ՍՅՈՒՆԵՑԻ ՍԱՎԱՌՆՈՐԴԻ 100-ԱՄՅԱԿԸ

08.05.2014 14:03
2731

Հնարամիտ օդաչուն, որին վստահեցին Ռայխստագի վրա Հաղթանակի դրոշի լուսանկարումը


2014 թվականին լրանում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, նշանավոր ու խիզախ գորիսեցի օդաչու Սմբատ Ավանեսի Մկրտչյանի 100-ամյակը, որի սխրանքներին եւ ուշագրավ մարտական ծառայությանը ծանոթանալիս, հիրավի, հպարտանում ես նման հայրենակից ունենալու համար:

Սմբատ Մկրտչյանը ծնվել է 1914թ. դեկտեմբերի 12-ին Գորիսի Տաթեւ գյուղում: Մեկ տարեկանում զրկվել է հորից, եւ մայրը նրա հետ տեղափոխվել է Գորիս: Մի քանի տարի հետո փոքրիկ Սմբատը տեղափոխվել է Բաքու, այնտեղ դպրոց հաճախել: Աշխատել վաղ է սկսել` 15 տարեկանից, այդ ժամանակ` 1929-1931թթ., Բաքվում սովորել է նաեւ Լենինի անվան արհեստագործական ուսումնարանում: 1931-1935թթ. «Բաքվի աշխատավոր» գործարանում ատաղձագործ է աշխատել:

1935 թվականին զորակոչվում է խորհրդային բանակ. մինչեւ1937թ. եղել է Լուգանսկի ռազմական ավիացիայի օդաչուների դպրոցի կուրսանտ, եւ հենց դա կանխորոշեց նրա կյանքի հետագա ուղին, որը կապվեց ռազմական ավիացիայի հետ: Ծառայեց Անդրկովկասի ռազմական օկրուգի տարբեր զորամասերում: 1938թ. Երեւանի կապի 16-րդ առանձին ավիացիոն էսկադրիլիայի կրտսեր օդաչու էր, իսկ 1939թ. փետրվարից մինչեւ սեպտեմբեր Երեւանի ռազմաօդային ջոկատում եղել է օդաչուներ վերապատրաստող հրամանատար: 1940-ից նշանակվում է 45-րդ բանակի ջոկի հրամանատար` Գյումրի քաղաքում: Երբ սկսվում է Մեծ հայրենականը, 1941թ. նոյեմբերին Ս.Մկրտչյանին ուղարկում են Ղրիմի ճակատ: Չորս տարվա ընթացքում տաթեւցի բազեն` որպես ավիաջոկատի, հետագայում` ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, կատարել է 400-ից ավելի մարտական թռիչք:

Նրա ռազմական ուղու մի քանի դրվագ միայն արդեն իսկ ուշագրավ են, եւ նրան զինվորական պարգեւների են արժանացրել:

… Էսկադրիլիայի շտաբում օդաչու Մկրտչյանը ստացել է մարտական առաջադրանք` հայկական դիվիզիայի հրամանատար Զաքիյանին հասցնել բանակի հրամանատարության ուղարկած ծրարը, իսկ Զաքիյանի դիվիզիան այդ ժամանակ Վլադիսլավի մոտ շրջափակել էին հակառակորդի գերազանց ուժերը: Բարդ ու պատասխանատու առաջադրանք էր. պետք էր ամեն գնով տեղ հասցնել ծրարը: Ձյուն էր տեղում, ամպերը ցածր էին ու խիտ, գետինը գրեթե չէր երեւում: Ինքնաթիռը ռազմաճակատի գիծն անցավ ցածր բարձրությամբ, եւ գերմանացիները գնդացրային ուժեղ կրակ բացեցին նրա վրա: Վնասվում է ինքնաթիռի ղեկային համակարգը, եւ մեծ ջանքեր գործադրելով` հաջողվում է վերջապես վայրէջք կատարել. տեղ են հասնում, Զաքիյանին փոխանցում ծրարը: Մկրտչյանը զինվորների օգնությամբ շտապ վերանորոգում է, կարգի բերում վնասված սարքավորումը: Իսկ ծրարում, պարզվում է, դիվիզիան շրջապատումից դուրս բերելու պլանն էր…

Մեկ այլ դեպքում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվել է մեր հայրենակից օդաչուի հնարամտությունը. Ստալինգրադի մոտ ռմբակոծիչների գունդը տեղավորվել էր Վոլգայի ձախ ափին, օդաչուներն օրուգիշեր հանգիստ չունեին: Ծանր ռմբակոծիչները հարվածներ էին տեղում հակառակորդի Կոտելնիկովյան խմբավորման վրա, որը ձգտում էր ճեղքել շրջապատման գիծը, իսկ թեթեւ ռմբակոծիչներն անմիջականորեն մասնակցում էին խմբավորման ջախջախմանը:

Մի անգամ` թռիչքի ազատ ժամին, լեյտենանտ Մկրտչյանը հանդիպեց իր մարտական ընկերոջը` ռազմաճակատում որպես խիզախ օդաչու հայտնի Վանուշ Բաղդասարովին: Սմբատը նրան ասում է. «Մեր թեթեւ ռմբակոծիչները միանգամից վերցնում են 25 կիլոգրամանոց 8 ռումբ, իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե 25 կգ-անոցի փոխարեն վերցնենք 2.5 կգ-անոց, այդ դեպքում թշնամու գլխին կարող ենք միանգամից թափել 80-100 ռումբ: Շրջապատված թշնամին չունի ամուր ինժեներական կառույցներ, եւ նրան խոցելու համար թեթեւ ռումբերն էլ բավարար են»: Իսկ երբ զրուցակիցը հարցնում է, թե որտե՞ղ պիտի տեղավորեն այդքան ռումբերը, Մկրտչյանը պատասխանում է, որ դրա մասին էլ է մտածել. մանր ռումբերը կարելի է արկղերով տեղավորել հենց խցիկում եւ ձեռքով նետել, իսկ դա պետք է կատարել ոչ թե ցերեկը, այլ գիշերը եւ այնպես, որ հակառակորդը չկարողանա գուշակել, թե դրանք ինչպես եւ որտեղից են թափվում:

Գնդի հրամանատարն ընդառաջում է օդաչուների առաջարկին եւ էսկադրիլիայի հրամանատարին հրահանգում առաջարկը ստուգել գործնականում: Մկրտչյանն իր ջոկատը սկսում է պատրաստել գիշերային թռիչքի, ցերեկը մի քանի անգամ օդ է բարձրանում, ստուգում թռիչքի մանրամասները, իսկ գիշերը փորձեր կատարում մեր տարածքում: Հաջորդ գիշերվա ընթացքում, երբ շատ մութ էր, եւ գերմանացիները խաղաղ էին ու չէին սպասում, որ նման գիշերը հակառակորդն օդ կբարձրանա, հանկարծ նրանց դիրքերում սկսում են պայթել փոքրիկ ռումբերը: Թշնամու ճամբարում խառնաշփոթ է սկսվում. չեն հասկանում` որտեղից են գալիս ռումբերը: Մկրտչյանը դիմել էր ռազմական հնարամտության. ինքնաթիռները մեր տարածքում վերցրել էին մեծ բարձրություն, ապա հանգցրել շարժիչները եւ անաղմուկ անցել հակառակորդի կողմը, իսկ առջեւից գնացող մեքենան հրթիռների միջոցով լուսավորել էր տեղանքը:

Եվ այդպես, մոտ մեկ ամիս խորհրդային ռմբակոծիչները Մկրտչյանի օրինակով մահ ու սարսափ էին տարածում թշնամու շարքերում: Հետագայում գերված զինվորները պատմում էին, որ այդ գիշերային անսպասելի ռմբակոծությունները սարսափեցնում էին ոչ միայն հասարակ սպաներին ու զինվորներին, այլեւ բարձր հրամանատարությանը:

Իսկ ահա վերջին մարտական թռիչքով օդաչու Մկրտչյանը պատմական առաջադրանք կատարեց:

1945թ. մայիսի 2-ին հրամանատարությունից նրան կանչում եւ որպես խիզախ օդաչուի` պատմական առաջադրանք են տալիս` լուսանկարել Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացված Հաղթանակի դրոշը: Թռչում է Բեռլին. առաջին անցման ժամանակ հնարավոր չի լինում լուսանկարել, ճիշտ չէր հաշվարկել բարձրությունը: Երկրորդ դարձին կարիք եղավ ավելի ցածր թռչել, եւ ժապավենի վրա արտացոլվեց պատմական դրոշը, որը դարձավ խորհրդային բանակի հաղթանակի խորհրդանիշը: Սմբատ Մկրտչանն անթերի կատարեց իր վերջին մարտական առաջադրանքը: Պատմության մեջ հիմա մի քանի անուններ են գրանցվել, որոնք հայտնի են դարձել հենց նրանով, որ լուսանկարել են այդ դրոշը: Նրանք լուսանկարիչներ ու ֆոտոլրագրողներ են: Ժամանակն է, որ մեր հայրենակցին էլ հիշենք այդ առումով. պարզապես նրա լուսանկարը ռազմական արխիվի եւ ոչ թե հրապարակման համար էր, ուստի պատմությունը ոչինչ չի ասում Սմբատ Մկրտչյանի մասին…

