ՍՈՆՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ. «Հայոց Մեծ եղեռնն Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքներից մեկն է»

01.10.2014 14:31
3231

Սյունիքը 1-ին աշխարհամարտում


 

ՀՀ ազգային արխիվում պահվող Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող փաստաթղթերի, պատերազմը սկսվելու 100-ամյակի կապակցությամբ կատարվող աշխատանքների մասին է զրույցը Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանի հետ:


 

– Տիկի՛ն Միրզոյան, Հայաստանի ազգային արխիվում Առաջին աշխարհամարտին առնչվող ի՞նչ փաստաթղթեր ունեք:

– Ազգային արխիվն Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող բավականաչափ նյութեր ունի, որոնք կարելի է ներկայացնել առանձին բաժիններով: Նշեմ, որ այդ տարիներին գործել են ազգային, Անդրկովկասյան տարբեր հասարակական կազմակերպություններ, պետական կառույցներ, որտեղ ուղարկվել են համապատասխան փաստաթղթեր: Դրանք հիմնականում պարունակում են տեղեկություններ կազմակերպական աշխատանքների, ցուցաբերված հումանիտար օգնության մասին: Բացի դրանից՝ փաստաթղթերի մի ստվար հատվածը կամավորական շարժմանն է առնչվում, որ սկսվել էր Թուրքիան պատերազմի մեջ մտնելուց հետո: Մանրամասն տեղեկություններ կան կամավորական ջոկատների ձեւավորման, դրանց գործունեության, ձեռք բերված հաջողությունների մասին: Չմոռանանք, որ Հովհաննես Թումանյանի առաջարկով 1918թ. վերջից մինչեւ 1919թ. ապրիլ ամիսը գործել է հանձնաժողով, որը հավաքել է նյութեր պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների մասին: Այդ հանձնաժողովի մեջ եղել է մի առանձին խումբ, որը զբաղվել է պատերազմում հայերի մասնակցության ուսումնասիրմամբ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ խումբը ղեկավարել է Ալեքսանդր Կուլիբյակինը, ով փաստաթղթեր է հավաքել ոչ միայն հանձնաժողովի գործունեության մասին, այլեւ հուշեր տարբեր գեներալների, նրանց գործունեության մասին: Փաստաթղթերի մյուս խումբն առանձին զինվորականների հետ կապված անձնական ֆոնդերով է ներկայացված, ինչպես օրինակ` Թովմաս Նազարբեկովի` Հայկական կորպուսի ստեղծման ղեկավարի ամբողջական ֆոնդ՝ հուշեր, նամականի, Անդրանիկ Օզանյանի ֆոնդ, որտեղ բավականին նյութեր կան նաեւ պատերազմական գործողությունների մասին: Բավականաչափ փաստաթղթեր կան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որբերին եւ փախստականներին տարբեր կազմակերպությունների կողմից ցուցաբերված հումանիտար օգնության մասին: Պատերազմի ժամանակ ստեղծվել են թե՛ կենտրոնական, թե՛ տեղական բարեգործական կազմակերպություններ, որոնց մասնաճյուղերը գործել են սկսած Միջին Ասիայից մինչեւ Ռուսաստանի հայաշատ վայրերում: Մեր ունեցած փաստաթղթերն ամբողջական տեղեկություններ են տալիս թե՛ մարդկային, թե՛ նյութական օգնության մասին: Մի խոսքով` կազմակերպական, պատերազմի վնասների եւ հետեւանքների մասին ունենք բավականին հետաքրքիր փաստաթղթեր, որոնք դեռեւս ուսումնասիրության կարիք ունեն:

– Ազգային արխիվում պահվող փաստաթղթերը հայերե՞ն, թե՞ ռուսերեն են:

– Չմոռանանք, որ մենք գտնվում էինք ռուսական տիրապետության տակ, եւ բնական է, որ հիմնական նյութերը ռուսերեն են: Ինչ խոսք, կամավորական շարժմանը վերաբերող որոշակի հայերեն փաստաթղթեր էլ ունենք, բայց հուշերն ամբողջովին ռուսերեն են:

– Փաստաթղթերն ըստ մարզերի առանձնացվա՞ծ են:

– Նման տարբերակումը բացառվում է, քանի որ եղել են ընդհանուր կոմիտեներ, տեղական կոմիտեներ չեն եղել: Միակ հատուկ կոմիտեն Ալեքսանդրապոլում էր, քանի որ Թուրքիայի սահմանին մոտ էր. այնտեղ առանձին ֆոնդեր չկան, կան զինվորական հոսպիտալներ, բուժկետեր, բայց դա չի նշանակում, որ նյութերը միայն այդ վայրին են առնչվում, պարզապես սա այն վայրն է, որտեղ կուտակվել են որբերն ու փախստականները:

– «Սյունյաց երկիր» թերթը Կապանի երկրագիտական թանգարանի ջանքերով հրապարակել է Առաջին աշխարհամարտում զոհված, վիրավոր եւ անհետ կորած սյունեցիների ցուցակները, որտեղ մեղրեցիների մասին տեղեկությունները բացակայում են համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով:

– Հնարավոր է, բայց դրա շտկումը բարդ աշխատանք է եւ պահանջում է երկարատեւ ուսումնասիրություն: Ես գրեթե երեք տարի է` զբաղվում եմ Առաջին աշխարհամարտի մասնակից սպայակազմի ուսումնասիրությամբ, քանի որ պատերազմը սկսվել է 1914թ. եւ ավարտվել 1918թ., կարծում եմ, 2018թ. այդ աշխատանքն արդեն պատրաստ կլինի: Բավականին ծանր աշխատանք է, եւ ոչ միայն բարձր սպայակազմն եմ ուսումնասիրում, այլեւ՝ ամենացածրը: Սպայակազմն ամբողջովին ուսումնասիրելուց հետո միգուցե հնարավոր լինի մեղրեցիներին առանձնացնել: Ինչ վերաբերում է պատերազմի մասնակիցներին, դա գրեթե հնարավոր չէ առանձնացնել:

– Պատմագիտության մեջ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերի թվաքանակի մասին շրջանառվում են տարբեր վարկածներ:

– Ճիշտ է, պատմագիտության մեջ դեռեւս ստույգ թիվ չկա նշված: Խնդիրն այն է, որ ի սկզբանե Թուրքիան չի մտել պատերազմող երկրների կազմի մեջ: Հայերն Անդրկովկասից մեկնում էին Արեւմտյան ճակատ: Հոկտեմբեր ամսից, երբ արդեն Թուրքիան մտավ պատերազմի մեջ, սկսվեցին տեղափոխություններ: Այնտեղից հայերին ուղարկում էին Արեւելյան Հայաստան, առավել եւս որ ստեղծվեց Հայկական կորպուսը: Այսօրվա դրությամբ ստույգ թիվ չկա, եւ շրջանառվում են տարբեր վարկածներ: Կարծում եմ` այդ հարցը նույնպես լուրջ ուսումնասիրության կարիք ունի, բայց կան առանձին մասնագետներ, ովքեր զբաղվում են այդ հարցով. միգուցե նրանք կարողանան տալ այդ հարցի պատասխանը:

– Հետաքրքիր է՝ կա՞ն նյութեր զանգեզուրցիների մասնակցությանն առնչվող, որոնք կցանկանայիք հրապարակել մեր թերթում:

– Ռուս պատմաբանների հետ միասին ժողովածու ենք պատրաստել՝ «Հայերի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմում», որն արդեն լույս է տեսել: Հնարավոր է, որ հավաքված փաստաթղթերում, որոնք տեղ չեն գտել ժողովածուում, Զանգեզուրին վերաբերող եւ հրապարակման արժանի նյութեր լինեն: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է:

– Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կա՞ն Հայաստանում:

– Նույնիսկ Ռուսաստանում նմանատիպ հուշարձաններ չկան, քանի որ կարծում են, որ այդ պատերազմը մոռացված է: Նման մոտեցումը հավանաբար պայմանավորված է նրանով, որ պատերազմին հաջորդեց հեղափոխությունը, ԽՍՀՄ կազմավորումը եւ այլն: Պետություններն այդ հարցով չեն զբաղվել, քանի որ ստեղծվել էր նոր իրավիճակ, դասակարգային նոր հարաբերություններ էին հաստատվել, եւ նրանք ուշադրություն չդարձրին այդ հարցին: Ներկայումս ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Ռուսաստանում սկսել են մեծ ուշադրություն դարձնել այդ պատերազմին: Կալինինգրադում հուշարձան են տեղադրել, եւ մեկ հուշարձան էլ նախատեսվում է Մոսկվայում տեղադրել:

– Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու 100-ամյակի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում հանրապետությունում:

– Մեկնարկն արդեն տրված է, եւ կարծում եմ, որ առանձնակի շուքով պետք է նշվի: Պատրաստվում են հրապարակումներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ: Պատմության ինստիտուտի, պետհամալսարանի պատմության ֆակուլտետի հետ համատեղ հոկտեմբերի սկզբին նախատեսում ենք անցկացնել կոնֆերանս: Հոկտեմբերի վերջին Վրաստանում, իսկ նոյեմբերին Երեւանում վրացիների հետ համատեղ կանցկացնենք ցուցահանդես՝ Առաջին համաշխարհային պատերազմին եւ Կովկասյան ռազմաճակատին առնչվող: Արդեն ունենք հայ-ֆրանսիական օնլայն փաստաթղթային ցուցահանդես, նոյեմբերին Երեւանում ֆրանսիացիների հետ կկազմակերպվի կոնֆերանս՝ մասնավորապես «Հայերի մասնակցությունն Արեւելյան լեգեոնում» թեմայով:

– Կարծիք կա, որ 1930-ական թվականներին Առաջին աշխարհամարտի մասնակիցներին հետապնդել են:

– Ուսումնասիրելով սպայակազմը՝ կարող եմ նշել, որ 1930-ական թվականներին նրանց մեծ մասը գլխատվել է:

– Որքանո՞վ է հետաքրքրում Առաջին աշխարհամարտը գիտնականներին, ուսանողներին, առանձին անհատների:

– Վերջին շրջանում շատերն են սկսել զբաղվել դրանով: Առաջին աշխարհամարտում հայերի մասնակցության մասին դոկտորական աշխատանքներ են գրել պատմաբաններ Կարեն Փահլեւանյանը, Ռուբեն Սահակյանը, հումանիտար օգնությունների ուսումնասիրությամբ է զբաղվում Ասյա Դարբինյանը: Քանի որ Առաջին աշխարհամարտն առնչվում է Հայոց ցեղասպանության հետ, շատերն են զբաղվում այդ թեմայով, բայց ավելի շատ դիտարկում են այդ կտրվածքով:

– Մինչ այժմ այդ հարցը դիտարկել ենք Մեծ եղեռնի կտրվածքով: Դուք ի՞նչ կարծիքի եք, ինչպիսի՞ ընթացք պիտի ունենան հետագա աշխատանքները:

– Շատ ցավալի է, որ այդ պատերազմը մեր ժողովրդի համար ծանր ու դժվարին էջ է բացել. Հայոց Մեծ եղեռնն Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքներից մեկն է: Այս տարի քննարկման թեմա է առավելապես հայերի մասնակցությունն աշխարհամարտում, որ բավականին մեծ է եղել, քանի որ նրանք ակնկալում էին անկախություն, Արեւմտյան Հայաստանի ազատագրում: Կարծում եմ` այդ համատեքստում մինչեւ 2018թ. կունենանք բավականաչափ հրապարակված նյութեր:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31