Սերո Խանզադյանը՝ ժամանակի առջեւ (շարունակություն)

03.12.2015 14:56
3292

- Սերո Խանզադյանն անդրադարձավ պատերազմական թեմատիկային («Մեր գնդի մարդիկ», «Երեք տարի 291 օր», մի քանի պատմվածքներ): Գրողին հաջողվե՞լ է ներկայացնել պատերազմի իրական դեմքը, քանզի պատերազմը ոչ միայն  մայիսի 9-ի հաղթանակն է, այլեւ ողբերգություն, մարդկային խեղված ճակատագրեր…

- Վերստին հիշենք՝ Խանզադյանը խորհրդային գրող էր, խորհրդային գաղափարախոսության կրող էր, իրականության հետ հաշտ և ոչ ընդդիմադիր խորհրդային քաղաքացի ու մտավորական: Նա այդ շրջանակից դուրս չեկավ: Այդ շրջանակի ընձեռած հնարավորությունների սահմաններում էին նաեւ նրա ու մի շարք այլ մտավորականների ընդվզող նամակները ԽՍՀՄ վերադաս մարմիններին՝ կապված ինչպես Արցախի, այնպես եւ տնտեսական բազմապիսի խնդիրների հետ:

Այդ ամենով հանդերձ Երկրորդ համաշխարհային կամ մեզ համար եւս Հայրենական մեծ պատերազմի պատկերման հարցում խորհրդային գաղափարախոսությունը պահանջում էր մի տեսակ լավատեսական, հաղթական ներշնչվածություն, ինչին ասում էին հերոիկա: Երբեք մի՛ մոռացեք՝ դրանք բրեժնեւյան “Малая земля“-ի ժամանակներն էին: Սրանք էին պատերազմը ներկայացնելու չափն ու չափանիշը, պահանջն ու օրինակը:

Պատերազմի մասնակից շատ գրողներ այդ ներշնչանքով ծավալուն վեպեր գրեցին, բայց ո՛չ պատերազմ կար, ո՛չ էլ երեսուն միլիոնից ավելի զոհերի հոգու տնքոցը: Ահա, խնդրեմ, բաց արեք Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» ստվարավեպը: Ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամության պահանջը, հաղթանակի անհրաժեշտ ու պարտադիր գաղափարը ծածկում են ամեն ինչ: Սա ոչ թե վեպ է, այլ կոմունիստական կուսակցության պատմության հավելված:

Առավելագույնը, ինչ Խանզադյանն արեց այս ասպարեզում, այն է, որ մարդկայնացրեց կերպարները: Գաղափարական կաղապարի վերածված զինվորի կերպարի մեջ երեւաց մարդը,զինվորական արտահագուստի տակ` մարդկային ճակատագիրը, ինչ-որ չափով՝ նաեւ պատերազմի իրական դեմքը: Խանզադյանը ոչ թե կոտրեց գաղափարական սխեման, այլ պահպանեց մարդկային կենդանի շունչը: Իսկ սա եւս քիչ բան չէր:

Հիշե՛ք, թե ժամանակին կուսակցական քննարկումների եւ արգելանքների ինչ ծանր ճանապարհ անցավ «Բալլադ զինվորի մասին» շարժանկարը, մինչեւ թույլատրվեց ցուցադրությունը: Ինչո՞ւ: Որովհետեւ դրանում կար ճշմարտություն: Իսկ ճշմարտությանը դեմ էր կուսակցական կաղապարված գաղափարախոսությանը: Ճշմարտության էր ձգտում նաեւ Խանզադյանը…

Ժամանակ պիտի անցներ, սերունդ պիտի փոխվեր, որպեսզի արդեն ուրիշ հայացքով նայեին պատերազմական անցքերին:

Պատերազմի մասնակից սերունդը հեռացավ կյանքից: Իմ հայրն էլ պատերազմի մասնակից էր, ռազմաճակատից մարմնի մեջ խրված արկի երկու բեկոր էր բերել, որ իր հետ էլ տարավ գերեզման: Հիմա հայրս հող է դարձել, իսկ այդ բեկորները կան: Ահա սա է պատերազմը: Հայրս վիրավորվել էր, իսկ նրա մահվան սեւ թուղթը մեր տուն էին բերել: Պապս ուշաթափվել էր, մայրս՝ նորահարս, լաց եղել: Բայց հույսը չէին կտրել, որովհետեւ սեւ թղթի մեջ անուն, ազգանունն իրենն էր, հայրանունը՝ ոչ: Մեկ տարի հետո հորիցս եկել է առաջին նամակը: Պապիս ուշքն այս անգամ անակնկալ ուրախությունից է գնացել: Մանկահասակ նամակաբերին նվերներ է տվել, հյուրասիրել, բարձրացրել, նստեցրել ուսերին և փողոցով տարել, որպեսզի մյուս նամակները բաժանի: Պատերազմից հետո հորս անմիջապես չեն զորացրել, այլոց հետ մեկտեղ ստիպել են Շախտինսկ քաղաքում ածխահատությամբ զբաղվել, քանի որ ավերված տնտեսությունը պետք էր ոտքի կանգնեցնել:  Հորս մոտից մարդ է եկել մի նոր նամակով, պապս երկար հարցուփորձ է արել և որոշել` գնալ որդուն ընդառաջ: Պապս հորեղբորս հետ գնացել է որդուն տեսության: Եվ քանի որ հայրս բարձրագույն կրթությամբ մանկավարժ էր, դիմումներից հետո նրան ի վերջո զորացրել են, որ վերադառնա ու երեխաներ կրթի:

Մայրս պատմում էր. «Երբ հայրդ մեկնեց պատերազմ, անընդհատ նույն երազն էի տեսնում՝ թելի կծիկը քանդվելով գլորվում-գլորվում, մեր տնից գնում էր դեպի կենտրոնական հրապարակ: Հայրդ այդ ժամանակ պատերազմի ճանապարհն էր անցնում, իսկ հետո, երբ պիտի զորացրվեր ու գար, նույն երազն էի տեսնում, բայց հիմա թելը կծկում, հավաքում էի: Հայրդ եկավ: Եվ քանի որ վիրավորվել, գերի էր ընկել, աշխատանք չտվեցին: Բարձրագույն կրթության տեր, մինչեւ պատերազմը դպրոցի տնօրեն, հիմա աշխատանք չէին տալիս»: Հետո արդեն աքսորի նման աշխատանք են տալիս հեռավոր վայրերում՝ Լոռու Թեղուտ գյուղում, Ապարանի Արայի գյուղում: Ես արդեն բարձր դասարանների աշակերտ էի, երբ հայրս Երեւանում աշխատանք ունեցավ: Պատերազմը սա՛ էր, այլ ոչ թե այն, երբ, ըստ Սեւակի, «Հոգնած մեռա՜»-ն դառնում էր հուսահատ «ուռա՜»:

