Շուշիի խայտառակ հռչակագիրը և Սյունիքը…

22.02.2022 15:44
9147

Սյունեցիներիս հետաքրքրող այդ հարցի շուրջ փետրվարի 21-ին զրուցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ու  «Սյունյաց Երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Դավիթ  Բաբայանը  ծնվել է 1973թ. Ստեփանակերտում:

Բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Կենտրոնական եվրոպական համալսարանում:

Պատմական գիտությունների դոկտոր է:

Արցախի պահպանողական կուսակցության նախագահն է:

2007-20թթ.  ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն էր:

2020թ. մայիսի 26-ից Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդականն էր:

2021-ի հունվարի 4-ից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է:

 

***

-Պարոն Բաբայան, նախ՝ շնորհակալություն մեր պարբերականին հարցազրույց տալու պատրաստակամության համար:

 Ուզում ենք Ձեր օգնությամբ լույս սփռել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021թ. հունիսի 15-ին ստորագրված Շուշիի համագործակցության պայմանագրի վրա:

 Սկսենք մի մանրուքից, եթե, իհարկե, դա այդպես կարելի է անվանել՝ կա՞ հռչակագրի հայերեն պաշտոնական թարգմանությունը. ռուսերեն և ադրբեջաներեն տարբերակները տարածված են ...

-Ինքս էլ  շնորհակալ եմ, որ մենք այսպիսի կապի մեջ ենք, կարծում եմ՝ շատ կարևոր է մեր կապը սերտ պահելը՝ Արցախի և Սյունիքի տարբեր ոլորտների միջև: Ի վերջո Արցախն ու Սյունիքը հայոց պետականության հիմքն են:

Շուշիի հռչակագրի հայերեն տարբերակը, կարծում եմ, կարող էր լինել, բայց քանի որ կան ռուսերեն և անգլերեն տարբերակները, ադրբեջաներենը մի կողմ դնենք, կարելի է դրանով բավարարվել, չնայած պետք է նաև թարգմանվի հայերեն...

-Ինչո՞վ էր պայմանավորված ռազմաքաղաքական համագործակցության նոր փաստաթղթի ստորագրումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև, չէ՞ որ, առանց այդ էլ, նրանց համագործակցությունը պատշաճ մակարդակի վրա էր:

-Այո, նրանց համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, բայց շատ կարևոր էր, որ համագործակցությունը նոր ձևով ֆիքսվեր ու արձանագրվեր հենց Շուշիում: Դա ոչ թե պատահականություն էր, այլ հատուկ՝ այսպես ասած ուղերձ  աշխարհին, ուղերձ Ադրբեջանին, Թուրքիային և ինչ-որ տեղ՝ թուրքական աշխարհին: Որովհետև այդ պայմանագիրն իր մեջ, փաստորեն, ամրագրում է նոր իրականությունը: Ասել է թե՝ Ադրբեջանը և Թուրքիան այլևս հանդես են գալիս որպես մեկ աշխարհաքաղաքական սուբյեկտ, ու այդ սուբյեկտի միասնական աշխարհաքաղաքական հայեցակարգը, ծավալապաշտական ձգտումները  նույնպես պարզ են...  Եվ այն, որ համաձայնագիրը ստորագրվեց Շուշիում՝ նաև ցույց է տալիս, թե ինչպիսի կարևորություն են նրանք հատկացնում  ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի որ՝ եթե այդ հակամարտությունը կարգավորվի  հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի, ապա դա կբերի այնպիսի մեծ հաղթանակի իրենց համար և այնպիսի հնարավորություններ կստեղծի, որ դրանից հետո ծավալապաշտական ծրագրերը  շատ ավելի հեշտ կլինեն կյանքի կոչել, ինչը մեծ վտանգ կներկայացնի հայոց պետականության համար: Ադրբեջանաղարաբաղյան  հակամարտության  համար ցանկալի լուծումը (նրանց համար) այն է, որ Արցախը վերանա... Դա կբերի հայոց պետականության ապամոնտաժմանը և կործանմանը, դա կբերի հսկայական տրանսֆորմացիաների, աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության  Կովկասում,  Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում, այսինքն՝ կհանգեցնի  մի նոր պայթունավտանգ իրավիճակի ձևավորման:

-Հիմա՝ Շուշիի հռչակագրի բովանդակությունը՝ համառոտ

-Այդ փաստաթուղթն իրենից ներկայացնում է հետևյալը՝  Թուրքիան և Ադրբեջանն արդեն հանդես են գալիս  որպես մեկ միասնական աշխարհաքաղաքական միավորում, իրենց արտաքին և ռազմական քաղաքականությունը դարձնում են ընդհանուր: Նշում են, որ իրենց համար շատ կարևոր է, որ միավորեն նաև թուրքական այլ երկրներ,  ինչն աշխարհաքաղաքական հայտ է: Դա է ամենակարևորը...

