Սյունի բերդը եւ նահանգի իշխանանիստ-գահանիստ Սյունի ավանը, որի նորօրյա շարունակությունը Սիսիան քաղաքն է

23.08.2020 20:39
36838

«Սյունյաց երկիրը» շարունակում է ուխտագնացությունը Սիսիանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրեր:

Օգոստոսի 20-ին մեր ստեղծագործական խումբն ուղեւորվեց Սիսիան քաղաք՝ Սյունի վանք ուխտական այց կատարելու առաքելությամբ:

Մեզ հետ էր Գորիսի պետական համալսարանի հանրային կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Նոննա Միրզոյանը, ով նաեւ լուսանկարչական աշխատանք կատարեց:

Սիսիանում մեզ ընկերակցեցին վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Ավագյանը, «Զորաց քարեր» բնակատեղի-արգելոցի վարիչ, հայրենի քարափների հնավայրերի ու սրբավայրերի մասին բացառիկ գիտելիքներով օժտված Արամ Դավթյանը: Ավելի ուշ մեզ միացավ Արցախյան հերոսամարտի փառապանծ հրամանատարներից մեկը՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: 

Ընթացքում հյուրընկալվեցինք ճանաչված սյունեցի Նաիրի Բախշյանի օջախում. նա տեղյակ էր մեր նախաձեռնությանը՝ «Սյունյաց երկրի» հատուկ համարով ներկայացնելու Սիսիանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերը, որը գնահատանքի ու քաջալերանքի արժանի ձեռնարկում համարեց:

Անշուշտ, Սիսիան քաղաքում եղել էինք տասնամյակներ շարունակ եւ բազում անգամ: Սակայն այս այցը, ինչպես ասացինք, ուխտագնացություն էր եւ սրբազան նպատակ ուներ՝ վերստին ու նորովի ծանոթանալ եւ ընթերցողին ներկայացնել հռչակավոր Սյունի վանքը, որ Սիսիան քաղաքի անգերազանցելի զարդն է: Իսկ Սյունի վանքը պատշաճ ներկայացնելու, նրա դերը ճիշտ մատուցելու համար նպատակահարմար գտանք նախ եւ առաջ հետադարձ հայացք ձգել Սյունի բերդին ու Սյունի ավանին եւ ծանոթանալ նրանց քարեղեն ու մշակութային հետքերին:

Ուխտագնացությունից առաջ երիցս ծանոթացանք Սիսիան քաղաքին առնչվող մատենագիտությանը եւ կրկին համոզվեցինք, որ դարերի ընթացքում հարուստ մատենագիտություն է ստեղծվել: Հատկապես անգերազանցելի են Ստեփանոս Օրբելյանի, Մորուս Հասրաթյանի եւ Սեդրակ Բարխուդարյանի գործերը, որոնցով պատասխան է տրվում մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Ուստի եւ՝ թեմային առնչվող շատ-շատ հարցերի պատասխանը ներկայացնելու համար ուղղակիորեն կբերենք նրանց դիտարկումները՝ ձեռնպահ մնալով մեր դիտարկումներից եւ տեսակետների մեջ առկա հակասությունները քննարկելուց:

Սյունի բերդը

Պատմական Սյունիքի կամ Սիսական նահանգի Ծղուկ գավառը ներկայիս Սիսիանի տարածաշրջանն է:

Ըստ Մորուս Հասրաթյանի՝ «Անհիշելի ժամանակներից մինչեւ 10-րդ դարը Սիսիանը հանդիսացել է Սյունյաց աշխարհի վարչական կենտրոնը…Ամենավաղ դարերից մինչեւ 10-րդ դարը Սիսիանը կոչվել է Սյունի, ապա՝ Ծղուկ» (Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 129):

 Պատմական Սյունի ավանը ներկայիս Սիսիան քաղաքն է, որի պատմությունը սկիզբ է առնում հազարամյակների խորքից:

Այդ կապակցությամբ Մորուս Հասրաթյանը գրում է. «Սյունի ավանի տարիքին պետք է լինի եւ նրա արեւելյան մատույց-բարձունքի վրա կառուցված Սյունի բերդը, Սյունի- Սիսիան գավառի (շրջանի) չորս հատուկ խոշոր ամրոցներից երկրորդը (Ամուրն Որոտան, Սյունի, Սիսական եւ Բորտո բերդ), իսկ ամեն ավան, քիչ թե շատ միջակ գյուղ, բնակավայր ունեցել է իր սեփական քարապատ բերդը:

