Սամվել Գասպարյան. «Կոմբինատի ղեկավարության միակ նպատակն ամեն գնով առավելագույն շահույթ ստանալն է, ընդհուպ մինչեւ հանքավայրի պաշարների փոշիացման, շահագործման ժամկետի կրճատման հասնելը»

10.08.2015 20:13
2590

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015թ. փետրվարի 19-ին «Սյունյաց երկիր» թերթի կայքում հրապարակված Կապանի լեռնահանքային կոմբինատի նախկին գլխավոր ճարտարագետ Սամվել Գասպարյանի` թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին հղած ռուսերեն նամակը` «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանի գործունեությանն առնչվող, որ այնուհետեւ լույս է տեսել «Սյունյաց երկիր» թերթի 2015թ. փետրվարի 28-ի N6 (349) տպագիր տարբերակում, քաղաքացիական գործ հարուցելու հիմք է հանդիսացել՝ ընդդեմ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի ու Սամվել Գասպարյանի` Հրաչ Ջաբրայանից հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ «Սյունյաց երկիր» թերթում դատավճիռը հրապարակելու, ինչպես եւ (համապարտության կարգով) հօգուտ Հրաչ Ջաբրայանի մեկ մլն դրամ (իբրեւ փոխհատուցում) բռնագանձելու մասին:

Հրաչ Ջաբրայանը կարծում է, որ վերոգրյալ հոդվածում ոտնահարվել են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը (հայցադիմումի վերջին տարբերակը դատարան է ներկայացվել 2015թ. մարտի 17-ին):

Ըստ Հայցվորի` Սամվել Գասպարյանն ուղղակիորեն, իսկ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն անուղղակիորեն վիրավորել են Հրաչ Ջաբրայանին:

Նամակի հեղինակ Սամվել Գասպարյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում եւ մասնավոր այցով Կապանում էր: Օգտվելով առիթից՝ զրուցեցինք Սամվել Գասպարյանի հետ հայցի եւ  Կապանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի մասին:


- Պարո՛ն Գասպարյան, Ձեր կարծիքը հայցի վերաբերյալ:

- Անկեղծ ասած հայցին ծանոթ չեմ, քանի որ այն ուղարկվել է իմ փաստացի հաշվառման վայր, իսկ ես այստեղ չեմ եղել դրան ծանոթանալու համար:

- Ձեր շահերը երեք փաստաբան է ներկայացնում՝ Կարինե Օվչյան, Արշավիր Խալափյան եւ Իրինա Մանուկյան: Ըստ Հայցվորի` հոդվածում օգտագործվել են վիրավորանք պարունակող հետեւյալ արտահայտությունները` ա) լսիր, ծաղրածու, բ) անալիտիկ մտածողության բացարձակ բացակայություն, թույլ մասնագիտական գիտելիքներ, կոլեկտիվի ղեկավարում` հիմնված էմոցիաների եւ սուտ պատրիոտիզմի վրա, այսինքն՝ ոչ մի գործնական հատկանիշ, քեզ համար ենթադրում են միայն մեկ պաշտոն աշխատելու համար` «կորպորատիվ երեկույթների կազմակերպման» մենեջերի պաշտոնը, ինչով եւ դու հայտնի ես դարձել լայն հանրությանը քո թիմի հետ ամենշաբաթյա թանկ սպիրտային խմիչքների դեգուստացիաներով տարբեր խմիչք օգտագործելու համար նախատեսված վայրերում, գ) քո «մասնագետներին» միայն մնում է ուղեղն աշխատացնել, եթե նրանք դրանից ունեն, դ) չէ, դու հիմար չես, դու տականք ես, ե) իմ բարի խորհուրդը քեզ` անհաջողակ մենեջերին եւ դատարկ խոսացողին` փախիր մեր երկրից, զ) դու տականք ես…:

- Այդ մարդն իրավունք ունի վիրավորվել, բայց ես չեմ հրաժարվում իմ խոսքերից: Հրաչ Ջաբրայանը շարունակում է նույն աշխատելաոճով իր գործունեությունը ծավալել՝ կապելով ժողովրդի աչքը: Կարճ ասած ես նորից ստորագրում եմ այդ նամակի տակ:

- Իսկ ի՞նչ է կատարվում այսօր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում:

- Ես վստահաբար կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ այնտեղ իրականացվում են ոչ ճիշտ տեխնոլոգիական աշխատանքներ: Դեռեւս Ռ.Ֆալետտայի ղեկավարման օրոք ես հայտնաբերել էի, թե հանքանյութի ինչքան կորուստ են տալիս: Դրանք չվերականգնվող պաշարներ են, որոնց կորուստն անդառնալի է: Եթե ես հնարավորություն ունենայի ծանոթանալ կոմբինատի հաշվետվություններին, որոնք ուղարկվում են համապատասխան կառույցներին, կարող էի ասել, թե հատկապես արտադրական շղթայի որ օղակում են նրանք սխալներ թույլ տալիս: Չեմ կասկածում, որ նրանք կատարում են ընտրովի շահագործում (հանքանյութը վերցնում են ամենահարուստ վայրից միայն): Մեծ կորուստ են տալիս նաեւ հանքաքարը զանգվածից պոկելու ընթացքում: Ազգային ունեցվածքին հասցվող վնասը շատ մեծ է, եւ ինձ ամենից շատ վիրավորում է այն, որ Հրաչ Ջաբրայանը փորձում է ցույց տալ, որ մեր ազգին օգուտ է տալիս: Նրանց այս պահին հետաքրքրում է միայն ու միայն օգուտ ստանալը, թե հետագա սերունդներին հանքային դաշտում մշակելու հումք ինչքան կմնա, կամ չի մնա, դա իրենց ամենեւին չի հետաքրքրում:

- Ձեր աշխատելու ժամանակ կոմբինատը քանի՞ աշխատող ուներ եւ տարեկան ինչքա՞ն հանքաքար էր հանում:

- 1989-90թթ. Կապանի կոմբինատի գլխավոր ճարտարագետն էի, մինչ այդ հանքի վարիչ, եւ այդ ժամանակ մենք Լենհանքերի պղնձի հանքերն էինք շահագործում: Տարեկան 650-750 հազար տոննա հանքաքար էինք հանում եւ ունեինք 750-780 աշխատող, ներկայումս՝ 1200-1300 աշխատող, տարեկան՝ 450-500 հազար տոննա հանքաքար: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ կոմբինատի տնօրենն անընդհատ կրկնում է, որ իրենք շահույթ չեն ստանում, բայց մոտ 300 աշխատող ավելի են պահում: Պարզաբանում եմ, որ երակային հանքավայրի մշակումը ի սկզբանե պահանջում է քանակով շատ մարդկային ռեսուրսներ, որն ընդունված տեխնոլոգիայի նահանջ է եւ ոչ թե Հրաչի ցանկություն «բարելավել քաղաքի սոցիալական պայմանները»: Ի՞նչ է, շահույթ չունես, քո գրպանի՞ց ես վարձատրում այդ մարդկանց, դա աբսուրդ է (նոնսենս): Այն շահույթը, որ այսօր ունի կոմբինատը, ինչ խոսք, լիովին թույլ կտա եւս 300 մարդ պահել քմահաճույքի համար, քանի որ նրանց վրա ծախսվող գումարները չնչին են ստացվող շահույթի դիմաց: Նշեմ, որ օրենքի համաձայն ստացած շահույթի ընդամենը 20 տոկոսն է փոխանցվում պետբյուջե՝ շահութահարկի տեսքով: Ինչ վերաբերում է հանքաքարի չափին (400-500 հազար տոննա), դա բնական է. այստեղ տեխնիկապես հնարավոր չէ ավելի աշխատուժ եւ սարքավորումներ տեղավորել, եւ ավելի բարձր արտադրանք ապահովել:

- Ձեր աշխատելու տարիներին ինչքա՞ն էր կոմբինատի շահույթը կազմում:

- Այդ տարիներին մենք շահույթ չէինք ստանում, քանի որ պղինձը ցածր գին ուներ, մեզ պետությունը դոտացիա էր տալիս: 1990-ական թվականների սկզբին պղինձը, կարելի է ասել, գին չուներ, հետո միանգամից բարձրացավ: Մենք վնասով էինք աշխատում, բայց մոտ 800 աշխատատեղ ունեինք:

- Ինչպե՞ս է ստացվում, որ 200-300 տարի լինելով հանքարդյունաբերական միջավայր՝ այնուամենայնիվ, կադրերն այսօր դրսից ենք բերում Կապան:

- Եթե ասեմ, որ մեր կրթական համակարգը պատրաստում է ընտիր կադրեր, մանավանդ ընդունված արեւմտյան կրթահամակարգի պայմաններում, չափազանցություն կլինի, բայց դրսից բերված կադրերն էլ չեն փայլում (ես շփվել եմ առնվազն հինգ հոգու հետ) հանքային ոլորտում իրենց գիտելիքներով եւ հմտությամբ: Տեսական գիտելիքներից առավել մեր բնագավառում կարեւոր է գործնականը, հմտանում են աշխատելու ընթացքում, բայց պիտի սովորեցնող լինի (բոլոր հարցերը չեն լուծի համակարգիչները): Նշեմ, որ երիտասարդների շրջանում նույնպես մեծ խանդավառություն չեմ տեսնում, մեկ-երկու հոգի միայն կարող է լրջությամբ հետաքրքրվել հանքարդյունաբերական աշխատանքով:

- Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել Ձեր գործունեության ընթացքում:

- Քանի որ քննարկում ենք ընկերության հետ կապված հարցեր, ապա նշեմ, իմ գործունեության հինգ ամսվա ընթացքում տարբեր լեռնային ցուցանիշներ երկուսից մինչեւ վեց անգամ բարձրացան: Ավելին ասեմ՝ ես Թեջադինի տեղամասն էի ղեկավարում, որտեղ հիմնականում զբաղվում էինք նախապատրաստական աշխատանքներով եւ 5-րդ ամսում արդեն իսկ կատարեցինք հանքաքարի առաջին պոկումը: Այդ պահին, երբ հնարավոր էր սկսել հանքաքարի 1.5 տարով պլանավորված քանակի հանքաքարի թողարկումը, երկու տեղամասը՝ Կենտրոնական եւ Թեջադինը, միացվեցին, եւ ինձ ազատեցին աշխատանքից՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում հետ կկանչեն: Իհարկե, ցավալի էր ինձ համար կատարել մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ, որը ապահովում էր հանքաքարի հանույթի պլանավորված ծավալների կատարում, ու այն նվիրել մեկ ուրիշի: Աբսուրդ:

- Տարիներ առաջ Շահումյանի բազմամետաղային հանքի բաց շահագործման գաղափարը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց հետո միանգամից դադարեցվեց այդ գործընթացը, որ, իհարկե, դեռ չէր հասցրել մեկնարկել:

- Գործընթացն իսկապես կասեցվել է ոչ թե պայմանավորված հումանիզմով, այլ նրանով, որ հանքավայրի բաց եղանակով շահագործումն ուղղակի շահույթ չէր ապահովի: Ահռելի աշխատանքներ պիտի տարվեին այդ ուղղությամբ, որ բնավ իրենց ձեռնտու արդյունք չէր տա:

- Տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանը որքանո՞վ է նպաստել ընկերությունում օգտագործվող տեխնոլոգիաների արդիականացմանը:

- Եթե հակիրճ ասեմ, փոխվել են միայն աշխատանքի միջոցները: Նախկինում շատ աշխատանքներ կատարվում էին ձեռքով, ներկայումս մեքենայացված է, որ բնական է, բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, ակնկալում շահույթի մեծացում:

- Միջազգային շուկայում մետաղների գների առումով ճգնաժամ է արձանագրվում:

- Անկեղծ ասած վերջերս պարբերաբար չեմ հետեւում գներին, բայց գիտեմ, որ նվազել են:

- Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ Գեղանուշի պոչամբարը սպառել է իր հնարավորությունները: Պարբերաբար խոսում են նաեւ Կապանի օդի աղտոտվածության մասին, որ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մարդկանց կյանքի եւ առողջության համար:

