Իմ գրական ճանապարհին երբեմն-երբեմն անդրադարձել եմ համամարդկային արժեհամակարգ որդեգրած, անուրանալի վաստակ ունեցող, ինձ հոգեհարազատ որոշ անհատների կյանքին ու գործունեությանը և շարադրածս խոսքերի մեջ, կարելի է ասել, կարողացել եմ հստակորեն ներկայացնել նաև անկրկնելի ինքնատիպության կնիք կրող նրանց մարդկային որակները։
Թող ամպագոռգոռ չհնչի, եթե ասեմ, որ ինքս ինձ համար, առանց բարձրաձայնելու, գրված խոսքերը միշտ համարել եմ այդ անհատների կյանքին ու գործունեությանը նվիրված՝ յուրաքանչյուրի կեցության կերպն ու մարդկային տեսակն ամփոփ կերպով ներկայացնող, խորախորհուրդ ճշգրտությամբ վրձնահարված գոյաբանական դիմանկարներ։ Եվ նրանցից ինչ-որ մեկի գործունեության ու կերպարի մասին որևէ նոր բան ավելացնելու ցանկության կամ պահանջվածության զգացում երբեք չեմ ունեցել։
Տարիներ առաջ Սամվել Ալեքսանյանի լրագրողական տաղանդին և խմբագրական ունակություններին էլ անդրադարձել էի իմ՝ «Լրագրությունը նրա համար հավատամք է ու կենսակերպ» վերնագրված խոսքում։ Այդ հոդվածում կարողացել էի նրա օժտվածության բացառիկ որակները մեկտեղած, նրա գործունեությունն արժևորած գնահատանքի ամփոփ ու հստակ խոսք շարադրել և համոզված էի, որ ինչպես մնացած անհատականությունների՝ նրա մասին գրածս խոսքի մեջ էլ ամեն ինչ ասված է։
Սակայն Սամվել Ալեքսանյանի պարագայում՝ այսօր ստիպված եմ այդ օրինաչափությունը խախտել։ Պատճառն այն է, որ մարդկային հնարավորությունների սահմանները կասկածի տակ դնող, գոյաբանական առեղծվածային տեսակ մարմնավորղ այս մարդը 60-ի սահմանագիծը հատելուց մի քանի տարի հետո, երբ շատերն այդ տարիքում ձգտում են վաստակած հանգստի, երիտասարդական ավյունով նոր բնույթի լրատվական գործունեություն սկսեց ծավալել «Սյունյաց երկիր» թերթի հրատարակմանը զուգահեռ՝ հիմնելով «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականը, որի անխափան գործունեության հինգերորդ տարին է արդեն լրացել։ Շտապեմ ասել, որ անգամ երիտասարդ տարիքում այդպիսի լրատվամիջոց հիմնելու քաջություն ունենալու համար այդ նախաձեռնությունն իրականացնող խմբագիրը՝ նվազագույնը պիտի մշակութաբան լինի։ Իսկ մեր դեպքում՝ պիտի հիշեմ ու հիշեցնեմ, որ Սամվել Ալեքսանյանն ընդամենը պատմագիտական կրթություն է ստացել։
Հարկ եմ համարում հստակեցնել, որ մշակույթ ասվածն ընդհանուր առմամբ բավականին ընդգրկուն հասկացություն է. այն ժողովուրդների ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է, որը ներառում է գիտությունը, արվեստն ու արհեստը և, կարելի է անգամ միանշանակ ասել, մարդու կողմից արարված ամեն ինչ։
Սակայն առօրեական իրականության մեջ մշակույթ բառը լսելով՝ մեր ընկալումները հիմնականում սևեռվում են արվեստի ներքոնշյալ ճյուղավորումների՝ գրականության, ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարչության, երաժշտության, պարարվեստի, թատրոնի ու կինոյի վրա։
Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան, անտարակույս, իր քաղաքակրթական դրոշմն է դնում մշակութային արժեքների ստեղծման վրա՝ նրա համար կամա թե ակամա նաև գաղափարական հարթակ դառնալով։
Կարելի է ասել, որ մշակույթն ու պատմությունն իրարից անբաժան, նախապատմական ժամանակներից միասին ճանապարհ ընկած, ինչ-որ առումով՝ նաև միմյանցով պայմանավորված հասկացություններ են։
Բայց միմյանց հետ նման աղերսներ ունենալու հանգամանքը բավարար պայման լինելուց բավականին հեռու է, որպեսզի միայն պատմագիտական կրթություն ստացած անհատը մշակութային հանդեսի խմբագիր դառնա և կարողանա արվեստի տարատեսակ ճյուղեր ներկայացնող մշակութային հիմնավոր համարներ թողարկել ու իրենց գիտակցական կյանքն ամբողջովին արվեստի այդ ոլորտներին նվիրած մասնագետների հիացական գնահատականներին արժանանալ։
Երբ նման գործին ձեռք է մեկնում մշակութաբանական կրթություն չունեցող անհատը, ապա նա՝ լրատվութան անցած ճանապարհի որոշակի փորձառությունից զատ, պիտի ունենա պատանեկան ավյունով անընդհատ սովորելու միտված էություն, տարաբնույթ տեղեկատվությունները, որով հեղեղված է մեր իրականությունը, կասկածի տակ դնող, պրպտուն ու որոնողական խառնվածք ու նաև իրեն մինչ այդ անծանոթ թեմաների մեջ խորանալու և ճշմարտությունը վեր հանելու՝ հետազոտողի համառ ու համարձակ կեցվածք պիտի ունենա։ Եվ օժտված պիտի լինի որևէ խնդրի շուրջ տարակարծություններ ունեցող, սակայն տվյալ խնդրից բավականին իմացություն ամբարած բոլոր գիտակ մարդկանց կարծիքները համբերությամբ լսելու ունակությամբ ու դրանք իր ներաշխարհում զտելու կարողությամբ նաև պիտի օժտված լինի։ Ասել է թե՝ Երկնավորը նրա ներաշխարհում արժևորման նշաձող նաև պիտի դրած լինի։
Սամվել Ալեքսանյանին շատ լավ ճանաչելով՝ կարող եմ հայտարարել, որ հիշյալ որակներով Բարձրյալը շռայլորեն օժտել է նրան, որոնք, բավականաչափ առաջացած իր այս տարիքում էլ, ապշանք հարուցող աննահանջ համառությամբ դեռ ուղեկցում են նրան։
Եվ ահա՝ 2021 թվականին «Սյունյաց երկիր» թերթի լրատվական թողարկումներն իր բնականոն պարբերականությամբ շարունակելով, Սամվել Ալեքսանյանն իր լրատվական աշխատանքային գործունեությանը զուգահեռ, հիմնեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը՝ ստանձնելով ասելիքի բոլորովին այլ հարթակ ներկայացնող, պատասխանատվության ավելի բարձր նշաձող ենթադրող այդ պարբերականի խմբագրի պարտականությունները նաև։
Եթե հետադարձ հայացք ձգենք «Սյունյաց երկիր» թերթի անցած ճանապարհին, ապա պիտի տեսնենք, որ այդ հանդեսը «Սյունյաց երկիր» թերթի կուտակած բավականաչափ փորձի և անցած ուղու հանգրվանային տրամաբանության արդյունքում է ծնվել։
Սամվել Ալեքսանյանի խմբագրած «Սյունյաց երկիր» թերթն իր գործունեության տարիներին՝ հատուկ, ծավալուն համարներ լույս ընծայելու գեղեցիկ ավանդույթ էր ձևավորել, որոնք հիմնականում նվիրված էին Սյունյաց աշխարհի համապատկերում վաստակ ունեցող, տարբեր բնագավառներում իրենց նշանակալի ավանդը ներդրած մարդկանց անցած ճանապարհին։
Հատուկ համարներով «Սյունյաց երկիր» թերթը դեպքից դեպք անդրադառնում էր նաև մշակութային աշխարհի ներկայացուցիչների գործունեությանը։
