Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը զուգահեռ նոր զարգացումներ են տեղի ունենում Թրամփի ուղու կամ TRIPP-ի կամ, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան են անվանում, «Զանգեզուրի միջանցք»-ի, իսկ ավելի ճիշտ՝ Սյունիքի շուրջ։
√ Նախ, ինչպես հուլիսի 10-ին տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»։
√ Հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վաշինգտոնում 2026 թ․ հունիսի 1-ին և 2026 թ․ հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP-ի) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը։
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան։
Խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:
TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, ու այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը:
Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»։
√ Հայտնի է դարձել նաև, որ Սյունիքով անցնելիք TRIPP+ առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի ԱՄՆ քաղաքացի Կոնստանտին Սոկոլովը։
TRIPP+ առևտրային հիմնադրամը կառավարելու է 201 մլն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական հատվածի համար։
√ Այդ բոլորով հանդերձ, տարածաշրջանում խոշոր խաղացողները կամ աշխարհաքաղաքական կենտրոնները ոչ միանշանակ են ընկալում TRIPP-ի նախագծի իրականացման ընթացքը։
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի կարծիքով՝ «TRIPP-ի նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա»։
Մ․ Գալուզինը թերահավատորեն է մոտեցել TRIPP-ի նախագծի կյանքի կոչմանը՝ հղում կատարելով իրանական ու չինական գործընկերներին։
Նա նշել է՝ չի կարծում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին ռազմական գործողություններից հետո իրանական կողմը կուրախանա Միացյալ Նահանգների ներկայությամբ՝ իր սահմանից անմիջապես հյուսիս։
«Որոշ փորձագետներ կարծում են՝ քիչ հավանական է, որ չինական կողմը նույնպես գոհ կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև և այնուհետև դեպի Եվրոպա տրանսպորտային-լոգիստիկ երթուղու մի կտորի՝ «Թրամփի ուղի» երթուղու վրա ամերիկյան վերահսկողությունից։ Այսպիսով, հեռանկարները երկիմաստ են, և մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությունից այս նախագիծը միայն կշահի: Ենթադրաբար այդ նախագիծը պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։ Հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։ Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, Եվրասիական տնտեսական միության մասով, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես հայտարարում է, չի ցանկանում դուրս գալ։
Վերջապես, «Թրամփի ուղի»-ն կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։
Այսպիսով, այս կամ այն կերպ, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը», - նշել է Միխայիլ Գալուզինը։
√ TRIPP-ի թեման շարունակում է մնալ միջազգային մամուլում քննարկվող հարցերից մեկը։
Հրապարակումներից մեկում կարդում ենք՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առջև իր անսպասելի դիմադրողականությունից ոգեշնչված՝ Իրանը ավելի մեծ վստահություն է ցուցաբերում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, որի հետ այն կիսում է 44 կիլոմետրանոց (27 մղոն) սահման։
Փոքրիկ գոտին կարևոր է Իրանի Սև ծով մուտք գործելու համար և Իսլամական Հանրապետությանը լծակներ է տալիս իր մյուս հյուսիսային հարևանի ու Իսրայելի մտերիմ դաշնակցի՝ Ադրբեջանի նկատմամբ։
Իրանի հետ հարաբերություններում ամենահրատապ հարցերից մեկն Իրանի համար «Թրամփի երթուղին» կամ TRIPP-ն է: Թեհրանը վախենում է, որ միջանցքի իրական նպատակն է ֆիզիկապես կտրել այն Հայաստանից և Վրաստանից ու ԱՄՆ անվտանգության կապալառուներին, որոնք նախատեսված են երթուղին պաշտպանելու համար, տրամադրել որոշակի մեկնարկային հարթակ՝ հետագա հակամարտության դեպքում:
Զարմանալի չէ, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրեց TRIPP-ի թեման: Հիշելով Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները՝ դեսպանն ասաց. «Իրանի շատ օրինական և տրամաբանական մտահոգությունն իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ պատասխան ստանա»։
√ Այդ ամենի հետ մեկտեղ՝ Ադրբեջանը չի թաքցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ իր նկրտումներն ու պատկերացումները։
Նախագահ Ալիևն է ասում՝ ««ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը»։