ՍԵՅՐԱՆ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. ՃԱՆԱՉՎԱԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

19.06.2020 11:08
1745

Լրացավ ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն (1997-2012թթ,), «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինֆորմատիկա եւ ավտոմատացված համակարգեր» («ՏՏ, Ի եւ ԱՀ») ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Բալասանյանի ծննդյան 75-րդ տարեդարձը եւ գիտամանկավարժական գործունեության 50-ամյակը:

Նա ծնվել է 1945թ. հունիսի 19-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Կաղնուտ գյուղում: 1963թ. ոսկե մեդալով ավարտել է Ղափանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել է ԵրՊԻ-ի «Ավտոմատիկա եւ հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի ավտոմատիկայի եւ հեռուստամեխանիկայի բաժինը: 1968թ. գերազանցության դիպլոմով ավարտելով ինստիտուտը` անցել է գիտամանկավարժական աշխատանքի «Ավտոմատիկա եւ հեռուստամեխանիկա» («Ա եւ Հ») ամբիոնում:

1968-1970թթ. խորհրդային բանակում լեյտենանտի զինվորական կոչումով ծառայության ավարտից հետո Ս. Բալասանյանը վերադարձել է ԵրՊԻ, որտեղ եւ անցել է նրա ողջ աշխատանքային ուղին: Աշխատել է «Ա եւ Հ» (մինչեւ 1978թ.), այնուհետեւ նոր կազմավորված «Ավտոմատացված կառավարման համակարգեր» («ԱԿՀ») ամբիոններում ասիստենտի եւ ավագ դասախոսի պաշտոններում:

Ասպիրանտական տարիներին ԽՍՀՄ-ում քոմփյութերային մոդելավորման հիմնադիր, ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ն.Պ.Բուսլենկոյի ղեկավարությամբ ուսումնասիրել է բարդ տեխնիկական համակարգերի մոդելավորման հիմնահարցերը, որոնց նվիրված թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1983թ. եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա դոցենտի գիտական կոչում: 1992-1997թթ. ղեկավարել է «ԱԿՀ» ամբիոնը: Այդ պաշտոնում դրսեւորվեցին Ս. Բալասանյանի կազմակերպչական ունակությունները: Ցրտի, մթության եւ հիասթափության այդ տարիներին ամբիոնի գիտամանկավարժական ներուժի զգալի արտահոսքի պայմաններում Ս. Բալասանյանը, համախմբելով եւ երիտասարդ կադրերով համալրելով դասախոսական կազմը, կարողացավ ապահովել ամբիոնի առաջընթացը:

1997 թվականից ՀՊՃՀ-ի նոր կազմավորվող Կապանի մասնաճյուղի հիմնադիր տնօրենի պաշտոնում սկսվեց Ս. Բալասանյանի աշխատանքային գործունեության մի նոր փուլ՝ լի արարման հաճելի եւ դժվարին  պահերով: Բուհական ավանդույթներ չունեցող Կապանի անբարենպաստ պայմաններում ձեւավորվեցին մասնաճյուղի վեց ամբիոնները: Ս. Բալասանյանի անմիջական ջանքերով են ստեղծվել մետալուրգիայի, քոմփյութերային, սխեմատեխնիկայի լաբորատորիաները, հեռավար ուսուցման եւ տեխնոլոգիական կարողություններով լսարանները: Սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելով ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ` Ս. Բալասանյանին հաջողվեց կոմբինատի ֆինանսական աջակցությամբ կազմակերպել գլխավոր եւ ուսումնալաբորատոր մասնաշենքերի հիմնանորոգումը, վերականգնել ջեռուցման համակարգը, քայքայումից փրկել մյուս մասնաշենքերը: Երբ բարձր ճնշման մայրուղային ջրատարի վթարի հետեւանքով լրջորեն վնասվել էր նոր հիմնանորոգված գլխավոր մասնաշենքը, հույս չկար, որ, ըստ Կապանի քաղաքապետարանի հանձնաժողովի, «վթարային» կարգավիճակով մասնաշենքը  երբեւէ կնորոգվի: Անգնահատելի է Ս. Բալասանյանի ավանդը  գլխավոր մասնաշենքի վերականգնման գործում: Նա կարողացավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության շուրջ 46 մլն դրամ միջոցներն ուղղել վթարված մասնաշենքի հիմնանորոգմանը:

Մեծ է Ս. Բալասանյանի ավանդը Սյունիքի մարզում ինֆորմատիկայի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման ու տարածման ասպարեզում: Նրա ղեկավարությամբ «Եվրասիա» հիմնադրամի միջոցներով մասնաճյուղում կազմակերպված համակարգչային դասընթացներում 1998-2002 թթ. վերապատրաստվել եւ վերաորակավորվել է Սյունիքի մարզի շուրջ 250 ունկնդիր՝ նախկին ճարտարագետներ, տեխնիկներ, ուսուցիչներ եւ բանվորներ: Նրա նախաձեռնությամբ հիմնադրված  ՏՏ ոլորտի «Սյունի-քոմ» ՍՊ ընկերության եւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ջանքերով համացանցը (Ինտերնետը) 2000թ. հունվարին մուտք գործեց Սյունիքի մարզ՝ մեծապես նպաստելով մարզի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ ՏՏ ոլորտի ճարտարագետների պատրաստմանը:

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնավարման ողջ ընթացքում (1997-2012թթ.) մշտական ուշադրության կենտրոնում էին մասնաճյուղի դասախոսական կազմի, աշխատողների եւ ուսանողության ոաումնաաշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը: 2006 թվականից մասնաճյուղի դասախոսական կազմի աշխատավարձերը հավասարեցվեցին Երեւանի կրթահամալիրի դասախոսական կազմի աշխատավարձերին, իսկ տնօրենի պաշտոնավարման ավարտին՝ 2012թ., 15%-ով գերազանցվեց այդ ցուցանիշը:

Ս. Բալասանյանի անմիջական ղեկավարությամբ եւ գործուն մասնակցությամբ է 1998թ. կազմավորվել մասնաճյուղի կառավարման ավտոմատացված համակարգերի եւ ինֆորմատիկայի (հետագայում՝(«ՏՏ, Ի եւ ԱՀ») ամբիոնը, որը հասարակական հիմունքներով ղեկավարել է մինչեւ 2013թ.: Ամբիոնի լաբորատորիաները հագեցվել են ինտերնետին լծորդված արդիական քոմփյութերներով, տեղեկատվության արտապատկերման ու հեռատեսակապի ժամանակակից սարքավորումներով:

Ս. Բալասանյանը կարողացել է դասախոսական եւ գիտամեթոդական աշխատանքը հաջողությամբ զուգակցել տնօրենի, իսկ 2012-2019 թվականներին` տնօրենի գիտական գծով տեղակալի վարչական աշխատանքների հետ: Ս. Բալասանյանը 2019թ հունվարից նշանակվել է մասնաճյուղի «ՏՏ, Ի եւ ԱՀ» ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Նա հրատարակել է 27 ուսումնամեթոդական աշխատանք, այդ թվում՝ 7 ուսումնական ձեռնարկ եւ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հաստատված մեկ բուհական դասագիրք: Արժանացել է ՀԱՊՀ-ի 2009թ. հրատարակված «Լավագույն ուսումնական ձեռնարկի» մրցանակաբաշխության 1-ին մրցանակին:

Արգասաբեր է Ս. Բալասանյանի գիտահետազոտական գործունեությունը: Նրա ղեկավարությամբ գործող գիտական խումբը 2001-2003թթ. Գյումրու մասնաճյուղի եւ Երեւանի կրթահամալիրի գիտական խմբերի հետ համատեղ մասնակցել է մոլիբդենի հանքանյութի ֆլոտացման տեխնոլոգիական գործընթացի ԱԿՀ-ի մշակմանը նվիրված, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) կողմից ֆինանսավորվող  նախագծին: 2011-2014թթ. ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ս. Բալասանյանի ղեկավարությամբ գործող խումբը հաջողությամբ կատարել է «Մոլիբդենի հանքանյութի ֆլոտացման տեխնոլոգիական գործընթացի հավանականային կառավարման մոդելի մշակումը» թեմայով գիտահետազոտական նախագիծը, որի արդյունքները ներկայումս գտնվում է ներդրման փուլում:

2015թ. Ս. Բալասանյանը պաշտպանել է «Բարդ տեխնոլոգիական համակարգերի ստրատիֆիկացված մոդելավորման հիմունքների մշակում՝ հուսալիության հաշվառմամբ»  թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2016 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում:

Նա հեղինակ է 81 հրապարակված գիտական աշխատանքի, այդ թվում` Գերմանիայի Դաշնությունում հրատարակված մեկ գիտական մենագրության: Արժանացել է ՀԱՊՀ-ի 2011-2012թթ. հրատարակված «Լավագույն գիտական հոդվածաշար» մրցանակաբաշխության 1-ին մրցանակին:

Ս. Բալասանյանը հնարավորինս օժանդակել է դասախոսների գիտահետազոտական գործունեությանը: 2007-2017 թթ. ընթացքում մասնաճյուղի 6 դասախոս եւ 7 ուսանող պաշտպանել են թեկնածուական, իսկ մեկ դասախոս՝ դոկտորական ատենախոսություններ: Նա ղեկավարել է շուրջ 20 մագիստրոսի եւ 4 ասպիրանտի ատենախոսություն, որոնցից 2-ը հաջողությամբ պաշտպանել է:

 Ս. Բալասանյանը զգալի աշխատանք է կատարել մասնաճյուղի միջազգային համագործակցության ոլորտում: Նա 1999-2009 թթ. գործուն մասնակցություն է ունեցել ՀՊՃՀ-ի կողմից իրականացվող Tempus-Tacis միջազգային ծրագրերին, որոնք նվիրված են եղել համալսարան-արդյունաբերություն համագործակցության զարգացմանը, ՀՊՃՀ-ի ստրատեգիական պլանի մշակմանը, կրեդիտային համակարգի ներդրմանը:

2012 թվականից մասնաճյուղն առաջին անգամ, որպես ինքնուրույն կատարող, մասնակցել է «Արդյունաբերական համագործակցություն եւ ստեղծագործ ճարտարագիտական կրթություն` հիմնված հեռավար ու վիրտուալ գործիքակազմի վրա» (530278-TEMPUS-1-2012-1-DE-TEMPUS-JPHES) նախագծին: Ս. Բալասանյանը նախագծի տեղային համակարգողի կարգավիճակով`  իր փոքրաթիվ թիմով, հաջողությամբ իրականացրել է այն: Այդ նախագծի շրջանակում ձեռքբերված 27000 եվրո արժողությամբ GOLDI հեռավար հիբրիդային լաբորատորիան նրա ջանքերով 2018 թվականից հաջողությամբ ներդրվել է մասնաճյուղի ՏՏ, Ի եւ ԱՀ ամբիոնի ուսումնական գործընթացում:

Ս. Բալասանյանը 2011-2014թթ. եղել է ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ:

2016 թվականից ՀԱՊՀ-ում գործող դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության «Կառավարում եւ ավտոմատացում» 032 մասնագիտական խորհրդի անդամ է:

Երիտասարդական ավյունով լի Ս. Բալասանյանն առանց ջանք ու եռանդ խնայելու ՏՏ, Ի եւ ԱՀ ամբիոնի ղեկավարի պաշտոնում շարունակում է իր պատասխանատու գիտամանկավարժական գործունեությունը` ապահովելով մասնաճյուղի հետագա առաջընթացը:

Ս. Բալասանյանի բազմամյա, անբասիր աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել: Նա պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2008թ),  ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալով (2007թ.), ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով (2003թ.), «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով (2009թ.)` (ԼՂՀ «Մայրություն» կոմիտե):

Հմուտ, բանիմաց եւ գործունյա անձնավորություն է պրոֆեսոր Ս. Բալասանյանը: Պարկեշտ է, օրինավոր, օժտված է բարձր բարոյակամային հատկանիշներով, պահպանում եւ տարածում է պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները: Պահանջկոտ է իր, գործընկերների եւ ուսանողների հանդեպ: Անհաշտ է բացասական երեւույթների նկատմամբ:

Հարգելի Սեյրան Շամիրի, մասնաճյուղի դասախոսական կազմը, աշխատակիցները եւ ուսանողությունը սրտանց շնորհավորում են Ձեզ` 75-ամյա հոբելյանի եւ աշխատանքային գործունեության կեսդարյա տարեդարձի առթիվ, մաղթում են համատեղ երկարամյա բեղմնավոր աշխատանք, ամուր առողջություն եւ ամենայն բարիք:

 

Հերմինե Գեւորգյան      

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տեղեկատվական տեխնոլոգիաների,

ինֆորմատիկայի եւ ավտոմատացված համակարգերի ամբիոնի դոցենտ,

տեխնիկական գիտությունների թեկնածու

 

                                                                                              

 

 

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

26.11.2024 21:50

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

26.11.2024 21:42

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

26.11.2024 21:28

Մահազդ

26.11.2024 20:30

Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան

26.11.2024 19:16

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով

26.11.2024 19:11

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

26.11.2024 17:52

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

26.11.2024 17:48

ՀՀ-ում COP-17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե է ստեղծվել

26.11.2024 17:38

Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին

26.11.2024 17:34

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

26.11.2024 16:16

Զանգեզուրի «Յան» մարտարվեստի ասոցիացիայի վստահ ընթացքը

26.11.2024 15:20