Այդ տարիներին թերթը երկու հատուկ համար՝ Գուսան Աշոտի 100-րդ և 110-րդ ծննդյան հոբելյանական տարեդարձների առիթով, նրա երգարվեստին էր նվիրել։ Դրանցից երկրորդը բավականին ծավալուն էր (22,5 տպագրական մամուլ) և ներկայացնում էր մեր սիրելի գուսանի անցած կյանքի ուղու և գործունեության առավել ամբողջական ու համապարփակ պատկերը։ Համարը հագեցած էր, հայկական իրականության մեջ մեծ ճանաչում ունեցող, հայտնի անհատականությունների կողմից նրա արվեստի մասին հնչեցված տարաբնույթ գնահատանքի ու արժևորման խոսքերով։ Համարում ներկայացված էին նաև Գորիս քաղաքում Գուսան Աշոտի հետ առնչված մարդկանց կողմից գրի առնված հուզաթաթավ հուշապատումներ, որոնք մեկ անգամ ևս ի ցույց էին դնում այն փաստը, որ նա ոչ միայն իր արվեստի վաստակով է «Ժողովրդական գուսան» կոչման մեծարմանն արժանացել, այլ նաև քաղաքացիական կյանքում է ժողովրդական մարդու կեցվածքով ապրել ու ժողովրդի գորովանքով պարուրված՝ նրա սերը վայելել։
Հատուկ համարներով թերթն անդրադարձել է նաև Սյունյաց աշխարհի եկեղեցական ու հոգևոր իրականությանը։ Վահանավանքի 1100–ամյակի առիթով բավականին ծավալուն համար է (25 տպագրական մամուլ) նվիրել այդ վանքի կառուցմանը, նրա պահանջվածությանն ու տարածաշրջանային առաքելությանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև նրա հոգևոր առաջնորդների գործունեությունն ու նրանց ճակատագրերը
Թերթը հատուկ համար է նվիրել նաև Գրիգոր Տաթևացու կյանքին ու գործունեությանը՝ նրա վաստակն արժևորած մեծահամբավ անհատականությունների տարատեսակ ասելիքների և գնահատանքների անդրադարձներով ներկայացրել միջնադարում ապրած այդ մեծ մտածող հայի թողած գիտական ու հոգևոր հսկայական ժառանգությունը։
«Սյունյաց Մեծ Մովսեսը» խորագիրը կրող հատուկ, բավականաչափ ծավալուն (18,5 տպ. մամուլ) համարով «Սյունյաց երկիր» թերթն անդրադարձել է նաև ծննդյամբ սյունեցի, 101-րդ ամենայն հայոց կաթողիկոս, հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբ Մովսես Գ Տաթևացու (Խոտանանցի) կյանքին ու հոգևոր գործունեությանը՝ մոռացության մշուշից դուրս բերելով ու այսօրվա սերունդներին ներկայացնելով նրա վսեմափայլ նկարագիրը, որում ամբողջովին տեսանելի է դառնում նաև ժամանակակիցների կողմից նրա անվանը կցված «Մեծ» որակումը։
Մշակութային ուղղվածություն ունեցող համարների շարքում, անկասկած, պիտի նաև ընդգրկել Սյունյաց աշխարհից սերված, հայագիտության մեջ իրենց անունները ոսկե տառերով գրած վիթխարի անհատականություններ՝ Նիկողայոս Ադոնցին ու Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարները։
Հիշողությանս մեջ «Սյունյաց երկրի» կողմից կերպարվեստին նվիրված միայն մեկ դեպք է մտապահվել, երբ թերթը հատուկ համարի թողարկումով անդրադարձել էր կապանցի գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի ստեղծագործական աշխարհին։
