Սահմանապահ Մուցքից Դրաստամատ Նավասարդյանն է շնորհավորանք հղում՝ գալիք տոների առիթով

26.12.2024 11:57
835

Դեկտեմբերի 22-ին մեր ստեղծագործական խումբը Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում էր։

1970-ականներից՝ տարբեր կարգավիճակներով, գյուղը ղեկավարող Դրաստամատ Նավասարդյանի հետ մեր հանդիպումը ցանկալի էր ու սպասված։

Գյուղխորհրդի երբեմնի նախագահը, կոլտնտեսության վարչության նախագահն ու գյուղապետը հիմա Սիսիանի համայնքի Մուցք գյուղի վարչական ղեկավարն է։

Հայրենի գյուղի ութնամյան, Անգեղակոթի միջնակարգը, Սիսիանի պրոֆտեխուսումնարանը, Գորիսի գյուղտեխնիկումն ավարտած Դրաստամատ Նավասարդյանին իմաստություն է բերել հատկապես տարիների փորձը, մարդկանց հետ աշխատելու բնատուր կարողությունը, ինչի շնորհիվ էլ բնօրրան Մուցքում վայելում է մարդկանց հարգանքը։

Մեր հանդիպման ընթացքում առաջարկեցինք նրան՝ Նախիջևանի սահմանով ձգվող սարերի բարձունքին բազմած գյուղից խոսք ուղղել սյունեցիներիս՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ։

Ահա և նրա խոսքը. «Կյանքում իմ առաջնահերթ խնդիրը հայրենի երկրամասին նվիրվելն է եղել, այդպես էլ ապրել եմ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրս սիրով, նվիրումով պահպանենք և ուժեղացնենք Սյունիքը։ Ուզում եմ, որ ավելի ամրապնդենք մեր սահմանները։ Մեր գյուղը՝ մոտ 3 կմ երկարությամբ, սահմանակից է Շահբուզի շրջանի Բիչանագ գյուղին։ Եվ մենք մեր ապրած կյանքով գիտենք, թե ինչ ասել է սահմանապահ կամ սահմանամերձ գյուղ։ Այդքանի հետ մեկտեղ՝ մեր երկրին արժանապատիվ խաղաղություն եմ ցանկանում, թող մեր երեխաները բանակում բարեհաջող ծառայելուց հետո ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքի գիրկը։

Իմ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, յուրաքանչյուրիդ ողջություն ցանկանում և երազանքների ու ծրագրերի իրականացում։ Աստված մեզ և մեր ժողովրդին պահապան»։

Դրաստամատ Նավասարդյանը նաև խոսեց Մուցքի բնակիչների մտահոգությունների մասին։ Գլխավորն այդ թվում Շաղատից մինչև գյուղ ձգվող մոտ 5 կմ երկարությամբ ճանապարհի խայտառակ վիճակն է։ Մարդիկ հույս են փայփայում, որ գոնե 2025-ին այդ խնդիրը կլուծվի։

Խմելու ջրի խնդիր էլ կա՝ ակունքները պետք է վերանորոգվեն։

Գյուղում առևտրի կետ չկա, ուստի և անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու համար Սիսիան են մեկնում, բայց ճանապարհի անմխիթար վիճակը թանկ հաճույք է դարձել տաքսիների ծառայությունից օգտվելը։

Ուսումնական տարվա ընթացքում երթուղային տաքսին օրական մեկ անգամ մանկավարժներին գյուղ է բերում, իսկ ամառային արձակուրդներին այդ երթուղին չի գործում:

Գյուղում գրեթե երիտասարդներ չկան, մեծամասնությունը 60 և ավելի տարիքի է։

Գյուղացիները ձմռանն աթարի հույսին են, ինչպես հազարամյակներ շարունակ։

Դե իսկ սահմանի մերձակա տարածքները, հասկանալի պատճառով, չեն մշակվում։

Դրաստամատ Նավասարդյանը հիշեցնում է նաև, որ Մուցքը խորհրդային օրերում հզոր տնտեսություն է ունեցել՝ 1200 խոշոր եղջերավոր անասուն, 3000 գլուխ մանր, 150 մեղվափեթակ, 200 գլուխ խոզ... Հիմա երեք անգամ պակասել է խոշորի գլխաքանակը, էականորեն նվազել են մյուս ցուցանիշները նույնպես։ Ու այդ ամենը վկայում է գյուղի ծերացած լինելու մասին։

Գյուղում ներկայումս գրանցված 350-360 բնակչից ձմռան ամիսներին բնակվում է 120-ը։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:

Դպրոցում 7 աշակերտ կա։

Եվ, այդ բոլորով հանդերձ ու բարեբախտաբար, գյուղում նախատոնական տրամադրություն էր տիրում...

***

Բնակավայրը հայտնի է Ուրարտական ժամանակներից։ 1975 թ. Թանահատի վանքում հայտնաբերված Արգիշտի 2-րդի սեպագիր արձանագրության մեջ Ծուլուկու (Ծղուկ) երկրում նշվում են երկու քաղաք՝ Իրդուա և Ամուշա։ Ուրարտագետների կարծիքով Ամուշան համապատասխանում է Մուցքի հետ։ Այդ սեպագիրն էլ հիմք է տվել Ս. Ումառյանին, որպեսզի Մուցք տեղանունը բացատրի խեթական Մեցուլա աստծու անունից ծագած։

Տաթևի եպիսկոպոսարանի 1781 թ. մատյանում Մուցքը նշված է Մազրա անունով (Մազրա բառը, ըստ Հ. Աճառյանի, նշանակում է մշակելի հող, արտ, հանդ)։

Ներկայիս գյուղը, հին գյուղատեղում, հիմնադրել են Խոյից և Սալմաստից 1828-29 թթ. եկածները:

Հետագայում գյուղը դարձել է տարածաշրջանի խոշոր բնակավայրերից մեկը՝ 1200-ից ավելի բնակիչներով։

Գյուղում մնացած միակ հնությունը եկեղեցին է՝ կառուցված Սուրբ Աստվածածնի անունով՝ 1870 թ., հավանաբար հին աղոթատեղիում, որին կից 1890 թվականից գործել է ծխական դպրոցը։

Մազրան Բարձրավան է վերանվանվել 1946 թ. սեպտեմբերի 10-ին, իսկ 1949 թ. հայտնի է դարձել, երբ աշորայի բարձր բերքի աճեցման համար կոլտնտեսության նախագահ Եգոր Հախվերդյանը, ինչպես և բրիգադավարներ Գ. Բալասանյանը, Ս. Խոսրովյանը, Գ. Մաիլյանը, Հ. Հախվերդյանը, Վ. Թադևոսյանն արժանացել են ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06