Չմոռանանք, դեռեւս ողջ են մի ամբողջ սերունդի ներկայացուցիչներ, ովքեր այդպես էլ իրենց հայրերին չտեսան, որովհետեւ ջահել-ջահել նրանք ընկան տարբեր ռազմաճակատներում:

Պատերազմի հիշողությունն աստիճանաբար թուլանում է, գաղափարական պարտադրանքներ վաղուց արդեն չկան: Պիտի ճիշտը գրել, իսկ ճշմարտությունն այսպես սերունդների հերթափոխի միջոցով է բացահայտվում: Խանզադյանին հաջորդող սերունդը, ով մեծացել էր թիկունքում եւ թիկունքում էր զգացել պատերազմի դառնությունները, ավելի ազատ գրեց ու համեմատաբար ճիշտը գրեց: Կարող եմ անուններ տալ` Հրանտ Մաթեւոսյան, Ռուբեն Հովսեփյան, Հովհաննես Մելքոնյան, Զորայր Խալափյան:  Գրեցին,  եւ նրանց գրքերը հոգեբանորեն ավելի մոտ էին պատերազմին, քան նրանցը, ովքեր… մասնակցել էին պատերազմին: Դաժան իրողություններ են սրանք: Այդպես է, որովհետեւ պատերազմի մասնակիցներինը փաստն էր ու խորհրդային գաղափարախոսությունը, պատերազմի փաստը՝ ռմբակոծություն, գրոհ, նահանջ: Սա՛ էր:

Բոլոր դեպքերում պատերազմական նյութով ստեղծագործող իր սերնդակիցների մեջ Խանզադյանն առանձնանում է կերպարների մարդկայնացմամբ, որ նշանակում է ճառաբանության հաղթահարում:

Պատերազմի նյութով ռուս գրականությունը հասավ իրավ հաղթանակի հանձին Վասիլի Գրոսմանի (1905-1964) վիպասանության՝ «Կյանք եւ ճակատագիր»: Ի դեպ, վեպի առաջին հատորը 2014-ին թարգմանվել է հայերեն եւ լույս է տեսել Ստեփանակերտում: Այստեղ պատերազմի իրական, դրանով իսկ շատ դաժան դեմքն է: Այստեղ պատերազմի ամբողջ ճշմարտությունն է, ոչ թե դրվագային, կիսատ, թերի, այլ ամբողջական: Պատահական չէ, որ ՊԱԿ-ի կողմից 1961-ին այն բռնագրավվեց եւ առաջին անգամ 1980-ին տպագրվեց Շվեյցարիայում: Ասես կրկնվում էր Բորիս Պաստերնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հետ կատարված պատմությունը: Ավելացնենք՝ 1930-ականներին Գրոսմանը ենթարկվել է ստալինյան հալածանքների, իսկ 1941-45 թթ. գործող ճակատում եղել է ”ԽՐՈրнՈÿ ջՉպջՊՈ” թերթի զինվորական թղթակիցը: Չմոռանանք նաև, որ նա երկու ամիս շրջագայել է Հայաստանում եւ հեղինակել «Բարին ընդ ձեզ» ուղեգրությունը, որ լույս տեսավ ետմահու՝ 1967-ին (1969 ին թարգմանվել եւ տպագրվել է նաեւ հայերեն):

Վերադառնալով մեր հոբելյարին՝ ավելացնեմ՝ Խանզադյանը հերոս էր՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչը շատ մեծ բան է եւ ամենեւին պետք չէ նրան ժամանակակից հերոսի կերպար վերագրել: Ենթակայական այսպիսի սխալ միջամտությունները, անհարկի արդիականացումները միշտ էլ խաթարում են գրողի իրական կերպարը, խարխլում գնահատման արժեհամակարգը, զրկում ժամանակային հիմքից, այսինքն՝ հեռացնում պատմականությունից:

- Երկու կարծիք լինել չի կարող, որ Սերո Խանզադյանի ստեղծագործությունները հայրենագիտական արժեք ունեն, օրինակ, «Հայրենապատումը», մյուս երկերը:

- Խանզադյանը գալիս էր հայ դասական վեպի ավանդույթներից` նկատի ունեմ Րաֆֆու, Պռոշյանի վեպերը, անմիջապես իրենից առաջ՝ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը, Ստեփան  Զորյանի «Պապ թագավոր»-ը, մյուսները: Այս տեսակետից նրա վեպերն ունեն պատմագրական նշանակություն, պատմագիտական չեմ ասում: Խանզադյանի վեպերը պատմության գեղարվեստական վերաշարադրանք են ընթերցողի համար: Ունեն նաեւ ազգագրական, կենցաղագրական, բանահյուսական նշանակություն, որ  ամենեւին ժամանակակից գրականության նպատակը չէ, բայց դասական վեպերին, դասական մտածողությանը շատ հարիր է: Սկզբում ասացի չէ՞, Խանզադյանն ուրիշ ստեղծագործողի տեսակ էր. միջնադարում կարող էր լինել գուսան, ասացող, աշուղ, հիմա էլ ժամանակակից իրականության մեջ, այսինքն՝ 20-րդ դարի երկրորդ կեսին, ստեղծեց իրեն վերապահված ստեղծագործական տարածքը եւ գրողի ի՛ր կերպարը:

Ամեն մի գրող ունի իրեն բնորոշող գլխավոր վերնագիր, որ բնորոշում է նաեւ նրա ստեղծագործությունն ընդհանրապես: Խանզադյանի համար այդ վերնագիրը, այդ բառ-բանալին «Հայրենապատում»-ն է: Սա իր տեսակի մեջ յուրահատուկ ազգագրություն-ազգաբանություն է, եւ այս վերնագրով կարելի է ի մի բերել գրողի ամբողջ ժառանգությունը: Փոքր պատմվածքներով, «Մատյան եղելությանց» վիպակով եւ բազմաթիվ այլ վիպակներով ու ծավալուն վեպերով Խանզադյանը հյուսել է իր հայերգություն-հայրենապատումը: Այստեղ նրա ամեն ինչն է, եւ ամեն ինչն է՝ որպես պատմություն, բնաշխարհ, արվեստ, կենցաղ: Սերո Խանզադյանը յուրովի հարստացրեց ազգային հիշողությունը:

- Եվս մի դրվագ պատմեք արձակագրի կյանքից, եթե հիշում եք:

- Ինքն իրենով միջավայր ստեղծող, միջավայրում իշխող, միջավայրին համուհոտ տվող, շրջապատը կենդանացնող իմաստուն մարդ էր: Ես տեսել եմ նրան ժողովներում, հանդեսներում, սեղանների շուրջ, հետաքրքրական մարդ էր, կենտրոնական դեմք:

Ահա հիշողության եւս մի դրվագ: 1984 թվականն էր, մարտի 27-ին Պարույր Սեւակի 60-ամյակը նշվում էր «Երազ» գործարանի մոտակայքում գտնվող մի շինարարական կազմակերպության դահլիճում: Սերո Խանզադյանն էր, Համո Սահյանը, Ազատ Գասպարյանը, Սիլվա Յուզբաշյանը եւ ես: Խորհրդային տարիներին նման հոբելյանական միջոցառումներ շատ էին անցկացվում: Ավագները հուշեր պատմեցին, մյուսներն ասմունքեցին, ես զեկուցեցի: Կառավարիչը մի ընտիր ու ճոխ սեղան էր գցել: Գրական երեկոյից հետո բոլորիս հրավիրեց սեղանի շուրջ: Հավաքվեցինք, արդեն տեղավորվում էինք, մեկ էլ Խանզադյանը թե` էս մարդը լավ մարդ չէ, էս սեղանն էլ լավը չէ: Սոված ու հոգնած մարդիկ, հրավիրողի պատրաստակամությունը, բայց չհասկացանք, թե ինչ կատարվեց: Անորոշ իրար նայեցինք` ենթադրելով, որ հիուրընկալի ու Խանզադյանի հարաբերություններն ինչ ու նախապատմություն ունեն:

Հիմա սեղանից հեռացել, շվար կանգնել, ուզում էինք մի տեղ գնալ: Մեկը, թե՝ գնանք «Արմենիա» ռեստորան, մեկն` այս, մյուսն` այն, ես էլ ասացի՝ եկեք, գնանք մեր տուն: Միանգամից համաձայնվեցին: Հեռախոս չկար, որպեսզի տանը զգուշացնեի: Գնացինք շատ անակնկալ: Այդ ժամանակ իմ բնակարանն Ավանի Թումանյան թաղամասում էր: Սա մեծ բան էր ինձ համար, այն ժամանակվա մեծանուն գրողները, անվանի դեմքերն իմ տանն էին: Խնջույքը տեւեց գրեթե մինչեւ վաղ լուսաբաց: Սեղանի գլխին Սերո Խանզադյանն էր, կողքին՝ լուռ ու գլխահակ Համո Սահյանը:

Կան նաեւ այլ պատմություններ: Շրջիկ իմաստախոսություն է դարձել Ռոբերտ Ալեքսանյանին ասած «Է՞լ ինչով օգտակար լինեմ» արտահայտությունը,  հաճախակի է հիշվում մի մե՜ե՜ե՜ծ տարա եւ մի փո՜քր տարա մեղրի պատմությունը: Հիմա դրանց ժամանակը չր, թե չէ կպատմեի: Մարդը ոտքի վրա պատմություն էր դառնում, խոսք ու զրույցի առարկա էր դառնում: Շրջիկ այս գրական կերպարն ամեն մի ստեղծագործողի հատկանշական չէ. այդպիսին էին Չարենցը, Շիրազը, Սարոյանը, անգամ Հուսիկ Խանդամուրը: Բանավոր Չարենցին հիմա շատերը գիտեն: Այդպես պետք է պահպանենք բանավոր Խանզադյանին, Շիրազին, Սարոյանին, Խանդամուրին եւս, հավաքենք, գրի առնենք նրանց հետ կատարված պատմությունները, նրանց սրամտությունները, արարքները… Ասացի ու հիշեցի Սարոյանին 1978 թ. Հայաստանի գրողների միությունում եւ Սերո Խանզադյանին՝ այլ հայ գրողների հետ բեմի կիսախորքում շրջանաձև նստած: Սարոյանն այս անգամ Հայաստան էր եկել Լենինգրադով, Նևսկի պողոտայով, Ակակի Ակակևիչի կերպարի հիշողություններով և, բեմում կանգնած, իր կյանքն էր պատմում: Սարոյանը խոսքի սկզբում  դիմեց շուրջը բոլորված հայ գրողներին, նաև Սերո Խանզադյանին… Բայց սա քիչ երկար պատմություն է, սա ևս թող մնա մեկ ուրիշ առիթի:

- Եթե հնարավորություն տրվեր Սերո Խանզադյանի երկհատորյակը կազմել, ո՞ր գործերը կընդգրկեիք:

- Եթե նկատի ունեք գրողի ընտիր երկերը, արդեն նշածս «Մատյան եղելությանց» վիպակը, «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, մի քանի պատմվածք: Գիտե՞ք, մենք մեր գրողներին լիարժեք չենք ճանաչում: Խանզադյանի վերջին վեպերը, ճիշտ է, ի վերջո չվրիպեցին գրական ուշադրությունից, ի վերջո հասան նաեւ ընթերցողին, բայց չեմ կարծում, թե մեր գրականագիտությունը յուրացրեց. ոչ թե բարդության պատճառով (այդպիսի խնդիր չկա), այլ պարզապես չընթերցեց, իրենը չդարձրեց: Շատերը չեն էլ կարդացել: Բացի դրանից՝ Խանզադյանը միշտ հանդես է եկել հոդվածներով, ակնարկներով, ելույթներով, նամակագրությամբ: Այս ամբողջ ժառանգությունը պիտի հավաքել: Ձեր հարցին ի պատասխան` ես միշտ կողմնակից եմ մի բանի. նախ` գրողը պիտի ամբողջական ներկայացվի իր բոլոր էջերով: Այս դեպքում խոսքը թույլ ու ուժեղ գործերին չի վերաբերում, այլ ամբողջական ստեղծագործական վաստակին, ինչից հետո դրանից կարելի է ընտրովի առանձնացնել մեկ-երկու-երեք գործ` հատորով տպագրել, առանձին տպագրել, ընտիր երկեր հրատարակել եւ այլն:

- Սերո Խանզադյանն ազգային գործիչ էր, կուզեինք՝ խոսեք այդ մասին: Նամակներ է գրել Խորհրդային Միության ղեկավարությանը Ղարաբաղի հարցի առնչությամբ դեռեւս տասնամյակներ առաջ, արծարծել մեր պահանջատիրությանն առնչվող հարցեր…

- Այո՛, Խանզադյանը ոչ միայն պատմության մեջ էր, պատմական անցյալի խորքերում` իր հերոսների հետ, այլեւ պատմություն կերտող անհատականություն էր: Հիշում եմ նրա ելույթները գրողների միության ժողովներում, նրա բանավոր ելույթները տարբեր հանդիպումների ժամանակ, գրավոր ելույթները մամուլում. մի՛շտ էլ հայրենասիրական ոգին նրանից անպակաս է եղել, մի՛շտ էլ հանդես է եկել որեւէ մի առաջարկով: Եվ մեր հերոսները ոչ միայն պատերազմի դաշտում էին, այլեւ թիկունքում, հերոսները միշտ իրենց գործերով են հերոս: Այս տեսակետից Խանզադյանը բարձր քաղաքացիություն դրսեւորեց 1988-ից սկսված ղարաբաղյան շարժման ժամանակ:

Ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պատգամավոր: Գրո՛ւմ էր, ելույթնե՛ր ունենում, դիմո՛ւմ ԽՍՀՄ բարձր ղեկավարությանը: Էությամբ այն անվանի հայրենասեր գործիչների հետ էր, ովքեր հանուն Արցախի Մոսկվայում հացադուլ էին անում, պահանջներ ներկայացնում: Խանզադյանը թե՛ որպես գրող, թե՛ որպես գործիչ միշտ էլ հայրենիքի ոգին վառ էր պահում: Ահա ձեռքիս է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Անատոլի Լուկյանովին հասցեագրած շատ ազատամիտ եւ Արցախի պահանջատիրությամբ գրված «11 մարտ, 1991» թվակիր նամակը, որ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մի հրովարտակ ասես լինի:

Նորից եմ ասում, կա ընթերցողների մի շրջանակ, որ, ասենք, եթե կարդա բարդ գրականություն, գլուխը կցավի, կհոգնի, չի կարողանա: Չարենցի վերջին շրջանի գործերը, ասենք՝ «Էպիքական լուսաբաց»-ը կամ «Գիրք ճանապարհի»-ն չի կարող հաղթահարել, նրանը «Տաղարան»-ն է. դարձյալ առանց հասկանալու գոնե կդնդնա` «Կուզեմ հիմի փչե զուռնեն…»:

Ի՞նչ է ասածս. Խանզադյանի ընթերցողն ուրիշ էր: Երեւույթն ուրիշ կերպ պետք է դիտել եւ գրականության տարածքի մեջ էլ իր համապատասխան գնահատումները տալ: Սրանք շատ պատասխանատու բաներ են, չափազանց պատասխանատու է այս ամենի մասին խոսելը: Մինչդեռ ուրիշները խուսափում են, որովհետեւ կա՛մ փաստերին չեն տիրապետում, կա՛մ զգուշավոր են. ոչ թե գրական անկեղծությունն է նրանցը, այլ գրական դիվանագիտությունը: Իսկ դա արդեն թե՛ գեղարվեստական գրականության, թե՛ գրական քննադատության մահն է: Ասպարեզը լցված է այդպիսի մեռելածին գրականությամբ ու քննադատությամբ: Նայում ես` գրական պաշտոնյաներ են, մոտենում ես` գրական փերեզակներ…

- Քանակ-որակ. այս հասկացությունը կիրառելի՞ է գրականության վերաբերյալ, թե՞ այլ ոլորտից է:

- Քանակ-որակի խնդիր չկա, ով ինչ ձիրք ունի, ինչ գրիչ ունի՝ շատի մեջ էլ է նույնը, քչի մեջ էլ: Թույլ ստեղծագործողը, եթե տարեկան մեկ էջ գրի, էլի նույն թույլ էջն է գրելու, տաղանդավոր գրողը, օրական մեկ էջ գրի, էլի նույն տաղանդավոր էջն է գրելու: Մի ժամանակ երիտասարդ գրողների մեջ մի ցեց ընկավ, թե, իբր, քիչ գրելը տաղանդավոր լինելու նշան է. մեկ էլ տեսար այդ մտասեւեռմամբ ախտահարված հերաթափ «հանճարն» ասում է՝ այսօր կես տող գրեցի: Այսպես բանը պիտի հասնի կես բառին՝ այսօր կես բառ գրեցի: Չէ՛, այդպես չէ: Գրական աշխատանքը բուն ստեղծագործողի համար 24-ժամյա աշխատանք է: Լուրջ ստեղծագործողը մշտապես գրասեղանի առջեւ է, անգամ՝  ճանապարհով քայլելիս, գիշերը՝ քնած ժամանակ. կիսատ թողած տողն է գալիս, գաղափարն է ամբողջանում, հանգն է զրնգում, պատկերն է խայտում, վրիպակն է խայթում, միտքն է շարունակվում…

Ձեր հարցը, անշուշտ, ենթաշերտ ունի եւ վերաբերում է Խանզադյանին, ով գրիչը ձեռքից վայր չէր դնում: Այդ իսկ պատճառով ստեղծեց բավականին հարուստ, ծանրակշիռ վաստակ: Նա իր գրելու ոճն ուներ՝ նկարագրական-պատմողական-դիպաշարային արձակ: Ամեն տեղ նույնն է: Այլ բան է, որ ձեռքը գնար եւ որոշ սեղմումներ աներ: Բայց չէ՛, չէ՛ր անի, որովհետեւ իր արտահայտման ձեւն էր այդպիսին` ընդարձակ, տարածական, ծավալային…

Քանակ-որակ հասկացությունը, որ հնչեց Ձեր հարցի մեջ, արվեստի համար չէ: Եթե Հայաստանի գրողների միության մոտ 400 անդամը որպես քանակ միավորվեն` չեն կարող վերափոխվել որակի, ասենք` Չարենցի: Քանակը երբեք որակ չի դառնում, բայց որակը, եթե քանակի է վերածվում, դրվատելի է:

- Հիմք ընդունելով տիկին Ժենյայի ռեպլիկը, Դուք Սերո Խանզադյանի գրական ժառանգության մասին խոսելիս օգտագործում եք գրականագիտության մեջ հազվադեպ գործածվող «գեղարվեստական սուտ» եզրույթը: Ի՞նչ ասել է «գեղարվեստական սուտ», միգուցե գործածենք «երեւակայություն», «գեղարվեստական երեւակայություն» եզրույթները:

- Դո՛ւք գործածեք, իսկ ինձ մի՛ ներքաշեք Ձեր անհարկի մտահոգությունների ոլորտը: Ինչ անհրաժեշտ էր եւ ինչպես անհրաժեշտ էր, ես արդեն ասացի ու բացատրեցի: Այդտեղ կար ե՛ւ գեղարվեստական սուտը, ե՛ւ ստեղծագործական երեւակայությունը, ե՛ւ հորինելու շնորհքը, որ հասնում է արվեստի աստիճանի:

- Պարո՛ն Գասպարյան, Սերո Խանզադյանը բազմաթիվ հոդվածներում, հարցազրույցներում, գրախոսականներում, դիմանկարներում քննարկում է գրականությանը, գրականագիտությանն ու գրաքննադատությանն առնչվող հարցեր: Եվ ուրեմն` կարո՞ղ ենք Սերո Խանզադյանին ընկալել նաեւ իբրեւ գրականագետ, գրաքննադատ:

- Այո՛, Խանզադյանը գրողի ամբողջական կերպար էր: Անշուշտ, նրա ժառանգության անբաժանելի էջերն են գրաքննադատական, բանավիճային հոդվածները, նաեւ ակնարկներն ու հրապարակագրությունը: Այդ ամենը լրացնում են նրա ստեղծագործական դիմանկարը: Դրանցում գրական այնպիսի հարցադրումներ են, որոնց պատասխանել է իր գեղարվեստական գրականությամբ: Այո՛, Խանզադյանը եւս երբեմն անհրաժեշտություն է ունեցել մամուլում հրապարակավ պաշտպանելու իր ստեղծածը, գրախոսությունների, հոդվածների ձեւով անդրադառնալու իր ժամանակակիցներին: Այս հարցում նա եղել է չափից ավելի շռայլ, երբեմն այն աստիճանի, որ նրա գնահատումները եղել են գրապատմական շավիղից դուրս ընկած գերագնահատումներ: Թերթե՛ք մամուլը, առանձին առաջաբաններ ու վերջաբաններ եւ կհամոզվեք:   
- Ի՞նչ կասեք Սերո Խանզադյանի ստեղծագործությունների լեզվի ու ոճի առանձնահատկությունների մասին:

- Այդքան ծավալուն գրականություն ստեղծած գրողն անպայման պիտի նաեւ լեզվի, ոճի խնդիրներ ունենար: Խանզադյանի գրականությունը բավականին ընդգրկուն է՝ պատմական դեպքեր, ռազմական գործողություններ, քաղաքային եւ գյուղական կյանք, տնտեսություն, մարդկային փոխհարաբերություններ, կենցաղ եւ այլն: Բնական է, որ այդ ամենը վերարտադրելու համար անհրաժեշտ էր համապատասխան բառապաշար: Խանզադյանն իր երկերում կիրառել է բառապաշարային գրեթե բոլոր շերտերը՝ գրական հայերենը հարստացնելով նորաբանություններով, հնաբանություններով, լեզվական շարժի մեջ դնելով որոշ օտարաբանություններ, բարբառային բառեր: Նրա լեզվի ու ոճի ուսումնասիրությամբ զբաղվել եւ զբաղվում են առանձին լեզվաբաններ:

Ես հիշում եմ, որ նա կարեւորում էր բարբառներից օգտվելու անհրաժեշտությունը եւ նշում էր, որ բարբառներում շատ բառեր կան, որոնք մեր գրականությունը կարող է օգտագործել, օրինակ՝ «քարշակ» բառը: Այդ բառի կառուցվածքային նմանությամբ ես նրան առաջարկեցի օգտագործել «քայլակ» բառը՝ որպես ռուսերեն «խոդունոկ»-ի հայերեն թարգմանություն՝ «երեխայի քայլակ»: Իսկ ի պատասխան՝ ես նրան հիշեցրի Խոյի բարբառում կիրառվող մաքուր գրաբար մի բառ: Խոսքի մեջ մենք ասում  ենք` «Երեկ չէ, մյուս օրը հանդիպեցի այսինչին»: Իսկ խոյեցին ասում է. «Երեկ չէ, եռանդ հանդիպեցի այսինչին»: «Երեկ չէ, մյուս օրը» արտահայտության փոխարեն` «եռանդ», այսինքն` երեք օր այն կողմ (եռ+անդ): Այս «եռանդը» չպետք է շփոթել «ջանք ու եռանդի» հետ, որտեղ «եռանդ» նշանակում է ավյուն, ուժ, բուռն ձգտում: Լինելով հույժ հայեցի բառ` այն հանդիպում է միայն բարբառում, մինչդեռ նրա տեղը նաեւ գրական լեզվի մեջ է:

Շատ էր կիրառում հնաբանություններ՝ համապատասխան միջավայր ստեղծելու համար: Րաֆֆին ասում էր պատմավեպ եմ գրում, բայց «մյուզեոններ» չունենք, որտեղ մի բան ցուցադրվի՝ զենք-զրահ, հագուկապ, որ կարողանամ նկարագրել պատմական ժամանակաշրջանը: Բայց նաեւ մխիթարում էր իրեն այնքանով, որ մեր կյանքը Պլուտարքոսից ու Հերդոտոսից այս կողմ առանձնապես շատ չի փոխվել՝ նույն կաշվե նավակներով Եփրատի ու Տիգրիսի վրա նավարկում են, նույն խուղերում նույն կենցաղով ապրում, ուստի կարող է հենվել այսօրվա վրա եւ նկարագրել անցյալը:

- Նա համարձակություն ունեցավ ստեղծագործել գրականության գրեթե բոլոր ժանրերով՝ վեպ, վիպակ, պատմվածք… Հատկապես ո՞ր ժանրում էր կատարյալ:

- Բոլոր տեսակներով (Ձեր ասած ժանրերով) ստեղծագործելը համարձակության նշան չէ, գրական խառնվածքի արտահայտություն է, ա՛յն խառնվածքի, որի առանձնահատկությունները նշեցի մեր զրույցի սկզբում: Դա գրական նկարագրի տեսակ է, որ ունակ է ամեն ինչի: Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, տեսակի հարց է: «Մատյան եղելությանց» վիպակն իր ձեւաչափի մեջ թերեւս Խանզադյանի ամենահաջող գործերից մեկն է, ինչպես արդեն ասել եմ:  Ծավալուն գործերում նրա ուժը գործողություններին, իրադարձություններին հենված երեւակայությունն էր, ինչպես օրինակ «Մխիթար Սպարապետ»-ը: Այսօրվա հեռավորությունից ծավալի հարցում նրան քննադատելը ճիշտ չէ. մարդն այդպես է մարմնավորել իր պատկերացրածը: «1971, ամառ» գրքում շատ հետաքրքրական պատմվածքներ կան: Այդ գիրքը ժամանակին ես գրախոսել եմ մամուլում: Կարելի է ատենախոսության նյութ հանձնարարել երիտասարդներից մեկին` «Գրական տեսակները Խանզադյանի ստեղծագործության մեջ: Գրական ավանդույթը եւ գրողի անհատականությունը»:

Կարելի է դիտարկել պատմավեպի ձեւավորումն ու զարգացումը հայ եւ համաշխարհային գրականության մեջ եւ Խանզադյանի պատմավեպերի ստեղծման առանձնահատկությունները: Գրական տեսակներն ունենալով ձեւաբովանդակային ընդհանրություններ` նաեւ շատ անհատական առանձնահատկություններ ունեն: Ահա` տիպականի եւ անհատականի բացահայտումն էլ կդառնա նշված ատենախոսության կամ հետազոտության բերած նորությունը:

- Սերո Խանզադյանի ստեղծագործությունները ժամանակին դարձան նաեւ կինոսցենարի, բեմադրությունների սցենարների հիմք: Եթե մեզ մոտ դա երբեմն բացատրվում էր իշխող գաղափարախոսությամբ, ապա ինչո՞ւ էին դրանք (հենց այդ ոլորտներում) գրավիչ դառնում նաեւ սփյուռքում:

- Խորհրդային ժամանակ գրականությունը վիթխարի դեր ուներ հանրային կյանքում: Խանզադյանը, բացառությամբ կյանքի վերջին տասը տարին, ապրեց այդ ժամանակաշրջանում. նրա պատմավեպերի համար գրախանութներում հերթեր էին: Անկախ ստեղծագործության ուժեղ կամ թույլ լինելուց՝ մարդիկ կարդում էին դրանք, հաճույքով դիտում այդ գործերի բեմարքների (Ձեր ասած սցենարն է) հիման վրա ստեղծված շարժանկարները: Այն, որ դրանք սփյուռքում անպայման նպաստել են հայապահպանման գործին, անժխտելի է, բայց ժամանա՛կն էր այդպիսին. ո՛չ սփյուռքն էր մեզանից խրտնած, ո՛չ էլ մենք էինք մեզնից հիասթափված, ինչպես հիմա, դա փոխադարձ սիրո մի շրջան էր: Այն ժամանակ՝ 1915-ին բռնագաղթի հետեւանքով Արեւմտահայաստանից հեռացած հայությունն էր, որի մեջ շատ ամուր էին հայրենիքի գաղափարը, հայրենասիրությունը: Սա ուրի՛շ սփյուռք էր, որտեղ Խանզադյանի ձայնը լսելի էր: Հիմա Հայաստանից հեռացածների սփյուռքն է, որոնց մեջ ո՛չ հայրենասիրություն կա, ո՛չ հայրենիքի կարոտ: Ընդհակառակը՝ միայն հայհոյանք: Այս սփյուռքում Խանզադյանն այլեւս անելիք չունի: Սա՛ է իրողությունը: Հայրենիքից փախչողը ոչ միայն խուսափում է հայրենիքի հիշատակներից, այլեւ ծաղրում է դրանք: Հիմա նորոգված, գործնական հայրենասիրության ժամանակն է, որ պահանջում է գործունեության հստակ ծրագիր: Գուցե թե միայն այդ ձեւով հնարավոր լինի դեռեւս միաբանել սփյուռքի հայությանը: Իսկ դրա համար արդիական վեպերի հիման վրա ստեղծված նոր բեմարքներ են պետք: Այդպիսին կարող են ծառայել Մայքլ Արլեն Կրտսերի «Դեպի Արարատ», Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» վեպերը եւ համանման այլ գործեր, որոնց հիման վրա նկարահանվել են «Մայրիկ»-ը (Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյան), «Արտույտների ագարակը»… Համենայնդեպս, «Հուսո աստղ» եւ «Ձորի Միրո» շարժանկարների ժամանակը գեղարվեստորեն ավարտվել է, զորամասերում դրանք դեռևս կարող են ունենալ դաստիարակչական նշանակություն:

- Ի՞նչ կասեք Սերո Խանզադյանի բակունցյան աղերսների կամ նրա գրականության վրա Բակունցի ազդեցության մասին:

- Երբ ծնվեց Սերոն, Բակունցը Լոր գյուղում ուսուցչություն էր անում: Խանզադյանը հուշեր էր գրում Բակունցի մասին, այդ ժամանակ ես էլ Բակունցի կյանքի եւ գործունեության փակ էջերն էի հրապարակում, հաճախ էր զանգահարում տուն, փաստեր ճշտում, իսկ ես ինչ նոր բան կար, ասում էի: 1937-ին, երբ Բակունցին գնդակահարեցին, Խանզադյանը 22 տարեկան երիտասարդ էր: Մինչ այդ եղած-չեղածի մասին ինքը գրել է: Հուշերում գրում է, որ Սուրեն Այվազյանի եւ մի երրորդ գրողի հետ Գորիսում ստեղծել են ԽԱՍ անունով գրական խմբակցություն, ինչն, իբր, Բակունցն օրհնել է եւ նրանց հրավիրել Երեւան՝ ընդունելու Հայաստանի գրողների միության շարքերը: Բայց քաղաքական բռնություններն ու Բակունցի գնդակահարությունն ի չիք են դարձրել այդ ծրագիրը:

Ինչ վերաբերում է նրանց ստեղծագործական աղերսներին, այդ մասին այսքանը` Բակունցի «Կյորես» եւ Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակների միջեւ առնչությունն ակնհայտ է: Դա նկատելի է նաեւ որոշ պատմվածքներում: Ընդհանուր են միջավայրը, հերոսների խոսվածքը, հոգեբանությունը: Լայն ընդգրկմամբ գրական առչություններն առանձնապես շատ չեն, ինչը պայմանավորված է ստեղծագործական խառնվածքների տարբերությամբ:

Տեսե՛ք՝ Ակսել Բակունց-Համո Սահյան՝ արտակարգ նմանություն-ընդհանրություն կա, Ակսել Բակունց-Հրանտ Մաթեւոսյան՝ նմանություն գրեթե չկա: Գյո՛ւղն է, բայց տարբեր աշխարհներ են, տարբեր բանարվեստ է, տարբեր լեզու է ու ոճ: Համո Սահյան-Հրանտ Մաթեւոսյան՝ նմանություն շատ կա, եւ դա հատկապես աշխատանքի, աշխատավոր մարդու, բնության, բնաշխարհի հանդեպ վերաբերմունքի մեջ: Համո Սահյան-Սերո Խանզադյան գրական ընդհանրություն դարձյալ չկա, թեև եթե շատ ցանկանաք և լավ փնտրենք, հեռավոր կապեր կգտնենք. տեղային շունչն է, երանգը, որ այդպես էլ պիտի լիներ: Այս դեպքում աղերսներն այնքանով են, որքանով որ նույն տարածաշրջանի հոգեկերտվածք ունեցող ստեղծագործողներ են: Տեղային հայացք կա, որ ընդհանուր է բառապաշարում, բնանկարներում, մարդկային փոխադարձ հարաբերությունների նկարագրություններում, բնաշխարհի հերոսների կերպարների մեջ: Ներսի աչքը չի զգա այդ նմանությունները, դրսինը կզգա: Կարճ ասած՝ Բակունցի հետ գորիսյան միջավայրով ու Սյունիքի բնաշխարհով պիտի պայմանավորել ընդհանրությունը:

- Արեւմտահայության ճակատագրի քննարկումները, ինչ-որ չափով սկզբնավորված Ակսել Բակունցի «Ծիրանի փող»-ով, շարունակություն ունեցան: Արդյո՞ք դրա լավագույն դրսեւորումներից մեկը Սերո Խանզադյանի «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ» վեպը չէ:

- Ուղիղ գծով տանել կապել Բակունցի հայեցակարգին՝ ճիշտ չի լինի: Բակունցն իր կյանքով վճարեց «Ծիրանի փողը» պատմվածքի համար. նրան մեղադրեցին ազգայնամոլության մեջ եւ գնդակահարեցին: Բակունցը բացեց արեւմտահայության ճակատագրով մտահոգությունների ճանապարհը, հաջորդեցին Դաշտենցը, Քոչարը, Գալշոյանը, ինչ-որ չափով Հովհաննես Մելքոնյանը եւ ուրիշներ: Մահարին գրեց «Այրվող այգեստաններ» հանճարեղագույն վեպը, որ, իմ կարծիքով, 20-րդ դարի մեր վեպերի վեպն է՝ Չարենցի «Երկիր Նաիրի»-ի հետ մեկտեղ: Ասել, թե Խանզադյանի «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ» վեպը «Ծիրանի փող»-ի անմիջական շարունակությունն է, ճիշտ չէ: Այդ վեպն արեւմտահայության եւ Արեւմտահայաստանի ցավով ու հիշողությամբ գրված վեպերից մեկն է: Նյութի ընդհանրությունը դեռեւս նախադրյալ է, մինչդեռ շատ կարեւոր են գրության հայեցակարգը, բուն ասելիքը եւ, ի վերջո, ասելիքի ձեւը: 1915 թվականն է` իր հերոսացման ճիգերով եւ ողբերգական հետեւանքներով, մարդկային ճակատագրեր են, որոնց կյանքն անցնում է հուզմունքի թանձր ալեբախության միջով:  Ավելացնեմ` շատ կարևոր է նաև թե տվյալ երկը գրապատմական ինչ ժամանակների ծնունդ է. Խանզադյանի «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ» վեպի գրության ժամանակն այլ էր, Բակունցի «Ծիրանի փող»-ինը`այլ:

- Մենք արդեն խոսեցինք պատմական թեմայի մասին: Բայց արդյո՞ք պատմական թեմաներով գրական ստեղծագործություններն այլեւս հրատապ չեն, մասնավորապես որ մեր ազգային հիմնախնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլեւ ավելի են սրվել: Արդյո՞ք պատմության  դասերի կարիքն այլեւս չունենք:

- Գրողների, գրականագետների մի ուժեղ փաղանգ հեռացավ կյանքից, իսկ նրանցից հետո եկան սանքյուլոտները (այդպես ասում էին ֆրանսիական հեղափոխության ետեւից գնացողներին), որոնց ստեղծել էին այդ ուժեղներն ու մեծերը: Նրանցից հետո եկան չնչին մարդիկ, ովքեր նրանց մոտ կա՛մ վարորդ էին աշխատում, կա՛մ նրանց ձեռնափայտն էին բռնում, կա՛մ նրանց գրքերն էին սրբագրում, զեկուցումները մեքենագրում եւ քծնաբերան ու քծնաշուրթ քծնելով քծնում էին անգամ այն դեպքում, երբ գոնե իրենց կանանց համար պիտի առնվազն խանդի զգացում ունենային: Գոնե այսքանը, որովհետեւ ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ մարդկային պատվախնդրությունն իրենց համար չէր: Ահա այդպիսիները հետագայում դարձան դոկտորներ ու պրոֆեսորներ, վարիչներ ու կառավարիչներ, օրեններ ու տնօրեններ եւ է՛լ ավելի ապականեցին կյանքը: Նույն պատկերն է գրականության մեջ. անվանի գրողներին չհաջորդեցին այնպիսիները, ովքեր պետք է նրանցով շարունակվող արժեհամակարգը փոխանցեին սերունդներին:

Ինչ վերաբերում է պատմության դասերին, ապա դրանք գրողների՛ համար են. նրա՛նք են գրքից գիրք դասեր առնում, այլ ոչ թե ժողովուրդը, որ այդ դասերը բնազդով գիտի եւ գրքերը կարդում է ոչ թե իր բնազդը ստուգելու, իր արյան մեջ եղածը՝ իրադարձությունների, թվերի ու փաստերի մեջ տեսնելու համար, այլ գրողին ստուգելու, նրա ճիշտին ու սխալին արձագանքելու նպատակով: Մեծերից մեկին անգամ հարց են տվել, թե` այդքան գիրք գրելուց հետո աշխարհում ի՞նչ փոխվեց: Եվ նա պատասխանել է՝ աշխարհում ոչինչ չփոխվեց, գրքից գիրք միայն ես փոխվեցի:

Այստեղ մի պահ կանգ առնենք. ներգործությունը, որ մեր գրականությունն ունեցավ հանրային կյանքում, մինչեւ 1988 թվականն էր: 1988-ի շարժումը պայմանավորված էր նաեւ խորհրդային ժամանակաշրջանի՝ հայրենասիրական պոռթկումը ձեւավորած գրական ժառանգությամբ՝ Չարենցից, Բակունցի «Ծիրանի փող»-ից մինչեւ Շիրազ, Սահյան, Սեւակ ու Խանզադյան: 1988-ից չէ, բայց 1990-ականների սկզբից գրականությունը մղվեց ետնախորք, կորցրեց իր ազգասնուցիչ, ազգակազմակերպիչ եւ ազգակերտիչ դերը: Սակայն բարձր գրականությունը շարունակում է մնալ պահանջված: Ուստի, այսօր էլ այդպիսի բարձր գրականությամբ  պիտի ստեղծել այնպիսի հանրություն, որ գոնե ազգային շահի՛ դեմ դուրս չգա, ավանդույթի՛ առողջ գիծը շարունակի, ժողովրդի ժառանգությո՛ւնը պահպանի: Այն, ինչ դժվարությամբ գրականությունն արեց խորհրդային շրջանում, անկախությունից հետո դեռեւս իր արտահայտության նոր ձրը, ճիշտ ձեւը, անհրաժեշտ ձեւը, լիարժեք ձեւը չի գտել: Այդ իսկ պատճառով անկախության շրջանում գրականությունն այլեւս գերակշիռ դեր չունեցավ հանրային կյանքում: Տպաքանակներն առնվազն տասը անգամ նվազել են, ինչը նշանակում է տասը անգամ պակասած ընթերցող եւ հանրային ներգործության շրջանակ: Գրախանութները տասը անգամ պակասել են, ինչը նշանակում է միջավայրի կորուստ: Արդի գրականությունը մեր ազգային հոգեկերտվածքի  ձեւավորման գործում հիմա ծանրակշիռ դեր չունի: Որակն այնքան է ընկել, ասելիքն այնքան անկարեւոր է, որ հիշեցնում է Չարբախի ձորում սովից ործկացող այն քոսոտ աղվեսին, որ մի բան գտնելու հույսով (գրականության դեպքում` ընթերցող) գերեզմանոցների շուրջը պտտվում է: Այս վիճակն ստեղծեցին մեր գրողները՝ իրենք հեռացան ստուգված արժեքներից եւ դրանով իսկ հեռացրին ընթերցողին գրականությունից: Այն առաջատար դերը, որ ուներ գրականությունը համազգային ոգի ստեղծելու գործում, հիմա, ցավոք, այլեւս չունի: Հատուկենտ դեմքեր կան, ուրեմն ամեն ինչ դեռեւս կորած չէ:
Սերո Խանզադյանը մնաց արդեն իսկ ավարտված դարաշրջանի մեջ, որտեղ իր դերը գնահատելի է ու նշանակալի:

- Զրույցի ընթացքում գնահատականներ հնչեցին, բայց, այնուամենայնիվ, կխնդրեինք ամփոփել ասվածը:

- Սերո Խանզադյանն անպայման իր տեղն ունի 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության պատմության մեջ: Ուրեմն նաեւ իր վաստակի գնահատությունը պիտի ունենա: Արհեստավարժ գրականագետը պիտի գրական ժամանակն ամբողջական տեսնի եւ բոլորին իր բնութագրական գնահատականը տա: Գրական կյանքում կարող են լինել շատ անվանի անուններ, կարող են լինել պակաս անվանի անուններ: Բայց եթե նրանք գրապատմական ընթացքի մեջ են, պիտի իրենց տեղն ունենան գրականագիտության հարացույցի մեջ: Այդպիսի յուրաքանչյուր գրող իր առանձնահատկությունն ունի եւ չպետք է վրիպի գրականագետի կամ գրաքննադատի աչքից: Եթե գրականագետը վրիպեց կամ քմահաճություններ դրսեւորեց, դա կլինի ինքնագործունեություն: Այդ դեպքում անտեղի կլինի մտածել լիարժեք ու ճշմարիտ գրականության պատմության մասին:

Միով բանիվ, Խանզադյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության մեջ իր սահմաններն ունեցող մի լայնածավալ տարածություն է, որ ունի ե՛ւ իր ապատներն ու անապատները, ե՛ւ իր արաններն ու ապարանները: Մուտքն այդ աշխարհ ազատ է, ներկայությունը` ցանկալի…

Հիշեցնեմ` տասը տարի առաջ Խանզադյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ ես առիթ եմ ունեցել լինելու Գորիսում, տեղի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում մասնակցելու հոբելյանական հանդիսությանը եւ խոսք ասելու անվանի գրողի մասին: Ես ասել եմ. Խանզադյանն իր ստեղծագործություններով երկարեցրեց մեր ժողովրդի պատմական հիշողությունը: Հայ արձակում իր կարողությունների չափով նա փորձեց անել այն, ինչ Շիրազն ու Սահյանը` պոեզիայում: Նրանք մե՛րթ պատմության, մե՛րթ բնության ու բնաշխարհի արահետներով գնացին դեպի ժողովուրդը: Եվ գնացին անմնացորդ նվիրումով:

Հիմա եւս ես իմ խոսքը ցանկանում եմ ավարտել ճիշտ այն արտահայտություններով, ինչ տասը տարի առաջ:

Որպես գրականագետ, որպես մի հայ մարդ` ուզում եմ գնահատության խոսք ասել Սյունիքի ժողովրդին, Սյունիքի պետական այրերին, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրին եւ ամբողջ աշխատակազմին, որ շարունակում են իրենց մեծերին այսօրինակ համաժողովրդական տոնախմբությամբ մեծարելու թանկ ավանդույթը: Այսպես ժողովուրդը ժողովուրդ է դառնում` միաբանվելով իր ազգային հոգեւոր եւ նյութական արժեքների շուրջ: Այսպես պահպանվում ու շարունակվում է Հայրենիքը:

Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25