Քրիստոնեական եկեղեցու հետքեր Շղարշիկ գյուղում

27.04.2026 11:26
927

Կապան քաղաքի արեւմտյան ծայրամասում  գտնվող այդ գյուղը, որ հիմա մարզկենտրոնի թաղամասի կարգավիճակ ունի, 1990 թվականից է կրում Շղարշիկ անունը։

Մատենագիտության մեջ գյուղանունը հիշատակվում է մի քանի տարբերակով՝ Շհարջիկ, Շահարժիկ, Շահարջիկ, Շղարջիկ, Շղարջիկ Վերին, Քաղաքիկ․․․

Հնում զուտ հայկական գյուղ էր։

Ղեւոնդ Ալիշանի, ինչպես եւ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքի թարգմանության, ներածության եւ ծանոթագրությունների հեղինակ Ա․ Աբրահամյանի կարծիքով՝ ենթադրվում է, որ Շղարշիկը Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Շեկք կամ Շեքքս գյուղն է, որ հիշվում է Բաղքի գյուղերի շարքում՝ Տաթեւի վանքին տրվելիք 12 միավոր հարկաչափով։

Գյուղը հայոց 360 թվականին (911 թ․) կառուցված Վահանավանքի դիմացին է գտնվում եւ մերձակա բնակավայրերի հետ միասին տրվել է Վահանավանքին՝  Աչխլու (Աչաղուագետ), Արավայր․․․

Այսինքն՝ գյուղը տեւական ժամանակ վանքապատկան է եղել․․․

Շղարշիկը հետաքրքրել է Րաֆֆուն։

Ահա, թե ինչ է գրում Ղեւոնդ Ալիշանը՝ «Րաֆֆին («Դավիթ Բեկ» վեպում) Աչաղվա բերդը նույնն է համարում այժմ Ղըրղալա կոչվածի հետ, որ կոնաձեւ քարաժայռի գագաթին է, գետի ձախ կողմում՝ մորեններով շրջապատված, ուր կան աղյուսաձեւ տների ավերակներ, արեւելքից եւ արեւմուտքից պարիսպների երկու դռներ, որոնցում կան անցքեր նետաձգության եւ ռմբաձգության համար։

Այդ կողմերի բնակիչները պատմում են մի ծերունազարդ իշխանի (մելիքի) այնտեղ եւ մեկ այլ տեղ նրա դստեր բնակվելու մասին, որի պատճառով այդ մասը կոչվում է Ղըզղալա (Աղջկա բերդ)։ Հոր մահից հետո աղջիկը տեղափոխվում է մյուս բաժին եւ ապա հեռանում այլ վայր, բայց հետագա դարերում մոտակա բնակիչները մարտերի եւ վտանգի ժամանակ ապավինում էին այդ ամրոցին»։

Գյուղի պատմությանն անդրադարձել է նաեւ երջանկահիշատակ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին՝ «Պատահական հողային աշխատանքներ կատարելիս Շհարջիկում հնավայր է հայտնաբերվել՝ հեթանոսական մեհյան․․․

Գյուղի արեւելակողմում գտնվող ձորի կամարակապ կամուրջը կառուցել է առաջաձորցի վարպետ Կաբին»։

2026 թ․ ապրիլի 25-ին մեր ստեղծագործական խումբը Շղարշիկում էր...

Մեզ ընկերակցեցին քաղաքի թաղամաս դարձած գյուղի պատասխանատու Սուրեն Աղասյանը եւ թաղամասի բնակիչ  Առնոլդ Սարգսյանը, ով տարածաշրջանին քաջածանոթներից էր։

Մենք նախ եղանք հայկական գերեզմանոցի հարեւանությամբ երբեւէ գտնվող եկեղեցու տեղում, որի հետքերը պահպանվել են, որտեղ հիմա էլ գյուղաբնակները մոմավառության են գնում։

Եկեղեցին ժամանակին ավերվել է մեր կողմեր ներխուժած հնօրյա ասպատակների կողմից։

Պահպանվել են ոչ միայն սրբավայր-շինության պատի հետքերը, քարեր, այլեւ գերեզմանների հետքեր՝ մերձակայքում։

Առնոլդ Սարգսյանը մեզ փոխանցեց թաղամաս-գյուղի նախկին պատասխանատու Շահեն Բաբայանի՝ տարածաշրջանի ավագներից լսած պատումը, թե իբր գյուղամիջով՝ հյուսիսից հարավ ձգվող ձորի եզրին եղել է եւս մեկ քրիստոնեական եկեղեցի, որն ավերել եւ հողածածկ են արել այնտեղ ժամանակավորապես բնակվող ազերիները։

Գյուղի հյուսիս-արեւմտյան կողմում է գտնվում Աղջկա բերդը, որտեղ, ինչպես արդեն նշեցինք, 1881-ին այցելել է նաեւ Րաֆֆին։

Ոմանք դա նույնացնում են Աչաղու գյուղի արեւելյան կողմում գտնվող Կկոց բերդի հետ։

Թեման, անշուշտ, լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի։

Ի դեպ, Կկոց բերդը մեզ հայտնի է Սյունիքի թագավորության պատմությունից։

Ստեփանոս Օրբելյանը, պատմելով «բոլորի ապավեն ու ապաստան անառիկ Բաղաբերդ ամրոցի» գրավման մասին, նշում է՝ իսմայելական զորքը չկարողանալով գրավել Բաղաբերդը՝ «․․․ խաբեական խոսքով խաբեց աչաղվացի պարզամիտ քրիստոնյա մարդկանց ու նրանց միջոցով նաեւ գրավեց Կկոց քարը, ապա․․․» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 279)։

Շղարշիկից վերեւ գտնվող բերդը մեր սիրելի Ռոբերտ Էջանանցին Շեկք ամրոց է կոչել․ ամրոցն այդպես կոչելու հիմքեր, սակայն, չգտանք։

Թաղամաս-գյուղի հյուսիս-արեւելյան կողմում է գտնվում Խնկոց (Խնկաց)  եկեղեցին կամ վանքը, որին անդրադարձել ենք վերջերս, որտեղ (բացի մեր այցելած երթուղուց) կարելի է այցելել նաեւ գյուղամերձ բարձունքներով ձգվող ոլորապտույտ արահետներով։

Սուրեն Աղասյանը ներկայացրեց նաեւ մի ավանդազրույց՝ գյուղամիջով (հյուսիսից հարավ) ձգվող ձորի մասին, որ կոչվում է Գայանաձոր։

Այդ ձորով է հոսում փոքրիկ մի գետակ, որի անունը ճշտել չհաջողվեց, որը, սակայն ցամաքում է ամառվա ամիսներին։

Այդ ձորում եւ այդ գետակի վրա է Ռոբերտ Էջանանցու հիշատակած միջնադարյան կամուրջը, որտեղ նույնպես եղանք․ ժամանակին այդ կամրջով է անցել Կապան-Քաջարան ճանապարհը։

 

Սամվել Ալեքսանյան

 

 

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05