Սյունիքի մարզպետ (1998-2000 թթ․), հանքարդյունաբերության ճանաչված կազմակերպիչ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գլխավոր տնօրեն (1994-1998 թթ.) Ռոման Նավասարդյանի հետ հանդիպելն ու զրուցելը միշտ սպասված են եղել․․․
Ռացիոնալ մտածելակերպ ու վերկուսակցական պահվածք կրող, մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում պրոֆեսիոնալիզմն ամեն ինչից վեր դասող, պետությունն ու պետականությունը բարձրագույն արժեք համարող, մարզպետական կառավարման ներկա ձևն անիմաստ համարող, պետական կառավարման ոլորտում խարդավանքներն ու սիրողական մոտեցումները մերժող Ռոման Նավասարդյանի կարծիքը՝ մերօրյա ոչ սովորական զարգացումների վերաբերյալ, շարունակում է հետաքրքրել սյունեցիներիս։
Ահա ինչու հունիսի 17-ին այցելեցինք Ողջիի ձորում, Հին Կապանի արևմտյան եզրին, Բաղաց երկնահաս լեռների հայացքի ներքո, բնության հույժ գեղեցիկ վայրում գտնվող նրա առանձնատուն։
Ռոման Շմավոնիչն ու նրա տիկին Իրինա Ստեփանյանը մեր ստեղծագործական խմբին ընդունեցին ամենայն սիրալիրությամբ։
***
- Պարոն Նավասարդյան, հաճույքով ենք եկել Ձեզ հետ հանդիպելու և զրուցելու։ Իսկ բնության այս անզուգական տեսարանները, թռչունների դայլայլն ավելի են տրամադրում՝ քննարկելու մեզ հետաքրքրող մի քանի հարց։
- Մի՞թե առաջին անգամ եք այցելում մեր տուն, երկուստեք մեղավոր ենք․․․Բարով եք եկել։
«Սյունյաց երկիրը» և անձամբ Դուք՝ պարոն Ալեքսանյան, շատ փորձությունների միջով եք անցել, բայց կարողացել եք պահպանել սեփական դիմագիծը, կարողացել եք հավատարիմ մնալ ի սկզբանե որդեգրած ճանապարհին, կարողացել եք լինել Սյունյաց աշխարհի նորօրյա և արժանապատիվ տարեգիրը։
- Ռոման Շմավոնի, երբ թերթում ենք Ձեր կենսագրության էջերը՝ ակնհայտ է դառնում, որ մանկության և պատանեկության տարիներից սկսած շատ ակտիվ եք եղել։ Իսկ 1996-97-ին, երբ (իբրև Զանգեզուրի կոմբինատի գլխավոր տնօրեն) այցելում էիք նորաստեղծ մարզպետարան՝ դա բոլորիս ուշադրությունն էր գրավում...
Ու երբեմնի ակտիվ Ռոման Նավասարդյանը, կարծեք, մեկուսացել է հանրային կյանքից և գեղեցիկ այս կեցավայրում իր կյանքն է անցկացնում։ Ինչպե՞ս հասկանալ։
- Նոր չեմ մեկուսացել, պիտի որ հիշեք՝ կամավոր դիմում գրեցի և հրաժարվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Երևի դա առաջին և վերջին դեպքն էր հանրապետությունում, որ մարզպետն ինքնակամ հեռանում է պաշտոնից։
- Իհարկե, հիշում ենք։ Մենք միասին մայրաքաղաքում էինք, Սուրեն Աբրահամյանի հրավերով մասնակցում էինք Երևանի տոնակատարությանը։ Մարզահամերգային համալիրում պիտի մասնակցեինք հանրապետությունում հավատարմագրված դեսպանների ընդունելությանը։
Միջոցառումը սկսելուց առաջ մենք երկար զրուցեցինք. հավաքվածները սպասում էին Վազգեն Սարգսյանին։
Դուք անկեղծացաք և ասացիք, որ մարզպետի պաշտոնը թողնելու որոշում եք կայացրել:
- Ես ի սկզբանե՝ հարյուր տոկոսով, հավատում էի, որ մեր ազգն ի վիճակի է պետություն և պետականություն ունենալ՝ ամենաարդիական չափանիշներով, բայց․․․չկարողացանք։
Հավանաբար հիշում եք նաև՝ քանիցս ինձ առաջարկել են հանրապետության արդյունաբերության նախարարի պաշտոնը, հրաժարվել եմ։
