Սահմանադրական հանրաքվեից հետո՝ Արցախի Հանրապետություն, իսկ պետության գլուխն ու գործադիր իշխանության ղեկավարը հանրապետության նախագահն է

21.02.2017 17:53
1523

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեն անկախ Արցախի երրորդ համապետական նշանակության հանրաքվեն էր, որ վճռելու էր երկրի կառավարման ձեւը. մնալ կիսանախագահակա՞ն, թե՞ կենտրոնացնել իշխանությունը նախագահի ձեռքում: Հանրաքվեն նաեւ նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանել Արցախի Հանրապետություն: Հանրաքվեի անցկացման օրը նաեւ խորհուրդ ուներ. 29 տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց եւ որոշում կայացրեց Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու համար: Այդպես դրվեց Արցախի ազատագրական պայքարի հիմնանաքարը…

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու համար հրավեր էր ուղարկվել նաեւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը:

Մամուլի ասուլիս

Առաջին միջոցառմանը, որ մասնակցեցինք, հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում անցկացված ասուլիսն էր: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, ողջունելով միջազգային դիտորդներին եւ լրագրողներին, մասնավորապես նշեց, որ սա 26 տարվա անկախություն ձեռք բերած հանրապետության թվով երրորդ համապետական նշանակության հանրաքվեն է, որ անցկացվում է «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքի եւ 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված Արցախի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Անդրադառնալով հանրաքվեին նախորդած կազմակերպչական աշխատանքներին՝ բանախոսը հրապարակեց թվական տվյալներ. հանրաքվեին ընտրելու իրավունք կունենա 102757 քաղաքացի, 711-ով ավելի, քան 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ինչը նշանակում էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հնարավորություն է ընձեռված հանրապետության բնակչության 69.9 տոկոսին: Հանրաքվեն ընդգրկում է 11 ընտրատարածք՝ յուրաքանչյուրում ութ-ինը հազար ընտրող: Կազմավորվել էր  հանրաքվեի 280 տեղամասային հանձնաժողով, որոնցից մեկը՝ Երեւան քաղաքում՝ քվեարկության օրն Արցախի Հանրապետության քաղաքացիների մասնակցությունն ապահովելու նպատակով, իսկ մյուսը՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում՝ ազատազրկվածների համար:

Ս.Արզումանյանն անդրադարձ կատարեց հանրապետության կազմավորման ընթացքում անցկացված քաղաքական միջոցառումներին: Արցախի քառորդդարյա գործունեության ընթացքում կազմակերպվել են համապետական նշանակության երկու հանրաքվե, հանրապետության նախագահի հինգ ընտրություն, խորհրդարանական վեց ընտրություն, տեղական հանրաքվեներ, տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններ: Արցախի Հանրապետությունում ընտրությունները միշտ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ. 1991 թվականի ԼՂՀ-ի անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82.2 տոկոսը, իսկ 2006թ. ԼՂՀ գլխավոր օրենքի՝ Սահմանադրության հանրաքվեին՝ 87.2 տոկոսը, ընտրություններին ընտրողների մասնակցության միջին ցուցանիշը 65-70 տոկոս է: Ս.Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւս կանցնի ընտրողների ակտիվության պայմաններում:

Այնուհետեւ օրվա բանախոսը պատասխանեց միջազգային դիտորդների եւ լրագրողների հարցերին: Առաջին հարցը, որ հնչեց, այն էր, թե ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել նախորդ ընտրությունների ժամանակ եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, որ դրանք այս հանրաքվեի ժամանակ չկրկնվեն: Պատասխանվեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ պաշտոնական բողոքներ չեն եղել՝ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի մի ընտրատարածքում արձանագրված քվեաթերթիկների վերջնահաշվարկի պահանջի, վստահված անձանց կողմից որոշակի թերություններ էին արձանագրվել, ինչը, սակայն իրենց իսկ ներկայությամբ իրականացված վերջնահաշվարկի ժամանակ չի հաստատվել: Քվեարկության արդյունքները մնացել են անփոփոխ:

