Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38
387

1946 թվականի օգոստոսի 24-ին, Սյունյաց աշխարհի գեղատեսիլ Տանձատափ գյուղում Է ծնվել  Սուրեն Բախշիի Վարդանյանը՝ մարդ, ում կյանքն ու գործունեությունը հետագայում անքակտելիորեն կապվելու էին հայրենի բնաշխարհին:

Սուրեն Վարդանյանի կյանքի ուղին արտացոլում է մի սերնդի պատմություն, որը սեփական աչքերով տեսել է գյուղական ավանդական կենցաղը, խորհրդային ժամանակաշրջանի փոփոխությունները, անկախության առաջին տարիների դժվարություններն ու   պետականաշինության հետագա ընթացքը։

Սուրեն Վարդանյանի մանկությունն անցել է Տանձատափի  գյուղական միջավայրում։ Հիշում է ժամանակները, երբ գյուղի կյանքը կառուցված էր աշխատանքի, համերաշխության և բնության հետ անմիջական կապի վրա։ Գութանով վար, եզներով աշխատանք, կալ, այգիներ, Որոտանի ափին անցկացրած ամառային օրեր... Այդ ամենը նրա հիշողության մեջ մնացել է ոչ միայն որպես մանկության պատկեր, այլ որպես մի ամբողջ աշխարհ, որը ժամանակի հետ փոխվել է։

Տանձատափում ապրած  տարիները նրա մեջ ձևավորեցին հայրենի հողի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք։ Հաճախ է ընդգծում, որ գյուղը միայն բնակավայր չէ, այն մարդու հիշողությունն է, արմատը, պատմությունը։ Հենց այդ զգացողությունն էլ տարիներ անց նրան տարավ դեպի գրական-ստեղծագործական աշխարհ՝ փորձելով պահպանել այն, ինչ կարող էր կորչել ժամանակի մեջ։

Դպրոցական տարիները Սուրեն Վարդանյանի համար նույնպես հեշտ  չէին։ Տաթևի միջնակարգ դպրոց հասնելու համար  ամեն օր ոտքով անցնում էր դժվար, լեռնային ճանապարհ՝ Տանձատափից դեպի Տաթև։ Այդ ճանապարհը, որը ձմռանը հաճախ վտանգավոր էր դառնում, նրա համար դարձավ ոչ միայն սովորելու ուղի, այլ նաև բնավորություն կերտող փորձություն։

Հետագայում  այդ տարիները հիշում է երախտագիտությամբ, որպես մի շրջան, երբ դժվարությունը մարդուն սովորեցնում էր դիմանալ և առաջ գնալ։

1964 թվականին ավարտելով Տաթևի միջնակարգ դպրոցը՝ Սուրեն Վարդանյանն ընդունվեց Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։ Ուսանողական տարիները ևս անցան ակտիվ ու հետաքրքիր միջավայրում։ Հանրակացարանային կյանք, ընկերություն, ուսում, գիտական միջավայր և պահանջկոտ դասախոսներ։ Այդ տարիները նրա մեջ ձևավորեցին մասնագետի, ով ուներ նաև  հասարակական կյանքի նկատմամբ հետաքրքրություն։

1969 թվականին՝  բարձրագույն կրթություն ստանալուց հետո,  ծառայեց խորհրդային բանակում: Այդ ժամանակաշրջանը նրա կյանքի առանձնահատուկ էջերից է։ Դժվար, կարգապահ ու պատասխանատու ծառայությունը նրան սովորեցրեց կազմակերպվածություն, դիմացկունություն և թիմային աշխատանքին մասնակցելու հմտություն։

Բանակից վերադառնալուց հետո սկսվեց նրա երկարամյա պետական և հասարակական գործունեությունը։ 1971 թվականից  աշխատեց  կոմերիտմիության Գորիսի շրջկոմում՝ սկզբում  հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ։ Հետագայում նրա աշխատանքային ուղին շարունակվեց ՀԿԿ Գորիսի շրջկոմում, որտեղ  զբաղեցրեց տարբեր պատասխանատու պաշտոններ՝ բաժնի վարիչ, քարտուղար, երկրորդ քարտուղար, իսկ վերջին շրջանում՝ առաջին քարտուղար։

