«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ Հանքարդյունաբերական ֆորումը Հայաստանում է համախմբել ոլորտի միջազգային առաջնորդներին

16.10.2026 11:30
93

Հայաստանում՝ Ծաղկաձորում, երրորդ տարին անընդմեջ հոկտեմբերի 16-17-ին անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջոցառումը՝ Mining Armenia Forum-ը։ 2026 թվականին այն կրում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը։

Ֆորումը հերթական անգամ Հայաստանում համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակի՝ այդ թվում միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը  ֆորումի բացման իր խոսքում նշեց՝ այս համաժողովը բովանդակային երկխոսության հարթակ է Կառավարության, բիզնեսի, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։

«Այս տարի աննախադեպ է միջազգային գործընկերների մասնակցությունը՝ խոշորագույն խորհրդատվական ընկերություններից՝ մինչև հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, ղեկավարներ, ավելի քան 15 երկրներից հյուրեր։  Սա վկայում է Հայաստանի հանքարդյունաբերական և լայն տնտեսական ներուժի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ Մեր նպատակն է այդ հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների, գործնական համագործակցության և ոլորտի արդիականացմանն ուղղված որոշումների»,– ասաց նա։

Լիդիան Արմենիայի» հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային լավագույն փորձի ներդրում։

««Լիդիան Արմենիա»-ի փորձը և Ամուլսարի ծրագրի զարգացման ամբողջական ճանապարհը՝ հանքավայրի հայտնաբերումից ու հետախուզումից մինչև շահագործման մեկնարկ, ցույց են տալիս, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող խոշոր հանքարդյունաբերական ծրագրեր։ Համոզված եմ, որ ոլորտի ապագան պետք է հիմնված լինի մրցունակության, նորարարության, բնապահպանական պատասխանատվության և կայուն զարգացման սկզբունքների վրա։ Mining Armenia Forum-ը կարևոր հարթակ է այս տեսլականի շուրջ միջազգային փորձը համախմբելու, գիտելիքի և փորձի փոխանակումը խթանելու, նոր գործընկերություններ ձևավորելու և ոլորտի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար»։ 

Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը նկատեց՝ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է, որն իր նշանակալի ներդրումն ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում։

«Տարիներ շարունակ լինելով ոլորտի խոշոր ընկերությունների ֆինանսական գործընկերը` համոզված ենք, որ վերջիններիս ներուժի արդյունավետ իրացման համար խորհրդատվական, ֆինանսավորման և ներդրումային գործիքակազմի կիրառման հետ մեկտեղ կարևոր են նաև պատասխանատու մոտեցումը, երկարաժամկետ տեսլականն ու նորարարական լուծումները, և «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը համահունչ է մեր այս մոտեցմանը»,–նշեց նա։

2026 թվականին Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումն անցկացվում է առանձնահատուկ ժամանակահատվածում՝ Հայաստանում կենսաբազմազանության վերաբերյալ COP17 գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես առաջ, երբ գլոբալ օրակարգում առավել մեծ ուշադրություն է դարձվում կրիտիկական հանածոներին, էներգետիկ անցմանը, կենսաբազմազանությանը և ռեսուրսների պատասխանատու զարգացմանը։ Այս համատեքստում Հայաստանը հարթակ է դառնում հանքարդյունաբերության ապագայի, տարածաշրջանային համագործակցության և ռեսուրսների կայուն օգտագործման շուրջ միջազգային քննարկումների համար։ 

«Թեղուտ»-ի կորպորատիվ տնօրեն Արտյոմ Գեղամյանը վստահ է, որ  Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր զարգացման նոր փուլում է

«Մեր  առաջ խնդիր է դրված ոչ միայն բարձրացնել արտադրության արդյունավետությունը, այլև ներդնել կառավարման, տեխնոլոգիաների, բնապահպանական պատասխանատվության և կորպորատիվ մշակույթի նոր չափանիշներ։ Թեղուտի համար Mining Armenia Forum-ի գլխավոր գործընկեր լինելը հնարավորություն է մասնակցելու հենց այս օրակարգի ձևավորմանը և մեր փորձով նպաստելու ոլորտի երկարաժամկետ ու պատասխանատու զարգացմանը»,–նկատեց նա։

Mining Armenia Forum 2026-ին միացել են նաև հանքարդյունաբերության և ռեսուրսների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մի շարք կազմակերպություններ․ «Resourcing Tomorrow»-ն մասնակցում է ֆորումին՝ համատեղ անցկացնելով առանցքային պանելային քննարկում՝ «Ֆինանսների և ներդրումների ներգրավումը ռեսուրսների ոլորտում» թեմայով։ «Wood Mackenzie»-ն Mining Armenia Forum 2026-ին կմասնակցի հատուկ նիստով՝ նվիրված շուկայական հնարավորություններին, ներդրումային ներուժին և մրցակցային այն գործոններին, որոնք ձևավորում են Հայաստանի գրավչությունը՝ որպես հանքարդյունաբերական ներդրումների ուղղություն։

S&P Global Energy-ն ֆորումի շրջանակում հատուկ նիստ կանցկացնի՝ անդրադառնալով համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում կայունության ցուցանիշների վրա ազդող վերջին միտումներին և ներդրումային որոշումների կայացման մեջ կայունության գործոնների աճող նշանակությանը։

Mining Armenia Forum-ը ոչ միայն մասնագիտական քննարկումների, այլև միջազգային կապերի ձևավորման և փորձի փոխանակման հարթակ է։ Երկու օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հանքարդյունաբերության ոլորտի միջազգային և տեղական դերակատարների, ներդրողների, ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր և ձևավորելու նոր համագործակցության հնարավորություններ։

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

 

Армянский след в архитектуре России: Здание торговой фирмы «Киракозов-Оганов» во Владикавказе

16.10.2026 11:40

«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ Հանքարդյունաբերական ֆորումը Հայաստանում է համախմբել ոլորտի միջազգային առաջնորդներին

16.10.2026 11:30

«В гостях у осени»: студенты Капана открывали красоту природы и поэтического слова

16.10.2026 11:04

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

16.10.2026 10:57

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

16.10.2026 10:13

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54