Կարծում էին՝ եթե Քաջարանի կոմբինատը ծանր վիճակից հանել ու աշխատեցրել եմ, կարող եմ նաև ամբողջ հանրապետության արդյունաբերությունը բարձրացնել։
Վազգեն Սարգսյանը տնտեսության և հատկապես արդյունաբերության հարցերով ժամանակ առ ժամանակ խորհրդակցում էր ինձ հետ։
Մի անգամ էլ, հիշում եմ, իր մեքենայով գնում էինք պրոֆիլակտորիա։ Զրուցում էինք կադրերի ընտրության սկզբունքի մասին։ Նա համաձայնեց իմ տեսակետին՝ ցանկացած ղեկավար պետք է ձգտի ամեն մի ճյուղում՝ իբրև պատասխանատու, իրենից խելոք մարդ նշանակել։ Եվ եթե ամեն բնագավառում ոլորտը հասկացող, գործը կազմակերպել իմացող մարդ նշանակվի, ապա ամեն ինչ կստացվի։ Ղեկավարը չի կարող բոլոր ճյուղերում ամենախելոքը լինել։
- Բայց հոկտեմբերի 27-ի ողբերգությունը տեղի ունեցավ․․․
- Դրանից առաջ Վազգեն Սարգսյանը եղել էր Միացյալ Նահանգներում, վերադառնալուց հետո հանդիպեցինք։
Ես զեկուցեցի, որ Սյունիքի բոլոր բնակավայրերի հիմնախնդիրները գույքագրել ենք։ Եվ այդ հիմնախնդիրները լուծելու ծրագիր ենք մշակել։
Բայց այդ ծրագիրը չէր կարող կյանքի կոչել մարզպետարանը՝ ունեցած գործառույթներով։
Մարզպետարանը (այն ժամանակ, հիմա՝ առավել ևս) աշխատող կառույց չէ։
Ես առաջարկեցի էքսպերիմենտ, որը պետք է սկսեինք Սյունիքից։ Եվ առաջինը պետք է նորմալացնեինք մարզպետարանի կարգավիճակը, այսինքն՝ դարձնեինք գործող մարմին։
Ինչո՞ւ Սյունիքից։ Մեր մարզում բոլոր հիմքերը կային։ Արտահանող մարզ էինք՝ բազմաթիվ ապրանքատեսակներով։ Չեմ խոսում հանքարդյունաբերության մասին, որ Սյունիքը եղել ու մնում է Հայաստանի կենտրոնը։
Ու եթե մարզպետարանը վերափոխեինք ու դարձնեինք աշխատող մարմին, ապա մեր առաջարկած ծրագիրը կարող էր կյանքի կոչվել, և հաջողություն կունենայինք։
Վազգեն Սարգսյանը հավանություն տվեց իմ ծրագրին, իմ առաջարկություններին։ Եվ որոշեց՝ հունվարի 1-ից մեկնարկ տալ սյունիքյան այդ էքսպերիմենտին։
Եղավ հոկտեմբերի 27-ը, և բոլոր ծրագրերը թաղվեցին...
- Իհարկե, Սյունիքի մարզպետի պաշտոնից կամովին հրաժարվելը մեծ արձագանք գտավ այդ ժամանակ։
Հանրությունը Ձեր այդ որոշումն ընկալեց իբրև Սյունիքի հիմնախնդիրների վրա կառավարության ուշադրությունը հրավիրելու համարձակ քայլ։
Դա էր նաև պատճառը, որ Դուք պաշտոնաթողությունից հետո անգամ շարունակում էիք մեծ հեղինակություն վայելել Սյունիքում, ինչին ականատես եղանք, օրինակ, 2008-ի ընտրությունների ժամանակ։
Մարտի 1-ի դեպքերից հետո Ձեր ձերբակալությունը հանրապետության՝ այդ օրերի ամենաաղմկահարույց դեպքերից էր։
- Մեզ ձերբակալեցին, երբ անցնում էինք Սիսիանի տարածքով։
Տեղի ոստիկանները, բնականաբար, ինձ ճանաչում էին։ Եվ ամեն ինչ արեցին, որ չնեղվեմ, չընկճվեմ, անգամ հյուրասիրեցին․․․
Հետո Կապանի ոստիկանները եկան, որ մեզ մարզկենտրոն տեղափոխեն։ Ինձ զարմացրեց կապանցի որոշ ոստիկանների հրճվանքը։
Երեք օր անց ազատ արձակեցին, քանի որ որևէ հիմք չկար մեզ մեղադրանք ներկայացնելու և ազատությունից զրկելու համար։
- Ենթադրում ենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մտերմությունն էր պատճառը, որ Ձեզ ձերբակալեցին։
- Ես մտերիմ եմ եղել և՛ առաջին նախագահի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ։ Բոլորի հետ շփվել եմ։ Երբեմն ինձ մոտ էին մնում, հանդիպում էինք, զրուցում․․․
- Ամիսներ հետո՝ 2027 թ․ հունվարի 15-ին, լրանում է Ձեր 80-ամյակը։
