Սյունյաց աշխարհի մարգարիտը` Սեւ լիճը կամ Իշխանա լիճը, որ նաեւ Սրբոց սարի ծովակ է կոչվում

10.07.2020 10:39
11923

Սյունյաց աշխարհի մարգարիտը` Սեւ լիճը կամ Իշխանա լիճը, որ նաեւ Սրբոց սարի ծովակ է կոչվում

Հուլիսի 5-ի օրվա վերջին, երբ «Սյունյաց երկիրը» վերադառնում էր Մեծ Իշխանասարից, մոտեցանք Սեւ լճին (արեւմտյան կողմից) եւ վայելեցինք հեքիաթային այդ գեղեցկությունը։

Լիճը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան արեւելյան լանջին` 2666 մ բարձրության վրա։

Մակերեսը մոտ 2 քառ. կմ է, երկարությունը` 1.6 կմ, լայնությունը` 1.2 կմ, առավելագույն խորությունը` մոտ 7.5 մ, ջրի ծավալը` ավելի քան 9 մլն խմ։

Սնումը հալոցքային եւ մթնոլորտային տեղումներից է։

Սեւ լճի մասին շատերն են գրել, բայց անգերազանցելի ենք համարում Գրիշա Մանուչարյանի եւ Տիգրան Գրիգորյանի հեղինակած լեգենդը «Սեւ լիճ» վերնագրով, որը, իրապես, գեղարվեստական կատարելության հասցված գործ է, որն էլ ներկայացնում ենք ստորեւ։

 

Իշխանասար լեռան լանջին

Կա մի լճակ գեղեցկատես,

Հատակը՝ սեղմ, ինքն՝ անչափ ջինջ,

Հսկայակա՜ն ձագարի պես:

 

Նրա շուրջը ծաղկունքի ծով

Ու զով բուրմունք է ո՜ղջ ամառ...

Զեփյուռաշունչ ալիքներով

Նա հովիտն է պահում դալար:

 

Ինքը՝ լազուր, շուրջը՝ ատլաս,

Ինչպես շրջած կապույտ վրան,

Կարծես երկնից պոկված մի մաս

Ընկել է այդ լեռան վրա:

 

Դարեր ի վեր այդ լիճը մով

Զովացրել է սարվորին,

Գառ ու մաքի ջրել սիրով

Ամառային շոգ կեսօրին:

 

Բայց լիճը չէ, որ ինձ գերել,

Խռովել է հոգիս խաղաղ,

Մի կսկիծ է ինձ պարուրել՝

Մի պատմություն արցունքաշաղ:

 

Ձեզ կպատմեմ ես այն մասին,

Թե ինչու՞ է կոչվել նա Սեւ,

Երբ դարերով շողը լույսի

Մինչեւ լճի խորքն է հասել...

 

* * *

Երկու ջահել իրար տեսան,

Իրար անկեղծ սիրեցին...

Աղջիկն ասես՝ սարի շուշան,

Տղան՝ բարդի սլացիկ:

 

Հանդիպում էր ամեն գիշեր

Սիրած զույգը լճափին,

Բերում իրար գգվա՜նք ու սեր,

Ինչպես գարունն ու արփին:

 

Բայց հրճվանքն էլ ունի սահման,

Նրա հետ է վիշտն արթուն,

Այնպես, ինչպես լույս ցերեկվան

Միշտ գիշերն է հաջորդում:

 

Երբ աղջկա հայրն իմացավ

Սիրո մասին այդ զույգի,

Մի իսկական դահիճ դարձավ՝

Անզգա ու անհոգի...

