Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Մորթեզա Աբեդին Վարամին
Սյունիքի համայնքների հարգելի ղեկավարներ
Սյունիքի հարգելի փոխմարզպետ
Հոգևոր դասի պատվելի ներկայացուցիչներ
Սիրելի հայրենակիցներ
Մենք ուրախությամբ ենք մասնակցում Իրանի իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանը:
Եվ այդ կապակցությամբ մեր ողջույնն ու շնորհավորանքն ենք բերել հյուպատոսության աշխատակիցներին, Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր ներկայացուցիչներին, եւ ի դեմս Ձեզ՝ բարեմաղթանք ենք հղում բարեկամ Իրանի ժողովրդին:
***
Տոնական այս օրն առիթ է եւս մեկ անգամ հայացք ձգելու Իրանի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար 46 տարի առաջ տեղի ունեցած այն իրադարձությանը, որն անվանվում է Իրանի իսլամական հեղափոխություն:
1979 թվականի այդ իրադարձությունների արդյունքում տապալվեցին Իրանի Պահլավական թագավորական կարգերը, միապետությունը եւ շահ Մուհամադ Ռեզա Փահլեւիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնու գլխավորությամբ:
Երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում 1979 թ. ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական Հանրապետություն:
***
Իսլամական հեղափոխության ուշագրավ արդյունքներից մեկն ազգային փոքրամասնությունների հանդեպ պետական ուշադրությունը եւ հոգածությունը նոր մակարդակի բարձրացնելն էր։
Ավելի ընդգծվեց քրիստոնեական սրբավայրերի եւ ընդհանրապես քրիստոնեական արժեքների հանդեպ պետական հոգածությունը։
Իսլամական կառավարությունում փոքրամասնություններն ունեցան լիարժեք ապահովվածություն, ունեցան իրենց պատգամավորները խորհրդարանում, պետությունը պարտավորվեց պահել ու պահպանել ազգային փոքրամասնությունների կրոնական եւ հասարակական կառույցները:
***
Իրանի իսլամական հեղափոխության հետեւանքները մեզ համար չափազանց կարեւոր էին եւ շարունակում են մնալ կարեւոր հատկապես արտաքին քաղաքական տեսակետից:
Այդ առումով հետեւյալը կուզենայինք ասել:
1991 թ. սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, հայ ժողովրդի կամքով վերականգնվեց հայոց անկախ պետությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախ պետականությունը։
Դրանից հետո հայ-իրանական բարեկամությունը նոր փուլ թևակոխեց։
Փորձենք այդ ամենը դիտարկել սյունիքյան պատուհանից՝ մի քանի օրինակով:
1992 թ. մայիսի 6-ին Մեղրու Ագարակ քաղաքի դիմաց բացվեց ժամանակավոր նավակամուրջը (պոնտոնային կամուրջը), որը դարձավ հույսի յուրօրինակ կամուրջ, կյանքի ճանապարհ շրջափակման մեջ հայտնված Հայաստանի Հանրապետության համար:
Հետագայում զգացվեց ավելի հզոր կամրջի կարիք, որի շինարարությունն ավարտվեց 1995 թ. դեկտեմբերին։
Հայ-իրանական տարիների համագործակցության արդյունք էր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը 2022 թ. հոկտեմբերի 21-ին, որով նորովի կարեւորվեց Սյունիքի քաղաքական ու ռազմավարական դերն ու նշանակությունը։
Այսօր պատեհ ենք համարում հակիրճ անդրադառնալ գլխավոր հյուպատոս պարոն Մորթեզա Աբեդին Վարամինի մարդկային, դիվանագիտական նկարագրին, որը միայն դրվատանքի է արժանի:
Նրա ջանքերով հյուպատոսությունը վերածվեց հայ-իրանական բարեկամության դրոշակակրի կամ առաջապահի:
Նրա գործունեության շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար դարձավ առավել հարազատ եւ հուսալի:
Նա հասցրեց ինտեգրվել մեր երկրամասի հանրային եւ մշակութային առօրյային ու մեր կողքին լինել բոլոր փորձությունների ժամանակ, որն ապրեցինք վերջին երկու-երեք տարում:
Տոնական օրվա կապակցությամբ առանձնահատուկ հարգանք ենք ընծայում Ձեզ՝ պարոն հյուպատոս, ու մաղթում հաջողություններ հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Մենք կարող ենք երկար թվարկումներ անել, թե հյուպատոսության հիմնումից ի վեր ինչ ծրագրեր են իրականացվել եւ իրականացվում Սյունիքում, բայց դրա կարիքը չկա, քանզի ամեն ինչ մեր աչքի առջեւ է:
Կուզենայինք կարեւորել հատկապես Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը, որին մոտ մեկ տարի առաջ ձեռնամուխ եղան իրանցի շինարարները, ինչը եւ բարեհաջող ընթացքի մեջ է:
***
Հայերս, դեռեւս մեր պատմության արշալույսին, ամենաբազմազան շփումներ ենք ունեցել հարեւան երկրների ու ժողովուրդների հետ: Սակայն հայ ժողովրդին առավել մոտ են եղել Իրանն ու իրանական ժողովուրդը՝ ե՛ւ աշխարհագրական, ե՛ւ հոգեւոր-մշակութային առումներով:
Մի քանի դիտարկում՝ միայն մեր տարածաշրջանի մասով:
Ընդդեմ թուրք նվաճողների մղվող ազատագրական պատերազմներում պարսկական պետությունը քանիցս զորավիգ է եղել սյունեցիներիս՝ նպաստելով ազգային մեր իղձերի իրականացմանը:
18-րդ դարասկզբին, օրինակ, Իրանը միակ երկիրն էր, որ փաստորեն ճանաչեց Սյունիքի անկախությունը, որն իրականություն էր դարձել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պատերազմի շնորհիվ:
Կամ՝ 1921 թ. հուլիսին Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհը՝ իր զինակիցներով, ապաստան գտավ բարեկամ Իրանում:
Ուրիշ օրինակ. 17-րդ դարասկզբին (1609 թ.) Իրանի արքայական հրամանով Քաշաթաղի մելիք Հայկազնը մեծ իրավունքներ ստացավ Սյունիքում, ինչի շնորհիվ, կարելի է ասել, ապահովվեց մեր երկրամասի կիսաանկախ վիճակն ու անվտանգությունը պատմության դժվարագույն այդ հանգրվանում:
***
Տոնական այս հանդիպումը տեղի է ունենում տարածաշրջանի համար բախտորոշ ժամանակաշրջանում: Եվ օրվա խորհուրդը խախտած չենք լինի, եթե որոշ նկատառումներ հայտնենք այդ առնչությամբ: Հակառակ պարագայում մեր խոսքը հեռու կլինի անկեղծությունից:
Վերջին շրջանում, կարծեք, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձեւավորվում:
Իհարկե, շատ կուզենայինք, որ մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեր աշխարհի վերաբաժանման, սահմանների վերաձևման ներկա խառնաշփոթում։
Բայց կուզենայինք նաեւ, որ հօդս ցնդեր մի շարք գուժկան քաղաքագետների կանխատեսումները, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետությունը, ստեղծված բարդագույն իրավիճակում, կարող է եւ վերանայել Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները:
Մեզ համար չափազանց կարեւոր է եղել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հատկապես 2020 թվականի պատերազմից եւ 2023-ին Արցախում իրականացված հայերի ցեղասպանությունից հետո, երբ հորինված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը դարձավ աշխարհաքաղաքական հարցերից մեկը:
Ասել եւ ասում ենք՝ «Զանգեզուրի միջանցքը» խաբեական ծրագիր է եւ ընդդեմ Հայաստանի է:
«Զանգեզուրի միջանցքը» ոչ թե Ադրբեջանը Նախիջեւանի հետ տրանսպորտային երթուղով կապելու խնդիր ունի, այլ Հայաստանը մասնատելու, արդեն իսկ անդամահատված Սյունիքը վերստին մասնատելու, Հայաստանի եւ Իրանի միջեւ հազարամյակներով գոյություն ունեցող ճանապարհը շրջափակելու, ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ստույգ նպատակ:
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով քանիցս անթույլատրելի է համարել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը՝ դա համարելով կարմիր գիծ Իրանի համար։
Ավելին, Իրանն առաջարկել է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջև հաղորդակցության այլընտրանքային տարբերակ, ինչպիսին է «Արաքսի միջանցքը»:
Մի քանի օր է, սակայն, այդ հարցի շուրջ նոր եւ վտանգավոր զարգացումների ենք ականատես:
Նախ՝ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց ԱՄՆ պետդեպի՝ իբր գաղտնազերծված փաստաթղթերը՝ 1998-1999 թթ. տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, որի ընթացքում քննարկվել է Մեղրիի տարածքն Ադրբեջանին հանձնելու տարբերակը (Արցախի դիմաց):