«Սյունյաց երկիր» թերթի այդ տարիների մշակութային ուղղվածությամբ հրատարակած հատուկ համարների մեծ մասը նվիրված է եղել գրական աշխարհի մարդկանց կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը։ Գրական հատուկ համարներ են նվիրված եղել արձակագիրներ Խաչատուր Աբովյանին, Ակսել Բակունցին, Սերո Խանզադյանին, Սուրեն Այվազյանին, Արկադի Ծատուրյանին, բանաստեղծներ Համո Սահյանին, Տիգրան Գրիգորյանին, Գագիկ Դավթյանին։
Ռոբերտ Էջանանցու գործունեությանն ու վաստակին նվիրված հատուկ համարն էլ ես կընդգրկեի գրական համարների շարքում, քանի որ ամենայն հայոց հոգևորն ու մշակութայինն իր ներաշխարհում կրելուց և մաքրամաքուր էությամբ Մեծ մտավորական լինելուց զատ, այդ անպարագիծ անհատականությունն իր ամբողջ կյանքը գրին ու գրչին նվիրաբերած մշակ է եղել։
Գրական աշխարհի մարդկանց նվիրված այդ համարներից ուզում եմ առանձնացնել Համո Սահյանի 100-ամյակին լույս ընծայված հոբելյանական հատուկ համարը, որի թողարկման մեջ նաև իմ համեստ մասնակցությունն եմ ունեցել։
Խոսքիս մեջ դեռ կանդրադառնամ, թե ինչու՞ հատկապես կանգ առա հենց Սահյանին նվիրված համարի վրա։
«Համո Սահյանն իր 100-ամյակին էլ մեզ հետ է» խորագիրը կրող հոբելյանական հատուկ համարն ամենածավալունն էր (26 տպագրական մամուլ), և առ այսօր այդ ծավալը գերազանցող համար չի թողարկել ոչ «Սյունյաց երկիր» թերթը, ոչ էլ «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականը։ Այդ համարը հանրագիտարանային համապարփակությամբ անդրադարձել էր Սահյան երևույթի կյանքը, կերպարն ու նրա վաստակն ամբողջացնող բոլոր դրսևորումներին՝ այդ ամենը համեմելով նրա ստեղծագործական ժառանգության մասին հնչեցված գրական աշխարհի բազմաթիվ հանրահայտ դեմքերի գնահատանքի տարաբնույթ և ուշագրավ ասելիքներով։ Եթե թերթը գրքի տեսքով հրատարակվեր՝ այն բաղկացած կլիներ 416 էջից և այդ գրքին, առանց վարանելու, կարելի էր սահյանագիտությանը նվիրված դասագրքի կարգավիճակ շնորհել։
Թերթն ընթերցելուց այն տպավորությամբ էիր պարուրվում, որ Համո Սահյանի մասին գրված ու ասված ամեն ինչ, իր պրպտուն խառնվածքի բնույթին հավատարիմ, խմբագիր Սամվել Ալեքսանյանը «պեղել», գտել, հավաքել ու մեկտեղել է իր հրատարակած հոբելյանական այդ բավականին ծավալուն համարում։ Ու անհնար էր դառնում պատկերացնելը, որ Սահյանի մասին գրված որևէ արժեքավոր խոսք Սամվել Ալեքսանյանի ներաշխարհի տեսադաշտից դուրս մնացած լինի։
Ժամանակային կտրվածքով բավականին առաջ անցնելով ասեմ, որ 2024 թ. մեր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ նա ինձ հայտնեց, որ «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականի հերթական համարը ցանկանում է նվիրել Համո Սահյանի ծննդյան 110-րդ հոբելյանական տարեդարձին, բայց նաև իր առջև մի այսպիսի խնդիր է դրել, որ նրա 100-ամյակին՝ «Սյունյաց երկիր» թերթում հրատարակած ոչ մի նյութ չի ընդգրկելու հոբելյանական նոր համարում, այլ բոլորովին թարմ նյութերով է հրատարակման ներկայացնելու մշակութային այդ համարը։