 

Ու «անպատկառ» իր աղջկան

Այնքան ծեծեց զայրույթից,

Որ մեծացավ այդ լիճն անգամ

Նրա թափած արցունքից:

 

Հետո նետեց մի մութ վրան,

Ինչպես ժայռի մի խոռոչ,

Որ սպանի սերը նրա՝

Դեռ չծաղկած, դեռ բողբոջ:

 

– Հարու՛ստ մարդու պիտի գնաս, –

Թնդաց հոր ձայնը դաժան, –

Ի՞նչ ես կպել խեղճ ու տհաս

Էդ հովիվին անարժան...

                     

* * *

Բայց աղջկա սերը մաքուր

Զորանում էր ինքնակամ,

Ինչպես պարարտ հողի գրկում

Սերմն է աճում ժամ առ ժամ:

 

Մինչդեռ տղան, գիշեր ու զօր,

Ընկճված ու թեւաթափ՝

Տվայտում էր մտամոլոր,

Մտքով հասնում ափից ափ:

 

Տեսնում նրան՝ անօգ տեսքով.

Դեմքը՝ մռայլ, աչքը՝ թաց,

Գութ չունեցող իր հոր կամքով

Եղնիկի պես վանդակված:

 

Լճի ափին նստում էր նա

Ու տարվում իր սրինգով

Եվ մոռանում վիշտը մի պահ

Իր սրտառուչ նվագով:

 

Բայց աղջիկը չէ՛ր երեւում,

Ասես երբե՜ք չէր եղել...

Խեղճն այն ափին՝ սերը սրտում,

Ծով արցունք էր հեղեղել:

 

Երբ տղայի ցավն անհատնում

Խորանում է օրեցօր,

Մի գիշեր էլ տղան տրտում

Լիճն է մտնում խենթօրոր:

 

Ու լողալով ուզում է նա

Հասնել ափը դիմացի,

Ուր աղջիկն էր այրվում մենակ՝

Առանց ծխի ու բոցի:

 

Բայց կենտրոնում այդ լճակի

Խորասուզվեց խեղճ տղան,

Առանց թաղման ու թափորի

Լիճը դարձավ գերեզման...

 

* * *

Հենց ի կսկիծ այս պատմության՝

Անվանեցին նրան «Սեւ լիճ»,

Անունն՝ ինչպես գույնը մահվան,

Ինքը՝ հովվի սիրո պես ջինջ:

 

Իսկ որ լճի ջուրն աղահամ

Չի՛ քաղցրանում դար ու դարեր,

Այդ արցունքն է այն աղջկա

Լճում աղի շերտեր թողել:

 

Եվ սրինգն են գտել մի տեղ

Հեռու՜- հեռու մի գյուղակում,

Ասում են թե՝ երկար ու նեղ

Անցք է բացված լճի խորքում:

 

Երբ կեսօրին ամառային

Մաքիներն են ջրի վազում,

Ասես՝ փնտրում են տղային,

Որին աղջիկն է դեռ սպասում…

 

***

Սեւ լճին ուշագրավ անդրադարձ է կատարել մեր հայենակից Գագիկ Հայրումյանը («Սյունյաց երկիր», 30 ապրիլի 2020 թ., N9 (525), Ուխտագնացություն Սյունիք, էջ 42)։

Մի հատված Գագիկ Հայրումյանի հոդվածից.

 

ՍԵՎ ԿԱՄ ԻՇԽԱՆԱ ԼՃԻ ԼԵԳԵՆԴԸ

 

«Սեւ լճի մեջ ոչ մի գետ, առու, աղբյուր չի թափվում: Անհոսք քաղցրահամ լիճ է, սնվում է հատակից ելնող հոսքերից, մաքուր է, սառնորակ, աճեցվում է իշխան տեսակի ձուկ: Կա այն կարծիքը, որ ձագարաձեւ է, ունի նաեւ ներքին արտահոսք, լողանալու համար վտանգավոր է, կենտրոնում ձգելու հատկություն ունի: Ձմռանը սառցակալում է: Ամռանը նրա ափամերձ խոտառատ արոտներն օգտագործվում են անասնապահական տնտեսությունների կողմից: Լիճը Վարարակնի հովտի բոլոր ակունքների սնուցման աղբյուրն է:

 

Ասես երկնի լազուրից պոկվել է

            մի պատառիկ,

Սուզվել է ու տեղ գտել մեր լեռներում

            անառիկ...

