Սյունիքի հերթական մարզպետի մեր պատկերացրած տեսակը

14.06.2013 16:00
2270

Ո՞վ պետք է լինի Սյունիքի հերթական մարզպետը, ի՞նչ հատկանիշների ու արժանիքների կրող պիտի լինի նա, - այս օրերին Սյունիքում ամենաշատ քննարկվող հարցն է դա: Եվ, բնականաբար, հնչում են ամենատարբեր կարծիքներ, ապագա մարզպետից ակնկալվում տարաբնույթ որակներ:

Բազմաթիվ մարդիկ, ում հետ շփվում ենք Մեղրիում եւ Կապանում, Գորիսում եւ Սիսիանում, այնուամենայնիվ, յուրօրինակ պատկերացում ունեն խնդրի վերաբերյալ` նկատի ունենալով հատկապես հայաստանյան նոր իրողությունները եւ Սյունիքում ստեղծված նոր իրավիճակը: Ունկնդիր հասարակական կարծիքին` գտնում ենք` նախ պետք է կարեւորվեն ապագա մարզպետին ներկայացվող չափանիշները, որից հետո, ըստ էության, կոնկրետ թեկնածուի փնտրտուքը թերեւս ավելի դյուրին դառնա:

Մեր պատկերացումներն ու մոտեցումները ներկայացնելուց առաջ` մի նկատառում: Երեւանաբնակ մի քանի սյունեցի այս օրերին տարբեր ձեւերով հիշել են տալիս իրենց գոյության մասին, հայտարարություններ տարածում, թե իբր իրենք չեն կամենում (հրաժարվում են) զբաղեցնել Սյունիքի մարզպետի աթոռը: Ի գիտություն այդ մարդկանց` պետք չէ այդքան անհամեստ ու անպարկեշտ գտնվել, մարզպետ դառնալուց հրաժարվել կարելի է միայն այն դեպքում, երբ պաշտոնական առաջարկ են ստացած լինում: Թե չէ` ստիպում եք մեզ հիշել աղվեսի դնչի ու խաղողի մասին հայտնի առածը:

Այնուհետեւ, Սյունիքի մարզպետարանի ներկայիս պատասխանատուներից որեւէ մեկին մարզպետ նշանակելու հարցում վերապահումներ անելու հիմնավոր պատճառներ կան, ինչը պետք է նկատի ունենալ: Ավելին, նոր մարզպետի նշանակումից հետո պետք է քննարկել մարզպետարանի պատասխանատուների (մարզպետի տեղակալներ, աշխատակազմի, վարչությունների, բաժինների ղեկավարներ) հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, եթե մինչ այդ նրանք հրաժարականի դիմում ներկայացրած չլինեն սեփական հայեցողությամբ: Նախ` իրավիճակի համար նաեւ նրանք են պատասխանատու, երկրորդ` չենք հիշում գոնե մեկ դեպք, որ մարզպետարանի պատասխանատուները երբեւէ ու որեւէ սկզբունքային հարցում սեփական կարծիք հայտնած լինեն: Եվ նրանցից ոմանք, ոչ պատահաբար, տարիներ շարունակ մեզանում ընկալվել եւ ընկալվում են իբրեւ անդիմության դասական օրինակ:

Առհասարակ մարզպետարանի ներկայիս կառուցվածքն ու աշխատակազմն օպտիմալացման ստույգ մարտահրավերի առաջ են կանգնած: Կավե ոտքերով այդ հսկան, ինչպիսին մարզպետարանն է, ներկա կերպով շատ վաղուց այլեւս պետք չէ Սյունիքին: Իսկ տարիներով մարզպետարանի կաբինետներում թաքնված եւ իրենց գետնաքարշ կյանքն անցկացնող շատ չինովնիկներ անձեռնահասության եւ նեխության յուրօրինակ մոնումենտ են դարձել մեզանում:
Խնդրո առարկայի շուրջ Սյունիքում կեղծ հարցախույզների հարսանիք է սկսվել: Որոշ մարդիկ փորձում են այդկերպ հիշեցնել իրենց մասին: Հարցախույզները գուցե եւ շուլուխի տպավորություն չթողնեին, եթե նրանք` նաեւ Մեղրու ու Սիսիանի բնակչության անունից հանդես եկող, խոսելուց առաջ գոնե մեկ անգամ բարեհաճեին այցելել այդ շրջաններ ու հանդիպեին մարդկանց:
Զոմբիների աշխուժացումն էլ բնական պիտի համարել, մանավանդ որ դա անհրաժեշտ է մարզպետի աթոռի համար ծավալված իրական ու կատաղի պայքարը կոծկելու համար: Զոմբիներին կարելի է նույնիսկ լրատվամիջոցներով հանդես գալու լայն հնարավորություն տալ, ինչպես եւ արվում է, բայց լուրջ վերաբերվել` ոչ մի դեպքում:

Մարզպետի հրաժարականից հետո նոր մարզպետի փնտրտուքը ցույց է տալիս, որ մարզպետարանի գոյության 17-18 տարում փոքր-ինչ անգամ չեն մեղմվել Սյունիքի շրջանների միջեւ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական ու հոգեկերտվածքային տարբերությունները. չի ձեւավորվել (գուցե եւ պետք էլ չէ) սյունեցու ընդհանրական կերպար, չեն նահանջել տեղային մտածելակերպն ու տեղային հայրենասիրությունը (որն իրականում այնքան էլ վատ չէ): Եվ ստացվում է այնպես, որ շրջաններից յուրաքանչյուրն ապագա մարզպետին ուզում է տեսնել իր շահերի պատուհանից, իր պատկերացումների պրիզմայով:

Չգիտենք, թե ում թաքուն կամքով եւ ուղղորդմամբ մեզանում ստեղծվել է մի կեղծ տպավորություն, թե իբր մարզի վերջին տարիների բոլոր դժբախտությունների ու պրոբլեմների պատճառը Սուրեն Խաչատրյան մարզպետն է: Հիմա նա այլեւս մարզի ղեկին չէ: Հետեւաբար` կկարողանա՞ նոր մարզպետն առերեսվել մարզի հիմնախնդիրների հետ, կկարողանա՞ նոր մարզպետն առանց սեթեւեթանքի, առանց վախենալու եւ կռանալու, հարկ եղած դեպքում` հակադրվել, ընդդիմանալ երկրի նախագահին ու վարչապետին, եթե նրանք փորձեն մարզին առնչվող որեւէ հարցում սխալ, վնասակար որոշում ընդունել կամ քայլ ձեռնարկել: Օրինակ, նոր մարզպետը կկարողանա՞ ասել` պարոն նախագահ, եթե Մեղրու տարածքում եւս 14 հանքավայր շահագործվի, ապա այնտեղ ապրելն այլեւս անիմաստ կդառնա: Եվ նման բազում օրինակներ: Մեր ասելն այն է, որ Սյունիքի նոր մարզպետը չպետք է կաշկանդված լինի կուսակցական, իշխանական, թայֆայական կապանքներով, որ նոր մարզպետը պետք է սեփական աշխարհայացք ունենա, սեփական դիրքորոշում ունենա մարզին առնչվող սկզբունքային բոլոր հարցերում ու առաջնորդվի ոչ թե վերեւներին հաճոյանալու սկզբունքով, այլ մարզի ու պետության շահերով: Ու նաեւ չվախենա աթոռը կորցնելուց:

Մի հարց եւս` պետք է օրենսդրորեն հստակեցնել տարածքային կառավարման համակարգը. 1995 թվականից` մարզպետարանը ստեղծելուց մինչեւ հիմա չկարողացանք ընդունել տարածքային կառավարման մասին օրենք, ինչի օգնությամբ շատ հարցեր կարելի էր կարգավորել: Օրինակ, մարզպետի պաշտոնավարման ժամկետ սահմանվեր. ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մարզպետի պաշտոնավարումը երկարաձգվի անվերջ, չէ՞ որ 4-5 տարի միեւնույն պաշտոնում մնալով` մարզպետը, նաեւ նախարարը, քաղաքապետը, գյուղապետը լճանում են, նորի եւ առաջավորի հանդեպ դառնում անընկալունակ, սեփական բացթողումների ու թերությունների հանդեպ` կույր: Կամ` մարզպետարանի ու մարզպետի աշխատանքի գնահատման չափանիշները, որ առայսօր չունենք հստակեցված տեսքով, ինչի արդյունքում մայրաքաղաքային մի լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն կարող է «մի քանի արծաթով» հռչակել, թե ով է այս տարվա լավագույն մարզպետը (նաեւ այս տարվա մարդը, նախարարը….), որն է այս տարվա լավագույն մարզպետարանը: Կամ` ինչո՞ւ, ի վերջո, չորդեգրել մարզպետի պաշտոնի ուղղակի ընտրովիության սկզբունքը:

Իսկապես, կյանքը ցույց տվեց, որ մարզպետի կարգավիճակի օրենսդրական հստակեցումն օրվա հրամայականներից է: Հիմա մարզպետներն իրենց ձեռքն են վերցնում այնքան իշխանություն, այնքան լծակներ, որքան հաջողում են, որքան նվիրաբերվում է վերեւից: Օրինակ, այդպես էլ հասկանալի չէ` ի՞նչ կարող է անել Սյունիքի մարզպետը հանքարդյունաբերության ոլորտում, երբ հանքարդյունաբերությունը մարզի արդյունաբերության մոտ 90%-ն է: Օրենքով` ոչինչ: Իրականում մինչդեռ դա կախված է վերեւի բարեհաճությունից ու կամեցողությունից:

Նոր մարզպետի նշանակման շեմին Սյունիքի վերաբերյալ երկու` ինչ-որ տեղ իրարամերժ պատկերացում է այսօր պարտադրվում հանրությանը` ա) Սյունիքն «ուժեղ ձեռքի» կարիք ունի, բ) Սյունիքում իշխում է վախի ու սարսափի մթնոլորտ: Երկու պատկերացումն էլ չի արտացոլում սյունիքյան իրականությունը, եւ դա չպետք է ելակետ ընդունել նոր մարզպետ նշանակելիս: «Ուժեղ ձեռքի» մասին ասել ենք մեր նախորդ խմբագրականում` «…Դա մեծագույն մոլորություն է եւ վիրավորանք այստեղ ապրողներիս համար: Սյունիքում խորշում են «ուժեղ ձեռք» ասվածից»: Ինչ վերաբերում է Սյունիքում իշխող վախի ու անտարբերության մթնոլորտի մասին առասպելական պատումներին, ապա դա առաջիկայում կդարձնենք խոսակցության առանձին նյութ: Առայժմ միայն ասենք, որ վախը, մեծն անտարբերությունը ոչ թե գորիսյան ու սյունիքյան սինդրոմ են, այլ` համահայկական` սկիզբ առած Երեւանում, որտեղից էլ պետք է սկսվի դրանք արմատախիլ անելու համազգային գործընթացը:

Սյունիքի ապագա մարզպետի ձեռքերը պետք է մաքուր լինեն, նա չպետք է մասնակցած լինի երկրի ասպատակությանը, մեր պետական ու քաղաքական համակարգի դեգրադացմանը:

Սյունիքի մարզպետը պետք է լինի բարեկիրթ, բարձր կուլտուրայի տեր, մեր ազգային արժեհամակարգին քաջատեղյակ, վերկուսակցական ու վերկլանային պահվածքով (եթե անգամ կուսակցական է), դավադրություններին եւ խարդավանքներին անխառն անձնավորություն: Իր համեստ կենցաղով ու վարքուբարքով մարզպետը պետք է ընդօրինակման արժանի քաղաքացի լինի:
Սյունիքին հարկավոր է տարածքի հիմնախնդիրները լավագույնս իմացող ու տարածքի մարդկանց ճանաչող գործունյա մարզպետ:

Սյունիքին, ի վերջո, անհրաժեշտ է մտավորական (բառի իսկական եւ լրիվ իմաստով) մարզպետ, քանզի, ինչպես նշել ենք օրեր առաջ, «Սյունիքը Հայաստանի ամենամտավորական, ամենաաշխատասեր, ամենաօրինապահ, ամենապետականամետ, քրիստոնեական ու ազգային արժեքներով առավելագույնս առաջնորդվող տարածքներից է»:

… Վերը շարադրված պատկերացումների շրջանակի ուրվագծումը կարելի է շարունակել: Իհարկե, դրանք, վերին ճշմարտություն լինելու հավակնություն չունեն: Դրանք ընդամենն այն պատվանդանի էսքիզն են, որի վրա պետք է կանգնած լինի նոր մարզպետը: Դրանք պատկերացումներ են, որոնք պարզապես ցանկալի են, որոնք, հավատացեք, միայն օգուտ կբերեն ե՛ւ տարածքային կառավարմանը, ե՛ւ մարզպետի ինստիտուտի կայացմանն առհասարակ: Փորձենք այդ չափանիշների ու արժեքների պատուհանից փնտրել մեր նոր մարզպետին, եթե նույնիսկ ներքեւի կարծիքը վերեւում ընդունելու հավանականությունը զրոյական լինի: Փորձենք, բայց եւ հիշենք, որ բոլոր այդ արժեքները կրելու դեպքում անգամ նոր մարզպետը չի կարող լավ եւ ուժեղ մարզպետ լինել, մարզի իրավիճակին լիակատար տիրապետող կառավարիչ լինել, քանզի ամեն ինչից առաջ կան համակարգային խնդիրներ, որոնցից սկիզբ է առնում մերօրյա Հայաստանը, ուրեմն եւ Սյունիքը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
11 հունիսի 2013թ.

Լիբանանում ևս մեկ վտանգավոր գիծ է հատվել. Իսրայելը գնդակոծել է ՄԱԿ-ի խաղաղապահներին. Բորել

11.10.2024 19:47

Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար Հայաստանը 236 մլն եվրոյի չափով վարկ կստանա

11.10.2024 19:31

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են

11.10.2024 18:52

Իրանում ՌԴ դեսպանությունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

11.10.2024 00:15

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է

10.10.2024 22:15

Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

10.10.2024 22:09

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք նախարար

10.10.2024 19:22

ԱԺ հանձնաժողովը սահմանազատման կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին

10.10.2024 18:43

Իսրայելը կարող է հակահարված տալ Իրանին Յոմ Կիպուր տոնի ժամանակ

10.10.2024 16:44

Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո

10.10.2024 16:37

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է առաջնորդություն ստանձնեն և օգտագործեն COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը Newsweek-ի համար

10.10.2024 16:30

Արցախցիները մեքենաները կկարողանան գրանցել արտոնյալ ընթացակարգով

10.10.2024 15:22