Քաջարան քաղաքի համայնքային մանկապարտեզը գտնվում է բարվոք վիճակում: Նախակրթարանը մի քանի տարի է, ինչ վերանորոգվել է, համալրվել նոր գույքով ու խաղալիքներով, լուծվել է նաեւ ջեռուցման հարցը: Դրական առաջընթացի հետ մեկտեղ մանկապարտեզն ունի նաեւ բազում խնդիրներ, չլուծված հարցեր, որոնցից առաջնայինը երեխաներով գերբեռնվածությունն է: Մանկապարտեզը նախատեսված է 80-100 երեխայի համար, բայց այսօրվա դրությամբ հաճախում է 152 երեխա: Ինչպես տնօրեն Հրանուշ Մովսիսյանն է ասում. «Յուրաքանչյուր խմբում կա 30-40 եւ ավելի երեխա այն էլ` 25 երեխայի համար նախատեսված խմբասենյակների պարագայում: Միաժամանակ քաղաքում 170-180 երեխա հնարավորություն չունի հաճախելու մանկապարտեզ` տեղ չլինելու պատճառով»: Նախակրթարանի տնօրենը նաեւ հավելում է, որ ավագ խմբերի երեխաները զրկված են քնելու հնարավորությունից, քանի որ մահճակալների թիվն անբավարար է: Հենց այդ երեխաների հետ էլ քնի ժամին դաստիարակները կազմակերպում են անհատական աշխատանք: Կրտսեր խմբերի երեխաներից շատերն էլ մանկապարտեզում մնում են մինչեւ ժամը մեկը, որից հետո ծնողները նրանց տուն են տանում` ազատ մահճակալ չլինելու պատճառով: Ակնհայտ է, որ քաղաքը եւս մեկ մանկապարտեզի կարիք ունի: Հարցն անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բազմաթիվ երեխաներ` զրկված լինելով մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, իրենց օրն անց են կացնում դրսում կամ էլ ուղղակի ձանձրանում իրենց տներում: