Սահյանի համար Սյունիքն է «աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր դիտակետը»

27.03.2024 16:15
3274

Համո Սահյանին «Սյունյաց երկրի» հատուկ համար ենք նվիրել բանաստեղծի 90 և 100֊ամյակների առիթով։ Եվ թվում էր, թե լրագրային ձևաչափով այլևս ասելիք չունենք, բայց...

Ժամանակի ընթացքում համոզվեցինք՝ Սահյանի պոեզիան, նրա գրական ճանապարհը նորովի իմաստավորման կարիք ունի. հայոց հայրենիք Արցախ ենք կորցրել, արցախահայությունն է հայրենազուրկ դարձել, մեր հայրենական տուն Սյունիքն է անդամահատվել և (ինչ֊որ առումով) անորոշության մեջ հայտնվել, մեր ազգային արժեքներն են փորձության առաջ կանգնել, հազարավոր մեր տղաներն են նահատակությամբ հայրենիքի զոհասեղան բարձրացել, հայոց պետականությունն է ալեբախումների մեջ հայտնվել...

Եվ առերեսվեցինք իրականության հետ՝ Սահյանը երբեք այսքան մոտ չի եղել մեզ, նա բացառիկ ճշգրտությամբ է կատարել հայ մարդու հոգու թարգմանի աստվածատուր իր դերը... Ու հիմա նրա տաճար մտնելու կարիք ունենք:

Մյուս կողմից՝ հայագիտության ոլորտում իրականացվող տարակուսելի քաղաքականությունն իր անդրադարձներն է ունեցել և ունենում նաև գրականագիտության վրա։ Ուտի և՝ հանդեսի սույն համարով փորձում ենք ևս մեկ ու յուրօրինակ արահետ բացել դեպի Սահյանի պոետական աշխարհ:

***

Սահյանը մեր նորագույն պոեզիայի առանցքային երևույթներից է։

Սփյուռքահայ գրականագետ Պողոս Սնապյանը, օրինակ, այսպես է բնութագրում Սահյանի տեղը հայոց բանարվեստում. «Մեր մեջ, Չարենցէն ետք, գրելու արարքը գրականութեան վերածած ամէնէն հետաքրքրական բանաստեղծը եղաւ ու կը մնայ Համօ Սահեան»։

Սահյանի պոեզիայի գեղագիտական ու ճանաչողական նշանակությանը վերստին ծանոթանում ենք հայ արձակի նշանավոր վարպետ Հրանտ Մաթևոսյանի հոդվածների, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի նոր մենագրության, Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի խոսքի, ՀՀ ԳԱԱ թղթակից, անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ֊ի հայոց հին և միջնադարյան գրականության ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սեյրանյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Խաչատրյանի, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Գրիգորյանի, գրականագետ Ֆելիքս Բախչինյանի հոդվածների օգնությամբ։

Սահյանը խղճի բանաստեղծ է... Նրա պոեզիան, մանավանդ այսօր, ինքներս մեզ հետ հանդիպելու, ինքներս մեզ հետ առերեսվելու ամենաճիշտ տեղն է։

Նրա պոեզիան հայի մեր վարքն ազգային մեր արժեհամակարգի համապատկերի վրա դիտարկելու ճշգրիտ կշեռքն է։

Եվ ընդհանրապես՝ Սահյանի գրական ժառանգության մեջ քաղաքացիական պոեզիան մեծ տեղ ունի, որի դրսևորումներին հանդիպում ենք գրեթե բոլոր ժողովածուներում։

Սակայն քաղաքացիական պոեզիան, առավել խտացված և նորովի, տեսնում ենք բանաստեղծական վերջին ժողովածուում՝ «Ինձ բացակա չդնեք». Արցախում ազգային ազատագրական պատերազմ էր, Խորհրդային Միության փլուզման հետ փորձության էր ենթարկվում դարերով ձևավորված մեր ազգային արժեհամակարգը...

Ժողովածուին անդրադառնում են Դավիթ Գասպարյանը, Աելիտա Դոլուխանյանը, Նաիրա Խաչատրյանը...