Ես փորձեցի նրան հետ պահել այդ գաղափարից՝ բարձրաձայնելով մի քանի նկատառումներ։ Նախ՝ այն, որ նախկին համարում ընդգրկված նյութերի անվանի հեղինակներից շատերը վաղուց կնքել են իրենց մահկանացուները, և նրանց սրտաբուխ ու գրական կշիռ ունեցող ասելիքներն արդեն պահ են տրված ժամանակներին և երբեք չեն կորցնելու իրենց գնահատանքների արդիականությունը, հետո մատնանշեցի այն խնդիրը, որ հոբելյանական համարներն ինքնին որոշակի ծավալունություն են ենթադրում ու բավականին դժվար կլինի այդ քանակությամբ արժեքավոր նոր նյութեր գտնելը։ Իմ տեսակետը փորձեցի հիմնավորել նաև այն հանգամանքով, որ Սահյանի 100-ամյակին նվիրված համարի որոշ նյութերից՝ ասենք՝ Իսահակյանի, Մահարու, Խանզադյանի կամ այլ անհատականությունների խոսքերից, գուցե հոբելյանական նոր համարի ընթերցողներից շատերը բոլորովին անտեղյակ լինեն, և այդ նոր համարը դառնա վերոնշյալ հեղինակությունների գնահատանքների հետ հաղորդակցվելու նրանց առաջին հնարավորությունը։
Նա իր որոշման մեջ անդրդվելի մնաց՝ դա հիմնավորելով հետևյալ պատճառաբանությամբ, որ չի ցանկանում իր խմբագրած պարբերականների մեջ կրկնվել և ինձնից խնդրեց ուղարկել Սահյանի մասին գրածս՝ «Հայ մեծ բանաստեղծի զարմանահրաշ տեսակը» վերնագրված գնահատանքի խոսքը։ Ես ուղարկեցի իմ խոսքն ու նաև երջանկահիշատակ Ֆելիքս Բախչինյանի հեղինակած, Սահյանի ստեղծագործական աշխարհին նվիրված «Տագնապների անընդգրկելիությունը» հոդվածը։
Որքան հիշում եմ՝ այդքանով ավարտվեց այդ հոբելյանական համարի լույս ընծայմանն ունեցած իմ մասնակցությունը։
Երբ համարը լույս տեսավ, առաջին բանը, որի վրա կենտրոնացավ ուշադրությունս, դա այն էր, որ խմբագիր Սամվել Ալեքսանյանը հավատարիմ էր մնացել մեր հեռախոսազրուցի ժամանակ հնչեցրած իր որոշմանը և Սահյանի 100-ամյակին նվիրված՝ հատուկ համարում ընդգրկված՝ ոչ մի գնահատանքի խոսք կամ հոդված չէր ներառել Սահյանի 110-ամյակին լույս ընծայված «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի համարում։
Ըստ իս՝ այս (16 տպագրական մամուլ կազմող) համարում՝ Սահյանի ստեղծագործական աշխարհի մասին հնչեցված կարծիքների, գնահատությունների, բանաստեղծական շարքերի և հարցազրույցների ֆոնին՝ բովանդակային առումով, առավել ընդգծված ընդգրկմամբ ու քաղցրությամբ էին ներկայացված Սահյան բանաստեղծի մարդ տեսակն ու այդ մարդուն երկնած, նրա գրչի զորությամբ սրբագործված Սյունյաց անզուգական բնաշխարհը։
Կարելի է ասել, որ այս համարը՝ Սահյան մարդու և նրա պոեզիայի համ ու հոտով ներծծված, ընթերցողի ներաշխարհը սահյանական իմաստնության գրավչությամբ պարուրող գրական շտեմարանի էր նմանվել։
Իհարկե, ամեն դեպքում՝ Սամվել Ալեքսանյանի խմբագրական որակները որոշակիորեն ընկալելի դարձնելու հանգամանքն էր հիմնական պատճառը, որ «Սյունյաց երկիր» թերթի գրական ուղղվածություն ունեցող հատուկ համարների հիշատակումից հետո՝ սևեռվեցի 2014 թ. լույս տեսած՝ Սահյանին նվիրված բավականաչափ ընդգրկուն հոբելյանական համարի վրա։ Սակայն հատկապես այդ համարն էր նաև հնարավորություն ընձեռում ասելիքս ծավալելով՝ անդրադառնալ «Սյունյաց երկիր.մշակութային» պարբերականի 2024 թ. Հրատարակած՝ Սահյանի ծննդյան 110-րդ տարեդարձին նվիրված համարին և տեսանելի դարձնել նաև խմբագրական գործունեության տքնանքից չխուսափող Սամվել Ալեքսանյանի ինքնավստահ կեցվածքն ու ամեն դժվարություն հաղթահարելու պատրաստ խմբագրի նրա խիզախ տեսակը։