Սյունի ամրոցը կառուցված է եղել ավանի արեւելյան բարձունքի վրա, Ուզի (Փոքր Ույծ) դիմացից, Որոտանի ձախ ափի քարափից սկսած: Իր երեք մետր հաստությամբ պարիսպներով, Սյունի ամրոցը վտանգի ժամանակ Որոտան ձորի գլխավոր ճանապարհը փակող ամուր ամրոցն է եղել, հատկապես՝ ձմռանը: Այդ ուղին գալիս էր հեռուներից, մտնում Որոտնա ձորը եւ գետի հակառակ հոսանքով ձգվում դեպի Նախճավան, դեպի Վայոց ձորը՝ Սյունի- Սիսիանի վրայով:

Այդ ռազմաառեւտրական ուղին գալիս էր դեպի Սյունի ավան սրանից մի քանի կմ դեպի արեւելք գտնվող Աղխիտուից (արդի Աղուդի գյուղ). այնտեղ է գտնվում ավերված վանքը և նրա բակում ցարդ կանգնած 7-րդ դարի բացառիկ ու եզակի մահարձանը: Հին Աղխիտու անունը հուշում է նրա դիրքը, որ նշանակում է փակ վայր, կողպեք:

Դժբախտաբար այժմ Սյունի ամրոցից նկատելի են միայն գետի քարափի վերին մասում պահպանված պարսպի հետքերը, ոչ մեծ հարթակի վրա կառուցվածքների, բնակարանների հետքերը: Երեք մետր թանձրությամբ՝ հաստությամբ (ու երեւի 3-4 մետր բարձրությամբ) պարիսպների հետքերն այժմ հազիվ նկատելի են…» (տե՛ս Մորուս Հասրաթյանի նշված աշխատությունը):

 

***

Կարծիք կա, որ Սյունյաց նահանգի այս հինավուրց կենտրոն Սյունի ավանը կենտրոնական մասում եւ հարավային, հյուսիս-արեւելյան ու հյուսիս-արեւմտյան հատվածներում ունեցել է համեմատաբար փոքր բերդեր:

Առավել ուշագրավ են Քարաբերդը (որոշ աղբյուրներում՝ Դաշվան-ղալա), մոտ 70 հա տարածք զբաղեցնող Սանգյառ ամրոցը (Որոտան գետի աջ ափին՝ Սյունի բերդից հարավ, Սյունի բերդի դիմաց), ինչպես եւ Ծակ քարը՝ քաղաքից հյուսիս – արեւմուտք, քաղաքի գործող գերեզմանատան արեւմտյան մասում):

Մեր ստեղծագործական խումբը եղավ նախ Քարաբերդում (այնտեղ գնացինք Սիսիան-Իշխանասար գյուղ խաչմերուկից դեպի հարավ-արեւելք ձգվող դաշտային ճանապարհով):

Մենք անցանք հսկայական տարածք զբաղեցնող դամբարանադաշտով:

Արամ Դավթյանի կարծիքով՝ Զորաց քարերին գրեթե զուգահեռ (արեւելքից) գտնվող այդ դամբարանադաշտի եւ բնակավայրի արտաքին կառուցվածքը նման է Զորաց քարեր բնակատեղիի եւ դամբարանադաշտի հուշարձանախմբին (առանց դիք-դիք քարերի):

Քարաբերդից մի փոքր հյուսիս Սուրբ Ստեփանոս մատուռն է: Այդ ուխտավայրի մասին առայժմ չկարողացանք տեղեկություններ ձեռք բերել: Ըստ պատին արված մի գրառման՝ մատուռը 1984թ. հիմնանորոգել է Վոլոդյա Պետրոսյանը, իսկ հետո՝ Նվեր անունով երիտասարդը (լուսահոգի): Վերջինս մատուռին կից խաչքար է կանգնեցրել նաեւ:

Այդ ամենը մեզ ներկայացրեց տարածքի անտառապահ Կամո Բաբայանը:

Այնուհետեւ այցելեցինք Ծակ քար ամրոց, որը, որքանով հասկացանք, նաեւ պաշտամունքային նշանակություն ունի առայսօր (խոսքը գագաթին գտնվող նույնանուն ժայռաբեկորի մասին է):

