Սյունիք-Ադրբեջան. օրակարգում սահմանագծման հույժ կարեւոր խնդիրն է, ովքե՞ր են մեզանում զբաղված դրանով եւ արդյո՞ք զբաղվողները տիրապետում են հարցին

28.11.2020 15:55
16421

Առաջիկա օրերին ականատես ու վկա կլինենք մեր լեռնաշխարհի համար չափազանց կարեւոր մի հարցի կարգավորման. Հայաստանն ու Ադրբեջանը կսկսեն պետական սահմանի դեմարկացիայի (սահմանորոշման) խնդրի լուծումը Սյունիքի մարզում…

Չգիտենք, թե Հայաստանի մյուս շրջաններում ինչ խնդիրներ կան կամ կարող են լինել սահմանորոշման խնդրում, բայց Սյունիքում բազում են վեճերի, տարակույսների տեղիք տվող հարցերը:

Չգիտենք՝ Սյունիքի մարզպետարանը, համայնքապետարանները պատրա՞ստ են արժանապատվորեն եւ խելամտորեն մասնակցել կարեւորագույն այդ խնդրի կարգավորմանը, թե՞ ոչ:

Չգիտենք նաեւ՝ իրավունք վերապահող ի՞նչ փաստաթղթեր են  դրվելու սահմանորոշման հիմքում (քարտեզներ (ո՞ր թվականի եւ ո՞ւմ կողմից կազմված), համատեղ հանձնաժողովների արձանագրություններ, Հայաստանի կառավարության որոշումներ եւ այլն):

Ու այդ աշխատանքների շեմին, անկեղծորեն, հակված չենք հանդիմանելու մարզային կամ համայնքային  պաշտոնյաներին, ովքեր շատ վաղուց պետք է ունենային վիճելի բոլոր հարցերի պատասխանը՝ հիմքերով ու հիմնավորումներով, բայց չունեն. հավանաբար  իրենց տեղում չէին կամ իրենց գործով չէին զբաղվում կամ էլ մտահասու եւ իրավասու չէին:

Մեր առջեւ հիմա այլ խնդիր ենք դրել՝ հնարավորինս աջակցել  հայկական կողմը ներկայացնող աշխատանքային խմբին, նաեւ հուշարարություն անել՝ համոզված լինելով՝ խելամիտ գործելու դեպքում կարող ենք վիճելի հարցերում սյունիքանպաստ  լուծումների հասնել:

Հարցերից առաջինը՝  ո՞ր քարտեզի հիման վրա է կատարվելու դեմարկացիա:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ սահմանորոշումը կատարվելու է Երկրորդ աշխարհամարտից հետո կազմված քարտեզներով (ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի):

Մեկ այլ մասնագետի պնդմամբ՝ առաջնորդվելու ենք խորհրդային  վերջին տարիներին կազմված քարտեզներով:

Մասնագետները մեզ հուշում են նաեւ, որ այդ քարտեզների բազմաթիվ նշումներ վիճելի ու կասկածելի են, որ այդ քարտեզների մշակման ընթացքում հայկական կողմը չի կարողացել արժանապատվորեն պաշտպանել իր շահերը:

Անշուշտ, այդ եւ նման կարգի տեղեկությունները ստուգման կարիք ունեն: Բայց,  մինչ այդ, հարցը մնում է  հրատապ ու առկախ՝ ո՞ր քարտեզի հիման վրա է կատարվելու սահմանորոշումը:

Մյուս հարցը՝ արդյո՞ք վերջին սահմանորոշման հանձնաժողովի արձանագրություններն ու եզրահանգումները դրվել են գործողության մեջ գտնվող քարտեզների հիմքում. դա, հավատացեք, չափազանց կարեւոր  հանգամանք է:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վերջին անգամ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի տեղորոշումը կատարվել է 1924-26 թվականներին:

Այդ աշխատանքների նախավերջին փուլում՝ 1925-26-ին, դեմարկացիան համակարգել է Զանգեզուրի եւ Քուրդիստանի սահմանգծային հանձնաժողովը՝ կազմով՝ Անդրկենտգործկոմի լիազոր Կաչետկովի, Ադրբեջանի կենտգործկոմի ներկայացուցիչ Ա. Կարաեւի եւ Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ակսել Բակունցի:

Թե ինչ ասել է Քուրդիստան՝ կներկայացնենք սույն հոդվածի հետգրությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ սահմանգծման այդ հանձնաժողովն իր աշխատանքը սկսել է 1925 թ. սեպտեմբերի 10-ին: Եվ աշխատանքը սկսելուց առաջ հանձնաժողովականները շրջել են սահմանները՝ Գորիսից մինչեւ Կապանի տարածաշրջանի Սյուսան թափա, տեղում ծանոթացել եղած վեճերին, երկու կողմի գյուղերից հավաքել գրավոր տեղեկություններ, զանազան փաստաթղթեր՝ այս կամ այն հողամասի տիրապետության մասին:

Մեծագույն հիացմունքով ու հպարտությամբ ենք ուզում արձանագրել, որ շնորհիվ Ակսել Բակունցի տիտանական աշխատանքի՝ 1925 թվականին միայն Ղափանի շրջանում Զանգեզուրին միացավ 20 գյուղ, որոնք մինչ այդ հանձնվել էին Քուրդիստանին: Միաժամանակ ընդլայնվեցին  Զեյվա (Դավիթբեկ) գյուղի տարածքները, հօգուտ Կապանի լուծվեց Վալի դուզ անվանյալ անտառամասի խնդիրը, հօգուտ Կապանի ճշտվեցին Սեւաքարի, Մողեսի, Ուժանիսի, Եղվարդի եւ Ագարակի սահմանները:

Ինչո՞ւ ենք ճակատագրական այս օրերին հիշում Ակսել Բակունց մեծ հայրենասերին ու գիտնական գյուղատնտեսին-հողաչափին. ոչ թե մեր հարգանքի տուրքը վերստին նրան ընծայելու համար, այլ մերօրյա իշխանավորներին հիշեցնելու ակնհայտ ճշմարտությունը՝ եթե գործի գլխին կանգնած լինի հայրենասեր ու գիտակ, նաեւ համարձակ ու իր աթոռի հնարավոր կորստից ուշագնաց չլինող մեկը, ապա կարող ենք հիմա էլ (բոլոր դժվարություններով հանդերձ) վիճելի հարցերը լուծել մեր ազգային շահերին համահունչ:

Մինչեւ վերոնշյալ սահմանագծման հանձնաժողովի ստեղծումը, սակայն, Գորիսի եւ Կապանի տարածքում մի շարք վիճելի հարցեր լուծվեցին ոչ հօգուտ Սյունիքի, ու այդպես էլ մնացին… Ասում են՝ Սյունիքի այդ օրերի պատասխանատուները վախենում էին հետամուտ լինել սահմանային վեճերի օբյեկտիվ լուծմանը, քանզի կարող էին մեղադրվել ազգայնամոլության մեջ եւ զրկվել աթոռից…

Այդ կարգի հարցերի թվում էր Էյվազլար գյուղի խնդիրը՝ այն կետից, որտեղից խճուղին իջնում է դեպի այդ գյուղ: 1924 թ. հուլիսի 11-ի որոշմամբ (վերոնշյալ հանձնաժողովին նախորդած մեկ այլ հանձնաժողովի  որոշմամբ) Էյվազլարը մնաց Քուրդիստանին:

Վիճելի հարցերից են եղել եւ շարունակում են այդպիսին մնալ Գորիս-Կապան խճուղուն առնչվող մի քանի հատվածներ: 1924 թ. հուլիսի 11-ի՝ նախորդ հանձնաժողովի որոշմամբ, պետական սահմանը համարվել էր Գորիս-Ղափան խճուղին: Սակայն դա տարակույսների տեղիք էր տվել հատկապես Գորիսի շրջանին հարակից տարածքներում: Սկզբնապես որոշվել էր Քուրդիստանի կողմը թողնել Շահվերդիլար (ներկայիս Որոտան) եւ Բարձրավանի արեւելյան մերձակայքում գտնվող՝ տվյալ պահին թուրքաբնակ Պաշարաջուր հին հայկական գյուղերը, ասել է թե՝ նաեւ Թասի լեռնանցքը (Պաշարաջուրը հիմա անմարդաբնակ է):