Գաղտնազերծում կոչված այդ ներկայացումը, կարծում ենք, վկայությունն է այն բանի, որ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր փայատերերը նոր թափով են լծվել հորինված այդ խնդրի լուծմանը:
Թուրանական այդ ծրագրի հարցում նոր ակտիվացումը, ըստ փորձագիտական հանրույթի, բացատրվում է պահի բացառիկությամբ, թե իբր սիրիական իրադարձություններից հետո տարածաշրջանում էականորեն թուլացել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերը, թե իբր Իրանն այլեւս չի կարող խոչընդոտել այդ ծրագրի իրագործմանը:
Ստեղծված իրավիճակում մեր որոշ մտահոգություններ, կարծեք, փարատվում են Հայաստանում Իրանի դեսպան պարոն Սոբհանիի փետրվարի 6-ի հայտարարությունների արդյունքում։
Դեսպանը հայտարարեց՝ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Հայտարարեց նաև՝ «Միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ լինելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին»։
Մենք, անշուշտ, ողջունում ենք փաստը, որ Իրանը վերահաստատում է իր՝ նախկինում որդեգրած դիրքորոշումը։
***
Ներկայումս Հայաստանի բնակչությունը ներքաշված է ապագային միտված ճանապարհի փնտրտուքի մեջ:
Ոմանք երկրի ապագան տեսնում են Եվրոպական Միության եւ ընդհանրապես հավաքական Արեւմուտքի հետ ռազմավարական հարաբերությունների մեջ:
Մենք, իհարկե, հարգում ենք մեր որոշ հայրենակիցների այդ կողմնորոշումը:
Մենք, միանշանակ, կողմնակից ենք բոլոր ժողովուրդների հետ արժանապատիվ բարեկամության, եթե, իհարկե, այդ ժողովուրդները մեզ հետ բարեկամանալու իրական մտադրություն ունեն: Ի վերջո բնության մեջ ավելի զորեղ եւ բաղձալի երեւույթ չկա, քան ժողովուրդների բարեկամությունը:
Մինչդեռ, անհնար է չտեսնել, թե ինչպես ենք Արեւմուտք կամ Եվրոպա պոռալով ընկղմվում Թուրքիայի գիրկը: Այն պետության, որը բացեիբաց եւ հպարտորեն հայտարարում է, թե ինչպես է 2020-ին հայոց Արցախը բռնազավթել: Այն պետության, որը մեզ հետ խոսում է միայն նախապայմաններով, որն առ այսօր չի զղջում 20-րդ դարասկզբին մեր պատմական հայրենիքում գործած ցեղասպանության համար:
Հայոց մեծերից մեկը՝ մեր հայրենակից Համո Սահյանն է պատգամում՝ «Մենք այստեղ պիտի ապրենք ու ճախրենք»:
Այդ սկզբունքով եւ վճռականությամբ էլ ապրում ենք:
Ու բարեկամ եւ եղբայր ենք բոլոր երկրներին ու ժողովուրդներին, որոնք պաշտպանում են մեր այս ընտրությունը, որոնք աջակցում են երկրամասի անվտանգությանը և դեմ են Սյունիքի մասնատմանը։
Մեզ համար հենց դա է դեպի Տաճար տանող ճանապարհը:
***
Երբեւէ, մեկ այլ առիթով, ավելի հանգամանալից խոսք կասենք հայ-իրանական մշակութային առնչությունների մասին, որոնք, իսկապես, հազարամյակների պատմություն ունեն:
Այսօր կբավարարվենք հետաքրքիր մի իրողություն հիշեցնելով:
Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ Սերգեյ Հարությունյանն էր այն թարգմանիչը (գրական անունը՝ Ումառյան), ով հայ ընթերցողի սեղանին դրեց իրանական պոեզիայի՝ համաշխարհային նշանակության ստեղծագործություններից շատերը:
Այդքանով հանդերձ՝ Իրանի գրական-մշակութային հարստության մասին մեզ պատկերացում է տվել հանճարեղ Չարենցը՝ «Չարենց-Նամե» պոեմում, որի մի դրվագ կուզենայինք հիշել:
Ես ծնվել եմ Մակու քաղաքում,
Արևի տակ ոսկեղեն, հասուն,
Շոգ շնչի տակ Օրմուզդի թևի—
Թափել է արևն Իրանի
Իմ հոգում Շիրազի վարդեր։
Հիշենք նաև Իրանի ամենահռչկավոր եւ սիրված պոետ Հաֆեզի մտքերից մեկը, որի արդիականությունն անվիճելի է, թեեւ գրվել է յոթ դար առաջ:
Ահա..
Հանճարն իր գնդից, Հաֆեզն իր դասից բացակայում են,
Խառնաշփոթ է, ժամանակները բարդ են ու խրթին:
***
Հարգելի ներկաներ
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի կապակցությամբ, բարեկամ Իրանին ցանկանում արժանապատիվ դիմակայություն՝ առկա մարտահրավերներին, եւ զարգացում ու բարգավաճում:
Շնորհակալություն:
8 փետրվարի 2025 թ․