***

«Հայ ոգուն ուղեկից դարձած սահյանական պոեզիան»  բաժնում վերստին անդրադառնում ենք բանաստեղծի գրական ժառանգությանը։

Նախ ներկայացնում ենք Սահյանի բանաստեղծական ժողովածուների (հայերեն և ռուսերեն) ցանկը։

Այնուհետև՝ բանաստեղծական հիմնական ժողովածուներից յուրաքանչյուրին տրամադրում ենք հանդեսի մեկական էջ՝ այդկերպ ընթերցողին հիշեցնելով ժողովածուի անունը, ծավալը, տպագրության ժամկետը։ Այսպես՝ «Հայաստանը երգերի մեջ», «Մայրամուտից առաջ», «Քարափների երգը», «Սեզամ բացվիր», «Իրիկնահաց», «Կանաչ֊կարմիր աշուն», «Դաղձի ծաղիկ»  և «Ինձ բացակա չդնեք»։

Այնուհետև՝ մեկական էջի չափով ներկայացնում ենք պատառիկներ հայրեններից, քառյակներից, տրիոլետներից, թարգմանություններից։

***

Հայրեներգությունը, հայերգությունը, իբրև գլխավոր արյունատար անոթ, անցնում են Սահյանի ամբողջ պոեզիայի միջով։ Նրա համար ավելի թանկ իրողություն, քան Հայաստանն է, չկա.

Հայաստան ասեմ, շիկնեմ ամոթից,

Հրճվանքից հալվեմ և արցունք դառնամ,

Այդ պարզ արցունքով լվանամ հոգիս,

Պարզության խորհուրդ և ակունք դառնամ։

Միևնույն ժամանակ բանաստեղծը տեսնում է այն սպառնալիքները, որոնք ուղղված են Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի դեմ։ Ուստի և զգուշացնում է մերօրյա վաչկատուններին ու Հայաստանի համար աղոթք բարձրացնում առ Աստված:

Քար կկտրեք, թե քարով տաք

Իմ քարակուռ Հայաստանին,

Խղճի տաճար, խնկի խորան,

Մեռոնի գուռ Հայաստանին...

 

Վաչկատուններ դուք մերօրյա,

Թող մոտ չգան խաշները ձեր

Դեռ էն գլխից դրախտավայր,

Դրախտի դուռ Հայաստանին։

 

Չի կպչելու մի բիծ անգամ

Ձեր ստերի ունջ ու մրից

Ձեռքը ճարտար, քրտինքն արդար,

Սիրտը մաքուր Հայաստանին։

 

Մի բիծ անգամ չի կպչելու

Ձեր նենգության կուպր ու ձյութից

Հոգու թռիչք, սրտի մորմոք

Սիրո սարսուռ Հայաստանին։

 

Գտա՞ք մեկին, որ հավատար,

Թե դեռ բրդե խանձարուրից

Մատուցել եք բերդ ու ոստան,

Վանք ու մատուռ Հայաստանին։

 

Խանձարուր էլ դեռ չունեիք,

Երբ ծանոթ էր աշխարհն արար

Մեսրոպի լույս, Ղևոնդի խաչ,

Վարդանի թուր Հայաստանին։

 

Էլ ինչ մելիք կհանդգնի

Հրով, սրով ծնկի բերել

Իմ Սասնա տուն, իմ Սասնա սար,

Իմ Սասնա ծուռ Հայաստանին։

 

Շատ է տեսել արյուն ու ցավ,

Ինչ կլինի այսուհետև

Բարի աչքով նայես, Աստված,

Իմ այս մի բուռ Հայաստանին։

***

Ապրում էր Արցախով, արցախցին էլ իրեն զորացած էր զգում Սահյանով. համարի մի ամբողջ բաժին այդ մասին է։

Երջանկահիշատակ Վարդան Հակոբյանի խոսքն է՝ տարիներ առաջ գրված՝ «Մի Սահյան կա աշխարհում»  վերնագրով։

Զարինե Սառաջյանն էլ պատմում է, որ 2023֊ի սեպտեմբերյան զուլումի օրերին հասցրեց իր հետ վերցնել արցախյան մի բուռ հող, Նարեկացու «Մատյանը» և Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն։ Ներքին համոզմունք ուներ՝ այդ նշխարները կպաշտպանեն իրեն ու իր զավակներին, այդ նշխարների զորությամբ երբևէ կվերադառնան իրենց օջախ՝ հայոց Արցախ։

Թեման շարունակում է Նաիրա Խաչատրյանը...

«Մտքիցս չեն գնում Ղարաբաղում ընկած մեր էդ տղաները» վերնագրի ներքո բանաստեղծի խոհերն են Արցախի մասին (ըստ Հարություն Հովնաթանի)։ Եվ եզրակացություն՝ «Մենք ենք մեր օգնականները, մեր հույսը մեր ինքնապաշտպանությունն է»։

Մտահոգություններ, իրավիճակից բխող տագնապներ՝ «Գույժեր են գալիս Ղարաբաղից», «Խուլ տնքոց եմ լսում հեռու Դեր֊Զորից», «Եվ նորից թափառ մի ցեղ//Մեզ մեզնից խլել է ուզում»...

Այս տագնապի մեջ անգամ Սահյանը չի կորցնում հավատը վաղվա օրվա հանդեպ։ Գյուլիստանի աղբյուրն է՝ կանչում ու չի հանգստանում՝ «- Աչքդ, ասեմ, ուր էլ գնաս, //Հեռվից հեռու պահիր վրաս»։ «Աչքալուսանք կտանք շուտով//Ես ցուրտ, իսկ դուք տաք շշուկով...»։

***

Սահյանը բանարվեստի իր տաճարը կառուցեց՝ հիմքում ունենալով Սյունիքը։

Նրա համար պատմական Սյունիքն աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր և հուսալի դիտակետն է։

– Եթե նկատի ունեք պատմական Սյունիքը, ապա նա միակ և հիմնական ակունքն է, ինձ համար աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր և հուսալի դիտակետը։ Նաև այն հավելյալ իրականությունը, որ պահպանել է իմ ինքնությունն այս խառն ու խրթին աշխարհում, ֊ ասում է բանաստեղծը։

Սարը֊սարի գլխին վառվող խարույկ,

Սարը֊սարի փեշից կախված մանուկ,

Սարը֊սարերն ի վեր թռչող նժույգ,

Սարը֊սարի համար պերճանք ու փայլ,

Սարը֊սարի շողքից շիկնած եղբայր,

Սարը֊սարի մեջքին կանգնած ընկեր,

Սարը֊սարի համար թիկունք ու տեր,

Սարը֊սարերն ի վեր թռիչք ու ջանք,

Սարը֊սարի համար գմբեթ ու զանգ,

Սարը֊սարերի սուրբ Աղոթարան,

Սարը֊սարերից վեր Իշխանիկ Մեծ,

Սարը֊Գյազբել, գլուխն աստղերի մեջ,

Սարն֊Արամազդ, Տատնա, սարն՝ Արևիս...

Իսկապես, Սյունյաց աշխարհը նրա համար ոգեշնչման աղբյուր է, ստեղծագործելու ակունք, երգ ու տարերք, հայրենի տուն ու պատմություն։

Նրա գրչի տակ ժամանակների մեջ քնած դարերն են անգամ արթնանում, հավիտենությունից գաղթած և հավիտենությանը հաղթած սարերն են քնար դառնում, մեր եզերքի ամեն քար ու սրբավայր լեզու են առնում, մասրենին է մեզ հետ զրույցի բռնվում։

Ավելին՝ Սահյանի պոեզիան մեզ դուրս է բերում հայրենաճանաչության մի նոր հանգրվան՝ Արամազդ-Գյազբելից մինչև Աղոթարան ու Սալվարդ, Որոտանի կիրճից մինչև Տատնա կիրճ ու Դռնապանի ձոր, Լորագետից մինչև Զորզոր, Դարբասի ձորից մինչև Որոտնաբերդ ու Որոտնավանք, Շաքեի ջրվեժից մինչև Զորաց քարեր և Ուխտասար...

Եվ մեր կարոտն առ հայոց հայրենիք Արցախ, Մեծ Իշխանասար ու Մթնաձորի արևելյան խորքեր առնում ենք նաև Սահյանի պոեզիայի միջոցով։

Սյունիքը բանաստեղծի համար Ավետյաց երկիր էր։ Եվ ուրեմն՝ «Մենք այստեղ պիտի ճախրենք ու մնանք, //Թե մահ կա, այստեղ պիտի մահանանք»։

Սյունիքի ավերակ յուրաքանչյուր բերդ ու տաճար մի-մի Հայաստան են նրա համար:

Սյունյաց բարձրիկ կատարներն էլ նրան էին կարոտում, կանչում և բանաստեղծին նոր ուժ տալիս, Աստծու զուլալ արտասուքով իր վերքերը լվանալու, իր երգերը կատարների մեջ թաթախելու հնարավորություն տալիս։

Ու խոստանում է՝ «Իմ սար ու ձորից ձեռք չեմ քաշելու...», ինչպես և եղավ։

Խոստովանում է՝ «ուր լինի, ինչ էլ դառնա»՝ Սյունյաց աշխարհի մատաղի գառն է:

Ի՞նչ ասեմ, Սյունիք աշխարհ,

Հիշո՞ւմ ես դու հին հոտաղիդ,

Որ հիմա հասակն առել

Ու հոգնած ջրկիրն է տաղիդ։

Ծխով է ներշնչված նա

Ամեն մի երդիդ ու թաղիդ,

Ուր լինի, ինչ էլ դառնա,

Իմացիր՝ գառն է մատաղիդ։

Այդքանով հանդերձ՝ բանաստեղծը մտահոգված է Սյունիքի ճակատագրով և ինքնապաշտպանությունն է համարում մեր երկրամասի լինելիության գլխավոր գրավականը՝ «Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,//Սյունյաց լեռները պահելու գնա»։

Ընթերցողն այդ ամենը կտեսնի համարի և՚ լուսանկարներում, և՚ հոդվածներում, և՚ բանաստեղծի քերթվածքներում...

***

Հանդեսի բաժիններից մեկն էլ Սահյանի այն բանաստեղծությունների մասին է, որոնք վերածվել են երգի։ Այս հարցին նախկինում էլ, տարբեր առիթներով անդրադարձել ենք։ Ուստի և փորձեցինք թեման ընդհանրացնել։

Տիգրան Մանսուրյանի «Մայրամուտի երգեր»  վոկալ շարքն է՝  «Ա՜խ, ինձ ծլել չթողին», «Մայրամուտ Մասյաց գագաթին», «Գալու է աշունը դարձյալ», «Հոգի ունեմ տալու»։

Տիգրան Մանսուրյանի և Համո Սահյանի երկխոսությունն է (գրառումը՝ Հովհաննես Այվազյանի)։ Հազար անգամ կարդում ու չես կշտանում։ Տիգրան Մանսուրյանն էլ չափազանց տպավորված է՝ «Մի օր, որ գնամ այս աշխարհից, Կոմիտասին ասելու եմ՝ այս օրը եղել եմ Համո Սահյանի հետ»։

Իսկ գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը մեզ հետ ունեցած զրույցում հիմնավորում է՝ «Սահյանի պոեզիան, իր՝ հատկապես քնարական, խոհափիլիսոփայական մասով, տեղով մեկ մեղեդի է»։

ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանի հետ զրույցն է։ Նա իր մեղեդիներով հավելյալ թևեր է տվել Սահյանի մի քանի բանաստեղծությունների, որոնք ճախրում-թևածում են և թևածելու-ճախրելու են մեզանում՝ «Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս»... «Արագիլները»,  որ չվելուց առաջ տառապում էին, բայց և հավատում  վերադարձին... Եվ, իհարկե, երգիչ֊երգչուհիներից մի քանիսը, ովքեր կատարել կամ կատարում են Սահյանի բանաստեղծություններով երգերը։

***

Սահյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ և շատ հետաքրքիր հարցազրույցներ են կայացել:  Դրանք յուրօրինակ տեղ են գրավում Սահյանի սքանչելի քնարերգության գրականագիտական ու մատենագիտական տիրույթում։ Այդ հարցազրույցները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Դրանցից երեքը ներկայացնում ենք ընթերցողին՝ համոզված լինելով, որ զրույցներում յուրովի է բացահայտվում բանաստեղծը, մտածողը, մարդը։