Օդաչուն մարտական ուղին անցել է ռազմական երեք ճակատում. պատերազմը դիմավորել է Ղրիմի ճակատում, ապա մարտնչել Ստալինգրադի ճակատում եւ հաղթանակը դիմավորել 1-ին բելառուսական ճակատում: Եղել է 455-րդ առանձին կապի ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալը: 1943-ի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 7-ը գերմանացիների մոտ գերի է ընկել. ինչպես ինքն է պատմում ինքնակենսագրականում` թռիչքի ժամանակ իր վարած ինքնաթիռը խոցվել է հակառակորդից եւ վայրէջք կատարել նրանց գրաված տարածքում: Այդուհանդերձ, նրան հաջողվել է փետրվարի 7-ին` էվակուացիայի ժամանակ, փախչել ու հասնել իր զորամաս, շարունակել թռիչքները:

Հետաքրքրությամբ ես աչքի անցկացնում օդաչուի թռիչքների անձնական գրքույկը. այնտեղ նշված են Ս.Մկրտչյանի բոլոր թռիչքները` մանրամասներով` ամսաթիվը, թռիչքների քանակը, ինքնաթիռի տիպը, թռիչքի տեւողությունը, ուղղությունը. վարժությո՞ւն, թե՞ ռազմական առաջադրանք է եղել: Ընդ որում` եթե մարտական առաջադրանքով թռիչքները 400-ից ավելի են եղել, օդաչուի ընդհանուր թռիչքների քանակը հազարների է հասնում: Իսկ թռչել է նա У-2, Р-1, Р-5, Т-3, Р-6, Ут-2, По-2, Тб-3 տիպի ինքնաթիռներով: Ընդ որում` հաղթանակից անմիջապես առաջ` ապրիլի վերջերից սկսած եւ արդեն մայիսյան առաջին օրերին նրա թռիչքների ուղղության մեջ շատ է հանդիպում Բեռլինը:

Սմբատ Մկրտչյանը բազում պարգեւներ է ստացել, նշենք միայն առավել արժեքավորները. պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» ու Կարմիր դրոշի շքանշաններով, «Բեռլինի գրավման համար» եւ «1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալներով:

Պարգեւատրման թերթիկների արխիվային քաղվածքներից իմանում ենք, որ օդաչու Մկրտչյանին բնութագրել են իբրեւ աշխատասեր, եռանդով լի, քաղաքակիրթ սպա: Ունենալով թռիչքային աշխատանքի մեծ փորձ` հմտորեն փոխանցել է ավիաէսկադրիլիայի ողջ թռչող անձնակազմին, նրա անմիջական վերահսկողությամբ եւ ղեկավարությամբ էսկադրիլիան ճակատային պայմաններում հաջող ու անվթար թռիչքներ է ունեցել: Առանց ժամանակ խնայելու օգնել է հրամանատարին զինվորների դաստիարակության հարցում, հոգ է տարել ինքնաթիռների նյութատեխնիկական մասի պահպանման համար:

1946թ. ռազմաօդային ուժերի կապիտան Սմբատ Մկրտչյանը զորացրվում է բանակից եւ վերադառնում Գորիս, նրան էին սպասում կինը` Նոյեմ Հայրապետյանը եւ ավագ որդին` Էռնեստը: Հետագայում եւս երկու զավակ է ունենում` Մարոն եւ Գագիկը: Ավագ որդին եւ դուստրն այժմ հանրապետությունից դուրս են բնակվում, կրտսերը` Գորիսում: Ի դեպ, Գագիկի որդին կրում է հայտնի պապ Սմբատի անունը:

Որդու պատմելով` հայրը միշտ կարոտել ու սիրել է երկինքը, ապրել երկնքով: Պատերազմի վետերանին շատ էին կանչում կրթօջախներ` նոր սերնդին անցած օրերի մասին պատմելու եւ դաստիարակիչ զրույցների համար, հայրենի քաղաքում ճանաչում եւ գնահատում էին նրան:

Զորացրվելուց հետո Գորիսում տարբեր աշխատանքներ է կատարել. մեկ տարի վարսավիր է աշխատել, 1947-1950թթ. Գորիսի մեխանիկական գործարանում` առաքիչ, 1950-51թթ.` Գորիսի Հայառի խանութի վարիչ, 1951-ից Գորիսի սեյսմիկ կայանում` լաբորանտ, իսկ 1962 թվականից աշխատել է հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում: 1965թ. մինչեւ կյանքի վերջը Եղեգնաձորի օդանավակայանի պետն էր: Ցավոք, պատերազմի բովով անվնաս անցած օդաչուի կյանքը ժամանակից շուտ խլեց հիվանդությունը. վախճանվեց 1970 թվականին եւ հանգչում է Գորիսում:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25