Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի վախեցնել Հայաստանին և իր սեփական քաղաքացիներին. միջազգային քրեական իրավունքի մասնագետ

05.02.2025 12:33
524

Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները:

«Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները մաքուր քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,- ասում է իրավաբան, մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոն:

Մասիմինոն այն չորս իրավաբաններից մեկն է, որոնց անունից Կալիֆոռնիայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնը» դիմել է Ադրբեջանի վիզա ստանալու համար՝ դատավարություններին ներկա լինելու նպատակով: Նրանք դեռ Բաքվից պատասխան չեն ստացել, բայց դա դժվար թե արդեն նշանակություն ունենա։ Մասիմինոն ասում է՝ դատավարության արդյունքում արդարադատությանը նմանվող որևէ արդյունքի հասնելու հավանականությունը «զրո» է:

«Ես հակված եմ հաճախ մեջբերելու Ադրբեջանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցը: Այդ երկիրը 100 միավորից յոթն է հավաքել: Դա բացարձակապես անազատ երկիր է, և Freedom House-ի վերջին զեկույցում դրա հիմնական պատճառներից են հենց Արցախի շրջափակումը և հայերի հետապնդումները։ Այսպիսով, սրանք ցուցադրական դատավարություններ են: Դրանք բացարձակապես անարդար են և հիմնված են քաղաքական մեղադրանքների վրա»,- ասում է Մասիմինոն։

Հոդվածագիրը նշում է, որ  շրջափակման պայմաններում Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ամենահայտնի հանրային դեմքը Ռուբեն Վարդանյանն էր։ Վարդանյանը տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ Ղարաբաղում օրեցօր վատթարացող պայմանների մասին՝ դրանով էլ առաջացնելով Ադրբեջանի զայրույթը, որը բազմիցս թիրախավորել է Վարդանյանին՝ կատաղի հռետորաբանական հարձակումների միջոցով։ Նրա որդին կարծում է, որ հենց այս քարոզչությունն է ստիպել Բաքվին առանձնահատուկ կերպով թիրախավորելու նրան։

 «Կարծում եմ, որ այն ուշադրության մակարդակը, որ հայրս կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի վրա այն բանից հետո, երբ որոշեց այնտեղ ապրել, չէր մտնում Ադրբեջանի գործողությունների պլանի մեջ։ Նրանք հույս ունեին, որ կամաց-կամաց այն կդարձնեն ապրելու համար անհնարին վայր և մարդկանց աստիճանաբար դուրս կքշեն, այսպես ասենք՝ մի տեսակ «հանգիստ էթնիկ զտում» կիրականացնեն, որը ոչ էլ կնկատի աշխարհը: Ուստի, շատ ակնհայտ է, որ նրանք դժգոհ էին այն ուշադրությունից, որն այժմ առկա Է այնտեղ կատարվող անարդարությունների նկատմամբ», - ասում է Դավիթ Վարդանյանը:

«Ի վերջո, Բաքուն ստացավ Ռուբենին անմիջականորեն պատժելու իր հնարավորությունը․ մի հնարավորություն, որից ակնհայտորեն հաճույք է ստանում Ադրբեջանի կառավարությունը: Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ նման ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի պրկելու իր մկանները և վախեցնելու ինչպես իր հարևաններին՝ Հայաստանին, այնպես էլ իր սեփական քաղաքացիներին: Ադրբեջանի համար սա ավար է․ նրանք վերջապես ունեն Արցախի իշխանության ղեկավարներին, որոնք այսքան ժամանակ պայքարել են ինքնորոշման համար»,- նկատում է Մասիմինոն։

Ըստ պարբերականի՝ չնայած այս դատավարություններում արդարության կամ դատական ​​պատշաճ գործընթացի ակնհայտ բացակայությանը՝ դրանք մինչև օրս գրեթե չեն առաջացրել միջազգային որևէ արձագանք: Բացառությամբ ԵԽԽՎ բանաձևի, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ինչպես Ղարաբաղի հայ ղեկավարներին, այնպես էլ Բաքվի կողմից պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին, արևմտյան երկրների կողմից քիչ են եղել հայտարարություններ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են։

«Միջազգային հանրության կողմից [այս դատավարությունների նկատմամբ] ուշադրության բացակայությունն ինձ ապշեցնում է: Դրան նպաստում են և՛ «խավիարային դիվանագիտությունը», և՛ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Նրանք ամուր կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ, և սա նաև հակամարտություն է, որը 2020 թվականից ի վեր շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան մյուս հակամարտությունները: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդքան քիչ ուշադրություն դարձրել հատկապես շրջափակմանը: Մի ամբողջ ժողովրդի ինն ամիս շրջափակում են, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,-ասում է Մասիմինոն:

Միջազգային էական ճնշումների բացակայության դեպքում, ակնհայտ է թվում, որ Ադրբեջանը շարունակելու է դատավարությունները։ Մասիմինոն ասում է, որ ի պատասխան՝ արևմտյան երկրները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն։

«Խնդիրի մասին խոսելուց բացի, (արևմտյան երկրները) պետք է սկսեն վերանայել իրենց տնտեսական հարաբերություններն այս ավտորիտար ռեժիմի հետ: Անպատժելիության մակարդակը, որն Ադրբեջանը վայելում է, շատ, շատ բարձր է։ Ուստի, պատժամիջոցները տարբերակներից մեկը կլինեին, միգուցե որոշ տնտեսական կապերի խզում լիներ, որպեսզի ստիպեն ռեժիմին ազատ արձակել այս բանտարկյալներին՝ և՛ ռազմագերիներին, և՛ նախկին առաջնորդներին», - ասում է Մասիմինոն:

Դավիթ Վարդանյանին էլ  նշում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ անհասանելի է դարձրել դատավարությունը. «Նրանք հիմա նույնիսկ սպառնում են զրկել փաստաբանին, որին մենք մեծ դժվարությամբ ենք գտել, որ պաշտպանի հորս շահերը: Նրանք մերժել են փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ դատավարությունը երկարաձգելու, ինտերնետ հասանելիություն ստանալու, այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ նրան պատշաճ կերպով նախապատրաստվելու։ Նրանք լիովին անտեսում են թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»:

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08