Զորի Բալայանի հարցազրույցն է, որի ընթացքում բանաստեղծը չի թաքցնում իր հրճվանքը՝ «Գլխավորը Շուշիի ազատագրումն է»։

Դերենիկ Դեմիրճյանի տուն֊թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի հարցազրույցն է՝  «... Զորյանն ինձ համար այնպիսի՜ հեղինակություն է, նա մեծ գրող է, եվրոպական մասշտաբի»։

Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հարցազրույցն է՝  «Միակ իրականը հոգեկան անկախությունն է»։

***

Նամականի բաժնում բանաստեղծին առնչվող բազմաթիվ նամակներից չորսն ենք ներկայացնում...

Սերո Խանզադյանի նամակն է (1965 թ.)՝ գրված Փարիզից։ Դրանով մեծ արձակագիրը շարունակում է իր մտերմիկ զրույցը Սահյանի հետ, նաև մի քանի խնդրանք֊պատվիրան հղում։ Օրինակ, Գորիսում լինելու դեպքում՝ «Բաբուն Տիգրանին անպայման կտեսնես, կհետաքրքրվես՝ թոշակն ավելացրի՞ն, թե՞ չէ»։

Երեք նամակ էլ Հովհաննես Պապիկյանն է տրամադրել՝ Ռուբեն Զարյանի նամակը, Գուրգեն Մահարու նամակը և Սահյանի պատասխանը։

Հետաքրքիր է ռուս բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Լև Օզերովի նամակը Համո Սահյանին, որն առաջին անգամ չէ, որ ներկայացնում ենք։ Ի դեպ, 20֊րդ դարի 2֊րդ կեսից Սահյանի պոեզիան հետևողականորեն թարգմանվել է ռուսերեն։ Դրանում մեծ է այնպիսի պոետ֊թարգմանիչների դերը, ինչպիսիք են Բորիս Պաստեռնակը, Մարիա Պետրովիխը, Վերա Զվյագինցևան, Արսենի Տարկովսկին, Նաում Գրեբնյովը, Միխայիլ Դուդինը, Օլեգ Չուխոնցևը, Ալլա Մարչենկոն, Օլգա Իվինսկայան, Տատյանա Սպենդիարովան:

Սահյանի ռուսերեն թարգմանված բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1971-ին (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 151 էջ, տպաքանակը՝ 5000): Առաջաբանը գրել է ռուս թարգմանչուհի Ալլա Մարչենկոն, ժողովածուն կազմել է Լևոն Մկրտչյանը:

***

Համարի նախապատրաստման ընթացքում, ինչպես և սպասվում էր, բազմաթիվ նոր նյութեր ծնվեցին՝ նաև գեղարվեստական խոսքի սահմաններից դուրս։ Դրանց մի մասը միայն կարողացանք զետեղել համարում։

Հարցազրույցներ Համո Սահյանի ավագ որդու՝ Նաիրի Սահյանի, քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանի հետ, Սիսիանի հրաշալի դուստր Էվելինա Թադևոսյանի խոսքը, որով խոնարհում ու երկրպագություն է բերում մեր ազգին Համո Սահյան հանճարեղ զավակ պարգևած հողին, Հովհաննես Պապիկյանի հոդվածը, Համո Սահյանի վաղեմի բարեկամ, հայոց Արցախի զավակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի հուշերը...

***

Ներկայացնում ենք Համո Սահյանի կենսագրությունը՝ հեղինակությամբ Դավիթ Գասպարյանի։

Համարի այդ բաժինն ամբողջացվում է լուսանկարային լրացումներով՝ Սահակ դայու գերդաստանը, հայ գրականության նշանավոր ներկայացուցիչների հետ հանդիպումներից դրվագներ, ծննդավար Լորի համայնապատկերը, բանաստեղծի տունը, բանաստեղծի կերպարը մոնումենտալ արվեստում և կերպարվեստում։

***

Մեծ բանաստեղծը ենթադրում էր՝ «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս»... Այդպես էլ եղավ, այդպես էլ կա...