Տարիների հեռվից, երբ ամփոփում եք անցած ճանապարհը, ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենախոշոր և անմոռանալի դրվագը։
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու տարիները, մանավանդ, երբ գլխավոր ինժեներն էի․․․
- Երբ Դուք Սյունիքի մարզպետ էիք, ինքս էլ մարզպետարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավարն էի։ Չնայած ռուսական կրթություն ունեիք և գրական հայերենով երբեմն դժվարությամբ էիք արտահայտվում, բայց միշտ էլ հաճույքով շփվում էիք լրագրողներ հետ։
Մի անգամ էլ համաձայնվեցիք մեր առաջարկությանը՝ մայրաքաղաքային գրեթե բոլոր լրատվամիջոցներից լրագրողներ հրավիրել Սյունիք, թվով 40 լրագրող էին։
Դրանով երիցս ցույց տվեցիք, որ ազատ խոսքի, բազմակարծության ջատագով եք։
- Շատ հետաքրքիր ակցիա էր, թեև, որքան հիշում եմ, ձյունառատ օր էր և լրագրողները Գորիսից Կապան հասան մեծ դժվարությամբ։
Բայց դա չէր կարևորը, այլ այն, որ մենք նման քայերով փորձում էինք սյունիքյան հիմնախնդիրները հանրայնացնել ու բարձրացնել։
Ինձ համար տարբերություն չկար՝ իշխանական մամուլ, ընդդիմադիր մամուլ․․․ Արդյունքում՝ Սյունիքն ավելի ճանաչելի էինք դարձնում ամբողջ հանրապետությունում։
- Ի՞նչ չեք հասցրել անել, ինչի՞ համար եք ափսոսում, երբ հետադարձ հայացք եք ձգում Ձեր անցած ճանապարհին:
- Ափսոսում եմ, որ չկարողացանք մեր երազած պետականությունը կառուցել։
Ես ֆանատիկ էի, հավատում էի, որ կարող ենք հզոր պետություն և պետականություն ունենալ։
Կոտրվեցի․․․
Հավատը կորցրինք, իսկ եթե հավատը չկա, մնացածը երկրորդական է։
Իմ մասին չէ, որ մտածում եմ։ Մեր ազգի արժանապատվությունն իջեցրել ենք ամենացածր մակարդակի։ Իսկ եթե մարդը զրկվում է արժանապատվությունից, ապա, ներող եղեք, հավասարվում է անասունի։
- Որպես քաղաքացի, ինչի՞ց եք վախենում։
- Վախենալու ժամանակն անցել է, ոչ մի բանից չեմ վախենում։
Փոխարենը՝ ափսոսում եմ․․․ Այն, ինչ երազում էինք ազգովի, չիրականացավ, չստացվեց։
- Սյունիքը հայտնվել է բազմաթիվ վտանգավոր սպառնալիքների դեմ հանդիման։ Դրանցից մեկը մեր կորսված հողերի ճակատագիրն է, և դրանց վերադարձնելու շուրջ ստեղծված անորոշությունը։
Ինչպե՞ս հետ բերենք Սյունիքից բռնազավթված տարածքները։
- Մենք, ցավոք, դեռևս ցեղի մակարդակի ենք։ Մենք պետք է ազգ դառնանք, պետություն և պետականություն ստեղծենք։ Մենք պետք է լինենք, որ հետո ձեր բարձրացրած և մյուս հարցերը կարողանանք լուծենք։
Խորհրդային տարիների հայը և այսօրվա հայը հոգեկերտվածքով տարբեր են։ Մեզ մանկապարտեզից հայրենասիրությամբ են դաստիարակել, արժանապատվության զգացում ներարկել, իսկ հիմա․․․
- Խաղաղության մասին են ամենուր խոսում, ընդ որում՝ հանրության մեջ կան խաղաղության տարբեր, նույնիսկ իրարամերժ ընկալումներ։
Ո՞րն է Ռոման Նավասարդյանի պատկերացրած խաղաղությունը։
- Նախ՝ ներսում պիտի խաղաղ լինենք, համերաշխ լինենք․․․
Առանց ներքին խաղաղության ու ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու վերականգման չի կարող խաղաղություն լինել․․․
Այսօր բոլոր այդ արժեքները կորցրել են իրենց բնական և նախնական իմաստն ու նշանակությունը։
Հանրության մեջ ձևավորվել է մի խավ, որի ամեն մի ներկայացուցչի տալով պաշտոն կամ գումար՝ ազգային, մարդկային, քրիստոնեական բոլոր արժեքներն անմիջապես կմոռանա։
