Ով է սեփականաշնորհել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շրջակայքի հողերը

26.03.2019 22:56
808

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին չի կարողանում ընդլայնել տարածքը, քանի որ գոտու շրջակայքի հողերը սեփականաշնորհվել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանի հիմնադրած «Էսիէյ» ՓԲԸ-ի կողմից: Այդ հողերի ձեռքբերման օրինականության մասով հարուցվել է քրեական գործ, իսկ ազատ տնտեսական գոտուընդլայնման փուլը դադարեցված է:

 
Կառավարության մարտի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս հողերի շուրջ ստեղծված իրավիճակին: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,- ասել է վարչապետը:
 
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «Հետք»-ին հայտնեց, որ այժմ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության նախագծված հետագա փուլերը չեն իրագործվում, քանի որ քրեական գործ է հարուցվել:
 
2017թ. Կառավարության 356-Ա և 1595-Ա որոշումներով ներկայիս Մեղրիի խոշորացված համայնքի տարածքում ստեղծվել է երկու ազատ տնտեսական գոտի: Դրանցից մեկով կազմակերպիչ է ճանաչվել «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, իսկ մյուսով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն հիմնադրել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը 2014թ-ի ապրիլին, իսկ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն՝ 2017թ. օգոստոսին հիմնադրել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

 

 

Կառավարությունն ընկերության հայտի և գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշել է, որ «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ընդհանուր տարածքը կազմելու է մոտ 32 հա:

Սյունիքի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացնում են, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշման ընդունման պահին նշված 32 հա հողամասերը պատկանել են «Էսիէյ» ՓԲԸ-ին:

Վերջինս դրանք ձեռք է բերել 2014թ. օգոստոսին՝ աճուրդ-վաճառքի ձևով՝ 20 հա, 5 հա և 7 հա չափաբաժիններով: Այդ հողերի համար «Էսիէյ»-ը վճարել է համապատասխանաբար՝ 1 մլն 540 հազար, 385 հազար և 550 հազար դրամ: Օտարման ժամանակ նշված հողամասերը հանդիսացել են Կարճևան համայնքի սեփականությունը, իսկ օտարման գործընթացը կազմակերպվել է համայնքի ավագանու 2014 թ.-ի հուլիսի որոշման հիման վրա: Օտարման պահին օտարված հողամասերի կադաստրային արժեքը 1 հա-ի համար կազմել է 70 հազար դրամ:

Սակայն, պարզվում է, որ այդ հողերը ձեռք են բերվել կեղծ աճուրդներով: Ոստիկանության տեղեկատվությանհամաձայն՝ 2014թ. հուլիսին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը (Մարտին Սարգսյան, հեղ.), իր տեղակալի և այլ պաշտոնյաների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք: Մարտին Սարգսյանը, համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ վարչապետի (Հովիկ Աբրահամյան, հեղ.) նախաձեռնությամբ կազմված նախագծով, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի: Մարտին Սարգսյանն իր և վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ կազմակերպի նշված տարածքները «Էսիէյ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը: Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Ըստ Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության՝ Կարճևան համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ պաշտոնական տեղեկություններ է մտցրել, ավագանու կեղծ ստորագրությամբ իբրև ավագանու նիստում որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմել: Արդյունքում՝ փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից համայնքային հողատարածքներն աճուրդային եղանակով ապօրինի օտարել է «Էսիէյ» ՓԲԸ-ին:

Նշենք, որ այդ ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը 2003-ից զբաղեցնում էր Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնը: Ստացվում է՝ Սարգսյանն ուներ շահագրգռվածություն, որ այդ հողերը օտարվեն իր գործընկեր Սարգիս Աղաբեկյանին:

 

 

Բացի այդ, Կարճևանի համայնքապետը 2016թ. հուլիսին ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջական հարևանությամբ գտնվող 3 հողամասեր՝ 1,378 հա մակերեսով, օտարել է իր աներորդուն՝ Ռոմիկ Սարգսյանին: Դրանք «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 2017թ. դեկտեմբերի 18-ին: Մեղրիի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ Ռոմիկ Սարգսյանը դրանք համայնքից գնել է 1 մլն 707 հազար դրամով:

Սյունիքի մարզպետարանի փոխանցմամբ՝ Կարճևան համայնքի ավագանու նշված որոշումը իրավական որևէ խնդրահարույց դրույթ չի պարունակել, և մարզպետարանում չէին կարող կանխատեսել, որ այդ տարածքում շուրջ 3 տարի հետո կարող է ստեղծվել ազատ տնտեսական գոտի:

2019թ. փետրվարի 12-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ո՞վ է «թաքնված» ընկերության թիկունքում

«Էսիէյ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010թ-ին: Ընկերության գրանցման հասցեն Ազատության պողոտայի 1/18 բնակելի շենքի նկուղային հարկն է: Այս հասցեի սեփականատերը «Սյունիք» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանի դուստրն է՝ 23-ամյա Աննա Աղաբեկյանը: Ընկերության տնօրենը Նարինե Թևոսյանն է՝ Սարգիս Աղաբեկյանի կինը:

Ս. Աղաբեկյանը եղել է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդականը, այնուհետև ԼՂՀ ԱԺ նախագահի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում:

Սարգիս Աղաբեկյանը 2017թ. ապրիլի 19-ին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու պայմանագրի ստորագրումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծման ուղղությամբ Առևտրաարդյունաբերական պալատը դեռևս 3 տարի առաջ է քայլեր ձեռնարկել: Այսինքն, երբ 2014թ. հիմնադրվել է «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, Աղաբեկյանն արդեն գիտեր, թե որ տարածքներում է այն գործունեություն ծավալելու, և հիմնադրումից ամիսներ անց հենց այդ տարածքներում իր հիմնադրած «Էսիէյ» ՓԲԸ-ն գնել է հողամասերը:

Սարգիս Աղաբեկյանը «Հետք»-ի հետ զրույցում չխոսեց Կարճևան համայնքից ձեռք բերած հողերի մասին: Ոստիկանության այն տեղեկատվությունը, որ Մարտին Սարգսյանն է Կարճևանի համայնքապետին հողերը մատնացույց արել և ասել, որ դրանք վաճառի «Էսիէյ» ՓԲԸ-ին, Աղաբեկյանը չպարզաբանեց, ասաց՝ դրանք  նախաքննական գաղտնիք են:

«Ես նմանատիպ հանգամանքները չեմ կարող հաստատել, որովհետև ես ինքս ընդհանրապես այդ գործընթացին ո՛չ մասնակցել եմ, ո՛չ գիտեմ՝ ինչ է արվել»,- ասաց Սարգիս Աղաբեկյանը:

Նա նշեց, որ ընկերությունը հողերը ձեռք է բերել ազատ տնտեսական գոտու գործունեության կամ այլ ծրագրեր իրականացնելու նպատակով:  «Մենք համաձայնել ենք մեր հողատարածքները անհատույց տանք պալատի ընկերությանը («Սյունիք» ազատ տնտեսական գոտի, հեղ.), որպեսզի էդտեղ ծրագիր իրականացվի: Անգամ պայմանավորվել ենք, որ «Սյունիք» ազատ տնտեսական գոտու 25 բաժնեմասն անհատույց նվիրաբերենք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սարգիս Աղաբեկյանը:

Նա արդեն գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարզաբանել իրողությունը:

 

 

Աղաբեկյանը պնդում է, որ Կառավարության որոշումով ստեղծված «Մեղրի» ազատ տնտեսական գոտին խոչընդոտում է իրենց՝ «Սյունիք» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և այդ մասին արդեն տեղեկացրել է իրավասու մարմիններին, լիահույս է՝ նախաքննության ընթացքում կպարզվի, թե ով ինչ է արել:

«Մեր ծրագիրը ձախողել են: Նայեք՝ երբ է ստեղծվել «Սյունիք» ազատ տնտեսական գոտին և ինչի համար է խոչընդոտվել, հետո ստեղծվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Մենք 2018 թվականին պարսական կողմի հետ պայմանագիր ենք ստորագրած եղել, չեն թողել, որպեսզի մեր ծրագիրը անենք, այդ դրա մեջ խորացեք: Եվ ո՞վ է խանգարել, ո՞վ է շահագրգռված դրա մեջ եղել, ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել: Դա է կարևորը»,- ասաց Ս. Աղաբեկյանը:

Նա չմեկնաբանեց այն մեղադրանքը, որ ինքը Կարճևանի համայնքապետին հայտնել է, որ հողերի օտարման նիստին ձևական մասնակիցներ կբերի՝ մրցույթի անցկացման համար: Նշեց, որ այս պահին քննություն է ընթանում, և իրավասու մարմինը քննության ավարտից հետո մանրամասներ կհայտնի:

Աղաբեկյանի փոխանցմամբ՝ ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածքում է հիմնվելու ազատ տնտեսական գոտի, ասում է՝ իրենք են նախաձեռնել «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ստեղծումը, սակայն չի ուրվագծվել հստակ տեղանքը:

Կապ հաստատեցինք Կարճևանի նախկին համայնքապետ Արմեն Ավետիսյանի հետ, ում օրոք կատարվել են հողերի այս աճուրդները: Վերջինս խոստացավ մեր հարցերին պատասխանել մեկ ժամ անց, սակայն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Սարգիս Աղաբեկյանը՝ դատական գործընթացներում

Պարզվում է՝ Սարգիս Աղաբեկյանը տարիներ շարունակ դատական գործընթացների մեջ է:

Դրանցից մեկով՝ «էյչ-ԷՍ-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2010 թվականի հունիսին «Էսկո Կոնցեռն» ընկերության հետ կնքել է վարկային գծի պայմանագիր: Վերջինիս հետ կապված նույն օրը կնքվել է անշարժ գույքի գրավի մասին պայմանագիր, բանկի և Սարգիս Աղաբեկյանի միջև երաշխավորության պայմանագիր, որի համաձայն Սարգիս Աղաբեկյանը հանդիսացել է երաշխավոր։ Նշենք, որ Ս. Աղաբեկյանը եղել է «Էսկո կոնցեռն» ՓԲԸ-ի հիմնադիր-նախագահը:

Նույն վարկային պայմանագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերին փոփոխություն է կատարվել վարկային գծի պայմանագրում: Գրավադրվել են ք. Երևան, Ազատության պող. 1/18 շենքի 1 հասցեում, 2, 9, 10, 17 հասցեներում գտնվող, ինչպես նաև Տիգրան Մեծի պող. թիվ 53/3 հասցեում և Բաբայան փող. թիվ 2/4 հասցեում գտնվող անշարժ գույքերը։ Ազատության պողոտայի մի շարք տարածքներ սեփականության իրավունքով պատկանել են Սարգիս Աղաբեկյանին:

Ըստ դատական գործի՝ Սարգիս Աղաբեկյանի կողմից վերոնշյալ վարկային պայմանագրերի շրջանակներում 2010-2013թթ. ընթացքում վճարվել է ընդհանուր մոտ 3 միլիարդ 98 միլիոն 867 դրամ գումար, ինչից հետո բանկն իր բոլոր իրավունքները պետք է զիջեր Ս. Աղաբեկյանին: Այս տարվա փետրվարի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աղաբեկյանի հայցը բավարարել է:

Ընթացքում «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ն անվանափոխվել է և սահմանվել է «ԱԼՏԷ» ՓԲԸ: 2014 թվականի մարտ ամսվա վճռի համաձայն՝ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ Սնանկության հայց 2014թ. հունվարին ներկայացրել էր Վրաստանի «Փոթի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող «ԵՄԵՍԵՐ» ՍՊԸ-ն: Դատարանի որոշմամբ հաստատվել է ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, համաձայն որի՝ Սարգիս Աղաբեկյանը գրանցվել է որպես պարտատեր՝ մոտ 499 մլն դրամ գումարի չափով։

Ներկայում գումարի բռնագանձման դատական գործընթաց է գնում «Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հայցով՝ ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ –ի, Սարգիս Աղաբեկյանի և նրա ընտանիքի անդամների: Հայցի ապահովման նպատակով, հայցագնի` 3 մլն 537 հազար 429 դոլարին համարժեք դրամի և 3 մլն 152 դրամի չափով արգելանք է դրվել Սարգիս Լևիկի Աղաբեկյանին պատկանող գույքի վրա, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու տարածքում հողերի սեփականատեր «Էսիէյ» ՓԲԸ-ի բաժնեմասերի վրա:

Նշենք, որ Սարգիս Աղաբեկյանը տարիներ առաջ հայտնվել էր նաև մեկ այլ պատմության մեջ: 2011թ. հունիսի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր Սարգիս Աղաբեկյանին՝ խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու և տուժողին նյութական ծանր կացության մեջ դնելու կասկածանքով:

Լուսանկարում՝ աջից կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանն է, ձախից՝ Սարգիս Աղաբեկյանը

hetq.am

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06