-Հռչակագրում անթաքույց են հավակնությունները Սյունիքի հանդեպ...

- Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի դրույթը նույնպես  տեղ է գտել Շուշիի հռչակագրում, ու դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչպիսի կարևորություն են նրանք տալիս Արցախին և Սյունիքին: Որովհետև այս երկու տարածքը յուրացնելով կամ գրավելով, բնական է, վերջ կտրվի հայոց պետականությանը, և տարածաշրջանում արմատապես կփոխվի  ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը: Եվ ուրեմն, հաշվի առնելով այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք  հասկացության բուն էությունը,  հռչակագիրն անմիջական վտանգ է առաջացնում Սյունիքի նկատմամբ, ինչին պետք է  շատ լուրջ վերաբերվենք ու ըստ արժանվույն հակադարձենք:

-Հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես եկան հայտարարություններով, Էրդողանն էլ ելույթ ունեցավ Ադրբեջանի խորհրդարանում՝ ներկայացնելով Շուշիի հռչակագրի նշանակությունը:

Արդյո՞ք հավելումներ արվեցին արդեն իսկ ստորագրված փաստաթղթին, թե՞...

- Ուրեմն տեսեք՝ այդ հայտարարությունները, խորհրդարանների կողմից փաստաթղթին հավանություն տալը՝  զուտ արարողակարգային բնույթ են կրում, բայց դրանով ևս մեկ անգամ վերհաստատվում է հռչակագրի կարևորությունը: Ուստի և՝ տեղի ունեցածը փաստորեն նման է, ասենք, այն վիճակին, երբ դաշինքներ էին ստեղծվում Երկրորդ աշխարհամարտից առաջ, Առաջին աշխարհամարտից առաջ: Այնպես որ՝ հռչակագիրն ունի տարածաշրջանային և գլոբալ նշանակություն:

-ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ:

Մենք տեղյակ ենք միայն ՀՀ արտգործնախարարության 2021թ. հունիսի  17-ի մեկնաբանությանը:

- Կարծում եմ՝ ճիշտ կլիներ Երևանի պաշտոնական դիրքորոշումը  հենց իրենցից ճշտեիք, դա ավելի ողջամիտ կլիներ:

-Արցախի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման մասին...

-Մենք այդ քայլը համարում ենք շատ վտանգավոր,  համարում ենք ապակառուցողական և այդ մասին բազմիցս հայտարարել ենք:

-Շուշիի հռչակագրի վերաբերյալ կա՞ն ուրիշ երկրների արձագանքներ, ասենք՝ Ռուսաստանի Դաշնության արձագանքը, որ մեզ հետաքրքրում է նախևառաջ:

-Գիտեք՝ գերտերություններն ունեն աշխարհաքաղաքական պայքարի իրենց դպրոցը, իրենց ոճը և փորձը: Կա չգրված օրենք.  չեմ կարծում, թե այդ հռչակագիրը և դրանում ամրագրված նպատակներն անտեսվել են որևէ մեկի կողմից, մանավանդ որ կան երկրներ, որոնց շահերին նույնպես դա առնչվում է, որոնց անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում Շուշիի հռչակագիրը: Բայց դա չի նշանակում, թե իրենք պետք է անպայման հրապարակային արտահայտվեն: Ամենակարևորը՝ համարժեք  քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի այդ վտանգներին կարողանան դիմակայել...

-ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Շուշիի խայտառակ հռչակագիրը դատապարտելու նախագծին...

Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտան ՀՀ Աժ-ում այդ փաստաթղթի քննարկումն ու դատապարտումը:

-Ընդհանրապես նման հարցերի, նման փաստաթղթերի, նման աշխարհաքաղաքական հայտերի քննարկումը շատ կարևոր է և՛ քաղաքական, և՛ գիտավերլուծական շրջանակների կողմից, բայց առավել կարևոր է իսկապես պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելը: Դրա համար մենք միշտ շեշտում ենք՝  արտաքին քաղաքականության մեջ պետք է շատ մեծ դերակատարություն ունենա գիտական ու պրոֆեսիոնալ ներուժը: Որովհետև բազում մարդիկ կան, ովքեր իրենց քաղաքագետի տեղ են դնում... Պետք է փոխենք այդ ոճը, և արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումները քննարկենք, դիտարկենք  գիտական ներուժի և պրոֆեսիոնալների ներգրավմամբ...

