Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես, երրորդ անունը՝ Կորիս-տալիս էր միայն մի մարդ…

13.11.2023 12:17
1741

Լուսավոր հանճար, մշտավառ կանթեղ Ակսել Բակունցն այդ անուններով էր ներկայացնում հարազատ բնօրրանը, որի պատմական կենտրոնի ճարտարապետական նկարագիրը նոր, բարեկարգ և գեղաշուք տեսք է ստանում մեր օրերում…

Աշխատանքների առաջնամասում Ղուկաս Գրիգորյանի «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունն է…

Իրականացվող շինաշխատանքների ընթացքին և արդեն իսկ երևացող արդյունքներին անդրադառնալուց առաջ հիշենք մի հանգամանք. «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը վաղուց արդեն մնայուն հետագիծ ունի Գորիսի տարածաշրջանում: Նրա ձեռագիրը տեսանելի է Տաթև-Աղվանի նորաշեն ճանապարհին (դա Մ2-ի Գորիս-Կապան օկուպացված հատվածին փոխարինող նոր մայրուղու 12,5 կմ երկարությամբ ճանապարհն է): 2020-ին մեկնարկած այդ աշխատանքները (հայտնի պատճառներով որոշ ժամանակ դադար առնելուց հետո) շարունակվել են հետագայում, և այսօր ունենք միջպետական բարձրորակ ճանապարհ:

***

Տեղափոխվենք Գորիս քաղաք, ավելի ճիշտ քաղաքի պատմաճարտարապետական կենտրոնի այն մասը, որի սկզբնական կառուցապատումն արվել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին, ըստ որոշ աղբյուրների՝ 1850-ականներից սկսած…

Տարիների ընթացքում, ժամանակի պահանջներից ելնելով, լրացուցիչ կառուցապատումներ են արվել Զանգեզուրի գավառակենտրոն, ապա Լեռնահայաստանի մայրաքաղաք, շատ կարճ ժամանակ Հայաստանի 1-ին հանրապետության մայրաքաղաք, 1930-95 թվականներին շրջկենտրոն Գորիս քաղաքում:

Ըստ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի՝ 2006 թվականից քննարկումներ էին ընթանում քաղաքի պատմական կենտրոնի հիմնանորոգման խնդրի շուրջ:

Աշխատանքները սակայն սկսեցին 2018-19 թվականներին (ծրագրի պատվիրատու՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, ֆինանսավորումը՝ Համաշխարհային բանկի):

Եվ արդեն կյանքի է կոչվել ծրագրի երկու փուլը. կատարված աշխատանքներին անդրադարձել ենք «Գորիս քաղաքի պատմական կենտրոնը նոր տեսք է ստանում» վերտառությամբ հոդվածում (syuniacyerkir.am կայք, 8 նոյեմբերի,  2023 թ.):

2022 թ. դեկտեմբերին մեկնարկեց ծրագրի 3-րդ և ամենախոշոր փուլը: Մոտ 1,4 մլրդ դրամ արժողությամբ նախագծի իրականացումը վստահվեց «Բիլդեր Քոնսթրաքշն» բարեհամբավ շինկազմակերպությանը:

Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի ղեկավար, համայնքի գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանի կարծիքով՝ մինչև հիմա կատարվել է նախատեսված աշխատանքների 50-55 տոկոսը:

Նոյեմբերի 4-ին մեր ստեղծագործական խումբը՝ շինկազմակերպության ներկայացուցիչ և գորիսյան ծրագրերի պատասխանատու Էդգար Ստեփանյանի օգնությամբ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Միևնույն ժամանակ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը  ստացանք շինկազմակերպության ներկայացուցչից:

***

- Հարգելի Էդգար, Գորիսի պատմական կենտրոն ասվածը ծավալուն տարածք է, դրա ո՞ր մասն է ընդգրկված «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերության աշխատանքների ծրագրում:

- Հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են 15 հազար քառ. մետր (15 հա) տարածք՝ ներառելով Մխիթար սպարապետի հրապարակը, Գուսան Աշոտի և Կոմիտասի (միասին՝ 1200 մ), Օրբելյանների (200 մ), Մաշտոցի (300 մ), Անկախության (80 մ), Գրիգոր Տաթևացու (70 մ), Մակիչի (200 մ) փողոցները:

Ծրագրում ընդգրկված է նաև Վիենի պուրակի կառուցապատումը...

