Սահմանապահ Արավուսում օրերով խմելու ջուր չեն ստանում, բայց դա գյուղի բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է

12.12.2022 15:26
2494

Դեկտեմբերի 10-ին մեր ստեղծագործական խումբը Տեղ համայնքի Արավուս գյուղում էր, բնակիչներն էին հրավիրել...

Արավուսը Սյունիքի այն բնակավայրերից է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հայտնվել է փորձությունների հորձանուտում: Ադրբեջանի հետ յոթ կմ սահման ունեցող գյուղի հողատարածքներից մոտ 80 հեկտարը (արոտավայր, խոտհարք, վարելահող) հայտնվել է թշնամու տիրապետության ներքո: Ընդ որում՝ բռնազավթված տարածքներից 11 հեկտարը սեփականաշնորհված և գյուղացիներին պատկանող հողեր են:

Արավուսն ուրիշ առանձնահատկություն էլ ունի. ադրբեջանական 6-7 հենակետ անմիջապես գյուղի մերձակայքում են, ինչը մտահոգության տեղիք է տալիս:

Արցախյան 3-րդ պատերազմում գյուղը կորցրել է իր լավագույն զավակներից երկուսին՝ Արտուշ Արզումանյանին և Սերոբ Ասրյանին, որոնց անունները մեծագույն երախտագիտությամբ են հիշում համագյուղացիները:

Այդքանով հանդերձ՝ արավուսցիներն ամուր են կանգնած իրենց պապենական հողի վրա: Թուրքի դիրքապահներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բնակավայրից որևէ մեկը հեռանալու մտադրություն չի ունեցել և չունի:

Գյուղացիները տեսնում են սահմանագծում մեր կողմից կատարվող ամրաշինական աշխատանքները: Բայց մարդկանց առավել շատ հուսադրում են գյուղի սահմանների անվտանգությունն ապահովող աշխարհազորայինները, որոնց թվում քիչ չեն տեղացիները:

Գյուղում հանդիպեցինք նրանցից մի քանիսին, ովքեր այդ պահին մարտական հերթապահության մեջ չէին: Նրանցից մեկը՝ Գարիկ Մկրտչյանը, ուշագրավ պատասխան տվեց մեզ, երբ կամեցանք իմանալ աշխարհազորայինների տրամադրության մասին:

- Նահանջելու, փախչելու տեղ չունենք, պետք լինի՝ կյանքի գնով կպաշտպանենք մեր սահմանները,- ասաց Գարիկ Մկրտչյանը, ում հետ ծանոթացել էինք 44-օրյա պատերազմից առաջ՝ Ուխտասարի ժայռապատկերների մոտ. ինքը հիշեցրեց:

Աշխարհազորայինների մասին դրվատանքի խոսքեր լսեցինք նաև Արարատ Աղաբեկյանից, գյուղի մյուս բնակիչներից:

Եվ, այդքանով հանդերձ, անվտանգության խնդիրը գյուղացիների թիվ 1 մտահոգությունն է:

- Աշնանը դաշտերը մի կերպ մշակել ենք՝ թուրքի դիրքապահների հայացքի ներքո, այդպես է լինելու նաև բերքահավաքի ժամանակ,- պատմում է Արարատ Աղաբեկյանը:

Ձմեռվա այս օրերին, սակայն, արավուսցիներին մտահոգում է մեկ այլ խնդիր նույնպես. դեկտեմբերի 7-9-ը գյուղում ամբողջապես ընդհատված էր խմելու ջրի մատակարարումը: Գուցե դա բացառության պես մի բան համարվեր, եթե... Պարզվում է՝ գյուղի ջրամատակարարումն ընդհատվում է պարբերաբար: Նման իրավիճակն ամռանը բացատրում էին պարզունակ պատճառաբանությամբ՝ իբր ոռոգման ջրի բացակայության հետևանքով խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով, ուստի և չի հերիքում: Իսկ հիմա՝ ձմռանը... Գյուղի վարչական ղեկավար Արթուր Ջհանգիրյանը տարօրինակ իրավիճակ է ներկայացնում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության տարածքային կառույցի պատասխանատուներից որևէ մեկին զանգահարել գրեթե հնարավոր չէ, իսկ եթե պատահմամբ ինչ-որ մեկը վերցնում է հեռախոսափողը, ապա պատասխանատվությունը գցում է մեկ ուրիշի վրա, իսկ երբ այդ մեկ ուրիշին ենք գտնում, նա էլ երրորդ մարդու անունն է տալիս: Եվ այդպես շարունակ: Ու խնդիրը չի լուծվում...