-Եվ, այդ բոլորով հանդերձ, ի՞նչ անել, չէ՞ որ խոսքն Արցախի և Սյունիքի դեմ ռազմաքաղաքական նոր նկրտումների մասին է:

-Պետք է իրականությունից չկտրվենք, պետք է հասկանանք՝ ինչ գործընթացներ են ընթանում ու պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, այլ տարբերակ չունենք: Եվ հասկանանք, որ այսպիսի բարդություններ մենք միայնակ ի վիճակի չենք հաղթահարել: Մենք պետք է գիտակցենք՝ այդ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է եղբայրական-բարեկամական երկրների հետ կապերը խորացնել, տարբեր խաղացողների հետ ընդհանուր շահեր փնտրել, և միայն ճիշտ աշխարհաքաղաքականության միջոցով հնարավոր կլինի կասեցնել այդ վեկտորները: Այնպես չէ, որ հնարավոր չէ, բայց դա կախված է մեր աշխատանքից, մեր բարոյահոգեբանական և պրոֆեսիոնալ մակարդակից:

-Վերջին  հարցը, որ անուղղակի է առնչվում  մեր զրույցի թեմային. Ձեր գնահատականն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ Ադրբեջանի դատախազության ձեռնարկած քայլերին:

-Ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական հայտ: Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն առևանգելու, նրա դեմ մահափորձ կատարելու, ինչու չէ, տարբեր ամենավատ բաներ կատարելուն միտված քայլ է: Անձերի խնդիրը չէ այս պարագայում, դա ոտնձգություն է Արցախի պետականության հանդեպ, քանզի նախագահի ինստիտուտը պետական ինստիտուտներից մեկն է: Միևնույն ժամանակ՝ դա ահաբեկչություն է Արցախի քաղաքացու նկատմամբ, որովհետև նախագահը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է: Այսինքն՝ և՛ պետականությանը, և՛ ժողովրդին է փորձում հարվածել Ադրբեջանը: Հետևաբար՝ դրան պետք է զգույշ, լուրջ վերաբերվենք, և ամեն հարթակում ու ատյանում բարձրաձայնենք այդ մասին,  որովհետև դա, կրկնում եմ, պետական ահաբեկչություն է ու վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին...

Եղեգնաձորն ու Վայքը մեր երկրի համար հսկայական ներուժ ունեցող շրջաններ են, բայց այդ ներուժն այսօր դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում․ Նարեկ Կարապետյան

11.05.2026 23:13

Արման Թաթոյանը բացահայտում է իր անցած ճանապարհի ամենակարևոր դրվագները, կյանքի դասերն ու քաղաքականություն մտնելու իրական պատճառները

11.05.2026 23:06

Մարդիկ նայում են և ասում՝ պետության համար բանակն առաջնահերթ չէ, հակառակ դեպքում պարեկն ավելի բարձր աշխատավարձ չէր ստանա․ Ռոբերտ Քոչարյան

11.05.2026 21:01

Գյուղացիների աշխատանքը պետք է ստաժ համարվի․ Ագնեսա Խամոյան

11.05.2026 20:57

Վայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու․ Ուժեղ Հայաստան

11.05.2026 20:47

16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ

11.05.2026 20:39

Ժամանակն է որ, լսենք նրանց ովքեր Հայաստանի համար բերում են ռազմավարական լուծումներ. Լևոն Զուրաբյան

11.05.2026 20:32

Ամոթ է, որ այս մարդն է հայերին ներկայացնում այսօր, վիզը ծուռ՝ կանգնում է Ալիևի մոտ, Էրդողանի գիրքը գրկում․ Աննա Գրիգորյան

11.05.2026 20:15

Փոփոխությունը բերել ենք Ագարակ. Ուժեղ Հայաստան

11.05.2026 20:05

Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Արման Թաթոյան

11.05.2026 19:09

«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են

11.05.2026 18:49

Աշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու․ Նարեկ Կարապետյանn Ագարակում

11.05.2026 18:18