Խաչի խորհրդաբանական իմաստի և նշանակության, ինչպես նաև քրիստոնեական այլ սիմվոլների մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Բարեշնորհ Արթուր սարկավագ Աբգարյանը (այժմ Տեր Աբգար քահանա Աբգարյան):
-Ի՞նչ է սիմվոլը կամ խորհրդանշանը:
-Ըստ ստուգաբանության` «սիմվոլը» կամ «խորհրդանշանը» ծագում է հունարեն συμβόλόν բառից, որը նշանակում է «իրական նշան, որ ունի պայմանական և խորհրդավոր նշանակություն»: Սիմվոլը նաև նշանակում է գեղարվեստական պատկեր, որը մարմնավորում է գաղափար և ապրում: Իսկ հայ մատենագիրների բացատրության համաձայն սիմվոլը` նշանը, պայմանապես արտահայտում է մի գաղափար, ինչպես առյուծը սիմվոլ է հզորության, խարիսխը` հույսի, խաչը` հավատի:
-Կխնդրեի խոսել առաջին սիմվոլիկ ստեղծագործությունների մասին. ինչո՞վ էր պայմանավորված և անհրաժեշտ դրանց գործածությունը:
-Առաջին դարերում Քրիստոնեական Եկեղեցին Հռոմեական կայսրության հալածանքներից պաշտպանվելու խնդիր ուներ: Նման տագնապային իրավիճակում Եկեղեցին պետք է ամրապնդեր իր անվտանգության միջոցները և պատսպարվեր ցանկացած տհաճ դիպվածից, որը կարող էր հանկարծակիի բերել ու վնասել ողջ համայնքին: Հալածանքները նպաստեցին, որպեսզի քրիստոնյաները ստեղծեն մի ամբողջ խորհրդանշական (սիմվոլիկ) լեզվահամակարգ, որն անհասկանալի էր անգամ նորադարձներին և օգտագործվում էր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցության մեջ: Այդ շրջանում խորհրդանշանը կրում է գաղտնագրության բնույթ, որը թույլ է տալիս հավատակիցներին ճանաչել միմյանց: Ինչպես գրում է Ումբերտո Էկոն. «Վաղ քրիստոնեությունը իր հոտին սովորեցնում էր հավատի հիմունքները հասկանալ խորհրդանշանների միջոցով և այդ ամենը անում էր զգուշությունից ելնելով, ինչպես օրինակ հալածանքներից խուսափելու համար ձկան գաղտնագրի օգտագործումը»:
Քրիստոնեության առաջին դարերում եկեղեցական սիմվոլիկան հիմնականում պատկերագրական էր, և սիմվոլ էին համարվում կատակոմբների պատերին պատկերված առարկաները, ինչպես օրինակ` ձուկը, խաղողի վազը, խաչը, սիրամարգը, արծիվը, փյունիկը, կամ ավետարանական պատմությունները, որոնք ևս սիմվոլիկ նշանակություն ունեին: Այդ ժամանակ քրիստոնեական արվեստը չէր ենթարկվում խիստ կանոնի, այդ պատճառով կատակոմբների պատերին իրար կից կային անտիկ և քրիստոնեական մոտիվներ` հինկտակարանյան դրվագներ և ավետարանական պատկերներ: Այդ` արտաքինից հասարակ նշանները և պարզ դրվագները կատակոմբների բնակիչներին հաղորդ էին դարձնում Բարի Լուրին, օգնում են հասկանալ թե ինչ է չարն ու բարին, ճշմարտությունը և սուտը, կյանքը և մահը, փրկությունը և կործանումը:
-Որո՞նք են քրիստոնեական՝ առավել գործածված սիմվոլները. ի՞նչ ծագում և խորհրդաբանական իմաստ ունեն:
-Քրիստոնեության մեջ ամենատարածված խորհրդանշաներից մեկը ձուկն է, որը, բացի իր խորհրդավոր իմաստներից, վաղ շրջանում քրիստոնյաների համար ծառայում էր նաև որպես գաղտնի միջոց` հավատակիցներին հայտնաբերելու, ճանաչելու համար:
Քրիստոնյաների կողմից ձկան խորհրդանշանի կիրառումը պայմանավորված էր նրանով, որ այն բազմիցս հիշատակվում է Նոր Կտակարանում: Ավետարանիչները վկայում են, որ Քրիստոս Իր քարոզներում երբեմն օգտագործում էր ձկան սիմվոլը: Սակայն ձկան սիմվոլի կիրառումն ուներ նաև մեկ այլ հիմք: Այն հինգ տառերի նշանակությունը, որոնցից բաղկացած էր հունական Ιχθυς (ձուկ) բառը, եթե վերծանելու լինենք կստանանք հետևյալը.