- Նաղդալի ձորի աղբյուրից են մարդիկ ջուր բերում՝ ձիով, էշով, քանի որ պոմպերի անսարքության պատճառով այնտեղից էլ ջուր մղելը մի քանի օրով խափանվել է,- ասում են գյուղացիները:

Բայց, որքանով հասկացանք, ձորի բնական աղբյուրից ջրի մեխանիկական մղումը կվերականգնվի. ժամում մեկ տոննա ջուր, որն էլ հավաքվում է կարգավորիչ ջրամբարում և մատակարարվում, ինչը, իհարկե, չարյաց փոքրագույնն է:

Իսկ ջրամատակարարման պարբերական ընդհատումների հետևանքով...

- Համաշխարհային բանկի 2021-ի ֆինանսավորմամբ գյուղի 33 տան վրա տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, ու ջուր չլինելու պատճառով դրանց փչանալու հավանականությունն այս օրերին մեծացել է,- ասում է Տեղ համայնքի ավագանու անդամ Հայրապետ Հայրապետյանը և շարունակում՝ «190 քառակուսի մետր մակերեսով ջերմոց եմ պատրաստել, ծախսեր արել, բայց աճեցվող բանջարեղենը փչացել է՝ ջուր չլինելու պատճառով»:

Գյուղացիներից մեկ ուրիշն էլ թե՝ «Ձմռան այս օրերին ջուրը կտրելով՝ մետաղապլաստիկ խողովակներն են պայթում կամ ճաքում՝ ներսում սառած ջրի պատճառով, և ստիպված ենք նոր ծախսեր անել ու նոր խողովակներ ձեռք բերել»:

Ջրի խայտառակ մատակարարման խնդրով մտահոգ են նաև աշխարհազորայինները:

- Օրեր շարունակ հերթապահում ենք դիրքերում, և երբ վերադառնում ենք տուն՝ անհնար է լինում նույնիսկ բաղնիքից օգտվելը,- ասում է աշխարհազորայինը:

Ջրի խնդիրը ծանր անդրադարձեր է ունենում անասնապահության վրա, իսկ անասնապահությունը, կարելի է ասել, գյուղացիների հիմնական զբաղմունքն է:

Մի խոսքով՝ Արավուսում ընթացիկ պահի գլխավոր հարցը կանոնավոր ջրամատակարարման ապահովումն է...

Ո՞վ կկարողանա լուծել այդ հարցը: Ամռանը, օրինակ, մի անգամ խնդիրը կարգավորել էր Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հիմա...

Ցավոք, խմելու ջրի անկանոն մատակարարումն արավուսցիներին մտահոգող հարցերից մեկն է միայն:

Մարդիկ նաև անձնական բնույթի խնդիրներ ունեն, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում, ինչը խաթարում է բնակիչների բնականոն կյանքը:

Գրենա Քոչարյանն Արցախյան առաջին, նաև 2016 թ. քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից է, 44-օրյա պատերազմի օրերին էլ գյուղի մերձակա դիրքերում էր...

Գրենա Քոչարյանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել է գլխից: Եվ մոտ 15 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Սակայն 2018-ի մարտ-ապրիլից թոշակը կտրել են, չի էլ իմանում՝ ինչու: Եվ չորս տարի շարունակ թղթեր է հավաքում՝ իր իրավունքները պաշտպանելու համար, հիմա էլ դատարան է դիմել...