Աշխատանքները սկսել ենք 2022 թ. դեկտեմբերի 15-ից, սակայն եղանակային պայմանները քանիցս դժվարություններ են հարուցել:

Կարծում եմ՝ ծրագիրը կավարտենք 2024-ի առաջին կիսամյակում, եթե, իհարկե, եղանակները նորից չխոչընդոտեն:

- Աշխատանքների համառոտ բովանդակությունը…

- Փոխել ենք լուսավորության ամբողջ համակարգը: Նկատի ունեմ ե՛ւ արտաքին լուսավորությունը, ե՛ւ բնակելի տները սպասարկող հոսանքալարերը:

Կոյուղու հիմնանորոգումն առանձին ծրագրով է իրականացվել, և ոչ մեր կողմից (բացի Գորիս գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքը):

Ջրամատակարարման գծերն էլ ավելի վաղ էին փոխվել:

Մեզ մնացել էին հրապարակների, փողոցների, մայթերի, ջրատար առուների հիմնանորոգումը և ընդհանրապես հիմնական մակերևութային աշխատանքները:

- Ասում եք՝ փողոցների ջրատար առուները նույնպես հիմնանորոգվել են: Գիտե՞ք, դրանք մեր քաղաքի ճարտարապետական դիմագծի ուշագրավ շտրիխներից են…

- Գորիս քաղաքը որոշակի թեք տարածության վրա է սփռված, ջրերը (տարբեր տեղերից) հոսում-լցվում են քաղաքի կենտրոնական մաս: Իսկ անձրևների, հատկապես հորդառատ տեղումների ժամանակ քաղաքում լուրջ խնդիրներ են առաջանում: Ուստի և փորձել ենք այնպիսի լուծումներ գտնել, որ նորմալ առուներ ունենանք՝ նախկին նեղ, երբեմն խցանված կամ քանդված առուների փոխարեն, ու ջրերն ուղղել դեպի Վարարակն գետ՝ չվնասելով փողոցներին, մայթերին:

Առուները որոշակիորեն խոշորացվել ու լայնացվել են փողոցների կամ մայթերի հաշվին:

- Ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում քայլել քաղաքի հիմնանորոգվող փողոցներով, այսօր էլ միասին ենք շրջագայում. տպավորված ենք հատկապես հիմնանորոգված մայթերի վիճակով, թեև դրանք դեռևս վերջնական տեսքի չեն բերվել:

- Մայթերն արվում են մաքուր տաշ բազալտի սալիկներով և բետոնե արհեստական սալիկներով:

Կառուցվում են նաև հեծանվային արահետներ կամ երթուղիներ՝ 6 սմ հաստության տոմետներով (բետոնե սալիկներ):

Տոմետները եզրավորվում են մաքուր տաշ բազալտի սալիկներով՝ 5 սմ հաստությամբ: Եվ դա շատ հետաքրքիր լուծում է, նաև գեղագիտական տեսակետից:

Թատրոնի մուտքի հատվածն էլ ավելի լայն է, որը ոչ միայն մայթ է, այլև ճեմուղի: Շարվածքն էլ ուրիշ տեսակի տոմետով է՝ 10 x 26 սմ չափսի, գունավոր երանգով, կտրման գծերով: Իսկ կտրման գծերը բազալտե եզրաքարեր են՝ 5 սմ հաստությամբ, 10-ից մինչև 30 սմ լայնությամբ: Դրանցով ուրվագծվում են ճեմուղու եզրագծերը:

Կհղկվի-կհարթեցվի միայն բրեկչայով (բազալտի չհարթեցված սալիկներ) կառուցված մասը:

Ի դեպ, մայթերին՝ կտրման գծերով, նաև ծառերի բներն են առանձնացվում:

- Երբ աշխատանքները նոր-նոր էիք սկսել, քաղաքի կենտրոնական մասի փողոցներում հողային աշխատանքներ էին կատարվում, մակերեսային շերտն էր հեռացվում: Այդ փուլում ոչ բոլորին էր հասկանալի կատարվող աշխատանքների բնույթը:

- Այո, 50 սմ խորությամբ հեռացրել ենք մակերեսային շերտը: Հետո արվեց մոտ 15 սմ հաստությամբ ավազակոպճային շերտ, 15 սմ հաստությամբ բետոնե շերտ, այնուհետև տեղադրեցինք 12 սմ-ոց քարեր, որոնք ամրապնդվեցին 3-4 սմ ավազացեմենտային խառնուրդով:

Տեղադրված սալիկները չեն հղկվել, ինքն այդ տեսքը պիտի ունենա՝ խորդուբորդ:

Դիմացկունության տեսակետից այդ մեթոդն ավելի արդյունավետ է, քան ասֆալտբետոնե ծածկը:

Ասեմ նաև՝ փողոցները սալահատակվում են մարմարեցված կրաքարից պատրաստված սալիկներով:

Առկա կոպտությունն ընթացքում կանցնի, իսկ հիմա գլդոն է անցնում վրայով, ու եթե լինեն թույլ տեղեր, ապա կքանդվեն ու կվերաշինվեն:

- Ի՞նչ դժվարություններ եք ունեցել և ունեք, չէ՞ որ քաղաքի բանուկ թաղամասերում եք աշխատում:

- Մինչև դժվարությունները թվարկելը նշեմ՝ խնդիր չենք ունեցել վարպետների, մասնագետների և ընդհանրապես աշխատուժի առումով, շուրջ 40 հոգի ընդգրկված էին աշխատանքներում, որոնց թվում՝ Գորիսի բնակիչներ:

Խնդիր չենք ունեցել և չունենք տեխնիկայի առումով. մեր ընկերությունը հագեցած է ժամանակակից շինտեխնիկայով:

Խնդիր չունենք նյութատեխնիկական մատակարարման հարցում:

Իսկ դժվարությունները նախևառաջ կապված են երթևեկության հետ. երբեմն ստիպված ենք լինում փողոցներ փակել, տեղադրված սալիկների ամրացնելն է ժամանակ  պահանջում, իսկ քաղաքացիներն այդ ամենին ըմբռնումով պետք է մոտենան:

Խնդիրներ ենք ունեցել ստորգետնյա ջրերի հետ կապված: Հողային աշխատանքների ժամանակ անընդհատ գետնի տակից դուրս էր գալիս շոր ջուր, որի հոսքը միշտ չէ, որ կառավարելի է:

Հողային աշխատանքների ժամանակ մի ուրիշ խնդիր էլ կար. նախագծերում որևէ նշում չկար ստորգետնյա կոմունիկացիաների մասին: Օրինակ,  հողի տակով բարձր լարման հոսանքի մալուխներ են անցնում, բայց որևէ զգուշացնող նշան չկա: Անուշադրության դեպքում նույնիսկ մեքենաները կարող էին պայթել:

Հիմա մենք նման բացթողումներ թույլ չենք տալիս...

Երբեմն էլ կանգնում ենք նախագծային փաստաթղթերում շտկումներ կատարելու խնդրի առջև՝ իրավիճակից բխող։

- Ենթադրում ենք, որ շինարարական հրապարակներում գործ եք ունեցել նաև հնությունների, պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունների հետ:

- Գորիսում ամեն քայլափոխի հնարավոր է հանդիպել պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինության, հնության:

Ուշադիր ենք այդ հարցում…

Օրինակ, Կոմիտաս փողոցի վերջնամասից մինչև Վարարակնի կամուրջ ձգվող ճանապարհին երեք ջրաղաց կա. որպեսզի դրանց պատերը չվնասենք՝ ստիպված ենք եղել նույնիսկ ճանապարհի լայնությունը կրճատել:

Մակիչի փողոցի վրա է գտնվում հին բաղնիքի շենքը, որը ժամանակին հրդեհվել է և փլվել: Այդ հատվածում հարկադրված էինք աշխատել փոքր չափսերի տեխնիկայով, որպեսզի որևէ վնաս չպատճառվի կիսաքանդ շինությանը:

Եվ նման ուրիշ օրինակներ…

***

Աշխատանքները դեռևս բուռն ընթացքի մեջ են: Կատարվող և կատարվելիք աշխատանքներից մի քանի տեղամասի կուզենայինք անդրադառնալ առանձին:

Նկատի ունենք նախևառաջ Կոմիտասի փողոցի արևելյան վերջնամասից դեպի Գորիս գյուղ իջնող ճանապարհի կառուցապատումը:

Նաև Ջրաղացների փողոց կոչվող այդ երթուղուց մեր առջև բացվում են Գորիս գյուղի հեքիաթային տեսարանները, Լաստ սարի լանջից խոյացող և երկնքին ձուլված քարե բուրգերը:

Ճանապարհի վրա են Գորիսի երբեմնի ջրաղացներից երեքը, որոնց ներսի կահավորանքը պահպանվել է նախնական տեսքով:

Ճանապարհը հասնում է մինչև Վարարակն գետի այն հատվածը, որտեղ Գորիս գյուղը քաղաքին կապող պատմական կամուրջն է՝ մեր նահապետ Ակսել Բակունցի «Կյորեսում» քանիցս հիշատակված: Ընդ որում՝ կամրջի քարերի մի մասը պահպանվում է:

Շինարարական այդ հրապարակում կատարվող աշխատանքների մասին պատմում է Էդգար Ստեփանյանը. «Մակիչի և Կոմիտասի փողոցների հատման կետից է սկսվում Գորիս գյուղ տանող ճանապարհը՝ 240 մ երկարությամբ: Մի քանի տեղ հենապատեր ենք կառուցում՝ բարքաշով հարդարելով: Դրանց հաստությունը որոշ տեղերում 60 սմ է, ճանապարհի լայնությունը՝ 3-ից մինչև 8 մ՝ կախված տեղանքի հնարավորությունից:

Ոչ վաղ անցյալի այդ արահետով նաև մեքենաներ են այլևս երթևեկելու: Թեքությունը շատ մեծ է, և յուրահատուկ լուծում կտանք…»:

Աշխատանքի հաջորդ տեղամասը, որտեղ շինարարական եռուզեռ է այս օրերին, քաղաքի ամենակենտրոնն է՝ Մխիթար սպարապետի հրապարակը: Կարելի է ասել՝ քաղաքի ոչ մի անկյուն այնքան հարուստ վկայություններ չունի Գորիսի պատմության վերաբերյալ, որքան այդ հրապարակը (Մխիթար սպարապետի անունը հրապարակին շնորհվեց 1980-ականների սկզբին՝ Ռոբերտ Ալեքսանյանի նախաձեռնությամբ):

Կենտրոնում 1982-83 թթ. կառուցված շատրվաններն են (նախագծի հեղինակ՝ Մեսրոպ Հարությունյան, կառուցողներ՝ Գուրգեն Բադիրյան ու Էմիլ Բուդաղյան): Վերջին անգամ շատրվանները վերանորոգվել են 2010-11 թթ.՝ Սուրեն Խաչատրյանի և Նելսոն Ոսկանյանի նախաձեռնությամբ:

Հրապարակի արևելյան կողմի շենքի երկրորդ հարկից (Բադիրյանների շենքից) պատշգամբ է բացվում, որտեղից 1918-19 թթ. քանիցս ելույթ է ունեցել Զորավար Անդրանիկը: Շարունակությունն այն շենքն է, որտեղ 1918-20 թթ. գործել է Զանգեզուրի ազգային խորհուրդը՝ Միքայել Պարոնյանի գլխավորությամբ:

Հյուսիսային կողմը երիզում է որոշակիորեն երկար շինությունը, որը 1920-21 թթ. նստավայրն էր Սպարապետ Գարեգին Նժդեհի և ընդհանրապես Լեռնահայաստանի կառավարության:

Արևմուտքից Պասաժն է՝ հրապարակի ճարտարապետական զարդը (19-րդ դարավերջին կառուցել են Կապանի Շիկահող գյուղից Գորիսում բնակություն հաստատած Մելիք-Նուբարյանների գերդաստանի ներկայացուցիչները):

Հրապարակն իր մեջ եզակի հուշեր է պահում Գուսան Աշոտի, Սերո Խանզադյանի մասին:

Այս հրապարակում զգացվում է Գորիսի հավիտենականության շունչը, այստեղից են ձգվում դեպի քաղաքի բոլոր ծագերը տանող ճանապարհները՝ Ղաթրինի և Շորին ձորեր, Օփավորի քերծ և Գյավուրի բերդ, Դրնգանի և Հյումբաթի ձորեր, Թոզ կապ ու Ցորտ աղբյուր, Վանքի տափ ու Սինդարա...