Անժխտելի եմ համարում այն փաստը, որ «Սյունյաց երկիր» թերթի մշակութային բովանդակությամբ հատուկ համարների թողարկումների փորձառության հենքի վրա է հասունացել ու ծնվել «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերական հիմնելու գաղափարը, որի հրատարակման գործը 2021թ. խմբագիր Սամվել Ալեքսանյանն իրականություն դարձրեց՝ շարունակելով լինել նաև «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը: «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը եռամսյա պարբերականությամբ բավականին ծավալուն համարներով սկսեց ներկայացնել տարաբնույթ մշակութային թեմաներ։
Այդ մշակութային պարբերականի առաջին համարը (9 տպագրական մամուլ) Սամվել Ալեքսանյանը նվիրել էր Սյունյաց աշխարհի սրբավայրերին։ Ինձ թվում է՝ առաջին համարում ընդգրկված այդ թեման իր խորքում պարբերականի ծնունդն արժևորող խորհրդանշական իմաստ էր նաև ներառում։ Քանի որ, ըստ իս, մշակույթ և սրբավայր բառերը քաղաքակրթական տարածության մեջ ի վերջո համարժեք հոմանիշների են վերածվում։
Երկրորդ համարը (12 տպագրական մամուլ)՝ «Սյունիքի մերօրյա գրական աշխարհը» խորագրով, ծննդյամբ սյունեցի ստեղծագործողներին էր նվիրված։
Հաջորդ համարը (13 տպագրական մամուլ)՝ «Գարեգին Նժդեհ. մեծ հայորդու գրական-գեղարվեստական ժառանգությունը և նրա անզուգական կերպարի մեկնությունները մեր մշակութային աշխարհի տիրույթներում» խորագիրն էր կրում։
«Մեր գահերեց զորավարը՝ առասպելացած, մեր անպարտելի ոգու այսօրեական ու մշտնջենական խորհրդանիշը» խորագրով համար է «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականը նվիրել նաև Դավիթ Բեկին։
Պարբերականն առանձին ծավալուն համարով (17 տպագրական մամուլ) անդրադարձել է նաև քարանձավային ներկայացումներից մինչև մեր օրերը ձգվող հայոց բեմարվեստի սյունիքյան դրսևորումներին։
Բավականին խոսուն՝ «Պարը՝ շնորհ գոյաբանական, հայոց ոգու և ինքնության ադամանդյա ցոլանք, մեր լինելիության ու գեղեցկության պանծացում» խորագրով ծավալուն համար է պարբերականը նվիրել (15 տպագրական մամուլ) պարարվեստին։
«Քանդակագործներ Սյունիքից» խորագրով երկու ծավալուն համարով (10 տպագրական և 9 տպագրական մամուլով) ներկայացրել է ծագումով սյունեցի քանդակագործներին։
Ներքոնշյալ խորագրերով երկու համար է պարբերականը նվիրել հայոց երաժշտարվեստի հանճարներին՝ «Աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը՝ Սյունիքի Գողթն գավառից» (13 տպագրական մամուլ) և «Կոմիտաս մարգարեն՝ սերված Սյունիքի Գողթն գավառից» (19 տպագրական մամուլ)։
«Սյունիքը՝ մանրանկարչության բնօրրան» (12 տպագրական մամուլ) խորագրով և Սամվել Ալեքսանյանի «Սյունիքում են մանրագործվել հայ մարանկարչության՝ աղոթք դարձած բազում գոհարներ» ծավալուն և բավականին հիմնավոր տեղեկատվական խմբագրականով համար է նվիրել պարբերականը հայկական մանրանկարչությանը:
Պարբերականը «Գեղանկարիչներ Սյունիքից» խորագրով և բավականին ծավալուն համարով (19 տպագրական մամուլ) ներկայացրել է նաև Սյունյաց աշխարհի գեղանկարիչներին։
Ես թվարկեցի «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի թողարկած համարների ոչ ամբողջական ցանկը։ Իր գործունեության 6-րդ տարվա շեմին պարբերականն արդեն լույս է ընծայել 20 մշակութային համար, որոնց միայն խորագրերն ու ներկայացված ծավալները բավական են պատկերացնելու համար հիշատակված թեմաների ոգեղեն տարածքների ընդգրկման սահմաններն ու մասշտաբները:
Թեև ես հարյուր տոկոսանոց տեղեկացվածություն չունեմ, սակայն համոզված եմ, որ վերջին երեսուն տարում որևէ գիտակրթական հաստատություն կամ արվեստի ինչ-որ բնագավառ ներկայացնող միություն և անգամ մշակույթի ոլորտը համակարգող նախարարությունը, որևէ մշակութային իրողության մասին, տարատեսակ ասելիքներով հեղինակների արժեքավոր կարծիքներ մեկտեղած, գոնե մեկ գիրք կամ հանդես հրատարակած լինի, որը, բավականին փոքրիկ խմբագրակազմ ունեցող, «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի լույս ընծայած համարներում ընդգրկված մշակութային թեմաների բովանդակային ասելիքի մասշտաբայնության ու շարադրված խոսքերի անվիճարկելիության հետ կարողանա համեմատվել։
Եվ դա ես ոչ թե այն հանգամանքով եմ պայմանավորում, որ հիշատակված կառույցները չեն ունեցել կամ չունեն դա անելու պոտենցիալը, այլ այն պարզ իրողությամբ, որ հայկական իրականության մեջ այդ կարգի ձեռնարկումներում, որոշ հեղինակությունների հանդեպ տածած կանխակալ տրամադրվածության պատճառով, այդ աշխատանքը նախաձեռնողներին չի ուղեկցում տվյալ թեման անկաշառ ամբողջությամբ ընդգրկելու ու ներկայացնելու անաչառ կամեցողությունը։
Ասել է թե՝ հիշատակածս կառույցների հետ նույն հարթության տիրույթում՝ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի «շահեկան» վիճակում հայտնվելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանով, որ պարբերականի ձեռք բերած նյութերի մեջ, եթե հերթական մշակութային թեմայի մասին որևէ մեկի կողմից ինքնատիպ մոտեցումով ճշմարտություն պարունակող արժեքավոր ասելիք է հնչեցվել, ապա անկախ նրանից, թե ո՞վ է այդ խոսքի հեղինակը, հերթական համարում Սամվել Ալեքսանյանի խմբագրած հանդեսը, առանց խանդի կամ սնապարծության նշույլ իսկ դրսևորելու, այն ընդգրկում է։
Արժանին պիտի մատուցել «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականի թողարկումների տարեգրության մեջ իրենց անուրանալի ավանդը ներդրած խմբագրակազմի աշխատակիցներին, ովքեր տարիներ ի վեր կարողացել են խմբագիր Սամվել Ալեքսանյանի մոլեռանդ գործունեության ռիթմին համընթաց նվիրումով աշխատել։
