Սուրբ Ծննդյան քարոզ

05.01.2021 19:50
3623

«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն… նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին» (Եսայի 7:14-16):

Մարգարեության այս հատվածում կարևոր է ոչ միայն Հիսուս Մանկան ծննդյան հրաշալի փաստը, այլ նաև Նրա անունը՝ Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Այս անունը վկայում է, որ Աստված երբեք մեզ չի լքում։ Ու սա մեր հոգևոր մխիթարությունն է այսօր: Այն, որ Աստված մեզ հետ է, կարևոր է ոչ միայն նրա համար, որ Տերը մեզ պաշտպանում է, այլ որ միայն Հիսուս կարող է ցույց տալ, թե Ով է Աստված և ինչպիսին է ուզում Նա մեզ տեսնել։ Քրիստոս ի սկզբանե ընտրեց բարին՝ մեզ ցույց տալով Իր սերը, կարեկցանքը, ողորմությունը։ Սրանք են այն արժեքները, որոնցով հնարավոր է ոչ միայն ճանաչել Ճշմարտությունն, այլ նաև ապրել Աստծո հետ։

Քրիստոս մարդացավ՝ աշխարհն Իր Սիրով փոխակերպելու առաքելությամբ: Ու մեզ էլ սովորեցրեց, որ երբ մարդը չի սիրում, նա թաքնվում է աշխարհից, իսկ երբ կարողանում է սիրել առանց պայմանի, փոխակերպում է աշխարհը:
Աստծո Սերը միաժամանակ նման է և՛ ծնողի սիրուն՝ հանդեպ իր մանուկը, և՛ մանկան սիրուն՝ հանդեպ իր ծնողը։ Քրիստոս Իր կյանքը վստահեց մեզ, ինչպես զավակն է վստահում ծնողին, և ժպտում է մեզ, ինչպես ծնողն է ժպտում իր երեխային։

Կարծում եմ՝ հասկանալի է, թե որքան զգուշությամբ մեր սրտի քարայրում պիտի պահպանենք Մանկանը և ինչ պատասխանատվությամբ պիտի ապրենք՝ գիտակցելով, որ Աստված ժպտում է մեզ:

Աստվածային ճշմարտության չափանիշը, բացի Ինքն Իր առաջ արդար լինելուց, այլ բովանդակություն էլ ունի. դա Սերն է, որով Արդարը եկավ՝ կիսելու անարդարի բեռը: Քրիստոս եկավ մեղավոր աշխարհ ̀ փաստելու աստվածային ճշմարտությունը. Փրկիչը մեզանից մեկն է: Աստված մեզ հետ է:

Թվում է, թե ամեն բան լավ է և հրաշալի: Աստված մեզ հետ է, և մենք որևէ բանի համար չպիտի մտահոգվենք: Ուրիշ ի՞նչ է պետք մարդուն: Բայց եկեք հասկանանք, որ  Աստված ոչ թե մեր կյանքը հրաշք է դարձնում, այլ տալիս է հնարավորություն, որ այդ հրաշքը մե՛նք գործենք: Իսկ մենք հրաշք գործելու ժամանակ ու ցանկություն չունենցանք: Սեփական արդարության պատրանք ստեղծելուց բացի՝ չկարողացանք սիրել: Ու ի՞նչ ստացվեց: Սա հարց չէ, այլ ցավ ու ափսոսանք: Տարին ապրեցինք անդառնալի կորուստներով՝ Հայրենիքի, մեր անմեղ զավակների… Սա՞ է  մեր պատկերացրած արդարությունը: Գիտե՞ք՝ ինչը կլիներ արդար, որ զոհեր չուենայինք, Հայրենիք չկորցնեինք: Իսկ ինչո՞ւ չհավատացինք այդ արդարությունը, քանի որ չսիրեցինք ո՛չ Հայրենիքը, ո՛չ էլ մարդուն:

Ապրում ենք մի տեսակ զգուշավորությամբ, եկեղեցի գալով՝ աշխատում ենք մնալ աննկատ` կարծես վախենալով, թե հանկարծ չլինի այնպես, որ Աստված մեզանից շատ բան պահանջի… Աստծուն «փոխանցում» ենք մեր ցանկություններն ու մոմ վառելով համարում մեր առաքելությունն ավարտված, հեռանում:

Ունենք շատ ու շատ ցանկություններ: Գուցե մեր ցանկությունները եսակենտրոն են կամ նվիրական, կարևոր չէ, սակայն ցանկություններով չէ, որ պիտի մեր կյանքը փոխվի: Հասկացե՛ք, մեր անթիվ ցանկություններն աղքատացնում են մեր կյանքը: Այդ ցանկությունների փոխարեն գործ է պետք ու պայքար: Նույն խնդիրը մարդ և Աստված հարաբերության մեջ է: Աստված ամենամեծ հրաշքն է, բայց մեր ցանկություններն այդ Հրաշքը դարձնում են սովորական: Դա է պատճառը, որ Մանուկ Հիսուս Իր ծննդյան առաջին պահից մնաց մենակ մեր ցանկությունների հետ: Աստծուն մեր ցանկությունները պետք չեն, այլ՝ մենք: Ի վերջո, պիտի հասկանանք, որ այն ինչ Աստված է պատրաստ մեզ համար անելու, կկատարի անվերապահորեն: Կարևորը այն է, թե մե՛նք ինչ պիտի անենք Աստծո համար: Հիշե՛նք մոգերի օրինակը, ովքեր ունեին ընծաներ, բայց չգիտեին՝ ում պիտի հանձնեն և որտեղ: Բեթղեհեմյան աստղը ցույց տվեց ճանապարհը  և Մանկանը, որին հանձնեցին իրենց ընծաները: Մենք էլ ունենք ընծաներ, բայց չգիտենք՝ ում և որտեղ այդ ընծաները հանձնել: Աստծո լույսով միայն հնարավոր է գտնել ճշմարիտ ճանապարհը և թե ում պիտի հանձնենք մեր ընծաները: 

Մենք մեկ աղոթք ունենք անելու ամեն օր. անդադար աղոթել զոհված զինվորների համար, նրանց ծնողների, ընտանիքի անդամների մխիթարության համար, անհետ կորածների հայտնաբերման ու գերիների վերադարձի համար, վիրավոր զինվորների ապաքինման և տեղահանվածների համար: Մենք միայն մեկ պարտականություն ունենք. մեր այդ աղոթքն իրականություն դարձնել գործերով, ոչ թե կենացներով ու եսակենտրոն ցանկություններով: Ուրեմն՝ միայն ԳՈՐԾ և ԱՂՈԹՔ. սա է մեր առաքելությունը: Աղոթքը լույսն է, գործը՝ մեր ընծաները:

Ցավոք, մենք կորցրինք մեր լուսավոր զավակներին, բայց հերոս ծնելու ու հերոս դառնալու մեր կարողությունը դեռ չենք կորցրել: Կորցրինք Հայրենիքի զգալի մասը, բայց Հայրենիքը դեռ ապրում է մեր մեջ: Ասում եմ՝ «դեռ», քանի որ եթե շարունակենք արդարանալ, դա էլ կկորցնենք: Մեզ պետք է Աստծո սերը, որով կկարողանանք ապրել՝ մեր լացն ու ուրախությունը համատեղելով: Քանի որ իրական ուրախությունն այն է, որը չի խանգարում քո լացին: Ինչպես նաև անկեղծ են այն արցունքները, որոնց միջից կարելի է և ժպտալ: Միայն այսկերպ հնարավոր կլինի Քրիստոսի հետ նաև մեր հոգևոր ծնունդը, երբ մեր կյանքը կլինի իրական փառաբանություն, եթե Մանուկ Հիսուսի հետ աճենք ու զորանանք շնորհով, սիրով ու իմաստությամբ:

Թող մարդեղացյալ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ամեն ժամ օրհնի և առաջնորդի ամենքիս, հավատքով ամուր ու սիրով պահի մեր ժողովրդին՝  ի փառաբանություն Իր Սուրբ Անվան:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Եսայի քհն. Արթենյան

qahana.am

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

01.10.2026 14:40