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին հետաքրքրում էր, թե Թալիշ գյուղի բնակիչները, ովքեր ժամանակավորապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես են իրականացնելու իրենց ընտրելու իրավունքը, երկրորդը՝ հայտնի բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելն անդրադարձ կունենա՞ միջազգային լրագրողների եւ դիտորդների՝ Արցախ այցելության վրա, մասնավորապես, կապված հանրաքվեի հետ: Բանախոսն իրազեկեց, որ թալիշցիների քվեարկությունը կազմակերպվելու է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան կոչվող տեղամասում, որտեղ կենտրոնացված է Թալիշ գյուղի բնակչության մեծամասնությունը, եւ մյուսների մասնակցությունն ապահովվելու է Երեւանում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Ինչ վերաբերվում է բլոգերի արտահանձմանն Ադրբեջանին, բանախոսի համոզմունքով՝ դա չի ազդի միջազգային դիտորդների եւ լրագրողների այցերի վրա Լեռնային Ղարաբաղ:

Միջազգային դիտորդներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր 34 երկրի ավելի քան 104 ներկայացուցիչ: Մամուլի ասուլիսի ավարտից հետո ճեպազրույց ունեցանք նրանցից մի քանիսի հետ: Բելգիայի խորհրդարանից մասնակցում էր երկու պատգամավոր. Սերժ Դեպոստալը երկրորդ անգամ է Լեռնային Ղարաբաղում դիտորդական առաքելությամբ, այս անգամ ձմեռն է եկել, հիմնական փաստը, որ նրան ուրախացնում է, այն է, որ ընտրությունների հետ կապված ժողովրդավարական բոլոր նորմերը պաշտպանվում են, փորձում են համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Պատգամավորը փոխանցեց նաեւ, որ Բելգիայի խորհրդարանում հանդիպել են Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ. մի քանի պատգամավոր քաջատեղյակ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայկական լոբբինգն է նպաստում, որ պատգամավորները տեղյակ լինեն: Իրենց այցը նաեւ խորհրդատվական բնույթ է կրում, քան ինչ-որ տեղ հաշվետվություն տալու: Պատգամավորը նաեւ փոխանցեց, որ իրենց չի հուզում, թե Ադրբեջանն ինչ դիրքորոշում կընդունի իրենց հանդեպ:

Բոլիվիայի խորհրդարանի երեք պատգամավոր Արցախ է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Արգենտինայի հայ համայնքի հրավերով: Նրանցից Նելլի Լենս Ռոսսոն փոխանցում է, որ իրենք հանդիպումներ են ունեցել հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահների հետ, ինչից պարզ դարձավ, թե ինչի է ձգտում Արցախի ժողովուրդը, ինչպես եւ Բոլիվիայի ժողովուրդը, որ շատ է տուժել գաղութարարների լծից: Այսօր Բոլիվիան ինքնավար, ազատ պետություն է: Պատգամավորը տպավորված էր Արցախի ժողովրդի պատմությամբ, մանավանդ նրանով, որ պատերազմից հետո երկիրը կարողանում է վերականգնվել, եւ սրտանց մաղթում է, որ մարդիկ կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները: Մինչ գալն Արցախի մասին ոչինչ չգիտեր, այստեղ գալով հասցրել են լինել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում, Արցախի այցեքարտ համարվող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ: Եվ ուրախ է, որ կարողացան որոշակի պատկերացում կազմել իրենց այցելած երկրի մասին:

Փետրվարի 20, հանրաքվե

Փետրվարի 20-ի առավոտյան «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը (գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյան, լրագրող Վահրամ Օրբելյան, լուսանկարիչ Արթուր Միրզոյան, ուղեկցող Ռաֆիկ Հարությունյան) ուղղություն վերցրեց դեպի Ասկերանի վարչական շրջան: Ասկերանի ընտրատարածքի N5/1 տեղամասը տեղավորված էր Ասկերանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում: Առաջինը, որ գրավեց մեր ուշադրությունը, ընտրողների ակտիվությունն էր: N5/1 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանը տեղեկացնում է, որ տեղամասում ընդգրկված է 1627 ընտրող, որից ժամը 10-ի դրությամբ մասնակցել է 120-ը: N5 ընտրատարածքում ընթանում էր նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար ընտրություն: Առաջադրված է երկու թեկնածու՝ Վաչիկ Բալասանյան եւ Վիլեն Սաֆարյան: Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է, որ սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներ են եղել, ընտրողներն իրազեկ են, որ Արցախն անցնում է կառավարման նախագահական մոդելի:

- Արցախյան պատերազմն ապացուցեց, որ մեզ համար անհրաժեշտ է կառավարման այդ ձեւը, - վստահ է մեր զրուցակիցը, - պիտի ունենանք միասնական եւ կենտրանաձիգ ղեկավարում: Ասկերանի կոմունալ տնտեսության տնօրեն Աշոտ Սարգսյանը կարծում է, որ ավելի նպատակահարմարը նախագահական ղեկավարումն է, քանզի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար որոշում ընդունելիս հարկ չի լինի խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրել եւ որոշել՝ թշնամուն հարվածել՞, թե՞ ոչ: Վստահված անձ, Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման անդամ Հովիկ Ավանեսովը փոխանցում է, որ ընտրությունը՝ թե՛ հանրաքվեի, թե՛ պատգամավորի թափուր տեղի համար, բնականոն հունով է անցնում, օրվա երկրորդ կեսին ավելի կակտիվանա:

Մեր հաջորդ կանգառն Իվանյան (նախկին Խոջալլու) գյուղն է, որտեղ ընտրատեղամասը տեղակայված էր դպրոցում: Այստեղ եւս քվարկությունն ակտիվ էր ընթանում:

Նախկին զինծառայող Գառնիկ անունով ընտրողը հայտնում է, որ քարոզարշավի ընթացքում ե՛ւ «այո»-ի ե՛ւ «ոչ»-ի կողմնակիցները հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց տեսակետները:

Ասկերանի շրջանում գործն ավարտելուց հետո շարժվեցինք մայրաքաղաք Ստեփանակերտ: Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասում, որ քաղաքի կենտրոնում է գտնվում, առավոտից միջազգային դիտորդներ էին այցելել Կալիֆորնիայից, Եվրախորհրդի պատգամավորներ: «Գրանցամատյանի թերթը չի հերիքում դիտորդների անուններ գրել», - ասում է հանձնաժողովի անդամներից մեկը:

Առավել աշխույժ ու մարդաշատ էր Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցի բակը: Կրթօջախում տեղակայված է հանրաքվեի N3/3 տեղամասը: Հին օրերի հանգույն այստեղ զուռնա-դհոլի ձայնն է տարածվել: Լրագրողների պակաս եւս չէր զգացվում: Պատճառն ինքնին հասկանալի է. այստեղ պետք է քվեարկեն հանրապետության նախագահն ու վարչապետը: Նախ քվեարկության է գալիս վարչապետ Արայիկ Հարությունյանը, քաղաքացիական պարտքը կատարելուց հետո վարչապետին օղակում են լրագրողները, նրան հարցեր ուղղում:

- Երբ անձնագիրս ներկայացնում էի քվեաթերթիկ ստանալու, հիշեցի 1988 թվականի փետրվարի 20-ը: Իհարկե, երազում էինք ունենալ այսպիսի անձնագիր, այսօր ոչ միայն ունենք անձնագիր, այլ դրանով վկայություն ենք բերում, որ ունենք ձեւավորված հանրապետություն, եւ ամենակարեւորը՝ այդ երկիրը գնում է բարեփոխումների՝ նպատակ ունենալով ժողովրդավարական արժեքներն ավելի խոր ամրապնդել, - ասաց վարչապետը:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւին, իսկ հայկական երկրորդ հանրապետությունը նախընտրում է նախագահական կառավարումը, վարչապետն ասաց, թե ժողովրդավարության սկզբունքներով Արցախի փոփոխվող սահմանադրությունը եվրոպական ոչ մի ժամանակակից սահմանադրության չի զիջում: Դրանում համոզվելու համար պարզապես պիտի ուսումնասիրել սահմանադրությունը:

- Կառավարման կիսանախագահական մոդելն ունի քաղաքական վտանգներ, դրանցից խուսափելու համար մենք ընտրել ենք այս մոդելը, որտեղ, ինչքան հնարավոր է, պիտի խուսափել քաղաքական ռիսկերից: Ժողովրդին պիտի տրվի ավելի մեծ լիազորություն եւ ժողովրդի ընտրությամբ պետք է կառավարման մոդելն ավելի հեշտ փոփոխվի: Գործող մոդելը դա թույլ չի տալիս, առաջարկվող մոդելը շատ ժողովրդավարական, պառլամենտարիզմի բոլոր կարեւոր պայմանները նախատեսած մոդել է: Իհարկե, ունենալով նախագահ, որ գործադիրի ղեկավարն է, բայց դա չի նշանակում, որ կառավարումը գերկենտրոնացված է մի անձի մոտ: Իսկ տնտեսական աճը պայմանավորված է կայունությամբ: Մեզ պետք է կայունություն, - իր խոսքը եզրափակեց վարչապետը:

Քիչ ավելի ուշ ընտրելու եկավ նաեւ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ հետ: Ընտրելուց հետո նախագահը եւս պատասխանեց լրագրողների հարցերին, որին կանդրադառնանք առանձին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23