- Այստեղ պիտի մի կարեւոր հանգամանքի ուշադրություն դարձնենք. մեր ընդերքից հանված հանքաքարից կորզում են միայն ոսկի, արծաթ, ցինկ եւ կապար, մնացած տարրերը թողնում են: Իսկ ընդերքի մասին օրենքի համաձայն՝ հանքավայրը համալիր պիտի շահագործվի: Մենք բարբարոսաբար ենք օգտագործում մեր հանքավայրը. շահագործողների նպատակը միայն շահույթ ստանալն է, մնացածի մասին մտածելն ավելորդ է այս շրջանում, բայց այն հանգամանքը, որ գտնվող զուգակցող մետաղները ոչ մի տեղ չեն երեւում եւ մարվում են առանց որեւիցե օգուտ բերելու  հանրությանը, շատ մտահոգիչ է ու անթույլատրելի: Այդ մետաղների մի մասը կարող է չհաշվառված առաքվի խտանյութի հետ, մյուսն արտադրության թափոնների հետ կուտակվի պոչամբարներում:

Դեռեւս երկու տարի առաջ էի լսել, որ Գեղանուշի պոչամբարի հետագա շահագործման հնարավորությունները մոտենում են սահմանագծին: Ինչ վերաբերում է օդի աղտոտվածությանը, ես չեմ կարող միանշանակ պնդել, թե այն լուրջ խնդիրներ է ստեղծում, քանի որ չունեմ շրջակա միջավայրի եւ հատկապես օդային ավազանի վերաբերյալ մասնագիտական տեղեկություն: Բնապահպանության նախարարությունը պիտի տեսչություն ունենա, որ պարբերաբար ստուգի օդի աղտոտվածության աստիճանը:

- Ամփոփելով զրույցը՝ նկատում ենք, որ Դուք իսկապես մեծ ցավով եք ներկայացնում ստեղծված իրավիճակը:

- Գիտեք՝ այստեղ անձնական խնդիր չկա, ես Ջաբրայանի հետ ընդհանրապես չեմ աշխատել, իմ վրդովմունքն առաջանում է նրա ստախոսությունից եւ փորձից՝ խաբել հասարակությանը՝ օգտվելով նրա անտեղյակությունից եւ ոչ պրոֆեսիոնալ դատումից: Սա իսկապես կլոունադա է, եւ ստիպում է մտածել, թե ինչ էր ուզում ասել կամ անել այս ողորմելին՝ լկտիաբար խաբելով մարդկանց իր ասուլիսներում, իսկ եթե Ջաբրայանի պահվածքը ծիծաղ առաջացներ, այդ ժամանակ կնմանվեր իսկական ծաղրածուի: Աստված գիտե. մեկը կարող էր լալ՝ «գիտակցելով ընկերության ծանր վիճակը», ինչ-որ մեկն էլ թաքուն կխնդար, որպեսզի դատարանի առաջ չկանգնեցնեն: Ինձ զայրացնում է, որ թալանելով ժողովրդի հարստությունը (մեր ընդերքը) եւ դրանով հարստանալով, չնչին գումարներ հատկացնելով հանրությանն իբր բարեգործություն, այդ Հրաչ կոչվածն անընդհատ մարդկանց գող է անվանում՝ ոտնահարելով նրանց արժանապատվությունը: Իհարկե, կլոունադա է այս ամենը, նույնիսկ այն, որ ես դատարանի առջեւ պետք է կանգնեմ, այլ անվանում ես չեմ կարող տալ: Ես ուզում եմ, որ կապանցու հարստությունը երկար ծառայի սերունդներին, կապանցի մասնագետն աշխատի կոմբինատում (ոչ օտարերկրացու ծառա) եւ խնայողաբար ու համալիր օգտագործի մեր ընդերքի հարստությունը: Ըստ 2009թ. պաշարների վերահաշվարկման՝ Շահումյանի հանքավայրի կյանքը (500 տոննա տարեկան արտադրողականություն ապահովելու պայմաններում) պետք է կազմի մոտ 28-30 տարի: Հաստատ համոզված եմ, որ այն երբեք չի իրականանա առկա տեխնիկական քաղաքականության դեպքում: Մի գեղեցիկ օր կհրաժարվեն Շահումյանի ծննդավայրից, ինչ նույն հաջողությամբ արել էին Լենինյան հանքերի Կենտրոնական տեղամասի նկատմամբ՝ «մեզ տնտեսապես ձեռնտու չէ շահագործել» ձեւակերպմամբ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43