Անթիվ, անհամար են Սահյանին ու նրա պոեզիային նվիրված միջոցառումներն ամբողջ հանրապետությունում։ Եվ, կարծեք, նշանակություն չունի՝ տարին հոբելյանակա՞ն է, թե՞ ոչ։

2015 թ. հոկտեմբերի 17֊ին Սահյանի բանաստեղծական գլուխգործոց  «Պապի» հերոսը՝ բրոնզաձույլ արձանի տեսքով, կանգնեցվեց Դարբաս գյուղում։

2023-ի հուլիսի 17֊ին բանաստեղծի մի խումբ երկրպագուների հետ այցելեցինք Լոր։ Սահյանի մահվան 30-րդ տարելիցն էր։ Աննա Ալեքսանյանն է ներկայացնում...

2023-ի հոկտեմբերին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում կանգնեցվեց Սահյանի կիսանդրին։

Եվ նման շատ իրադարձություններ, բոլորին անդրադառնալ հնարավոր չէր։

Իսկ 2024֊ը մեր խմբագրության նախաձեռնությամբ Սյունիքում հայտարարվել է Սահյանական տարի, որի շրջանակում syuniacyerkir.am  կայքում և կայքի Syuniac Yerkir Newspaper  ֆեյսբուքյան էջում շաբաթական պարբերությամբ նյութեր ենք հրապարակում։

Նաև շարադրությունների, հոդվածների, ակնարկների մրցույթ ենք հայտարարել՝ «Հայոց հայրենիք Արցախը՝ Համո Սահյանի հոգում և պոեզիայում»  թեմայով։

Պարզվեց նաև՝ Սահյանը 1971 թ. հոկտեմբերի 27֊ին Գորիսի գավառագիտական թանգարանին է նվիրել իր բանաստեղծությունների ձեռագրերի մի ամբողջ փունջ, որից մի քանիսը նույնպես ներկայացնում ենք։

***

Համո Սահյանի պոեզիային նորովի հայացք ձգելով՝ համոզվում ենք վերստին՝ հայ ժողովուրդը (ի վերջո) արժանապատվորեն է դուրս գալու ներկայիս ծանրագույն վիճակից։ Եվ անպայման վերադարձ է լինելու ինքներս մեզ, և այդ վերադարձը լինելու է նաև Սահյանով...

Ու իրականություն է դառնալու նրա երազանքը, որ արժանապատիվ ամեն մի հայի բաղձանքն է.

Մայրամուտ Մասյաց գագաթին

Խարույկդ վառած մեռնեի,

Արևից, հողից, հողմերից,

Կարոտդ առած մեռնեի։

Իմ վերջին հառաչքի միջից

Գոհության ճիչը բողբոջեր,

Արտերս, արտերս վարած,

Պարտքերս մարած մեռնեի։

Բայց այդ երազանքի իրականացման ճանապարհին հայ մարդը, որ Սահյանի քնարական հերոսն է, կոչված է և նույնիսկ պարտավոր է լինել երկրի իրական տերը, քանզի՝

Մենք դեռ հազար հոգեվարք ենք մերժելու

(Քեռու կանչն է լսել Դավիթը հորում)։

Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,

Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում...

Եվ այդ ամենի հետ մեկտեղ՝

Պատը շարվի պիտի,

Ուրիշ հնար չկա։

Պարտքը մարվի պիտի,

Ուրիշ հնար չկա։

Նախնյաց սուրբ հավատի

Մասունքների դիմաց

Ծունկը ծալվի պիտի,

Ուրիշ հնար չկա...

Ահա  այսքանն էինք ուզում ասել, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, մեր մշակույթի իսկական նվիրյալ Տաթևիկ Սուքիասյանի հետ մտմտում էինք «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ մեծ բանաստեղծ Համո Սահյանի 110-ամյակին նվիրված համարի ծրագիրը։

Սամվել Ալեքսանյան

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48

Շուրջ 117 մլն դրամ Սյունիքի բուժհաստատություններին

20.12.2024 15:32