Այդ ժամանակաշրջանը դիտարկում է որպես մարդկանց, տնտեսության և համայնքային կյանքի հետ ամենօրյա շփման հնարավորություն։  Ասում է, թե  ղեկավար աշխատողը պարտավոր էր իմանալ շրջանի յուրաքանչյուր խնդրի մասին՝ գյուղատնտեսությունից, գյուղապահպանությունից մինչև հոգևոր-մշակութային ոլորտ, մարդկանց հոգսերից մինչև զարգացման հարցեր։

1990-ականների փոփոխությունները նրա կյանքում ևս նոր փուլ բացեցին։ Իրավաբանական կրթությունը, որ ստացել էր դեռ 1980 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, օգնեց նրան շարունակել գործունեությունն իրավական ոլորտում։ Աշխատեց Գորիսի ագրոբանկում, ապա՝ «Թամամ» արտադրական կոոպերատիվում` իրավախորհրդատու։

Իսկ 1994 թվականից աշխատանքի անցավ դատախազության համակարգում՝ զբաղեցնելով Գորիսի միջշրջանային դատախազի օգնականի, հետագայում՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնները։

2007 թվականին, կենսաթոշակի անցնելու պատճառով, ավարտվեց նրա պետական ծառայությունը, սակայն ոչ նրա հասարակական-ստեղծագործական գործունեությունը։  Շարունակեց մնալ իր տարածաշրջանի ու մարդկանց կողքին՝ մասնակցելով մշակութային կյանքին, խորհրդատվություններով աջակցելով բնակչությանը։

Նրա կյանքի կարևորագույն ուղղություններից մեկը դարձել է գրավոր ժառանգության ստեղծումը։ Իրեն «մեծատառ» գրող չի համարում, սակայն իր հեղինակած գրքերը համարում է պարտք՝ անցյալի, հայրենի գյուղի և ապագա սերունդների հանդեպ։ Նրա համար ստեղծագործելն ինքնանպատակ չէ, դա ապրած կյանքի, մարդկանց, պատմությունների և արժեքների պահպանման միջոց է։

Նրա աշխատություններից են «Հինավուրց Տանձատափ»-ը՝ երկու հրատարակությամբ, «Տոհմանուններ»-ը՝ Գորիսի տարածաշրջանի տոհմերի մասին, «Գինին ու գինեկռիվը Գորիսում», «Ընտրական հաղթարշավ», «Ժողովրդավարության բաստիոնին» և «Պատառիկներ անցյալից» գրքերը... Այդ գործերում ձգտել է ներկայացնել ոչ միայն փաստեր, այլև ժամանակի շունչը, մարդկանց կերպարները և այն միջավայրը, որի մասնակիցն է եղել:

Սուրեն Վարդանյանի համար առանձնահատուկ տեղ ունի ընտանիքը։ Կինը՝ մասնագիտությամբ ճարտարապետ, երկար տարիներ զբաղվել է կերպարվեստի ուսուցմամբ և մշակութային գործունեությամբ։ Երեք երեխան հաջողությամբ շարունակել են կրթության ու մասնագիտական զարգացման ճանապարհը։ Ընտանիքն այսօր համալրված է հինգ թոռներով, որոնց առաջընթացն  առանձնահատուկ հպարտությամբ է հիշատակում։

Իր կյանքի իմաստը տեսնում է ոչ միայն սեփական ձեռքբերումների, այլև հասարակությանն ու երկրին օգտակար լինելու մեջ։ Նրա խոսքում հաճախ կրկնվում է մի միտք՝ մարդը պետք է  ապրած տարիներով ինչ-որ բան թողնի իր հետևից։ Այդ «ինչ-որ բանը» նրա դեպքում դարձել են հիշողությունները, գրքերը, մարդկանց հետ ունեցած կապերը և հայրենի Սյունիքի հանդեպ նվիրվածությունը։

Սուրեն Վարդանյանն այն մարդկանցից է, որոնց կենսագրությունը միաժամանակ անձնական պատմություն է և ժամանակաշրջանի վկայագիր։ Տանձատափյան մանկությունից մինչև պետական աշխատանքի բարձր աստիճաններ, իրավական գործունեությունից մինչև ստեղծագործական աշխարհ՝ նրա ճանապարհը մեկ գաղափարի շուրջ է պտտվել և պտտվում՝ պահպանել հիշողությունը, գիտակցել  հայրենի հողի ու բնաշխարհի արժեքը և շարունակողը լինել նախնյաց ավանդույթների։

Իզա Ասծատրյան

 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11