Դարձյալ Ակսել Բակունցի մեծագույն ջանքերի շնորհիվ նշված գյուղերն ու լեռնանցքը, ի վերջո, վերադարձվեցին Զանգեզուրին:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ինչպես վկայում է ինքը՝ Ակսել Բակունցը, սահմանորոշման տվյալ գործընթացում մեծ մասամբ զիջող է եղել Զանգեզուրը:

Ահավասիկ՝ ի սկզբանե Ուժանիսին պատկանող մոտ 100 դեսյատին վարելահողը (Մովդա չայլաղի կողմերում) անարդարացիորեն փոխանցվեց  Քուրդիստանին:

Մի քանի դեսյատին հող էլ Զեյվայից փոխանցվեց ադրբեջանական  Ային գյուղին:

Ի վնաս Սյունիքի լուծվեց Թասի լեռնանցքի վերեւի Մազրա գյուղից դեպի ներկայիս խճուղի ընկած դաշտամասի ու անատառամասի ճակատագիրը:

Գորիս-Ղափան խճուղին ոչ բոլոր հատվածներում մնաց իբրեւ պետական սահման:

Եվ նման բազում օրինակներ…

Սակայն Ակսել Բակունցի հետեւողականությունն ու գիտական մոտեցումները, ինչպես եւ կարելի էր սպասել, հաճո չէին ադրբեջանական կողմին, ու, ի վերջո, նրանք կարողացան ներազդել Հայաստանի կառավարության վրա՝ Ակսել Բակունցին հետ կանչելու սահմանագծման հանձնաժողովից: Այդ առիթով գրված դիմումի մեջ Բակունցը պատճառաբանում էր, թե իբր կարիք ունի երկարատեւ բուժման:

Ի դեպ, այդ ժամանակ Ադրբեջանում գործում էր սահմաններ որոշող հանձնաժողով, որի կազմում էին Ադրբեջանի  ռազմածովային ժողկոմ Կարաեւը (ով նաեւ Սյունիք-Քուրդիստան սահմանագծման հարցով էր զբաղվում), անդամներ՝  Կարակոզովը, Սվիրիդովը, Իլդրըմը եւ Բունիաթզադեն: Հենց այդ հանձաժողովի ու հատկապես Կարաեւի միջնորդությամբ էլ Հայաստանում դադարեցվեց Ակսել Բակունցի լիազորությունը սահմանագծման հանձնաժողովում:

1924-26 թվականներին սահմանորոշման ուղղությամբ կատարված աշխատանքները մի շարք նոր հարցերի տեղիք են տալիս նաեւ այսօր:

Ակսել Բակունցի լիազորությունները դադարեցնելուց հետո ո՞վ էր ներկայացնում Զանգեզուրի գավառի շահերը, ի՞նչ խնդիրներ էին նրան առաջադրել եւ ի՞նչ գործողություններ հաջորդեցին Կապանից մինչեւ Մեղրի սահմանային հատվածում:

Արդյո՞ք 1924-26 թվականների դեմարկացիայից հետո Սյունիք-Ադրբեջան հատվածում նոր ճշգրտումներ չեն կատարվել:

Եվ ընդհանրապես՝ ո՞ր արխիվում են պահվում 1920-ական թվականներին գործած հանձնաժողովների որոշումներն ու մյուս փաստաթղթերը. անպայման պետք է դրանք գտնել եւ հանգամանորեն ծանոթանալ:

Ըստ  մեր ունեցած տեղեկությունների՝  խորհրդային տարիներին եւս  քանիցս կատարվել են փոքր հանդամասերի, արոտավայրերի փոխանակումներ հայկական ու ադրբեջանական հարեւան գյուղերի միջեւ. այդ փոփոխություները պիտի որ հաստատված լինեին Հայաստանի կառավարության որոշումներով. դրանք նույնպես պետք է ջրի երես հանել եւ ուսումնասիրել:

Այդ տարիներին էր, որ մեծ եւ փոքր Ալ լճերը՝ Հայաստանին պատկանող, հանձնվեցին Քելբաջարի շրջանին՝ նրանց անասնաֆերմաներին ամառային արոտավայրերով ապահովելու ինտերնացիոնալիստական մղումով: Ընդ որում՝ մեծ Ալ լիճը Վարդենիսի տարածաշրջանում էր, փոքր Ալը՝ Սիսիանի շրջանում՝ Ուղտասարից եւ Ծղուկի լեռնագագաթից մի փոքր հյուսիս: Չկարողանցանք ճշտել՝ հրաշք այդ տարածքներն ու լճերն ո՞ւմ որոշմամբ եւ ինչի՞ դիմաց են մերոնք հանձնել Քելբաջարին: Հիմա  չպարզե՞նք այդ փոխանակման-նվիրատվության  իրավական հիմքերը:

Մեկ այլ հարց եւս, որ մասնագետները հուշում են ու պարզաբանում պահանջում՝ Անդրֆեդերացիայի վերացումից հետո արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեմարկացիոն աշխատանքներ են տարվել, եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են կատարվել գործող սահմանագծում:

Եվ ուրեմն՝ առանց գործող քարտեզների հիմքերի եւ հիմնավորումների ուսումնասիրման ու ճշգրտման որեւէ քարտեզ (ում կողմից էլ պատրաստված լինի) չի կարող արժեք ունենալ այս օրերին. դա ազգային ու պետական լրջագույն հարցերից է հատկապես հայտնի կապիտուլյացիայից հետո:

Այնպես որ՝ Սյունիքի մարզպետարանն ու համայնքապետարաններն օրական 24 ժամ պարտավոր են աշխատել, որպեսզի ունենան բոլոր հարցերի պատասխանները:

Անպայման պետք է կազմել աշխատանքնային խմբեր՝ ընդգրկելով փորձառու մասնագետների, ամեն մի բնակավայրի  բանիմաց ներկայացուցիչների, քարտեզագետների:

«Սյունյաց երկիրն» էլ պատրաստ է ընդգրկվել աշխատանքային այդ խմբերում, եթե մեր կարիքը զգացվի:

Եվ ամենակարեւորը՝ ոչ մի դեպքում հույս չդնել Հայաստանի կենտրոնական իշխանությունների, մայրաքաղաքային հողաչափերի վրա. որքանով տեսնում ենք՝ այնտեղ հատուկենտ են պաշտոնյանները, ովքեր գիտակցում են Սյունիքի ռազմավարական բացառիկ նշանակությունը հայոց պետականության համար, ովքեր տեղյակ են  Սյունիքի սահմանանիստ վայրերի, ճանապարհների նրբություններին ու  առանձնահատկություններին:

Գոնե ուշացումով գործենք միասին, համախումբ եւ արագ …

Հ. Գ.

Վերեւում նշեցինք, որ 1920-ական թվականներին սահմանազատման աշխատանքները կատարվում էին Հայաստանի Զանգեզուր գավառի եւ Ադրբեջանի Քուրդիստան գավառի միջեւ:

Ի՞նչ ասել է Քուրդիստան:

Դա արհեստականորեն ստեղծված վարչական միավոր էր Ադրբեջանի կազմում՝ հիմնադրված Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923 թ. հուլիսի 16-ի որոշմամբ: Այդ գավառն ընդգրկում էր ներկայիս Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Լաչին կենտրոնով  գավառի բնակչությունը մոտ 51 հազար էր, այդ թվում՝ 37 հազար քրդեր, 14 հազար ադրբեջանցիներ:

Քուրդիստանի հիմնադրման ժամանակ Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հռչակեց, թե իբր քրդերի զբաղեցրած  տարածքում քրդական (ազգային) հարց  է  լուծում:

Սակայն այդ ժամանակ արդեն նույն տարածքի քրդերի թրքացում էր տեղի ունենում, եւ քրդական հարց, որպես այդպիսին, գոյություն չուներ:

Իրականում Քուրդիստան կոչված՝ իբր վարչական-ազգային միավորը, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հետ միաժամանակ ու միասին հրապարակ նետելով, Ադրբեջանը Հայաստանի  եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանակցությունը խափանելու ակնհայտ նպատակ էր հետապնդում: Դա փաստորեն անջատման գոտի էր Հայաստանի ու Արցախի միջեւ…

Ավելի ուշ, երբ արդեն ավարտվել էր այդ տարածքի քրդերի վերջնական թրքացումը, Ադրբեջանը վերացրեց Քուրդիստանի արհեստական վարչատարածքային միավորը՝  փոխարենը ստեղծելով շրջաններ՝ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի եւ Զանգելանի:

Սամվել Ալեքսանյան

 

 

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53