Գուսան Աշոտ, «Իշխանա լիճ»

 

Դու ծովակն ես սրբոց սարի,

Քեզնով ցողվեց լույս հայուհին,

Մայր ասեմ քեզ աղբյուրների

Քեզնից կաթիլ թող չպակսի:

Գուսան Աշոտ, «Ծովակ Իշխանա»

 

«Նոր եւ հին Կորեսի մեջ (միջեւ) եւ սրան ավելի մոտ 4225 բարձր տեղում կա փոքրիկ ուխտատեղի մատուռ՝ մի աղջկա գերեզման: Ինչպես պատմում են, թե անհավատների բռնաբարությունից խուսափելու պատճառով բարձունքից գահավեժ իրեն նետել է Սեւ լիճը, որը լեռան գագաթին է, եւ ինչ–որ ոխ առնելու համար, կարծում է (պատմող) ռազմիկը, թե մնալով (մտնելով) այնտեղ (ջուրը) կբռնի նույն (տեղն) ընկնողներին եւ չի թողնի ազատվել, ելնել վեր, դուրս»: (Ղեւոնդ Ալիշան «Սիսական», Վենետիկ 1893, էջ՝ 262):

Հին ավանդապատումն ասում է, որ Ձագեձորում երկայնաբազուկ երեք եղբայրներ են ապրել, ովքեր տեր ու տիրականն են եղել այս ձորերի: Նրանցից ավագը ժառանգ չի ունեցել: Սրբի դռներ է գնացել, զոհեր է մատուցել աստծուն, բազմաթիվ բարեգործություններ է կատարել, որ իրեն ժառանգ տրվի: Եվ երբ արդեն բավական տարիքով է եղել, եկել է վաղուց սպասվող այդ ուրախությունը, եւ իշխանի կինը դուստր է ունեցել: Շուտով նրանց դռանը հայտնվել է մի դերվիշ եւ իշխանից մի արծաթ է պահանջել, որ ասի դստեր ճակատագիրը: Զինվորները նրան քշել են երկրի սահմաններից դուրս: Հեռանալիս դերվիշն ասել է, որ իշխանադուստրը դժբախտ գեղեցկուհի է, դաժան ու անսովոր ճակատագիր է նրան տրված: Այս միտքն օր–օրի տանջել է հորը: Նա մտորումների մեջ է ընկել, հազար ու մի վարկած է մտածել եւ որոշել է՝ դստերը մեծացնել իբրեւ տղայի: Նրա մարդիկ նախ լուրեր են տարածել, թե իբր իշխանի կինն իրականում տղա է ունեցել, բայց աղջիկ է ասվել, որ աչքով չտան, որ օրորոցագողի ականջը չընկնի: Եվ, այնուհետեւ, իշխանն ու նրա մարդիկ սովորեցրել են աղջկան այն ամենը, որ հատուկ էր իսկական զինվորին: Պատանու շորերով այդ պարմանուհին շուտով դարձել է ճարպիկ հեծյալ, նիզակահար, թրամարտիկ, գորգի վրա գետնով է տվել ցանկացած հասակակից պատանու, լողացել, անցել է Իշխանա լիճը, մագլցել, բարձրացել է Պղնձաքարի ժայռափեշերով, հոր հետ որսի է գնացել Սյունյաց երկրի լեռներն ու Մթնաձորի անտառները:

Եվ օրերից մի օր ահավոր մրրիկը պատել է սար ու ձոր, Կարա–կոյունլու ցեղի Կարա–Մուհամմեդ խանի յաթաղանը կախվել է Սյունիքի վրա, ամենուր արյուն է հեղվել, եւ ահ ու սարսափ է տարածվել: Երկայնաբազուկ Մեծ իշխանի վրանները խփված են եղել Իշխանա լճի ամառանոցում: Լուսածեգին, երբ յայլավորը դեռ չէր հասցրել արթնանալ, բռնապետ հրոսակը գաղտագողի մոտեցել, շրջապատել, ավերել է ամառանոցը, գերել է իշխանին ու նրա մարդկանց: Վրաններից մեկում` մահճի մեջ քնած, նրանք գտել են իշխանի դստերը:

– Միայն խանի հարեմին է արժանի այս գեղեցկությունը, – ասել է ասկյարների յուզբաշին ու, պահելով թուրը գերված իշխանի կրծքին, ասել է, որ կազատի բոլորին՝ աղջկան տանելու պայմանով: Հայրը մերժել է: Ասկյարները դստեր աչքի առաջ սպանել են հորը, եւ ձեռքերն ու ոտքերը կապած աղջկան նետել են ձիու վրա: Յուզբաշին նստել, մտրակել է նժույգը՝ ժամ առաջ խանին հասցնելու այդ թանկարժեք ավարը:

Ճանապարհին կատարվել է անհավատալին: Աղջկան հաջողվել է ազատվել կապանքներից, յուզբաշու կողքից քաշել, հանել է նրա թուրը եւ հենց ձիու վրա նրան սրախողխող է արել: Գետնին նետելով արյունարբու գազանին, նա ցատկել է թամբին ու մտրակել նժույգը: Աղջկան հետապնդել են տասնյակ ու հարյուրավոր ասկյարներ: Փախչել նրանցից՝ անհնար է եղել: Աղջիկը հասել է Իշխանա լճին, ձին քշել է հենց ջրի մեջ եւ իրեն նետել է ալիքների վրա: Ջրի տակ անցնելով՝ քիչ հետո դուրս է եկել լճի կենտրոնում:

– Բռնել միայն կենդանի, – լսվել է հրամանը եւ հարյուրավոր զինվորներ թափվել են լիճը: Նրանք լողացել են դեպի աղջիկը, բայց դեռ լճի կենտրոն չհասած՝ կորել, անհետացել են: Կարծես ինչ– որ մի հրեշ ջրի տակ սպասել ու կուլ է տվել նրանց: Անցել են ժամեր, նորանոր խմբեր են մտել լիճը, եւ ոչ ոքի չի հաջողվել հասնել ջրի ալիքների հետ խաղացող աղջկան: Այսպես, մինչեւ ուշ գիշեր, լճի հրեշը կուլ է տվել զորքի մեծ մասը: Ասկյարների կատաղած զորապետը պահանջել է խարույկներ վառել լճի շուրջը եւ բռնել աղջկան, եթե գիշերը փորձի որեւէ տեղ դուրս գալ ջրից:

Լուսաբացին աղջիկը ջրի երեսին արդեն չի երեւացել: Հրոսակը հեռացել է նոր ոճիրներ գործելու: Մեկ–երկու օր հետո մարդիկ նկատել են ջրի վրա լողացող մի մարմին: Նրանք հանել են աղջկա դին, տարել մի բարձր տեղ թաղել, որ սովորական մահկանացուներից տարբերվի նրա գերեզմանը:

Ասում են, որ այդ ժամանակից ի վեր Իշխանա լիճը սրբավայր է դարձել ու ստացել իր երկրորդ անունը՝ Սեւ լիճ: Ասում են, որ Սեւ լճի հրեշն այսօր էլ կա, որ նա կուլ է տալիս ջուրը մտնող բոլոր չարերին, բարբարոսներին, անհավատներին»:

Հ.Գ.

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում Գուրգեն Մինասյանին` մեզ ուղեկցելու համար։

Գուրգենն Ակներ գյուղից է, սովորում է Գորիսի պետական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում։

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06