 

Սյունի ավանը

Արդեն նշել ենք, որ անհիշելի ժամանակներից մինչեւ 10-րդ դար Սիսիանը հանդիսացել է Սյունյաց աշխարհի վարչական կենտրոնը՝ մնալով նաեւ հոգեւոր կենտրոն:

Նշել ենք նաեւ՝ ամենավաղ դարերից մինչեւ 10-րդ դար Սիսիանը կոչվել է Սյունի:

Ըստ Մորուս Հասրաթյանի՝ «Պատմական Սյունի ավանը, որն այժմ Սիսիան շրջանային կենտրոնն է Որոտանի ափին, անտարակույս, նույն անունը կրող մի տոհմի կամ ցեղի կենտրոնական առաջին բնակավայրն է եղել: Այլ կերպ նրա անունով չէր կոչվի ոչ միայն ողջ գավառ- շրջանը, այլեւ՝ արդի Հայաստանի չափ տարածություն ունեցած հին Սյունիքը՝ Սյունյաց աշխարհը, որը պատմական Հայաստանի 15 նահանգներից, իր մեծությամբ, երրորդն էր՝ Այրարատից եւ Վասպուրականից հետո:

Սյունի բնակավայրը բռնել է մինչեւ Սիսիան ավանի բնակելի արեւելյան հարթակի գետափյա տարածությունը (նախկին օդանավակայանի սահմանները ներառյալ):

Ջրառատ Սիսիանի այդ տարածությունը, այգիներով եւ բանջարանոցներով, զբաղեցրել է քաղաքը՝ իր շուկայով: Ըստ երեւյթին բնակավայրը մոտեցած է եղել Սյունի բերդին եւ գլխավոր՝ Զարե կամուրջին: Վերջինս երկաթե միացումներով, սրբատաշ բազալտից իր կառուցման եղանակով նվազագույնը հասնում է 5-րդ դար եւ միայն պահակակետը՝ ձախափնյա խելից վեր (աջ կողմը չի պահպանված) գուցե հավելում է 16-17-րդ դարերի: Կամրջի աջափնյա խելի (կրունկի) վերին մնացորդը եւ գետի մեջտեղում ամուր դիմացող երկու թռիչք- կամարների միացման սյուն-խելի կամ ոտքի ստորին մասի հետ քշեց-տարավ 1920թ. գարնանը զորեղ վարարումը, որ իմ աչքով եմ տեսել:

Սակայն ամենից ուշագրավն այն է, որ արդի Սիսիանի արեւելյան մասի այդ հարթակի (բանջարանոցների տեղում), այսինքն ավերված քաղաքի վրա, գյուղ է եղել մինչեւ 1826 թվականը՝ Գյուլումփա անունով: Քաղաք եմ կոչում այդ մաքրված հարթակը, որովհետեւ նախկին օդակայանի բաց տարածությունը, ավանդաբար, տեղի բնակիչները կոչում էին Շահրիստան: Այս անունով ողջ միջնադարյան Մերձավոր Արեւելքում պարսկերեն կոչել են քաղաքների բանուկ թաղամասը՝ շուկայով:

Սյունի բնակավայրն ինչ-ինչ պատճառներով զրկվել է նահանգի կենտրոն լինելուց՝ իր դիրքերը զիջելով դեպի արեւմուտք, Որոտանի աջ ափին կառուցված Շաղատ ավանին: Այդ երեւի տեղի է ունեցել 2-3-րդ դարերում» (Մ.Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 129-139):

 

Ինչպե՞ս եղավ, որ Սյունի անվանը փոխարինեց Ղարաքիլիսա անվանումը

Սյունի- Ույծ անվանումը 14-րդ դարում փոխել էր իր անունը եւ  դարձել Քեթովան:

Քեթովան, ըստ Մորուս Հասրաթյանի, իր հնչմամբ «անընդունելի էր թուրքախոս մարդկանց համար՝ նրանց լեզվով վատ իմաստ ունենալու պատճառով: Այն Քեթովան է կոչվում, օրինակ, 14-րդ դարի վերջին քառորդի մի հիշատակարանում (Լ.Ս.Խաչիկյան, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երեւան 1950, էջ 527): Ես համոզված եմ, որ խոսքը վերաբերում է Սյունի-Ույծ ավանին, մանավանդ որ շատ մոտիկ Փոքր Ույծն արդեն կոչվում էր Ույծ կամ Ուզ: Նշանակում է՝ 15-16-րդ դարերից արդեն Սիսիանի այդ պատմական բնակավայրը եւս պետք է նոր անուն ստանար, երբ բավականին ինտենսիվ կերպով սկսվել էր Հայաստանի բնակավայրերի եւ աշխարհագրական անունների փոփոխությունը: Այդ կատարվում էր իմաստի թարգմանությամբ… իշխող լեզվի իմաստով նոր անուն տալով:

… Սիսիանի Քեթովանը, իրենց լեզվով ամոթ եւ ծաղրիմաստ նշանակությամբ, դժվարացան արտասանել եւ …կոչեցին Ղարաքիլիսա (Սյունի վանքի համար), հայ բնակիչներն էլ դյուրությամբ ընդունեցին այդ՝ մինչեւ 20-րդ դարի 30-ական թթ.» (Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնաիորւթյուններ, Երեւան 1985, էջ 137-138):

Բոլորովին այլ կարծիք ունի Շչորս Դավթյանը (Սիսիանի բնակավայրերի պատմություն, Երեւան 1997, էջ 87). «1404-05թթ. Լենկ-Թեմուրի մոտ ուղեւորված իսպանական դեսպան Կլավիխոն իր ուղեգրությունների մեջ թաթար-մոնղոլների ավերած բնակավայրերի մեջ հատուկ նշում է նաեւ Սիսական գավառի քաղաք Սյունիք-Սիսիանը: Թերեւս հենց այդ ժամանակներից էլ բնակավայրը սկսել է կոչվել Ղարաքիլիսա (Սեւ եկեղեցի)՝ որպես ավերված ու այրված գլխավոր քաղաքի վկայություն»:

Մի փոքր այլ է մեր տեսակետը: Հայկական անունների փոփոխության ժամանակ Էջմիածինը կոչեցին Ուչքիլիսա (երեք եկեղեցի), որը, բարեբախտաբար,հայկական միջավայրում չմտավ շրջանառության մեջ:

 Փամբակի Վանաձորը կոչեցին Ղարաքիլիսա՝ տեղի Սեւաքար եկեղեցու պատճառով:

Սյունին էլ կոչվեց Ղարաքիլիսա՝ տեղի Սյունի վանքի պատճառով, որ կառուցված է սեւ քարից:

 

Օրբելյան պատմիչի ասույթներից եւս մեկը Սյունի ավանի մասին

«Ահա, թե ի՞նչ է պատմում Օրբելյանը Սյունյաց նահանգի հոգեւոր առաջնորդ Մուշե եպիսկոպոսի մահվան եւ Երիցակի ընտրության մասին: Պարսից Կավատ արքայի, հայոց Վահան Մամիկոնյանի եւ տեր Մուշե (՞) կաթողիկոսի հայրապետության տարիներին վախճանվում է Սյունյաց եպիսկոպոս Մուշեն, աթոռը զբաղեցնելով 36 տարի: Որովհետեւ նաեւ կյանքից հեռացել էր Սյունիքի իշխանը եւ նրան փոխարինում էր այրին՝ մեծահավատ բարեպաշտությամբ լի Սահակիա իշխանուհին, նահանգում տիրում է դժգոհություն, լսվում են գանգատներ: Սահակիա իշխանուհու միջնորդությամբ Մուշե կաթողիկոսը, «ըստ հայրապետական ճոխության», ոսկեզօծ թամբով սպիտակ ջորի նստած, ոսկեփայլ խաչով, որպես դրոշ, եպիսկոպոսնների եւ բազմաթիվ պաշտոնյաների ուղեկցությամբ, Վայոց ձորի վրայով ճանապարհվում է Սյունիքի կենտրոնը: «…Իշխանների գահանիստ Սյունիին մոտենալիս… ընդառաջ է ելնում տիկինը, իր որդու հետ, ազատագունդ բոլոր հեծյալների եւ կես հետիոտն, կես ձիավոր մեծաքանակ բազմությամբ, ընթանում  էին կաթողիկոսի աջ եւ ձախ կողմերից եւ տանում նստեցնում են գահավորակի ոսկեթել եւ մարգարտաշար բարձի վրա՝ իշխանական գահի, որը գտնվում էր Կից վտակաց տեղում»:  Երեք օր այստեղ հանգստանալուց հետո, Սահակիա իշխանուհին կաթողիկոսին նվիրում է արքունի վրանն իր կահավորությամբ եւ բարձերով ու նստեցնելով սպիտակ ջորիների ոսկեպատ կառքը, ճանապարհում է դեպի Կապանի Բաղք գավառի Երիցավան- Երիցվանիկ (այժմ՝ Արծվանիկ)…