Յուրաքանչյուր հերթական համարի խմբագրական նյութերի հավաքագրման «հոսքագիծը» ամենավերին՝ պրկված աշխատանքային ռեժիմի մեջ դնելու Սամվել Ալեքսանյանի անձնուրաց նվիրվածությունն ու ակնածալի պատասխանատվության զգացմամբ թեմային վերաբերող նյութեր հայթայթելու որոնողական համառությունը բնութագրող ածական դժվարանում եմ գտնել։ Իսկ եթե միտքս նրա խմբագրական գործունեության հարթության մեջ ձևակերպեմ՝ պիտի ասեմ՝ ես չեմ պատկերացնում, որ հայկական իրականության մեջ մշակութային աշխարհի ինչ-որ ոլորտում շատ թե քիչ վաստակ ունեցող անհատ Սամվել Ալեքսանյանի տեսադաշտից դուրս մնացած լինի, ու նրա հետ ինքը հեռախոսազրույց ունեցած չլինի։ Հենց նշածս որակների շնորհիվ է նա, առանց բարդույթների, մեկտեղում տվյալ մշակութային բնագավառը ներկայացնող անհատների կուտակած իմացությունը և հին ու նոր ասելիքներով կարողանում ամբողջացնել տվյալ մշակութային թեմայի ընդհանուր պատկերն ու նրա անցած ճանապարհի ողջ պատմությունը։
Սամվել Ալեքսանյանի տարիքում մարդիկ իրենց իմացածն են սկսում մոռանալ, իսկ նա, յուրաքանչյուր մշակութային նոր պարբերական թողարկելու խմբագրական գործունեությունն իրականացնելիս, կարողանում է նաև միաժամանակ այդ աշխատանքն իր համար ուսումնառության հերթական գործընթացի վերածել։
Եվ ես համոզված եմ, որ նրան չճանաչող ընթերցողներից շատերը ցանկացած մշակութային համարի նրա գրած առաջնորդող խմբագրականը կարդալիս այն տպավորությունը պիտի ունենան, որ Սամվել Ալեքսանյանը մշակույթի կամ արվեստի այդ ոլորտի մասնագիտական կրթություն ունի...
Չեմ կարող չանդրադառնալ Սամվել Ալեքսանյանի կերպարն ամբողջացնող ևս մեկ իրողության։ Դժվար է պատկերացնել, որ Սյունյաց աշխարհում դեռ կարող է գոյություն ունենալ պատմական անցյալ ունեցած աշխարհագրական մի տեղանք, ավերակների վերածված մի նախկին բնակավայր, հերթագայող սերունդների կողմից վաղուց մոռացված մի սրբավայր կամ ուխտատեղի, որոնցում Սամվել Ալեքսանյանը թողած չլինի իր ոտնահետքերը։ Իսկ լրագրողական իր աշխատանքային գործունեության շրջանակներում երևի թե, առանց բացառության, նա շրջագայած լինի Սյունիքի բոլոր բնակավայրերով։ Հաշվի առնելով մերօրյա փոխադրամիջոցների առկայությունը՝ ես կասկածում եմ, որ նախկինում ապրած Սյունիքի մեծանուն զավակներից որևէ մեկը՝ Սյունյաց աշխարհի ճանաչողությամբ կարողանա կանգնել հայրենագիտական այն հարթակին, որի վրա գտնվում է Սամվել Ալեքսանյանը։
Իր երկարամյա լրագրողական գործունեության տարիներին՝ Սամվել Ալեքսանյանն անաչառ լրատվությամբ անդրադարձել է Սյունյաց աշխարհի հանրային իրականության թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ բարոյական բազմաթիվ իրադարձությունների ու իրողությունների. անկաշառորեն լուսաբանել դրանք, համարձակորեն բարձրաձայնել ճշմարտությունը եվ միշտ մնացել համամարդկային արժեհամակարգով առաջնորդվող լրագրողի անկողմնակալ հարթության վրա։ Մասնագիտական այդ որակների հետ մեկտեղ Սամվել Ալեքսանյանի քաղաքագիտական ընկալումներում պետականության ու հայրենատիրության հանդեպ ունեցած սրբազան ակնածանքը նրա մարդկային գոյությանը մշտապես ուղեկցող գերագույն արժեք է եղել։
Եթե ինձ հանձնարարվեր՝ Սամվել Ալեքսանյանին իր խմբագրական ու լրագրողական վաստակին համարժեք պարգևի արժանացնել՝ ես նրան Սյունյաց աշխարհի հոգևորի ու կեցության մեր ժամանակի բացառիկ մատենագրի տիտղոս կշնորհեի։
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