Այստեղից պարզորոշ երևում են քաղաքը երիզող լեռնագագաթներն ու բերդերը, որոնցից ոչ միայն հայրենատիրության ու արժանապատվության զանգն է անվերջ հնչում, այլև հորովել է ծորում՝ Գլուխ Ձագեձորո, Պորտատուր, Պղնձաքար, Լաչին քարափ...

Ներկայումս կատարվող աշխատանքները հույս են ներշնչում, որ Մխիթար սպարապետի հրապարակը՝ նորացված և հաճելի տեսքով, այսուհետ ևս արթուն կպահի Գորիսի պատմությանն առնչվող հուշերը:

Ոչ պակաս հետաքրքրություն է ներկայացնում շինարարական հաջորդ հրապարակը՝ Գորիսի պատմական բուլվարը, որի հյուսիսային մուտքը Յոթն աղբյուրն է՝ 1943-45 թթ. կառուցված (մինչև հիմա պահպանվում է կառուցման ընթացքն արտացոլող լուսանկարը՝ Քթանին Աթունն է, Սմբատ Մինասյանը, նախագծի հեղինակն էլ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր), արևելյան հատվածում՝ Մշակույթի կենտրոնին զուգահեռ, Վիենի պուրակն է:

Բուլվարի հարավ-արևելյան հատվածում 1897 թ. կառուցված և 1926 կամ 28 թվականներին քանդված Սուրբ Նիկողայոս եկեղեցու հիմքերն են:

Աշխատանքները նոր-նոր են սկսվում և, անկեղծ ասած, չափազանց հետաքրքրիր է, թե ինչ տեսք է ունենալու Գորիսի քաղաքային զբոսայգին:

***

Գորիսի պատմական կենտրոնում կատարվող հիմնանորոգման աշխատանքներին ամիսներ առաջ՝ օգոստոսի 19-ին, ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանրապետության քաղաքաշինության և տարածքային կառավարման պատասխանատուների մասնակցությամբ:

Աշխատանքների ընթացքը ներկայացրել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Գրիգորյանը (գլխավոր լուսանկարում):

***

Երբ մեր ստեղծագործական խումբը ծանոթանում էր Գորիսի պատմական կենտրոնում կատարվող աշխատանքներին, քանիցս մեզ մոտեցան մեր համաքաղաքացիները և դրվատանքի խոսքեր ասացին շինարարական ընկերության հասցեին: Ոմանք էլ, գորիսյան ավանդույթներին հավատարիմ, մեզ ու Էդգար Ստեփանյանին հյուրասիրել էին կամենում՝ իբրև շինարարների հանդեպ հարգանքի արտահայտություն:

Իհարկե, հաճելի էր նման վերաբերմունքի արժանանալը: Բայց ավելի հետաքրքիր ստացվեց Մխիթար սպարապետի հրապարակում քարահունջեցի Էդիկ Աղաբեկյանի հետ պատահական հանդիպումը: Ինքն էլ հիացմունք արտահատեց կատարվող աշխատանքների վերաբերյալ, և սահյանական պոեզիայի աշխարհից (փոքրիկ իմպրովիզացիայով) մի թանկ պատառիկ ասմունքեց մեզ համար՝ այնքա՜ն հոգեհարազատ ու սրտառուչ՝

Այստեղ սարեր կան սարերի վրա,

Եվ ձորերի մեջ ձորեր կան մթին,

Ես չեմ հավատում իմ մայրամուտին…

Այս իմ աշխարհն է, և ես եմ նրա

Քարերից բուսած զինավոր որդին…

 

Սամվել Ալեքսանյան

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10