Ιεσους – Հիսուս
Χριστοσ- Քրիստոս
Θεου-Աստծո
Υίος — Որդի
Σωτής-Փրկիչ
Այս խոսքերն արտահայտում են Քրիստոսի Աստվածությունը և Նրա փրկարար առաքելությունը, այսինքն` ներկայացնում է քրիստոնեական դավանաբանության կարճ ձևը: Այսպիսով` ձկան առաջին և հիմնական նշանակությունը Քրիստոսն է:
Աղավնի: Ծննդոց գրքում պատմվում է, թէ ինչպես աղավնին Նոյին բերեց կանաչ ձիթենու ճյուղը, որով տեղեկացրեց նրան համաշխարհային ջրհեղեղի ավարտի մասին (Ծննդոց Ը 11): Այս ամենից հետո աղավնին` ձիթենու ճյուղը կտուցին, դարձավ խաղաղության խորհրդանշանը: Ծննդոց գրքում նկարագրված պատմության համաձայն աղավնին համարվեց նաև խորհրդանշանն Աստծո ողորմածության, ինչպես նկատում է Տերտուղիանոսը. «Երբ աղավնին վերադարձավ տապան ձիթենու ճյուղով, այն ոչ միայն ավետիսն էր խաղաղության, այլև հասկացնել տվեց, որ Աստծու բարկությունը փոխարինվել է ողորմությամբ»:
Քրիստոնեության մեջ աղավնին մաքրության, անաղարտության, ազնվության ու բարության խորհրդանիշն է: Այն աղերսվում է նաև Հորդանանում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ, և կատակոմբների պատերին ևս մկրտության դրվագում Սուրբ Հոգին պատկերվում էր աղավնու տեսքով:
Սուրբ Գրքում աղավնին հաճախակի հիշատակվում է նաև որպես միամտության, անմեղության, հավատարմության, նաև` մաքուր հոգու խորհրդանիշ: Եվ պատկերագրության մեջ էլ հաճախ կարելի է հանդիպել, երբ մարտիրոսներին, ճգնավորներին պատկերում են բերանից դուրս թռչող աղավնիներով:
Գառ: Գառան կերպարը Հիսուս Քրիստոսի սիմվոլիկ պատկերն է և Նրա զոհաբերության հինկտակարանյան նախատիպը (Աբելի զոհաբերության, Աբրահամի զոհաբերության, զատկական զոհաբերության դրվագներում): Հրեական զատկական արարողությունների ժամանակ հրեաները ճաշակում էին զատկական գառը, որի արյունը համարվում է հրեա ժողովրդի փրկության խորհրդանշանը: Մարգարեները Գառ էին անվանում սպասված Մեսիային, որը մաքրելու էր հրեա ժողովրդի մեղքերը:
Նոր Կտակարանյան տեքստերը մեզ ներկայանում են հրեական Զատկի այլաբանական իմաստով, ուր Քրիստոս զատկական Գառն է, իսկ քրիստոնյաները ճշմարիտ բաղարջներն են, որոնք կանչվում են` նշելու նոր Զատիկը: Եվ ինչպես զատկական գառը նշան եղավ փարավոնյան ծառայությունից հրեաների փրկվելուն, նույնպես Քրիստոս նշան եղավ մեղքի գերությունից մարդկության ազատվելուն:
Ձիթենի: Գրեթե բոլոր մշակույթներում ձիթենին համարվում է խաղաղության, հաղթանակի, ուրախության և իմաստության խորհրդանիշը: Հույներն, օրինակ, սովորություն ունեին ձիթենու և դափնու պսակներով պատվել այն ըմբիշներին, որոնք հաղթանակել էին օլիմպիական խաղերում: Իսկ հրեական և քրիստոնեական մշակույթում ձիթենին խաղաղության, նաև հույսի խորհրդանշանն է: Ըստ Աստվածաշնչի` բնության մեջ լայն տարածված ձիթենին ավետեց ջրհեղեղի վախճանը ու խաղաղությունը: Աղավնու` Նոյին բերած ձիթենու ճյուղը դարձավ Աստծո և մարդկանց համար հաշտության նշան (Ծննդ. Ը 8-12):
Խաղողի ողկույզ: Այն տարբեր ժաղովուրդների կրոններում համարվում է բնության պտղաբերության խորհրդանշանը: Խաղողի վազը նույնացվել է մեռնող և վերածնվող աստվածությանը, Հին Եգիպտոսում, օրինակ,Օզիրիսին:
Հրեաների մոտ խաղողի ողկույզը հզորի, գեղեցիկի և օգտակարի սիմվոլն է: Այս առումով մարգարեական գրքերում Հրեաստանը և Իսրայելը նմանեցվում էին խաղողի որթի, որը զարդարված էր քաղցրահամ պտուղներով: Այստեղ այգեպանը Աստվածն է, իսկ խաղողը` Իսրայելը: Հրեա ժողովրդի ապականումը, անհնազանդությունը և այլասերումը համեմատվում էր օտար և վայրի խաղողի հետ, որը տալիս է վնասակար և թունավոր պտուղներ: Խաղողը ողկույզի հետ միասին Սուրբ Գրքում համարվում է նաև Ավետյաց երկրի` նոր դրախտի խորհրդանշանը, որն Աստված պատրաստեց Իր ընտրյալ ժողովրդի համար: Նոր Կտակարանում խաղողն ունի յուրահատուկ իմաստ: Աստվածորդու գալստյամբ կրկին օրհնվում է մարդն և նրա հետ` ողջ արաչությունը, սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի որթը, քանի որ Տերն այն առավել պատվեց, քան մյուս տնկիները` Իրեն խաղողի որթատունկ անվանելով. «Ե´ս եմ ո´րթն ճշմարիտ եւ հայր իմ մշակէ»: (Հովհ. ԺԵ 1-6): Տերունական խոսքը` արձանագրված Հովհաննու Ավետարանում առիթ դարձավ խաղողի որթի` քրիստոնեական սիմվոլիկայում ամրագրվելուն:
-Կխնդրեի ավելի մանրամասն խոսել խաչի մասին. ի՞նչ դեր և նշանակություն ունի քրիստոնեական խորհրդանշանների համակարգում:
-Նախաքրիստոնեական շրջանում խաչի` որպես կրոնական խորհրդանշանի օգտագործումը բազմաթիվ ժողովուրդների մոտ շատ դեպքերում կապված է բնության պաշտամունքի որոշ ձևերի հետ: Օրինակ` Չինաստանում, Հնդկաստանում, Սկանդինավյան երկրներում այն խորհրդանշել է երկինքը, բաբելոնացիների և փյունիկեցիների մոտ` ապագա կյանքի: Իսկ Ասորեստանում և Անգլիայում այն հավերժություն և ստեղծագործական ուժ էր խորհրդանշում:
Համաձայն հայ մեկնողական աստվածաբանության` Սաբեկա ծառը դիտվել է իբրև խաչի և կենաց ծառինախօրինակ: Խաչի կապը ծառի հետ արտահայտվում է անմիջականորեն «խաչ» բառի բացատրությամբ` «խաչը բնիկ հայ բառ է, որը նախապես փայտ է նշանակել»: Պատահական չէ, որ նաև հին ժողովուրդների պատկերացումներում այդքան հաճախ է հանդիպում խաչի ու ծառի` իբրև կենդանության, զարթոնքի, հարության խորհրդանիշների համադրումը:
Հայտնի է, որ մինչ Քրիստոսի խաչելությունը և խաչի սրբագործումը հռոմեացիների մոտ այն եղել է մահապատժի գործիք և ծայրահեղ պատժի ամենաստորացուցիչ ձևը: Փայտի վրա խաչելը սկիզբ է առնում հունա-հռոմեական հին սովորությունից, ըստ որի մահապարտներին կախում էին միայն հատուկ առասպելական կերպարավորում ունեցող անպտուղ ծառերից (լատիներեն` arbor infelix, բառացի` դժբախտ ծառ):
Քրիստոնեության մեջ խաչի պաշտամունքը կապված է Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, որով այդ սիմվոլը նվաստացուցիչ մահվան խորհրդանշանից վերածվեց մարդկության մեղքերը քավող սիմվոլի, այսինքն` փրկության և հավերժական կյանքի նշանի:
Երրորդ դարի լատին հայր Լակտանտիոսն ասել է. «Նա, ով հնազանդվելով եկավ, օգնության ձեռք մեկնեց ամենաստորին վիճակի մարդկանց և փրկության հույս ներշնչեց: Այդ պատճառով Քրիստոս բարեհաճեց այդպիսի մահով մահանալ, որով մահանում էին քամահարելի ու ստոր ստրուկները, որպեսզի չլինի և ոչ մեկը, որ նրան հետևել չկարողանա»:
Քրիստոսի խաչելության և խաչի առաջին խորհրդանշանային և այլաբանական ընկալումներն առկա են Նոր Կտակարանում, և դրանք առաջին փորձերն են` մեկնաբանելու քրիստոնեության մեջ խաչի խորհուրդը` որպես մեղքի հաղթահարում ու մահվան հանդեպ հաղթանակ:
Խաչի խորհրդանշանի աստվածաբանական մեկնության համաձայն` խաչը Փրկիչի ողջ երկրային կյանքն է Բեթղեհեմից մինչև Գողգոթա: Փրկաբանական իմաստով դա համընդհանուր զոհաբերություն է` մատուցված ողջ մարդկությանը: Այն սատանայի նկատմամբ հաղթանակն է` դժոխքի կործանումով, Արարչի մեծագույն սիրո արտահայտությունն է, հոգու ճանապարհն է առ Քրիստոս զոհաբերվող սիրո: Միստիկ առումով դա սիրո խորհուրդն է, որը դրսևորվում է տառապանքով:
Այսպիսով կարելի է ասել, որ խաչը քրիստոնյայի կյանքում ճշմարտության և արդարության խորհրդանշանն է, քանզի խաչով մեզ հայտնվում է Աստծո սերն ու արդարությունը:
Հարցազրույցը՝ Մարիամ Ավետիսյանի
Աղբյուրը՝ ԱՀԹ «Շողակն Արարատյան» ամսաթերթ