- Ազգային ժողովի ընտրությունների արդյունքերն այսօր հայ հանրությանը մտահոգող գլխավոր հարցն է դարձել։
Հասցրե՞լ եք ծանոթանալ ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը, հասցրե՞լ եք դատողություններ անել և սեփական կարծիք ձևավորել։
-Խայտառակ, ամոթալի, անարժանապատիվ ընտրություններ էին։
Հանրությունն ընտրությունից հետո հայտնվել է ընկճված վիճակում։
Չգիտեմ նույնիսկ՝ կկարողանա մեր հանրությունը դուրս գալ այդ վիճակից։
- Կյանքում ովքե՞ր են եղել ընդօրինակման արժանի կերպարներ Ձեզ համար, որոնց ցանկացել եք նմանվել, որոնց վարքն ու ապրելակերպը Ձեզ համար օրինակ են եղել։
- Նախևառաջ հայրս ու մայրս են եղել այն կերպարները, ովքեր ինձ ներարկել են պետականության, հայրենասիրության, աշխատասիրության զգացումներ․․․
- Որքան Ձեզ ճանաչում ենք, Դուք չեք կարող ծրագրեր չունենալ, թեև կյանքի 80-րդ տարում եք։
- Ամենամեծ մտահոգությունս այն է, թե ինչպես պիտի ապրեն մեր երեխաները, մեր հաջորդները։
Նախկինում հասկանում էի՝ ճիշտը սա է, սխալը՝ սա։ Հիմա ամեն ինչ խառնվել է, չգիտեմ՝ ի՞նչ խորհուրդներ տալ թոռնիկներիս, ի՞նչ ուղղությամբ տանել նրանց դաստիարակությունը։
Նայեք աշխարհի վիճակին, նայեք ամենահզոր պետությունների ղեկավարներին, Եվրոպայի առաջնորդներին՝ շատերը սովորական ծաղրածուներ են։
- Ինչպե՞ս պատահեց, որ բնակարան կառուցեցիք հենց այս գեղեցիկ վայրում։
- Կապանում մեր տունը մշակույթի պալատի մոտ էր, Վաչագան գետի աղմուկը միշտ կար․․․
Գառնիկ Մեխակիչը Համլետավանում մեզ հարմար տեղ էր առաջարկում՝ բնակարան կառուցելու համար։ Տիկինս էլ սիրում էր այգու գործերը և ուզում էր, որ անպայման առանձնատուն ունենանք։ Սակայն, զբաղվածության պատճառով, տևական ժամանակ այդպես էլ չկարողացանք ծանոթանալ այդ հողատարածքին։
Օրերից մի օր՝ պատահական, տղաներով, եկանք այստեղ՝ Ողջիի գետափ։ Ընդ որում՝ ճանապարհ չկար, քարեր էին և միայն քարեր․․․ Տեղանքն ինձ շատ դուր եկավ։ Հետո կնոջս ծանոթացրի տեղանքին, ինքն էլ հավանեց։ Եվ կառուցեցինք այս տունը։
Հիմա էլ Ողջի գետի աղմուկն է միշտ ուղեկցում մեզ, ինչպես Վաչագանը՝ նախկինում։
Բայց այս տունն ու տնամերձն ավելի են գեղեցկանում, երբ թոռնիկներս այցելում են մեզ։
- Ասում են՝ կրտսեր եղբայրդ՝ Ռոբերտ Նավասարդյանը, ժամանակին օգնել է Ձեզ, երբ փորձում էիք տևական դադարից հետո վերականգնել Քաջարանի կոմբինատի աշխատանքները։ Ու այդ մասին համեստաբար լռում եք։
- Սվերդլովսկում հանքարդյունաբերական խոշոր միավորման գլխավոր տնօրեն էր, 37 ձեռնարկություն էր մտնում այդ միավորման մեջ։ Եվ ինքը հնարավոր ամեն ինչ արեց՝ մեզ օգնելու առումով, որ Քաջարանի կոմբինատի աշխատանքները վերականգնվեն ու բնականոն հուն մտնեն։
- Ռոման Շմավոնի, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ՝ քաջառողջություն։ Իսկ Սյունիքի վերաբերյալ, մեր արժեհամակարգի վերաբերյալ Ձեր մտածումները մեզ համար եղել և մնում են հետաքրքիր։
Ուզում եմ, որ մեզանից անպակաս լինեք։
- Ես եմ շնորհակալ, «Սյունյաց երկրին» և մեր սիրելի պարբերականի ամբողջ խմբագրակազմին՝ հաջողություններ։
Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի
Լուսանկարները՝ Մարի Նավասարդյանի