Այս նկարագրությունից միանգամայն անվիճելի է դառնում, որ նահանգի իշխանանիստ- գահանիստ ավանն իրոք կրել է Սյունի անունը» (Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 132-133):

 Իսկ Կից վտակաց տեղը Սյունի ավանն է:

 

Սյունի բնակավայրի հին պատմությունը վկայող վաղ միջնադարյան հուշարձաններից մի քանիսը

«Սյունի բնակավայրի հին պատմությունը վկայող վաղ միջնադարյան հուշարձաններին 1970թ. գումարվեց հելլենիստական էպոխայից՝ ուշ Արտաշեսյանների կամ վաղագույն Արշակունիների ժամանակներից, ոչ անվթար, մեզ հասած մի ուշագրավ հնագիտական հուշարձան եւս՝ նույն Սյունի վայրում: Այդ մի բացառիկ դամբարան էր՝ իր հարուստ իրերով:

 Այդ դամբարանից մեր ձեռքը հասած դրամներից մեկը պարթեւ-պարսակական թագավոր Օրոդ 2-րդի անունով է (57-37 թթ.):

Հիշենք, որ այս հուշարձան-դամբարանից ավելի քան երկու հարյուր տարի առաջվա Արտաշես 1-ին թագավորի գավառական սահմանային քարերից մեկը, դարձյալ արամեական լեզվով արձանագրված եւ 2140-2150 տարի մեզանից առաջ կանգնեցված, գտնվեց Իշխանասարի ստորոտում, որ դարձյալ Սյունի-Սիսիանի սահմանակետն էր...» (Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 130):

 

***

Ուխտագնացության օրը մենք եղանք 1970թ. Սիսիանի՝ այսպես կոչված «Զոհաբերության» բլրի մերձակայքում հայտնաբերված դամբարանի տարածքում:

 Այն, ցավոք, անուշադրության է մատնված եւ ծածկված է աղբով:

Դամբարանը ներսից ունի ուղղանկյուն հատակագիծ(210x180x166սմ), պատերը շարվել են սրբատաշ կրաքարե սալիկներով: Այնտեղ գտնված արծաթե սկահակներից մեկի վրա պահպանված արամերեն արձանագրությունը հաստատում է, որ դամբարանը պատկանել է Սյունիքի ազդեցիկ իշխաններից մեկին:

«Իշխանական» դամաբարանում գտնվել է նաեւ հաղթանակի դիցուհի Նիկե-Վիկտորյայի դիմաքանդակով սկավառակ (հայկական հավատալիքներում Նիկեն նույնացվել է Անահիտ աստվածուհու հետ):

Նույն դամբարանում գտնվել է նաեւ արծվի պատկերով մեդալիոն (հին արեւելյան արվեստում արծիվը խորհրդանշում էր արեւի աստվածությունը եւ համարվում էր արքայական թռչուն):

 

***

1986թ. Սիսիանի Սյունիք թաղամասում (որ Շահրիստանի մեջ է մտնում) հայտնաբերվել է 5-10-րդ դարերի գանձերի մի ամբողջություն՝ բաղկացած 1900 սասանյան, արաբա-սասանյան, թաբարիստանյան, օմայան, աբբասյան արծաթե թողարկումներից:

Սիսիանի գանձը պարունակում է բացառապես ամբողջական եւ լիարժեք դրամներ, որով այն ավելի է արժեւորվում:

Ուխտագնացության ընթացքում եղանք Շահրիստանի (Սյունիք թաղամաս) հենց այդ հատվածում: Ե՛վ Արամ Դավթյանը, ե՛ւ թաղամասի բնակիչ Վահրամ Միրզոյանը մեզ ծանոթացրին հնավայրին:

Այդտեղ պահպանվում է վաղ միջնադարյան ծագում ունեցող երեք խաչքար:

***

Շահրիստանում 1987 թ. բացվել են վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցու հիմնապատեր, որոնք շարված են խոշոր, վատ հղկված քարերով, առանց կրաշաղախի եւ ունեն 2 մ հաստություն: Հատակագծի չափերն են՝ 12x15 մ: Կառույցի տարածքում ցրված կղմինդրի սալիկների կտորները վկայում են, որ եկեղեցու տանիքը (միգուցե եւ գմբեթը) եղել են կղմինդրածածկ:

 

Քաղվածք Սերո Խանզադյանի «Հայրենապատումից», Գիրք Ա

  • 1929թ. ապրիլ: Սիսիանի շրջկենտրոն Ղարաքիլիսան քարակույտ գյուղ է, ո՛չ ծառ, ո՛չ փողոց: Ճանապարհի եզրին գրավիչ պատկերով կանգնած է Սյունի վանքը՝ գլխին խաչ:
  • 1936թ. հունիս: Ղարաքիլիսայում օդանավակայան կա:Անունն էլ հիմա Սիսիան է՝ Սիսական անվան փոփոխված ձեւը:
  • Ղարաքիլիսայում առաջին անգամ դպրոց ստեղծեց (պետական) Արշակ Ղազարյան անունով մի մարդ, 1882թ., այդ տարի դպրոցն ունեցել է 52 աշակերտ:
  • 1953թ. մայիս: Հին Ղարաքիլիսան Սիսիան քաղաք է դառնում:

Սիսիան անունն առաջին անգամ հանդիպում եմ Կիրակոս Գանձակեցու մոտ (13-րդ դար):

17-րդ դարում եղել է Զաքարիա Սիսիանցի, ով լատին միսիոներ Կղեմես Գալանոսի աշակերտն էր: 1683-ին Ֆրանսիայում տպագրեց «Հաղագս ժամանակաց կենցաղոյս» գիրքը:

  • Որոտան գետի մեջ ցույց են տալիս մի քարե կղզի: Ասում են՝ Բոլին ժայռեր է պոկել լեռան կրծքից ու նետել գետը՝ վրան կալ շինել: Կաչաղակաբերդում էլ Հրուշան անունով հսկա է եղել: Նա իր ժայռեղեն բնի մեջ մի կարաս մածուն է թափել՝ իբր թե ինքը մարդ չէ, այլ արծիվ, որ ահա ծրտեց ու դուրս թռավ: Դրանով մոլորեցրել է մյուս հսկաններին ու քաշել դեպի իր ժայռեղեն խոռոչները, սպանել: Սրա նիզակը, ասում են, տասը զույգ եզ հազիվ է քաշել: Սրան սպանել է իր քրոջ որդի Զոնգի Գիքին: Այս ամենն իմ մեջ միտք է ծագեցնում, թե հայոց առասպելական Տորք Անգեղը, իբրեւ աստվածություն, պաշտվել է Սիսական աշխարհում նույնպես:

Բոլին, Հրուշանն ու Զոնգի Գիքին նրա տարբերակներն են:

  • Սիսիանի պատմական անունը Քաղտակ է (1291թ.):
  • Բնակչության մեծ մասը 1828թ. եկել է Պարսկաստանի Սալմաստ գավառից: Մինչ այդ գյուղում ութ տուն բնակիչ  է եղել՝ Բռնակոթի Մելիք-Սաֆրազյան տան մի ճյուղը:
  • Ղարաքիլիսա անվանն առաջին անգամ հանդիպում եմ 1508թ. պարսկական մի կալվածագրում:

Թաթուլ Սյունու դիտարկումները

«Սյունի վանքը» աշխատության մեջ Թաթուլ Սյունին Սյունի բերդի եւ Սյունի ավանի մասին որոշ տեղեկություններ է հաղորդում, որ տարբերվում են իշխող կարծիքներից:

 Ըստ նրա՝ Սյունի ավանը  Սյունիքի իշխանանիստ եւ եպիսկոպոսանիստ կենտրոն է դարձել 4-րդ դարի վերջին՝ 364-368 թթ. հայ-պարսակական քառամյա պատերազմի ժամանակ Շապուհ 2-րդի զորքերի կողմից Սյունիքի աշխարհիկ եւ հոգեւոր կենտրոն Շաղատ ավանի եւ Շաղատի վանքի ավերումից հետո:

 Բաբիկ Սյունին իր գահանիստը Շաղատից տեղափոխել է Սյունի բերդավան:

Սյունյաց պատմիչի հիշատակած  «Կից վտակաց տեղը» Սյունի բերդի գտնվելու վայրն է՝ Որոտան գետի եւ նրա աջակողմյան՝ ներկայումս Սիսիան կոչվող վտակի միախառնման տեղը:

4-րդ դարի վերջին՝ Բաբիկ Սյունու օրոք, ավերված Շաղատի վանքից Սյունյաց եպիսկոպոսական աթոռը տեղափոխվել է Սյունի վանք:

1064թ. սելջուկ-թուրքերի՝ Սյունիք կատարած արշավանքի հետեւանքով գրավվել է Սյունի բերդավանը:

Թուրք-սելջուկների տիրապետությունից Սյունի բերդավանն ազատագրվել է Զաքարե եւ Իվանե Զաքարյանների գլխավորած զորքերի կողմից 1211-ին:

Սյունի բերդավանը դարձավ նորաստեղծ Օրբելյան իշխանական տոհմին պատկանող սեփականություն:

Սյունի բերդն ավերվել է մոնղոլների կամ, ամենաուշը, 1385-87թթ. Թոխթամիշի եւ Լենկ-Թեմուրի արշավանքերի տարիներին:

Սյունի բերդավանի վերաբերյալ վերջին տեղեկությունը հայ մատենագրության մեջ հետեւյալն է. «…եղեւ առաջնորդ առման Սիւնեաց եւ այլ բերդերոյն, տայ եւ ի ձեռս նորա զՍիւնիս», ինչը եւ հաստատում է բերդն Օրբելյաններին հանձնելու իրողությունը:           

Սիսիան քաղաքը. եւս մի քանի տեղեկություն

Գտնվում է Երեւան քաղաքից մոտ 200 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ եւ ձախ ափերին, Երեւան-Գորիս ավտոմայրուղուց աջ:

Հյուսիսից քաղաքի հորիզոնը փակում է Իշխանասարը, հարավից՝ Բարգուշատի լեռնաշղթան, արեւմուտքից՝ Սարվարդ (Աղոթարան) գագաթը:

 Սիսավան է վերանվանվել 03.01.1935թ.:

 Սիսիան է վերանվանվել 02.30.1940թ. :

 1958թ. Սիսիանը դասվել է հանրապետության քաղաքատիպ ավանների շարքը :

1974թ. հոկտեմբերի 2-ին դարձել է շրջանային ենթակայության քաղաք:

Քաղաքի գլխավոր մուտքը զարդարված է արծվի բարձրաքանդակով:

1831թ. ուներ 116, 1897-ին՝ 1266, 1989՝ 15292 հայ բնակիչ: 1992-ին քաղաքի բնակչությունը կազմում էր 16592 մարդ (4109 տուն):

1920 թ-ից հետո Ղարաքիլիսան Զանգեզուրի գավառի Սիսիանի ենթաշրջանի կենտրոնն էր, իսկ 1931 թվականից՝ շրջանային կենտրոն:

Ըստ Սեդրակ Բարխոըդարյանի՝ «Սիսիան եւ Ղարաքիլիսա անունները նոր են. գյուղի հին անունը եղել է Ծաղկա» (Դիվան հայ վիմագրության, երկրորդ հատոր, Երեւան 1960, էջ 85):

Սիսիան քաղաքից 1-2 կմ  դեպի հյուսիս է գտնվում Զորաց քարեր հնավայրը, որին ժողովուրդն անվանում է նաեւ Դիք-դիք քարեր, Ցից քարեր, թյուրիմացաբար գրականության մեջ է մտել նաեւ թուրքերեն ձեւը՝ Ղոշուն-դաշ, որոշ մասնագետներ էլ տալիս են Երիվարաց դաշտ անունը: Պարիս Հերունու հետազոտություններից հետո հնավայրը նաեւ կոչվում է Քարահունջ: Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակին թվագրվող մեգալիթյան հազվագյուտ բնակատեղիին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

 

           Պատրաստեց՝ Սամվել Ալեքսանյանը

             Լուսանկարները՝ Նոննա Միրզոյանի, Արամ Դավթյանի եւ «Սյունյաց երկրի»

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01