- Վարորդական իրավունքից էլ են զրկել, նաև աշխատանք չեն տալիս, ասում են՝ գլխից վիրավորվելու հետևանքով հոգեբուժարանում հաշվառված ես, և բազմանդամ ընտանիքս կնոջս ստացած 33 հազար դրամով է ապրում,- իր վիճակն այդպես է բացատրում Գրենա Քոչարյանն ու հավելում՝ «Ընդամենը գոյությունս պահել եմ ուզում, ի՞նչ անել, ո՞ւմ դիմել, անասուն պահելն էլ դժվարացել է՝ արոտների պատճառով, ջրի պատճառով»:

Արավուսում մեկ ուրիշ խնդրի էլ առնչվեցինք, որ ներկայացրեց Գևորգ Ջհանգիրյանը:

- 1992-ից երկու ընտանիքով բնակվում ենք խորհրդային տարիներին գյուղապետարանի համար կառուցված վարչական շենքում, որը համայնքային սեփականություն է, 30 տարի շարունակ փորձում ենք փաստաթղթավորել մեր կարգավիճակը, իրավունքի խնդիր լուծել, բայց չի հաջողվում, տասնյակ դիմումներ և զրո արդյունք, հիմա նույնիսկ գազամատակարարումից չենք կարող օգտվել:

Արավուսի հոգսերը, սակայն, դրանով չեն ավարտվում:

Տեղ գյուղից Արավուս ձգվող 2.5 կմ երկարությամբ ճանապարհի վիճակն է անմխիթար:

86-ամյա Նուրուս Ջհանգիրյանի համար էլ, անվտանգության խնդրից հետո, Արավուսի ամենամեծ ցավը գյուղի հասարակության պառակտվածությունն է երկու մասի: Նաև չի հաշտվում իրողության հետ, որ գյուղից բռնազավթված մոտ 80 հա հողատարածքների վրա թշնամին ամրաշինական աշխատանքներ է կատարում:

Նուրուս Ջհանգիրյանը մեծագույն սխալ է համարում սահմանամերձ բնակավայրերի խոշորացումը, որից ոչ մի գյուղ չի շահել:

Նա ձևականություն է տեսնում սահմանամերձ գյուղերի հանդեպ վերաբերմունքում՝ «Բոլորը գալիս են, անգամ դեսպանները, զրուցում մարդկանց հետ, նկարում և նկարահանվում, բայց ոչ մի արդյունք... Իսկ ի՞նչ է մեր ուզածը՝ այսքանից հետո գոնե եղածը չկորցնենք»:

Եվ, նման խնդիրներով ծանրաբեռ Արավուսը, հավատացեք, կարողանում է արժանապատվորեն առերեսվել իրականությանը, առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայել ստեղծարար աշխատանքով:

Այդ առումով ոգևորող է հատկապես Արմեն Ջհանգիրյան ֆերմեր-երևույթը...

38 տարեկան արավուսցին մինչև պատերազմ 300 խոշոր եղջերավոր անասուն ուներ, հազար գլուխ մայր ոչխար, 20 գլուխ ձի... Պատերազմից հետո մնացել է 100 գլուխ խոշոր (որից 80-ը՝ կթու կով), 300 գլուխ մայր ոչխար: Եվ դրանց խնամքն իրականացնում է բացառապես ընտանիքի անդամներով:

Դեռևս 2020-ին (մինչև պատերազմ) անասնագոմ է կառուցել, կովերի կիթն է մեքենայացրել: Ֆերման համալրված է կաթնատու կովերով, դժգոհ չէ «Էլոլա» ընկերությանը վաճառվող կաթի գնից՝ լիտրը 200 դրամ:

Դժգոհ է արոտավայրերի հարցում 2020-ի պատերազմից հետո իրենց գյուղի մերձակայքում ստեղծված վիճակից, բայց և գոհ է, որ ընթացիկ տարում անասնակերը (անցյալ տարվա համեմատ) էժանացել է:

2022-ի սեպտեմբերի 13-15-ի եռօրյա պատերազմի ժամանակ նրա ֆերման Գորհայքի ամառային յայլաղներում էր՝ Գոթուրում, 13 գլուխ խոշորի կորուստ է ունեցել, թուրքերն են գողացել:

Մեր հարցին՝ արդյո՞ք ռիսկային չէ վտանգներով լեցուն մեր օրերում՝ սահմանապահ դարձած Արավուսում այդքան անասուն պահելը, Արմեն Ջհանգիրյանը պատասխանեց՝ «Նաև այսպես՝ ստեղծարար աշխատանքով, սահմանային գյուղի կյանքը կազմակերպելով պիտի դիմակայենք թշնամուն, նաև այսպես պիտի արձագանքենք սպառնալիքներին»:

Արավուսում հաճելի էր լսել գյուղի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջհանգիրյանի մասին մարդկանց դրվատական խոսքերը: Անժելա Քոչարյանը, օրինակ, նրան այսպես բնութագրեց՝ «Խելոք, գյուղին նվիրված երիտասարդ, գյուղի խնդիրների լուծման համար ջանքեր գործադրող պաշտոնյա»:

Իսկ Արթուր Ջհագիրյանը, ով 2021-ի հոկտեմբերից է կատարում գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները, այսպես է ներկայացնում գյուղը՝ «33 ընտանիք ենք, 144 բնակիչ (գրանցված է 180 հոգի): Դպրոցը տարրական է, տասը երեխա է հաճախում, մյուս 17 երեխաները հաճախում են Տեղ գյուղի դպրոց, նրանք Արավուսից տեղ են հասնում և վերադառնում համայնքապետարանի մեքենայով, դրանով նաև գյուղի տասը փոքրիկներն են հասնում Տեղի մանկապարտեզ: 2023-ին նախագծված է գյուղում կառուցել մանկապարտեզ և խաղահրապարակ»:

Արթուր Ջհանգիրյանը հավաստիացնում է՝ և՛ ինքը, և՛ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ձեռնարկում են հնարավոր բոլոր քայլերը՝ գյուղի առջև ծառացած դժվարին խնդիրները լուծելու համար, իսկ Արավուսի հիմնախնդիրների թվում դարձյալ նշում է ջրամատակարարման անբավարար վիճակը, ճանապարհի վիճակը, երիտասարդության զբաղվածության պրոբլեմը և, իհարկե, համերաշխության  վերականգնման հրամայականը:

Անվտանգության տեսակետից սահմանապահ գյուղի վիճակը բավարար է համարում վարչական ղեկավարը.«Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, սակայն մտահոգված են ընդհանուր իրավիճակով, ամբողջ գյուղով ենք պատրաստ պաշտպանելու մեր հայրենի եզերքը...»:

Հ.Գ.

Մեր այցելության վերջում եղանք գյուղի պաշտպանական դիրքերից մեկում, որտեղ ստացած գոտեպնդող տպավորությունները, սակայն, թղթին չհանձնեցինք՝ թույլտվություն չունենալու պատճառով:

Այնուհետև հյուրընկալվեցինք մեր մարտական դիրքից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող, ադրբեջանական մի քանի հենակետից դիտարկվող Գրենա Քոչարյանի տանը:

Թեև ունեցած խնդիրներին, ինչին անդրադարձանք վերևում, նա ժամանակին վերցրել է տնտեսության գոմերից մեկը և մեծ բնակարանի վերածել, սակայն չի կարողանում վարկ վերցնել ու տան վերակառուցումն ավարտին հասցնել:

Մեր այցելության օրն ուրախության, ավելի ճիշտ տոնական տրամադրության մեջ էր Գրենա Քոչարյանի մեծ և հարգելի ընտանիքը: Որդին՝ Թորոսը, օրեր առաջ էր Գորիսից աղջիկ փախցրել, և ժամեր հետո նորահարսի ծնողները պետք է այցելեին խնամիացած Գրենայի տուն...

Ի դեպ, նորափեսա Թորոսն իր անունը ստացել է Մելիքսեթ Պողոսյանի փառապանծ ջոկատի կողմից Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրված Թուրուսի խութի անվանումից: Գրենա Քոչարյանը ժամանակին այնքան էր ոգևորված իրենց ջոկատի ռազմական այդ հաջողությամբ, որ որդուն կնքեց հենց այդ անունով...

Իսկ մենք չսպասեցինք խնամիների այցելությանը և բաժակ բարձրացրինք Թորոսի նորաստեղծ ընտանիքի համար, Գրենա Քոչարյան ազատամարտիկի առողջության համար...

Սամվել Ալեքսանյան

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29